Ձեր առջև ակամա զոհ է կանգնած. Ռուբեն Հովսեփյանը՝ Վարդան Պետրոսյանի մասին
Որդիներ կորցրած հարգելի ծնողներ. Ձեր մեծ, անդառնալի ողբերգության դիմաց անհնար է որևէ բառ արտասանել, անհնար է Ձեզ մխիթարել, առավելևս անհնար է պաշտպանական որևէ խոսք ասել Վարդան Պետրոսյանի հասցեին՝ զգուշանալով, որ այդկերպ կխոցոտվեն առանց այն էլ խոցոտված Ձեր սրտերը: Բայց մի պահ, մի պահ, խնդրում եմ, զսպեք Ձեր ցավը և սթափ հայացքով նայեք իրողությանը. Ձեր դիմաց հանցագործ չէ կանգնած. թերևս մեղավոր է նա, բայց մեղսագործ չէ: Նրա իրավիճակում, ակամա, կարող ենք հայտնվել մենք բոլորս, բայց ոչ բոլորը մեզանից կարող են ինքնադատապարտման այն աստիճանին հասնել, ինչին հասել է Վարդան Պետրոսյանը: Առանց հուզմունքի հնարավոր չէ լսել կամ կարդալ նրա խոսքը դատարանում. այս խոսքը բեմից հմուտ արտասանված մենախոսություն չէ, սա, նույնիսկ, Ձեզ ուղղված խնդրանք չէ, սա իր պատառոտված ներսի ճիչն է, իր մեծ ցավի ճիչը…
Ձեր առջև ակամա զոհ է կանգնած: Ոչ մի դատավճիռ այլևս ավելի խիստ չի կարող լինել, քան իր իսկ կայացրածը: Բավարարվեք այսքանով: ՆԵՐՈՒՄԸ ամենամեծ շնորհն է, որ տվել է մեզ քրիստոնեական մեր դաստիարակությունը: Նույնիսկ հանցագործներին ենք հաճախ ներում, իսկ Վարդան Պետրոսյանը հանցագործ չէ:
Փորձեք ներել նրան՝ առանց սպասելու դատարանի վճռին: Միևնույն է՝ դատարանի ոչ մի վճիռ Ձեզ չի գոհացնելու: Ներումը, համոզված եմ, կգոհացնի …
Արձակագիր Ռուբեն Հովսեփյանի ֆեյսբուկյան գրառումից