Հրաչուհի Փալանդուզյան. ՏԱՐԱԶ
Վիպակ
1.
Մարմանդ, որպես կանաչ դաշտով հոսող գետակ, կյանքը կողքովս անցնում-գնում է…
Վազում է, վազում, ավելի արագ, քան լեռան սրտից ժայթքած առվակը:
Լեզվագետ Նաիրա Բազեյանն այսպիսի վայրիվերո տրամադրությամբ հրաժեշտ տվեց արդեն նախկին գործընկերներ Անահիտին ու Հայկին ու հեռացավ «Ճնճղուկներ» սրճարանից:
Քայլում էր քաղաքի երբեմնի սիրած պողոտայով, արդեն օտար, անհարազատ, լսում էր միայն մեքենաների աղմուկը, որոնք շառաչելով չգիտես ուր էին սուրում: Շուրջը մարդիկ չկային կամ վարպետորեն թաքնվում էին, նրանք կարողանում են ծածուկ գործել:
Երկու ժամ սրճարանում նստած՝ երեք ակադեմիական գիտնականներ ուզում էին հասկանալ, թե ինչու հենց իրենք երեքով պետք է հաստիքների կրճատման տակ ընկնեին, եթե գիտաթեզերը գրեթե ավարտել են ու առնվազն
երեք-չորս ամսից հետո կարող են ներկայացնել գիտխորհրդի քննարկմանը:
Ինքն ընդարմացած էր, անհաղորդ, Հայկն ու Անահիտն անզսպելի զայրույթով պատճառներն էին առնում-տալիս, իզուր, ամեն ինչ մնում էր անհայտության քողով կողպված: Իրար ընդհատելով, հուզվելով ու գունատվելով երկար քննարկեցին, ի վերջո Հայկը եզրակացրեց.
— Արշավանքը հայկական ամեն ինչի դեմ է, լեզուն՝ առաջնահերթ: Դասընթացներից ժամերը կրճատեցին, բուհերի քննություններից առարկան հանեցին, գռեհկությունն ու հայհոյանքը հաշվեհարդարների, բամբասանքի զենք են դարձրել, մենք իրենց պետք չենք, հանկարծ դրա դեմ պատերազմ կհայտարարենք:
— Պատերազմի հարցում իրենց գերազանցող չկա, դա մոռացիր,- նողկանքով նշեց Անահիտը:
— Բացի դրանից,- դանդաղ խոսեց Նաիրան,- մենք ամբողջ ինստիտուտում ամենատարեցն ենք՝ ո՞ւմ են պետք 27,28 և 29 տարեկան գիտնականները, դուրս գրելու ապրանք:
— Ինձ հաստատ դրա համար չեն կրճատել,- Անահիտի դեմքով կարմիր ստվերներ անցան, կատակին արձագանքեց պառթկումով:- Ինչ-որ մեկին մեր բարբառները խանգարում են:
— Շա՜տ են ու ոչ միայն բարբառները,- հառաչեց Հայկը,- իմ թեման էլ հո բարբառների հետ կապ չունի, ես այլ լեզուներում բնիկ հայկական արմատներ եմ փնտրում:
Անահիտը ցուցամատը դրեց քունքին.
— Դա ավելի վտանգավոր գործ է, չես հասկանո՞ւմ:
Նաիրան քմծիծաղ տվեց.
— Ուրեմն իմ նյութն ավելի վտանգավոր է՝ համշենահայերի բարբառը… Երևի վախենում են, որ նրանց հայկականությունն անվիճելի կդառնա: Ինչ ոգևորությամբ էի Արևմտյան Հայաստանի սար ու ձորերն ընկած՝ նրանց խոսքը, երգն ու պատմությունները ձայնագրում: Ամբողջ գիտաթեզս լեցուն է գյուտերով…
— Հապա ի՛մը…
— Հապա ի՛մը…
Զրույցը թեժացավ, սրճարանի տարբեր սեղաններից արդեն նրանց էին նայում ու խղճահարվում, պարզ երևում էր, որ ջահելներին մեծ դժբախտություն է պատահել՝ հացից զրկվել են, հետն էլ պատվազուրկ են եղել:
Նաիրան մոլորուն հայացքով վեր կացավ, այդ ամբողջ խոսքուզրույցն արդեն իմաստ չուներ, ամեն ինչ եղել-վերջացել էր, պետք էր վաղվա մասին մտածել:
Հայկը նրա հեռանալը մխիթարական նախադասությամբ մի փոքր ուշացրեց.
— Նարա ջան, դու չմտածես, քեզ նման աղջիկն ամեն տեղ գործ կգտնի, դպրոցում, բուհերում, գրադարաններում, հեչ չլինի՝ դիմորդների հետ կպարապես կամ էլ կգնաս լրագրող կդառնաս: Ես օրինակ՝ արդեն որոշեցի, թիվի եմ ընդունվելու, հաղորդավարների մեծ պահանջարկ կա, ինստիտուտի վրա էլ մի մեծ խաչ:
Նաիրան չասաց ամենահայտնին, որ ամեն տեղ հաստիքներն անխնա կրճատում են, քանի որ այս դարն իր ճակատագիրը հանձնում է արհեստական բանականությանը, դիմորդների հետ պարապելու նյարդ ինքը չունի, երբեք չի ունեցել, լրագրությունից էլ զզվում է մի քանիսին մոտիկից ճանաչելու դիպվածով:
Սուտի-մուտի ժպտաց, Անահիտի հետ թեթևակի ողջագուրվեց ու տարտամ քայլերով սրճարանից դուրս եկավ:
— Մոր համար է անհանգստանում,- թիկունքից լսեց Անահիտի կարեկցական ձայնը,- խեղճն անձնական կյանքը դասավորելու փոխարեն հիվանդ է խնամում, հեշտ գործ չի:
Հեշտ գործ չէր, հիմա դարձավ անկարելի, նախկին գործընկերների խղճմտանքն ընդհանրացրեց Նաիրան: Հեռախոսի զանգից թեթև դող զգաց:
— Աղջիկ ջան, ճնշման դեղն ու քսուքը վերջացան, ցավազրկողից էլ մի հաբ մնաց, անպայման հետդ կբերես, կյանքիդ մեռնեմ: Մեկ էլ մի հատ նարինջ կառնես, թանկերից չլինի:
— Հա, մամ, տուն գալիս դեղատուն ու խանութ կմտնեմ, մենակ թե դու էդ մեռնել բառից ձեռ քաշիր, ապրելու մասին մտածիր:
— Լավ, լավ, քո ասածով, կեցցե մեր այս արևաճաճանչ կյանքը:
Բախտը բերել է, որ մայրն իր հիվանդություններով հանդերձ հումորի զգացումը չի կորցնում: Կատակում էր նույնիսկ չարաբաստիկ օրը, երբ բնակարանը վաճառել էին ու պիտի վերջին պայուսակն առած դուրս գային, գնային վարձով տուն: Փառք Աստծո, թանկուկրակ վիրահատությունը բարեհաջող անցավ, բնակարանը դրա համար էին վաճառել, մոր վիճակը կտրուկ լավացավ, ուղղակի դեղորայքային բուժումը պետք է շարունակվի տանը ու դեռ երկար ժամանակ:
Բժիշկն էլ, հետազոտող մասնագետն էլ ասել էին, որ կրկնություն հնարավոր է հինգ տարի անց, մինչև դա դեղերն ու վիրակապերը համեմատաբար հանգիստ վիճակ կապահովեն:
Թանկ առողջություն է, բայց հո մորը դա ցույց չի տալու: Նա չգիտի, որ պատմագիտական ամսագիրը փակվել է, ինքը զրկվել է խմբագրի լրացուցիչ աշխատավարձից: Հիմա էլ, ահա, երկրորդ ու ճակատագրական հարվածը:
Քեռակին Մարոյից մի լավ խոսք է անգիր արել՝ Աստված որ մի դուռ փակում է, մեկ այլ դուռ բացում է: Հավատանք:
Նաիրան ժամացույցին նայեց, 15-ն անց 20 րոպե: Եթե հիմա տուն գնա՝ մայրը գլխի կընկնի, որ վատ բան է կատարվել, ուրեմն պետք է քաղաքում թրև գա մինչև ժամը մոտենա:
Ապրեն, զորանան մայր ոստանի գլխավորները, փողոցներում հարմարավետ նստարաններ են դրել, ստվերում մեկը գտավ, տեղավորվեց, պայուսակը բացեց:
Երկու ամսվա աշխատավարձը միանգանից տվել էին, դողացող մատներով մի քանի անգամ հաշվեց, կհերիքի հաջորդ ամսվա տան վարձին ու երեք շաբաթվա դեղերին, դե, ուտելիքն էլ ամեն օրվա ամենացավոտ հոգսը:
Հարկավոր է նոր աշխատանք գտնել ու հրատապ կարգով: Ժամանակ ուներ, հեռախոսը բացեց, տեղեկատու կայքեր գտավ: Ինչեր միայն չեն առաջարկում, բայց պարտադիր պայմաններ են ջահել հասակը, աշխատանքային որոշակի փորձն ու մի քանի լեզուների իմացությունը:
Որևէ բուհի, դպրոցի, հիմնարկի, խմբագրության լեզվաբան պետք չէր, նրանք թող բանվորություն անեն կամ գնան արտասահմանյան անառականոցներում ստրկուհի աշխատեն: Իհարկե, հայտարարություններում դա գրված չէր, Նաիրայի հերթական մտածումն էր: Կամ էլ գնա՝ մեռիր, ո՞ւմ ես պետք: Դա որ՝ ամենադաժանն է: Նորից մեռնել բառը…
Դրանից սկսեց վախենալ, երբ վեցամյա աղջնակ՝ իմացավ, որ կամավորական, ազատամարտիկ հայրը կյանքը զոհել է հանուն Արցախի մղված մարտերում, այսինքն մեռել է, այլևս չի գալու: Մայրը հղի է եղել, աղջկան ունեցել է ամուսնու նահատակվելու նախօրեին, թե չէ երևի խեղճ որբուկն աշխարհ չգար…
Հարկավոր է աշխատանք գտնել:
Շարունակվող…