Հրաչուհի Փալանդուզյան. ՏԱՐԱԶ (մաս 4)
Վիպակ
4.
Այդ պահին սենյակներից մեկի դուռը շրխկոցով բացվեց, մի գունդուկծիկ արարած ընկավ սրահ, ձեռքին բարակ գիրք, մեջտեղից բացված: Բնականաբար Սյուզին էր, զայրացած դիմեց մորը.
— Դե հիմա դու ինձ ասա՝ գրողի տարած բառի մեջտեղում ը կա՞, թե չկա: Տես, ուշադիր նայիր, զզվում եմ, զզվո՜ւմ եմ բառերից էլ, գրքերից էլ, ձեզանից էլ…
— Ես քեզ կարո՞ղ եմ օգնել,- իր դերի մեջ մտավ Նաիրան, ամեն ճիգ թափում էր, որ արարածին դուր գա, նրանից են կախված մոր առողջությունն ու իր ապագան:
— Սա՞ ով եղավ,- սև աչքերը Նաիրայի վրա չռեց կամակոր աղջիկը: Նրա սիրունիկ դեմքից զզվանքը թափվում էր:
— Ըըըը… բալիկս, ինքը մեր հեռավոր ազգականն է, գյուղից է եկել, ծանոթացիր:
Ասաց ու Նաիրային ծածուկ աչքով արեց:
— Ազգական կարելի է, թե չէ գժվում եմ ամեն տեսակի դասատուներից ու դաստիարակչուհիներից: Հա, ես Սյուզին եմ, իսկ դու հայերեն լավ գիտե՞ս:
— Ես էլ Նաիրան եմ, կարծում եմ՝ գիտեմ:
— Դե ասա՝ էս զզվելի բառը ը-ով է, չէ՞, գրվում՝ լուս-ընկա:
Ու գիրքը խոթեց Նաիրայի ձեռքը: Նա ժպտաց, որքան հնարավոր է սիրալիր ձայնով բացատրեց:
— Երբ մենք նայում ենք գիշերային երկնքին՝ տեսնում ենք, որ լուսինը կամ կա, կամ չկա: Լուսինը ոչ մի տեղ չի ընկնում: Ուրեմն՝ լուսնկա, առանց ը-ի:
— Ո՞նց, պարզ լսվում է՝ լուս-ըն-կա:
— Ոչ, դա ը տառը չէ, ի տառն է, որ սղվել է ու դարձել ը հնչյուն: Հայերենում տառերի սղումը սովորական երևույթ է, օրինակ…
— Պահ-պահ-պահ,- ծափ տվեց զարմացած աղջիկն ու այդ պահին տեսավ դռան մոտ կանգնած հորը: Վազեց գիրկն ընկավ:- Կպատկերցնե՞ս, մայ ֆադըր, լուսինը չի ընկնում, կամ կա, կամ չկա:
— Ապրես,- գովեց հայրը,- ո՞նց իմացար:
— Ազգականուհի Նաիրան սովորեցրեց, պապ ջան, նրան ասա, թող ամեն օր գա, էնքան սովորելու բան կա:
Սուրեն Հովհաննիսյանը կնոջ սկսած խաղն անմիջապես հասկացավ, գլխով հավանության նշան արեց ու աղջկան գրկից պոկելով մոտեցավ Նաիրային:
— Բարով տեսանք, Նաիրա ջան, վաղուց չէինք հանդիպել:
Չհամարձակվեց անծանոթ աղջկան գրկել, փոխարենը ձեռքն ամուր սեղմեց, մի քանի միտքը եկած ապուշ հարցեր տվեց:
Նաիրան սիրով խաղի մեջ մտավ, Սյուզին սկսեց նիհարիկ ոտքերով պարային շարժումներ անել, աղջիկն ակնհայտորեն կաղում էր, թեև վատ չէր ընդօրինակում համացանցային կուռքերին, որոնց թիվը երևի հարյուրից անցնում էր:
Ամուսիններն անխոս հայացքով հասկացրին, որ Նաիրան ընդունված է, հենց վաղվանից կարող է գործի անցնել: Սյուզիի քմահաճություններն էլի սկսվեցին, հորը հրամայեց իրեն պարտեզ տանել: Տիկին Էլիզաբեթն ու Նաիրան մնացին մենակ, հարմար պահ էր, որպեսզի լեզվագետն ասեր այն, ինչն առաջին վայրկյանից գլուխը տանջում էր:
— Ներեցեք, ես մի պայման ունեմ, ոչ, խնդրանք… Կարելի՞ է երկու ամսվա աշխատավարձը որպես ավանս վճարել, մորս անհապաղ պետք է վիրահատեն, ես դրա համար եմ…
Տիկինը սառցե ձայնով կտրեց.
— Ոչ, ես որևէ պայման չեմ ընդունի, դա… դա անպատկառություն է, դեռ չաշխատած՝ աշխատավարձ պահանջել: Ձեր մի բառը շատ թանկ չե՞ք վաճառում:
Դողը բռնեց Նաիրայի մարմինը, արդեն սկսել էր կանխավայելել մոր ապաքինման երջանկությունը, այն էլ… Այս բարձրաշխարհիկ հարուստնե՛րը…
Վեր կացավ, դանդաղ ասաց.
— Շնորհակալություն, որ ընդունեցիք, լսեցիք: Մնաք բարով, ձեր բալիկին առողջություն ու բարի բախտ եմ կամենում:
Ոլորապտույտ աստիճաններով իջնելիս շուրջը ոչինչ չէր նկատում, փախչում էր, կարծես ինքնասիրությունն աճուրդի էին հանել ու շտապում էր վերջին պատառիկը փրկեր:
— Նաիրա՞,- լսեց տանտիրոջ ձայնը, նա մարզահագուստով էր, կամակոր դստրիկի հետ փոքրիկ հրապարակում աղմուկ-աղաղակով ֆուտբոլ էր խաղում: Գնդակի հետևից էր ծառուղի վազել, այլապես նրան չէր նկատի:
— Մնաք բարով, պարոն Հովհաննիսյան, ցտեսություն, Սյուզի:
— Նա՜րա,- կանչեց աղջիկը,- մեկ էլ ե՞րբ կգաս:
Նաիրան միայն կարողացավ թեթևակի ժպտալ ու թեքվեց դեպի դարպասը, որ անմիջապես ինքնիրեն բացվեց:
Սուրեն Հովհաննիսյանն արագ կնոջ հարկաբաժին բարձրացավ:
— Աղջկան վիրավորեցի՞ր, ինչի՞ փախավ:
— Թող կորչի, դրան նայեք, մորը պիտի շտապ վիրահատեն, երկու ամսվա ավանս էր ուզում: Էդ ստորին խավերում ոչ խիղճ է մնացել, ոչ ամոթ, թողնես՝ կլպեն:
— Լի՛զա, ավանս կամ աշխատավարձ տվողը դու ե՞ս, ինչ որ էս տանը կա, ինչ դու վայելում ես սրտիդ ուզած ձևով, արտասահմանները չափչփում ու ռեստորաններում զվարճանում՝ ինքդ ե՞ս վաստակում: Հազիվ մեկը գտնվեց, ում Սյուզին սիրեց ու դու նրան ճամփեցի՞ր: Համարն ասա… Նաիրայի համարն ասա, չե՞ս լսում:
— Հերթական… չէ, դու անուղղելի ես:
— Համա՛րը:
Շարունակվող…