ՄԱԳԱՂԱԹ ԿԱՅՔԸ ԿԱՊՐԻ ԱՅՆՔԱՆ՝ ՈՐՔԱՆ ԿԱՊՐԻ ՀԱՄԱՑԱՆՑԸ
Հարցազրույց Մագաղաթ կայքի հիմադիր-տնօրեն Արման Հովհաննիսյանի հետ՝ կայքի ծննդյան 3-րդ տարեդարձի առիթով
-Երեք տարի է՝ համացանցային իրականությունն զգում է Մագաղաթ.ամ պատմամշակութային կայքի ամենօրյա շնչառությունը: Հարգելի Արման, դրան ի՞նչն է նախորդել, ինչպե՞ս երիտասարդ ամուսիններով որոշեցիք մուտք գործել մի տարածք, որը հեռու էր երկուսիդ մասնագիտությունից, դու բեմադրիչ ես, Քրիստինան արվեստաբան:
-Մագաղաթ կայքէջի ստեղծման որոշումը կայացվեց մեկ ակնթարթում, իրագործումը տևեց 2 ամիս: Մինչ այդ մտածում էինք թատրոնի և ազգագրության ուղղվածությամբ մշակութային
կենտրոն ստեղծելու մասին: Բայց այդ իղձը տևականորեն ձախողվում էր: Մենք գտանք, մի միջոց, որով կարող էինք սկսել, հաշվի առնելով այն, որ Քրիստինան արդեն կլանված էր լրագրությամբ: Նա կայքում աշխատելու փորձ ևս ուներ և կարող էր տեխնիկական հարցերի և ֆեյսբուքյան էջերի ճիշտ կառավարում իրականացնել: Ահաև գտնվեց մշակութային-հայագիտական գործունեության մի հարթակ` Մագաղաթ կայքը: ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԿԵՆՏՐՈՆԻ այս ձևն օգտագործեցինք, որոշելով, որ ամբողջ ծանրությունը երկուսով մեր ուսերին կտանենք, մինչև մեզ միանան նրանք, ովքեր այժմ «մագաղաթցիներ» ընդհանուր անունն են կրում: Արդեն ունենք մի թիմ, որը հետաքրքիր ու ազգաշահ հրապարակումներ է հեղինակում, հետազոտություններ անում, հարցազրույցներ վարում, հոդվածներ տրամադրում: Ներկայացվում է նաև օրվա պատմամշակութային լրահոսը, որով շատ ընթերցողներ են հետաքրքրվում:
-Հայագիտությունը մի վիթխարի օվկիանոս է, ըստ որում այնտեղ շատ են ստորջրյա խութերն ու պղտոր հոսանքները, վստա՞հ էիք, որ կարողանալու եք նավարկել, պարզ արտահայտված՝ ընտրել, թե ինչն ինչից պետք է գերադասել:
-Այո´, վստահ էինք: Այս դաշտ մուտք ենք գործել` ձևավորված հայացք ունենալով: Գիտեինք, որ մեզ դյուրին ուղի չի սպասում: Առանց հոգեբանական պատրաստվածության դժվար կլիներ կայքէջ ստեղծելը և պահպանելը: Մենք փորձում ենք միշտ աչալուրջ լինել, ներթափանցվող օտարածին հոսանքների գայթակղությունից զերծ պահել Հայի տեսակը, մտածողությունը, մշակույթը, պատմությունը: Սա մեր որդեգրած սկզբունքն է, որին միշտ հավատարիմ ենք մնացել: Երեք տարում մեր ընտրության անսխալականության մեջ համոզվել ենք, հույս ունեմ՝ դա զգում են նաև մեր ընթերցողները:
-Կայքն ի՞նչ բաժիններ ունի, քանի՞ լեզվով է թողարկվում:
-Կայքն ունի 12 բաժին. «Գլխավոր» բաժնում ընդգրկված են «հարցազրույց», «մշակութային անցուդարձ», «հասարակություն», «տեղեկատվություն», «սոցիալական ցանցեր», «իրադարձություն», ինչպես նաև «առողջություն» ենթաբաժինները: Գիտական հոդվածների բաժինը բաղկացած է 12 ենթաբաժնից` «բանասիրություն», «գրականագիտություն», «աստվածաբանություն», «լեզվաբանություն», «պատմաբանություն», «փիլիսոփայություն» և այլն: Հետադարձ հայացքը ներառում է 4 ենթաբաժին` «կենսագրականներ», «հուշեր», «նամականի», «մեր մեծերը»: Ունենք «հուշակոթողներ», «տեսադարան», «օնլայն վաճառք», «թարգմանություն», «ուսանողական անկյուն և «մշակույթ բաժինները: Վերջինն ամփոփում է «արձակ, «պոեզիա, «լուսանկարչություն», «թատրոն», «պար», «կրոն», «տոն» և այլ ենթաբաժիններ: Սրանք իհարկե, հաճախ փոփոխվում են, համապատասխանեցվում օրվա պահանջներին:
Նախատեսել էինք, որ կայքը լինելու է քառալեզու` հայերեն, ռուսերեն, անգլերեն և ֆրանսերեն, հետագայում նաև՝ իսպաներեն: Չէինք կարծում, թե քառալեզու տարբերակը լիարժեք չի գործի, որովհետև շատ պարզ և արդյունավետ համակարգ էինք մշակել: Եկեք այս մասին չբարձրաձայնենք, որովհետև առաջիկայում հույս ունենք այդ համակարգը գործի դնել, այնքան քիչ բան է հարկավոր դրա համար… Մենք նույնիսկ երազում էինք մեր հեղինակների գրական գործերը թարգմանել, չխոսելով կարևոր թեմաների, հայագիտական հոդվածների ու նշանակալի իրադարձությունների թարգմանությունների մասին:
–Ովքե՞ր են ձեր ընթերցողները:
-Կայքի բազմաբովանդակության շնորհիվ մեր լսարանը տարիքային և խավային սահմանափակում չունի: Մեզ ընթերցում են դպրոցականից մինչև պատկառելի տարիքի տարբեր մասնագիտությունների տեր մարդիկ: Սա մեր նպատակներից մեկն էր՝ այնպես գործել, որպեսզի յուրաքանչյուր ոք մեր էջերում կարողանա գտնել իր նախասիրությանը համահունչ նյութեր: Օրինակ՝ ընթացքում մենք հավելեցինք ժողովրդական բժշկություն բաժինը, և այսօր տեսնում ենք, որ նման նյութերը շատերին են հետաքրքրում: Հետագայում այս բաժինն ունենալու է նոր ուղղվածություն, փորձելու ենք հավաքել հեքիմական և ժողովրդական բժշկության մոռացված գիտելիքները: Սա ժամանակի հովերին տուրք տալու ձև չէ, լսարանը սիրում է կարդալ այս ոճի նյութեր, և մենք մտադիր ենք խորքային ուսումնասիրություն կատարել: Պատասխանն այսպես ամփոփեմ՝ մեր կայքի հրապարակումները կարդում են աշխարհի բոլոր ծայրերում և, ամենայն հավանականությամբ, հայերը, քանի որ թարգանությունները քիչ են:
– Հովանավորներ չունեք և գովազդատուներն էլ սակավաթիվ են, գործում եք առանց հատույցի, առանց խմբագրակազմի: Հիասթափության պահեր, ամեն ինչ «գրողի ծոցն ուղարկելու» տրամադրություններ չե՞ք ունենում: Ի՞նչն է դրդում սկսածը շարունակել:
– Կայքը հիմնադրեցինք առանց որևէ մեկից ակնկալիք ունենալու: Երիտասարդական մեծ ավյունով մխրճվեցինք մի տիրույթ, որտեղ բավականին դժվար էր դեմք, դիմագիծ, «Ես» ստեղծելը` էլ չասեմ դիմագիծը պահպանելու մասին, տիրույթ, որտեղ Գյուրջիևի, Թումանյանի, Գուլակյանի մասին ավելի քիչ են ընթերցում, քան մի անհայտ ծագումով մարդու տարօրինակ ու անտրամաբանական արարքի նկարագրությունը: Այն տիրույթը, որտեղ գրող Արմեն Մարտիրոսյանին և գրող Րաֆֆուն շփոթում են քաղաքական գործիչներ Արմեն Մարտիրոսյանի ու Րաֆֆի Հովաննիսյանի հետ. չնայած նյութի վերևում տեղադրված դիմանկարներին, միևնույն է, շփոթում էին: Իրոք, եղավ մի պահ, երբ հայտարարեցինք, որ Մագաղաթն առժամանակ դադարեցնում է գործունեությունը… բայց հուսալքությունն ընդամենը մի քանի օր տևեց, որովհետև շատ ենք ճգնել այս գործը գլուխ բերելու համար: Սա արդեն կյանքի գործ է: Մենք հասկացանք,որ գործ սկսելն ավելի հեշտ է, քան փակելը: Չէ՞ որ դա քո առօրյան է, մեծ չարչարանք ես դրանում ներդնում ու ապրում հետը, դա դառնում է քո առօրյան: Անկախ ամեն ինչից՝ չես կարող քո առօրյայից հրաժարվել: Եթե մենք այլևս ոչինչ չանենք, փակենք Մագաղաթի էջը, միևնույն է, այն արդեն իր դերը կատարել է: Սակայն մենք հո գիտենք, թե դեռ ինչքան անելիքներ կան… Ու սա մեզ ստիպում է իր հետ մնալ ու անընդհատ գործել … Մագաղաթը հիմնադրելիս մի կաևոր նպատակ ևս ունեինք, հիմա էլ ունենք` կայքը պետք է ապրի այնքան, որքան կապրի համացանց երևույթը: Մեզնից հետո էլ կապրի մեր որդեգրած սկզբունքներով:
– Աջակցության խնդրանքով մարդկանց դիմե՞լ եք, ասենք հենց Էջմիածին քաղաքում, որտեղ ապրում եք:
-Այո, մենք դիմել ենք այն մի քանի կարևոր կառույցներին, որոնց գրեթե բոլորն են դիմում: Երևի արդեն պարզ է ու չփորձենք փակագծերը բացել… Խնդրանքի պատասխանը թող միայն մենք և իրենք իմանան… Իսկ Էջմիածին քաղաքին վերջերս ենք սկսել անդրադառնալ: Մագաղաթը լինելով համահայկական կայք՝ սկսել է գործել Էջմածնում, փաստաթղթերով այս քաղաքի ծնունդ է, այսինքն սերտորեն միահյուսված է նրա կյանքին, նրա պատմության մի մասն է: Ի վերջո հիմնադիրներս այս քաղաքից ենք, պարտք ունենք մեր քաղաքի հանդեպ: Առաջին հերթին փորձում ենք անդրադառնալ էջմիածնաբնակ արվեստագետներին, նրանց ստեղծագործությանն ու գործունեությանը:
-Առաջին իսկ ծանոթությունից ակնհայտ է դառնում, որ Մագաղաթի գլխավոր ուղղությունը հայրենասիրությունն է, դուք խուսափում եք հակահայկական նյութերից, վիրավորական արտահայտություններ ու չճշտված փաստեր պարունակող հրապարակումներից: Կարելի՞ է ասել, որ ընթերցողներին գրավող արժանիքներից մեկն էլ դա է:
-Իհարկե, բայց ոչ միայն դա: Առանց հայրենասիրության չեմ պատկերացում ոչինչ, եթե մարդ հայրենասեր չէ, ուրեմն չունի նաև սեփական «Ես»: Եթե ասում ենք` Մագաղաթ, ապա բացառում ենք այդ ամենը: Մեր շուրջն են հավաքվել այն մտածողության տեր մասնագետները, ովքեր բարձր են գնահատում Հայ տեսակը, Հայ մտածողին, մտավորականին ու պատմաբանին: Եվ այս ամենը դիպչում է ընթերցողի սրտին, նրա մեջ արթնանում է իր տեսակի` ՄԵՆՔԻ գնահատականի բարձրացում, նա հասկանում է, որ միայն մենք չէ, որ աշխարհից սովորելու բան ունենք, այլ նաև աշխարհը` մեզնից: Գիտակցում և վարակվում է այն մտքով, որ քաղաքակրթության ստեղծածում Հայ ազգն իր կարևոր ու նշանակալի տեղն ունի:
Մեր աշխատանքի առաջին իսկ օրերից այսպիսի գնահատականներ էինք ստանում. «Ապրի Մագաղաթ,ամ-ը,ազնիվ գործ է անում, պետքական», «Եթե մի օր Մագաղաթը նյութ չդնի ֆեյսբուքում, ապա ոգու սով կլինի», «Եթե Ձեր կայքը չլիներ, չէի օգտվի ֆեյսբուքից», «Ես ասել եմ, էլի կասեմ՝ «ՄԱԳԱՂԱԹ.ամ»-ը բարձրաճաշակ է, այնտեղից դուք և ձեր զավակները շատ բան կսովորեն: Չեք էլ զգա, թե ինչպես փոխվեց ձեր աշխարհը»…
–Բացի պատմագիտական ու մշակութաբանական հրապարակումներից՝ Մագաղաթը զետեղում է նաև գեղարվեստական գործեր: Հեղինակները ձեզ հետ սիրո՞վ են համագործակցում, թե հարկադրված եք լինում համոզել:
-Հիմա անգամ դժվար է ասել, թե երբ և ինչպես սկսվեց գրական նյութերի հրապարակումը, բայց մի բան հստակ գիտեմ՝ դա եղավ փոխադարձ մեծ ոգևորությամբ: Մենք ուզում էինք թե դասական, թե արդի գրականության ներկայացուցիչների ստեղծագործությունները պարբերաբար ներկայացնել հանրությանը, իսկ եթե վեպ է` հատվածաբար տեղադրել: Սկսեցինք Ռուբեն Հովսեփյանի, Արմեն Մարտիրոսյանի, Անրի Վերնոյի գործերից, ապա հասանք ժամանակակաից հեղինակներին՝ Արտակ Ճաղարյան, Սուսաննա Բաբաջանյան, Հրաչուհի Փալանդուզյան, Հասմիկ Սարգսյան, Ջեմմա Բաղդադյան ուրիշներ: Այս անունները ևս մեր ընթերցողների համար դարձան սպասված և սիրելի: Մեզ սիրով են նյութեր են տրամադրում բոլորը, բայց ուզում եմ առանձնացնել Արմենուհի Փալանդուզյանի հայագիտական հոդվածները, որոնք արժանանում են կայքի բարեկամների գնահատանքին: Սպասված անուններ են Սվետլանա Հակոբյանը, Անժելա Տերյանը, Մովսես Նաջարյանը, Գուրգեն Կարապետյանը, Համլետ Մարտիրոսյանը, Արթուր Հովհաննիսյանը, Հայկ Մարտիրոսյանը, Ջուլիետա Սահակյանը, Արաքս Մարգարյանը, Արմինե Ստեփանյանը և շատ ուրիշներ: Մագաղաթի պատմության մեջ մերժման կամ հրաժարման ոչ մի դեպք դեռ չի գրանցվել: Սա մեր հաղթանակն է, մեր նկատմամբ վստահության ձեռքբերումը: Եվ ասեմ ամենակարևորը՝ մենք գրողների ստեղծագործություններն ստանում ենք որպես ընծա և հանրությանը մատուցում` որպես ընծա:
– Առանձնահատուկ վերաբերմունք ունեք երիտասարդ արվեստագետների հանդեպ, կարողանո՞ւմ եք նրանց համար արվեստի մի փոքրիկ ակոս բացել, նրանց ստեղծագործությունների վրա ուշադրություն սևեռել:
-Ունենք այդ առանձնահատուկ վերաբերմունքը, երիտասարդ արվեստագետներից շատերին ենք անդրադառնում, իրենց գործերը ներկայացնում: Մենք այլ՝ ավելի հետաքրքիր նախագիծ ունեինք, առայժմ հավանաբար հազիվ 1 տոկոսն ենք իրագործում: Ինչո՞ւ այսպիսի խիստ գնահատական, որովհետև մեր թարգմանություն և ուսանողական անկյուններ բաժիններն ուղղված են բուհերում սովորող երիտասարդներին, որոնց թիվը շատ մեծ է: Երիտասադների ստեղծագործությունները հրապարակելով, նրանց մասին խոսելով՝ մենք նրանց վրա ենք սևեռում փորձառու մասնագետների ուշադրությունը: Ի դեպ մենք լրագրությանը վերաբերող հատուկ ծրագիր ունենք, ցավոք առայժմ անիրագործելի է: Հենց միայն շենքի բացակայությունը խանգարում է այդ ծրագիրն սկսել: Ինչպես նաև կրթության և գիտության նախարարի քարտուղարի՝ անպատասխան թողած բազմաթիվ զանգերս… Մինչդեռ մենք կարող ենք այնպես անել, որ ամբողջ աշխարհի ուշադրությունը սևեռված լինի մեր երիտասարդությանը, այսպես՝ ամենապահանջված մասնագետին ընտրեն Հայաստանից` հենց Հայաստանում և նա աչքի ընկնելու համար ստիպված չլինի արտագաղթել: Սակայն այս հատուկ ծրագիրն իրականացնելու համար անհրաժեշտ է ներդրում: Դժբախտաբար հենց հարցը հասնում է ներդրմանը` ծրագիրը դասվում է արխիվային նյութերի շարքին:
-Ներողություն կոպիտ հարցի համար, բայց եթե ձեզ առաջարկեին լավ վարձատրությամբ անել մինչ օրս արածի հակառակը կամ մեկ այլ ծրագիր իրականացնել՝ ի՞նչ պատասխան կտայիք:
-Ձեր հարցին այլ կերպ պատասխանեմ. վերջերս կայքը վաճառելու մի «հիասքանչ» գաղափար նվեր ստացանք, մինչ այդ մտածում էինք դադարեցնել մեր գործունեությունը: Բայց որ աշխատած, հանրության ուշադրությանն արժանացած կայքը կարելի լինի վաճառել՝ չէինք էլ մտածել… Այսինքն վաճառել և այդ գումարով մեկ այլ հայանպաստ գործունեություն սկսել… Տեսակով այդպիսին չենք, հասկանո՞ւմ եք…. Դա հեռվից հեռու զգացվում է նույնիսկ հիմա: Եթե մեր ուղուց մի փոքր շեղվեինք, տուրք տայինք հակահայ հովերին, ձեր կարծիքով դրսից ու ներսից առատաձեռն հովանավորներ չէի՞ն հայտնվի….Իրենց հոտառությունն իրենց չի խաբում… Ձեր հարցի պատասխանը տվեցի՞:
– Ցավոք, այդպես է, որպեսզի քեզ նկատեն ու վճարեն, պետք է հայրենիքիդ, ազգիդ դեմ դուրս գաս: Հայրենասիրությունը Հայաստանում կարծես թե գին չունի: Ուրիշ հարց տամ՝ եռամյա աշխատանքն ամփոփելով հնարավո՞ր է մատնաշել այն ձեռքբերումը, ինչի շնորհիվ Մագաղաթը կա և իր շուրջը մշակութային նորանոր ալիքներ է ձևավորում:
– Ասեմ մի բան. տարիներ առաջ, երբ խոսում էին մշակութային գործունեության մասին, առավել ևս` մամուլի տեսքով, բոլորը միահամուռ ասում էին` մշակույթը ոչ մեկին չի հետաքրքրում, դա քեզ դիտում չի բերի: Այժմ մենք ապացուցեցին նման կարծիք ունեցող բոլոր մարդկանց, որ հայ ժողովուրդը հայկական ճաշակով մշակույթի մեծ քաղց ունի, նրա կարիքն ունի: Երբեմն Մագաղաթի դիտումները չեն զիջում ոչ միայն լրատվական կայքերին, այլ նաև դեղին մամուլին: Սա մեր ամենամեծ ձեռքբերումներից մեկն է: Ըստ որում մշակութային ուղղվածության կայքերն օրօրի ավելանում են: Մինչև մեր պատմամշակութային կայքի ստեղծումը մեկ-երկու համանման կայքեր կային: Ուրախությամբ նկատում ենք, որ Մագաղաթը նրանց համար դարձել է ուղենիշ: Կայքեր կան, որոնք մեր առանձին բաժինների ձևն են օգտագործում և կեցցեն իրենք: Սա ապացուցում է, որ ՄԱԳԱՂԱԹՆ իր առաքելությունը կատարում է՝ առանց դեղին մամուլին տուրք տալու ունենալ բազմահազարանոց լսարան և ապացուցել, որ մշակութային կայքերն ընթերցվող են: Պարզապես պետք է նյութն ու հեղինակներին ճիշտ մատուցել… Կուզենայինք, որ բարեգործությամբ զբաղվողները նաև այս հանգամանքը հաշվի առնեին: Մենք արդար գործի ենք ծառայում, իրենք կարող են այդ գործի աջակիցներից լինել:
– Առաջիկայում վերափոխումներ, նոր ծրագրեր նախատեսո՞ւմ եք:
– Վերափոխումներ ինքնըստինքյան լինելու են, դրանք աշխատանքի պարտադիր մասն են: Մեկը կնշեմ՝ Աշխարհի Հայ Նկարիչների Միության հետ համագործակցությունը…
– Հաջողություն եմ մաղթում ձեր անշահախնդիր և հայրենանվեր աշխատանքում:
Հարցազրույցը վարեց` Ն. Սարյանը