Հրաչուհի Փալանդուզյան. ՎԱՅՐԻ ՍԵՐ
Պատմվածք
Ծնողների ու պապի փսփսոցը գոռգոռոցի փոխվեց: Ուսուբը հասկացավ, որ խոսողների համար վեճի նյութը զգուշությունից կարևոր է կամ էլ մտքներով չի անցնում, որ այդ ժամին տղաներից մեկնումեկն արթուն կլինի: Ձեռքի ճրագը հանգցրեց, ամբողջ մարմնով սեղմվեց պատշգամբի սառը պատին: Հենց սկզբից էր գլխի ընկել, որ Մըրամի մասին են խոսում: Բայց ի՞նչ, չէ՞ որ հարսանիքի օրն արդեն նշանակել են:
Պապը հո չի՞ պահանջում մի քիչ էլ հետաձգել, արդեն երեք անգամ ժամկետ են փոխել:
– Ոսկուց հրաժարվելը տեղովն ապուշություն ա,– գոռում էր հայրը,– տանք պրծնենք, էլի, մեկ ա՝ մի օր գլխներիս պատուհաս ա դառնալու:
– Քեզ ասում եմ՝ չի դառնա,– հակաճառում էր շեյխ պապը,– որդիդ մինչև ականջների ծայրերը աղջկան սիրահարված ա, ու էդ շատ լավ ա, որովհետև հայի աղջիկը թագուհու նման սիրուն ա, մի բոյն ու բուսաթը նայի, մեր ցեղը նրա շնորհիվ կդառնա հաղթանդամ, ուժեղ: Խելքի ու շնորհքի մասին էլ չեմ ասում, չե՞ս տեսնում աղջիկներիդ ինչքան հունարներ ա սովորեցրել:
– Հա, բայց մեկ ա՝ մեզ նման քուրդ չի, խորթ արյուն ա,– չէր զիջում ոսկու հեռանկարից ոգևորված հայրը:– Մենք մեր մարդկային պարտքը կատարել ենք՝ հայի աղջկան թուրքի յաթաղանից փրկել ենք, էսքան տարի մեր զավակի նման շահել- պահել ենք:
– Բա դրանից առաջ քանի՞ հայի գլուխ ես կտրել, արյունը խմել: Մսագործ Ջեմալից չէիր տարբերվում,– պապի ձայնը խզվեց, սկսեց ծերունավարի հազալ:
Այ քեզ նորություն, ուրեմն ճիշտ է, որ հայրը համիդիե ջոկատների անդամ է եղել: Այսինքն կարող էր Մըրամին է՞լ սպանել: Չի էլ փորձում պաշտպանվել: Ըհը, պատվախնդրությունը բռնեց, շնչասպառ վրա տվեց.
– Դուք լավ գիտեք, որ ես աղջկան կոտորածի ժամանակ չեմ փրկել, սպանված հայերի գրպաններից ոսկի էի հանում, նա էլ դիակների կույտի վրա նստած սարսափահար գոռում էր: Մեղքս եկավ, Զարոյիս շատ էր նման, առա տուն բերեցի: Դրանից հետո ես մի հայի մատով դիպած կա՞մ:
– Լավ, լավ,– զիջեց պապը,– էդքանը որ արել ես՝ հիմի էլ շարունակիր, թե չէ՝ ոսկի…
Հայրը խոսակցությունն իր ուզած կողմը շրջեց, հարձակվեց կնոջ վրա:
– Դո՞ւ ինչ ես բերանդ ջուր առել, մի խոսք ասա:
Ուսուբը պատից պոկվեց, ականջը մոտեցրեց օթախի դռանը: Արդեն պարզ էր, որ իր փայփայած երջանկությունը փլվելու վրա է: Տեսնես մա՞յրն ինչ կասի:
– Ես Մըրամին իմոնցից չեմ տարբերում,– հառաչելով խոսեց մայրը:– Չէ, ես դեմ եմ, մեզ էդ ոսկին պետք չի, էս աշխարհում մենակ հարստությունը չի, ես ուզում եմ, որ Ուսուբս երջանիկ լինի: Ուրիշ բան, որ հայի աղջկան տեսած, սիրած չլիներ: Իմ տղան դրան չի դիմանա, գլուխը կառնի կկորչի, սարի գազան կդառնա:
Մոր ձայնը արցունքախառն բողոք դարձավ: Հայրը գազազեց.
– Ախր քեզ ո՞վ ա հարցնում:
– Իսկ քե՞զ ով ա հարցնում,– հորից բարձր գոռաց Ուսուբն ու դուռը բացելով հայտնվեց վիճողների առաջ:– Ես Մըրամին ոչ մեկին չեմ տա, հասկացա՞ք:
Հայրը տղայի ահարկու տեսքից սարսափեց, փափախն առավ, որ դուրս գա: Բայց հանկարծ հերսոտեց.
– Էդ աղջկան ո՞վ մեր տուն բերեց, ո՞վ մահից փրկեց, ո՞վ հարևաններին հավատացրեց, թե էն զոհված շեյխի թոռն ա: Ես չէի՞:
– Դու էիր, խոսք չկա,– բղավեց Ուսուբը,– բայց ես իմ հարսնացուին ոչ մեկին չեմ տա, թեկուզ ոսկու լեռներ գլխիս շուռ տան կամ էլ ասկյարների տասը բանակ դեմս դուրս գա:
Մայրը սկեսրայրին ու որդուն մենակ թողեց, վազեց դուրս, որ գժված ամուսնուն հանգստացնի:
– Ապրես, Ուսուբ,– թոռանը կողքին նստեցնելով ասաց շեյխ Սաիդը,– ասածդ իգիթի խոսք էր, բայց հնարավոր ա, որ հերդ մեզ մատնի: Դրա համար չպիտի ժամանակ կորցնենք, Մըրամին ու մեծ քրոջդ ծտի թևով յայլա հասցրու: Մի քանի օր կմնաք, մինչև ես ձեն տամ:
Ու պապը պատմեց գյուղի վերջին նորությունը: Հայ մեծահարուստները քրդական գյուղերն ընկած՝ ջարդերից փրկված հայ որբեր են հավաքում: Ինչ հավաքել, ոսկին տալիս՝ առնում են. մի երեխան՝ թուրքական մի ոսկի: Իրենց գյուղ ուշ են եկել, չեն հասցրել տներում հարցուփորձ անել: Եթե Մըրամին տեսնեն՝ անմիջապես գլխի կընկնեն, որ հայի երեխա է, ու ոչ թե հասարակ գյուղացու, այլ ազնվատոհմիկի երեխա:
– Դու նրան մտիկ տուր, մեր անբողջ ընտանիքից տարբերվում ա, երեսի գույնը ալյուրից էլ, շաքարից էլ սպիտակ ա:
Պապը դատողություններ էր անում, հետն էլ հսկա քայլերով օթախը չափում:
– Երեսին մուր կքսեմ,– գոռաց Ուսուբը,– կդառնա իսկական սարի քուրդ, մի տեսնեմ ով կճանաչի: Հենց սարում էլ կպահեմ, ինձ էս հարստությունն ու ոչխարի հոտերը պետք չեն, նրա հետ մի կտոր հացով էլ կապրեմ: Ես իմ վայրի սիրով նրան մի անգամ էլ կփրկեմ:
Պապը ջղայնացավ.
– Նրան հարցրե՞լ ես, որ մեծ-մեծ խոսում ես: Մըրամին բամբակի մեջ ենք մեծացրել, էդ պայմաններին չի դիմանա, գլխին մի օյին կբերի: Եթե էդքան սիրում ես՝ պիտի նրա ուզածով շարժվես:
Ուսուբը պապին արդեն չէր լսում, գլխի մեջ մի շիկացած միտք էր, որ պահ առաջ Մըրամի հետ յայլա թռչի ու վերջիվերջո նրան իր գրկում ունենա: Հուր հավիտյան, ընդմիշտ:
Մութուլուսին ձիերը պատրաստ էին: Մըրամն ու Զարոն չէին հասկանում, թե տանն ինչ է կատարվում, ինչու են աշնանամուտին յայլա ուղևորվում, այն էլ երեքով, առանց գերդաստանի մեծերի: Երբ գյուղը մնաց բլրի թիկունքում, Մըրամը հանկարծ ընկավ կասկածների մեջ: Ձիուց խուճապահար ներքև ցատկեց ու բռնեց Ուսուբի ձիու սանձը:
– Թուրքե՞րն են հարձակվելու, հա՞, ճիշտն ասա: Ես վախենում եմ, ինձ ո՞ւր եք տանում: Ուզում եմ տուն գնալ, պապն ինձ կպաշտպանի, նա ինձ միշտ պաշտպան ա կանգնել: Ուսո՜ւբ, ես վախենում եմ, հետ գնանք, պաղատում եմ քեզ:
Տղային դժվարությամբ հաջողվեց Մըրամին համոզել, որ ոչ մի վտանգ չկա, հարսանիքի համար որոշ կարասիների ու մթերքների հետևից են գնում:
Հարսանի՞ք…
Աղջկա սարսափին հաջորդեց վհատությունը: Թևաթափ նստեց կանաչով պատված մի քարի, ուսերը գրկեց ու ինչպես տարիներ առաջ՝ կուչ եկավ, սկսեց դողալ: Ուսուբի ժայռե սիրտը նվաղեց, գլխի ընկավ, որ աղջկա մտքերում էլի կոտորածների տեսարաններն են: Անզորությունից ուզեց գոռալ, բայց հիշեց՝ հաստատ է վճռել, որ նրան իր վիթխարի սիրով թե արյունոտ մանկությունն է մոռացնել տալու, թե հարազատների սարսափելի մահը:
Մըրամը հիմա էլ Զարոյի գրկում էր ծվարել, հեծկլտում է, անմխիթար արցունք թափում: Ուսուբն անհանգստացավ, օրն արդեն բացվում է, իսկ Մըրամի լացը հենց ճանապարհի ամենաբանուկ հատվածում է բռնել: Ստիպված քրոջը մի կողմ տարավ, հասկացրեց, որ հարկավոր է Մըրամին շատ արագ տեղանքից հեռու տանել:
Զարոյի շունչը կտրվեց, ո՞նց, Մըրամին տանե՞ն, ո՞վ պետք է իրեն ու քույրերին ձեռագործ սովորեցնի, անուշ գաթաներ թխի, պես-պես ծաղիկներ աճեցնի: Առանց Մըրամի իրենց տունն ինչի՞ կնմանվի:
Ավելի մեծ ուժ, քան Ուսուբի սերն էր, Զարոյին ոտքի հանեց, սկսեց անասելի եռանդով խորթ քրոջը համոզել, որ ձին հեծնի, ճամփան շարունակեն: Քույրը շատ լավ գիտեր, ամբողջ հոգով զգում էր, որ Մըրամը դեմ է Ուսուբի հետ ամուսնանալուն, ախր այնքան գեղեցիկ է, փխրուն, երազկոտ, իսկ եղբայրն իսկական սարի արջ է, կնոջ հետ վարմունք չունի, միայն հոխորտում է, թե արժանավոր ամուսին է լինելու: Բայց այլ հարց էլ կա՝ որբ աղջիկն ուրիշ ի՞նչ կարող է անել՝ բացի իր փրկարարների կամքը կատարելուց: Նա փակ օղակի մեջ է, բայց եթե առանց դիմադրության իրենց հարսիկը դառնա՝ ամենաերջանիկ քրդուհին կլինի: Բարի Զարոն դրանում կասկած չուներ ու սկսեց նրան հրել, ուժով թամբին մոտեցնել: Ուսուբն իրավունք չուներ մինչև հարսանիքը հարսնացուին մատով դիպչել, կողքից քրոջն էր օգնում:
– Ես կգամ,– շեշտակի շրջվելով՝ Ուսուբին դիմեց Մըրամը: Արտասվաթոր աչքերը մեկ քրոջը, մեկ եղբորն էր դարձնում, կարծես ուզում էր աշխարհի ամբողջ բարությունը նրանց սրտերի մեջ հեղել:– Կգամ, ուղղակի ուզում եմ այստեղ մի քիչ նստել: Մեր քաղաքում ճիշտ այսպիսի այգի կար, քույրիկիս հետ շատ եմ խաղացել:
Ուսուբն ուրիշ բացատրության չսպասեց, իր ձիու գավակից նախշուն գորգն առավ, փռեց մոտակա կանաչ դեզին: Մըրամը նրան մեղմիկ ժպիտ նվիրեց ու Զարոյի ձեռքից բռնած նստեց գորգին: Երկար սպասված ժպիտից Ուսուբի սիրտը թունդ ելավ:
Վաղորդայնի զով օ՞դն էր պառճառը, թե շուրջը ծփացող զմրուխտ խաղաղությունն ու անտառի սոսափը, աղջիկն սկսեց պատմել իրենց ընտանիքի, մանկական չարությունների, դաշնամուրի պարապմունքների, երաժիշտ դառնալու երազանքի մասին: Ջարդերի մասին չխոսեց, երևի այդ պատճառով շիկնած դեմքին սփռվել էր մի վճիտ երանություն: Միայն ասաց, որ երազում փոքր քրոջն է տեսել, նրա համար բալագույն թավիշից տիկնիկ էր կարում: Երազի տպավորության տակ տեղից վեր թռավ, սկսեց շուրջը ծովացած գունագեղ գորգից ծաղիկներ քաղել, փնջել, ընտրում էր հատկապես բալագույն զանգակները: Քույր ու եղբայր կանգել՝ զմայլանքով նրա զարթոնքն էին դիտում: Զարոն Ուսուբին աչքով արեց, բազմիմաստ ժպիտով ասաց.
– Չէի ասո՞ւմ, ամեն ինչ քո ուզածով ա:
Հեռվից ձիերի վրնջյուն լսվեց, մի փոքրիկ երամակ արագ մոտենում էր: Ուսուբն ու Զարոն խայթվածի նման ոտքի ելան, մոռացել էին, թե ուր են գնում, ինչ նպատակներ ունեն: Նրանց խուճապը Մըրամին տարօրինակ թվաց, հին կասկածը դեմքն աղավաղեց:
– Մի վախենա,– իրեն խորթ քնքշանքով հանգստացրեց Ուսուբը,– հորս ծանոթներն են, երևի առևտուր անելու են գնում: Բայց դու երեսդ ծածկիր,– հրամայեց,– գլուխդ շուռ տուր՝ մինչև անցնեն:
Ձիավորները չորսն էին, սարվորներին հասնելուն պես կանգ առան, Ուսուբի հետ սրտաբաց խոսքի բռնվեցին: Մեկի գրկին 9-10 տարեկան աղջիկ կար, մյուսի գրկին նույն տարիքի տղա: Ուսուբը նրանց անմիջապես ճանաչեց, երեխաները Մըրամի նման կոտորածից փրկված հայեր էին, բայց նրանց զանազանելը դժվար չէր, երկուսն էլ շիկահեր էին, կապույտ աչքերով: Այսինքն երեխաներին փրկած քրդերն աղքատ մարդիկ էին, նրանց համար մի ոսկին քիչ փող չէր, երևում է՝ ազնիվ առևտուր են արել:
– Ձեզնից մեկնումեկը պատահաբար հայ չէ՞,– աչքն աղջիկների փակ թիկունքներին՝ քրդերեն հարցրեց ձիավորներից ամենաավագը:
Ուսուբի լեզուն կապ ընկավ, բայց Զարոն եղբորն օգնության հասավ, արագ շրջվեց ու թուխ երեսը կիսաբաց արեց: Մըրամին ասես կայծակ խփեց, հայ անունից սիրտը դող ընկավ, աստիճանաբար անցավ ձեռքերին, դրանք ամուր ագուցեց, որպեսզի չճչա կամ սխալ քայլ չանի: Լաչակը դեմքից ակամա հեռացրեց, մնաց շիփշիտակ երեսով: Շառագույնը նրա ճերմակությունից հետք չէր թողել, բացի դրանից՝ չէ՞ որ ճամփա ընկնելուց առաջ մայրն ինչ-որ մուգ փոշով նրան շպարել էր:
– Չէ, մենք շեյխի զավակներն ենք,– համարձակություն առավ Ուսուբը,– յայլա ենք գնում…
Բայց ձիավորներն այլևս չլսեցին, հետաքրքրվելն անիմաստ էր, գյուղում շեյխին արդեն հանդիպել-զրուցել էին: Հեծկաններին խթանեցին ու ճամփան շարունակեցին: Նրանց հետևից փոշու խիտ ամպեր բարձրացան, երևի շատ էին շտապում:
Այն պահին, երբ Մըրամը դեմքը բացեց՝ աչքն ընկավ ձիուց իրեն նայող աղջնակին: Իր պստիկ քույր Անթառամն էր, նա, ում հենց այդ գիշեր էր երազում տեսել:
– Անթառա՜մ,– խելագարի նման կանչեց ու նետվեց ձիերի հետևից: Վազում էր գայթելով, ընկնել-վեր կենալով:
Նրան լսող չեղավ, ձիախումբը վարգով հեռացավ ու քիչ հետո տեսադաշտից կորավ:
– Համոզվա՞ծ ես, որ քույրդ էր,– հևալով աղջկան մոտեցան Ուսուբն ու Զարոն:
– Քո՜ւյրս, պստիկ քույրս, իմ փրկված քույրս,– մղկտաց Մըրամը:– Իմ գերդաստանում փրկված մարդ կա, իմ գերդաստանս կապրի, իսկ ե՞ս, ե՞ս, ե՜ս…
Ուսուբի կրծքի տակ մի բարակ լար կտրվեց, թվաց՝ տասը մտրակներ մի հարվածով իջան թիկունքին: Իր առջև ուրիշ Մըրամ տեսավ, ոչ նրան, ով իրեն հանդիպելիս ամբողջ մարմնով վախից կծկվում էր, լալիս կամ այծյամի նման փախչում: Այս նոր Մըրամը ուրիշ Մըրամ է, երևի այն բարձրատոհմիկ հայի զավակը, ում անունը չորս տարի ուզեցել են ջնջել ու չի հաջողվել: Նա Համասփյուռն է՝ տխուր, բայց լույսի նման պայծառ, երկնքի նման անհասանելի…
Ուսուբը երկար մտածելու ժամանակ չունեցավ, թռավ ձիու թամբին, ողբացող աղջկան առավ բազուկների մեջ ու կատաղի թափով առաջ սլացավ: Որբեր հավաքող հայերին հասան ճամփաբաժանին, որտեղից հինգ, թե վեց արահետներ էին սկիզբ առնում ու անտառում մխրճվելով անհետանում:
Ուրախացած հայերն սկսեցին փոքրիկ աղջկան նորից ու նորից հարցեր տալ, ապրած վայրն ու հարազատների անունները ճշտել: Մըրամը շունչը պահած լսում էր ու ամեն պատասխանի հետ սիրտը բռնում:
– Ցավում եմ, աղջիկս,– ասաց հայերից մեկը,– այս երեխան քո քույրը չէ, սա մի փոքրիկ թյուրիմացություն է: Ներող եղիր:
– Բայց դու քո ընտանիքից պատմիր, միգուցե մենք նրանց մասին տեղեկություններ ունենանք,– ասաց այն մարդը, ում գրկում ոսկով գնված երջանիկ հայ տղան էր:
…Ուսուբն ու իր ձին կանգնել էին քիչ հեռվում. երկուսն էլ իրենց գործն արել էին, մեկը ճակատագրի ճանապարհն էր կարճել, մյուսը գտել սիրած էակին երջանկացնելու ամենաճիշտ եղանակը:
Հայերից ավագը գոհ ու ժպտուն դեմքով մոտեցավ Ուսուբին, ձեռքը մեկնեց նրան: Ափի մեջ երեկվանից քուրդ շեյխի տանը խոսք ու կռվի պատճառ դարձած կարմիր ոսկին էր: Մարդը ոսկին մեկնեց ու սպասեց, որ տղան վերցնի: Բայց նա երես դարձրեց, ճարպիկ ոստյունով թռավ ձիու մեջքին, երջանկությունից խենթացած Մըրամի շուրջը հրաժեշտի երեք պտույտ գործեց ու փոթորկի նման եկած արահետով սուրաց: Թող երջանիկ լինի, թող հարազատներին գտնի ու ապրած սարսափները մոռանա: Մեկ է՝ ինքը նրա սրտում տեղ չուներ, կյանքում ուներ, բայց այդ երկուսը ե՞րբ են իրար գտնում:
Մթամած անտառի պռնկին մի պահ շրջվեց ու նկատեց օդում ծածանվող մի ճերմակ թաշկինակ:
Այդ Մըրամ-Համասփյուռն էր իրեն երախտիքի ուղերձ հղում: Ապրելու համար մի փոքրիկ կայծ էր:
2014թ.