Հրաչուհի Փալանդուզյան. ՇՈՒՇԻ
Անին հեռախոսն անջատեց, ցնծությունը դեմքից ճառագում էր:
– Աղջիկնե՜ր, սպասեք, չցրվեք, հիանալի նորություն եմ ասելու:
Վազեց հասավ ընկերուհիներին, աղջիկներն արդեն համալսարանի շքամուտքում էին:
– Ժամը 7-ին Խաչատրյան մեծ դահլիճում եղբորս ստեղծագործական երեկոն է, բոլորիդ հրավիրում է, վախենում էի խնդրանքս մերժի, բայց լավ եղավ, վերևներից մի քանիսը երկրում չեն, հրավիրատոմսերը մեզ հասան,– հրճվանքով զեկուցեց Անին:
– Մի շաբաթ չկա, որ ուսանող ենք, եղբայրդ մեզ որտեղի՞ց գիտի:
Նունեն մի շաբաթում հասցրել է կուրսի իգական փոքրամասնության տիրուհու համարում վաստակել, խոսքն անցնում է առանց այլևայլության: Ասել կուզի՝ ես չկամ, երեկոներն ինձ չեն հուզում, դուք էլ գնացեք տները:
– Ան, եղբայրդ ո՞վ է,– կարծես հենց այնպես, բայց որոշ հետաքրքրությամբ հարցրեց ապագա իրավաբան Մարոն:
Անին ուսերին փռված շեկ մազերը գլխի շուրջը ճարպկորեն խաղացրեց.
– Հայտնի երգահան Վահան Բալունց, լսած կա՞ք…
– Անի՜,– հիացմունքից ճչաց աղջիկների դալարագեղ խումբը: Միայն Մանանը չարձագանքեց, թեև ուշադիր նայողը շուրթերին մեղմ ժպիտ կնկատեր:
Մարոն վրա տվեց.
– Իսկ նա ամուսնացա՞ծ է:
Անին հառաչեց, ընտանեկան հոգսը եկավ ծվարեց սիրուն երեսին:
– Ո՜ւր է, թե… Բայց Մարիաննայի հետ վաղուց կապված է, ամեն օր խնդրում-աղաչում ենք, որ ամուսնանան, չգիտեմ ինչն է խանգարում:
– Երգչուհի Մարիաննա՜ն,– հիացան աղջիկները, մի քիչ էին հիսաթափված, շատ քիչ: Միայն Մանանն էր մանրիկ ժպտում:
– Իմ սիրելի նորածանոթ ընկերուհիներ,– ասաց Դշխուհին, Վանաձոր քաղաքից, բնակչուհին համալսարանի հանրակացարանի,– փառահեղ երեկոյին անկարելի է մեր ճմրթված կերպարանքներով ներկայանալ, դուք պատկերացնո՞ւմ եք, էնտեղ ինչ հասարակություն է լինելու՝ մայրաքաղաքիս պերճաշուք ընտրախավը:
– Գիտենք դրանց պերճաշուքը,– ծաղրեց Նունեն,– քթները կորեկի հատիկ սարքած, բերանները երշիկի գործարան, մնացածը ձգած ու ներկած: Հագածներն էլ՝ մի մեծ կրկես: Ես, Ան ջան, որոշեցի, գալու եմ, հենց ջինսով էլ գալու եմ, եղբորդ վարկանիշը հո չի՞ տուժի:
– Իմ եղբայրը, թանկագին ընկերուհիներ, ի տարբերություն իր հռչակի, շատ հասարակ մարդ է, խոր հոգի ունի, նուրբ…
– Կարող ես չգովել, իր երաժշտությունն ամեն ինչ ասում է, մանավանդ «Անձրևն» ու աշնանային երգերը: Ես հաստատ գալու եմ,– հայտարարեց մեծահարուստի դստրիկ՝ իրավաբանականից առաջ դաշնակահարուհու վկայական վաստակած ու դրա շնորհիվ քիչ հղփացած Հայկուհին, իր հռչակմամբ՝ Հայկան:– Ի դեպ, նրա մեղեդիների մեջ վերջերս թախիծն է սողոսկել, անհույս սիրահարված չլինի՞, Ան:
– Օ՛հ, Մառան էլ թողեց, կախարդել, գերի է վերցրել եղբորս: Բայց, էրեխեք, հիանալի զույգ են, այ, կգաք, կհամոզվեք, որ երգահանն ու երգչուհին իրար գտել են:
– Ես որ՝ աներկբայորեն ներկա կլինեմ,– իր շքեղ գեղեցկության բարձունքից ցած նայեց կուրսի բանաստեղծուհի Լուսերեսը, իր հռչակմամբ՝ Լուսեն:
– Ուրեմն մեր վեցյակով՝ 7-ից 15 պակաս, Արամ Իլյիչի արձանի մոտ,– հրճվեց Անին:– Մանա՞ն…
– Ներիր, ես չեմ կարող գալ, հանրակացարանում կարգավորելու հարցեր կան, դեռ չեմ…
– Ի՞նչ հանրակացարան:
– Ուսանողական:
– Դու…
– Ես մարզից եմ, մարզի ամենահեռավոր գյուղից:
– Ո՞ւմ մտքով կանցներ: Բայց խնդրում եմ չմերժես, ուզում ես՝ գամ տեղում հարցերը լուծեմ:
– Կարիք չկա, իմ բացակայությունից համերգում բան չի փոխվի:
– Կփոխվի, հասկանո՞ւմ ես, եղբորս մոտ գլուխ եմ գովել, թե մեր կուրսի աղջիկներն աշխարհում լավագույնն են, ամենաերաժշտականն են: Կարծում ես չե՞մ նկատել, որ դասամիջոցներին քթիդ տակ երգում ես:
– Ի՞նչ քիթ, մտքիս մեջ, հենց էնպես,– շիկնեց Մանանը:
– Մեկ է: Եղբորս նաև ասել եմ, որ կուրսում աղջիկներով ուղիղ վեցն ենք: Հաշվելու է, Մանան ջան, ի սեր Աստծո, արի:
– Հաշվի համար հաստատ չեմ գա:
– Նեղացա՜վ…
– Լավ, 7-ից 15 պակաս:
– Հասկացո՜ղս… Բայց մի քիչ կքսվես, հա՞, թե չէ շատ աչքի կընկնես: Չնայած… պետք չէ, բնության արածը կփչնա:
Դահլիճը Նունեի անսխալ նկարագրածն էր, ճիշտ է, նա մոռացել էր նշել կանացի գլուխների աներևակայելի հորինվածքները, որոնք ապացույցն էին նրա, թե հայոց մայրաքաղաքի վարսահարդարման սրահներն ինչպես են եվրոպականների վրա ջնջոց փռում:
Համերգն անցավ բարձր նոտաների խելահեղ կիզումով: Վահան Բալունցը դաշնամուրը լքում էր միայն այն պահերին, երբ ջութակն էր ձեռքն առնում, Մարիաննան տեղովն արվեստ էր ու հիացմունք, ձայն ու մարմին չէր խնայում հանդիսականին հույզերով խենթացնելու համար:
Համերգի մյուս մասնակիցները նրանց գրեթե չզիջեցին, երգի ու մեղեդու սքանչելի տոն եղավ, ոչ թե ստեղծագործական հասարակ երեկո: Իրավաբանականի վեցյակն աչքի էր զարնում նախ զբաղեցրած օթյակի շուքով, չէ՞ որ կարևոր անձանց տեղերն էր զբաղեցնում, ապա՝ ունկնդիրների բուռն, սակայն միանգամայն արվեստային արձագանքով այն ամենին, ինչը կատարվում էր բեմում: Դա կարծես երկրորդ բեմն էր, հանդիսականները շրջվում՝ դիտում էին զուգված աղջիկների ցնծագին ներկայությունը: Մանանն էր մի քիչ աններկա ու երազամույն ժպտուն:
Անին տեղում վայրկյան անգամ հանգիստ չնստեց, զգացվում էր, որ այլ սպասում ունի, ինչը և իրականացավ, հեռախոսն անջատեց ու ասաց.
– Իսկ հիմա, սիրելիներս, գնում ենք ռեստորան, հրավիրվա՜ծ ենք:
Նազուտուզ չարեց նույնիսկ Մանանը, թեև կյանքում առաջին անգամ էր բարձրաշխարհիկ վայրում լինելու: Հագել էր իր կարած մորեգույն երկարափեշ պարզ զգեստը, շագանակագույն փարթամ վարսերը թողել իրենց կամքին, չունեցած զարդ ու զարդարանքի փոխարեն կրծքին ամրացրել տատի նվիրած արծաթազօծ շուշանը: Քսուքների ու ներկերի փոխարեն դեմքին կնքվել էր ժպիտի հեզիկ ներկայությունը: Որևէ մեկի մտքով չէր անցնի նրա արտաքինի տակ կռահել գյուղին 10 օր առաջ հրաժեշտ տված գեղջկուհու կերպարը, ով ծանոթների օգնությամբ կարի արհեստանոցում գործ է ճարել, որպեսզի չարքաշ ծնողների գլխին հոգս չդառնա, ներածին չափ օգնի փոքր քույրերին, եղբոր համար էլ մեկ-մեկ բանակ ծանրոց ուղարկի: Ավելի նմանվում էր բախտից երես առած ընտանիքի խորթ, միաժամանակ իր հարգն իմացող զավակի:
Ռեստորան հրավիրված ընտրյալներին անակնկալ էր սպասում, ոմանց համար հաճելի, ոմանց համար շփոթեցնող՝ երգելու և նվագելու են ոչ թե օրվա աստղերը, այլ իրենք՝ հյուրերը: Այս կարգախոսով՝ տեսնենք ով ինչ թաքնված տաղանդ ունի: Ըստ որում Վահան Բալունցն անմիջապես հայտարարեց, որ համերգի ցնցող մթնոլորտը հարկավոր է թողնել դահլիճում, սրահում պետք է իշխի մեղմօրոր անդորրը: Դա բոլորի սրտովն էր, որովհետև տենդավառ հույզերը միշտ մեծ դադարներ են պահանջում:
Հայկան համարձակներից առաջինը եղավ, նստեց դաշնամուրի առաջ ու նվագեց հանրահայտ «Անձրևը»: Սրահի ու հեղինակի զմայլանքին երգչուհի Մարիաննան չարձագանքեց, նկատելի քամահրանքով նայում էր անհայտ կետի, կարծես իր բեմական մեծությունն էին վիրավորում: Վերջին նոտաներից առաջ շորորալով տեղից ելավ, դուրս եկավ, հասկացնելով իբր հարդարման կարիք է զգում: Մանանը սեղանի մոտ վերադարձած Հայկայի ականջին շշնջաց.
– Դու կախարդուհի ես: Որ աղաչեմ՝ «Երբ քեզ հետ եմ» երգի մեղեդին չե՞ս նվագի:
Հայկան անակնկալ փառքից ու գինուց տաքացած ձայնով պատասխանեց.
– Միայն քեզ հետ:
Մանանն ընկերուհու բառերին ուշք չդարձրեց, անմիջապես կլանվեց իր գաղտնափակ աշխարհով:
Երբ մեծարման հանդիսությունը սրտեր հպատակեցնելով հասավ բաժանման պահին՝ Հայկան հանկարծ հիշեց ընկերուհու խնդրանքը, նրա ձեռքն ամուր բռնած հայտնվեց դաշնամուրի մոտ:
– Հարգարժան երաժշտասեր հասարակություն, սիրելի Վահան և Մարիաննա, հիմա դուք ականատես կլինեք նոր տաղանդի ծնունդին: Վահան Բալունց, «Երբ քեզ հետ եմ», կատարում ենք ես և մեր կուրսի Մանանը, նա կյանքում պետք է երգի առաջին անգամ, չհաշված այն ծածուկ փաստը, որ երգը նրանից անբաժան է նույնիսկ երազում:
Մանանը նոր հասկացավ, թե իրենից ինչ է պահանջվում, հուզմունքից շառագունեց, գայթելով վազեց դեպի աղջիկների սեղանը, հենց այդ պահին էլ Վահան Բալունցը բռնեց նրա դողահար ձեռքը:
– Երգից պետք չէ վախենալ, օրիորդ, դա տիեզերքում լավագույնն ու բարձրագույնն է: Անի, քույրիկս, ընկերուհուդ համոզիր:
Մանանը հուզախռով ձայնով հակաճառեց.
– Ես այդ բարձունքները պաշտում եմ, սակայն առաջին հերթին հարգում եմ մարդկանց և չեմ կարող իմ անտաղանդությամբ նրանց տհաճություն պատճառել:
– Անտաղանդությունը մենք կկիսենք երկուսով,– ծիծաղեց երգահանը,– թույլ տվեք:
Աղջկա ուսերը գրկած շարժվեց դեպի ցածրիկ բեմը, Հայկան արդեն նախանվագն ավարտում էր: Սրահը հիացմունքից հառաչեց, մինչ այդ երբեք Վահան-երգչի ձայնը չէր լսել, պատրաստվեց անակնկալի: Ձայնը դրամատիկական տենոր էր, հնչեց գրեթե շշուկով, աստիճանաբար բարձրացավ: Հենց դա էլ Մանանի սիրտը շարժեց, սկսեց կամաց ձայնակցել ու չնկատեց, որ դաշնամուրի հետ լսվում է միայն իր ձայնը, իսկ Վահանը հեռվում կանգնած է որպես զարմանքի խորհրդանիշ:
Մարիաննան Վահանին սթափեցրեց, մոտեցավ, առանց որևէ բարդույթի համբուրեց այտն ու խոպոպապատ գլուխը սեղմեց նրա կրծքին.
– Ոչինչ աղջիկը, բայց հույսդ կտրիր, նրանից աստղ դուրս չի գա:
Վահանն արձագանքեց անծանոթ ձայնով ու անտարբերությամբ.
– Ըհը…
Դրսում կեսգիշեր էր, նա քրոջ համակուրսեցիների համար մեքենա պատվիրեց, հյուրերին սովոր կատակներով ու խոնարհումներով ճանապարհեց, վերջում Մարիաննային գրկած տարավ ոչ հեռու վարձած բնակարան:
Մի քանի օր անց Անիին զանգեց.
– Քույրիկս, քո երգչուհի ընկերուհու անունն ի՞նչ է:
– Վահան, լավն է, չէ՞, ոնց եմ հիացած, մարդուն մի շաբաթ ճանաչես ու չիմանաս, որ տեղովը հղկած ադամանդ է:
– Ադամանդը շատ ասիր, Անի ջան: Ուզում եմ հետը զրուցել, մեր տուն կբերե՞ս:
– Ո՜ւխ…
Տանը քրոջ, հոր ու մոր ներկայությամբ աղջկա հետ զրույցը նմանվեց քաղաքավարության բեմադրության: Իմացավ թե անունը, թե գյուղի աշխարհագրական դիրքը, թե ծնողների զբաղմունքը, թե Արցախում ծառայող եղբոր կատակները, թե իրավաբանի մասնագիտության հմայքը… Նրա գեղեցկությամբ չտարվեց, հայկական սովորական դեմք է՝ սիրուն աչքերով ու ամաչկոտ ժպիտով, բայց հենց այդ երկուսի խորքում նկատեց մի գաղտնիք, որը ջրի երես չհանելն իր արվեստի համար անպատվություն կլիներ:
– Մանան,– աղջկա բաժակը հյութ լցնելով շշուկով դիմեց նրան,– գնանք սրճարան, ուզում եմ ձեզնից մի խորհուրդ հարցնել, նոր երգ եմ գրել, կարծիքդ ինձ համար կարևոր է:
Դա մի սրճարան էր, որտեղ պատահական մարդիկ չեն լինում, հայտնիներն իրենք էլ այդքան հաճախ չեն բարեհաճում: Խոսելուն խանգարող բան չկար:
– Ներիր, երգի մասին ճիշտ չասացի, տանից դուրս գալու պատրվակ էր, ասելիքս ավելի լուրջ է:
– Ես դա հասկացա,– ավելի անկեղծ ժպիտով, քան դա իրեն հատուկ էր, ասաց Մանանը:
– Քո ձայնի մեջ կա մի հնչերանգ, որ հենց այս րոպեիս աշխարհն էլ շրջես՝ չես գտնի: Չգիտեմ ինչի հետ համեմատեմ՝ հավքի ճռվողյուն ասեմ, գետակի խոխո՞ջ, սյուքի շոյանք… Ոչ, այլ բան է, հոգու հետ կապ ունի: Նա… այսինքն քո ձայնը, նվագ է հոգու ամենանուրբ լարերի վրա… Մի ժպտա, ես կյանքիս ամենաանկեղծ պահն եմ ապրում: Մի խոսքով, դու պետք է երգես:
Մանանն իսկույն լրջացավ.
– Ոչ: Ես այդ մասին շատ եմ մտածել, դա իմ ուղին չէ, ես այլ կոչում ունեմ: Ես պետք է իմ ժողովրդի իրավունքների պաշտպանը դառնամ և միջազգային հարթակներում ծածանեմ մեր շահի դրոշը:
– Շահի դրոշը… Դե, կծածանես որպես երգչուհի, դա մարդիկ ավելի լավ կհասկանան, արվեստի լեզուն ազդու է:
– Ներեցեք, ես ձեզ հասկանում եմ, բայց մեր հորիզոնները հակադիր են:
– Հորիզոնը մեկն է… ու առանց դուք-ի, խնդրում եմ, մեր տարիքային տարբերությունն այնքան էլ սարսափելի չէ:
– Տարիքն ի՞նչ կապ ունի, ես շոու բիզնեսը չեմ սիրում: Հատկապես կանայք այնքան մեծամիտ են, շփացած, նախանձ, նրանք ինձ կոչնչացնեն դեռ բեմ չմտած:
– Լա՞վ ես հետազոտել:
– Ձեր կարծիքով գյուղում հենց հող են մշակում ու գա՞ռ արածեցնում, գրքեր կան, համացանց կա, չէ՞:
– Իհարկե, իհարկե: Քո ամբողջ կերպարն ապացույցն է այն բանի, որ բնակավայրերի ու անհատների միջև սահմաններն անդարձ ջնջվել են: Բայց ես քեզ մի գաղտնիք ասեմ. եթե դու ունես հովանավոր՝ ճամփադ միշտ ծաղիկներով կզարդարվի: Ես կլինեմ քո մեկենասը, թե քեզ համար երգեր կգրեմ, թե ճամփադ կհարթեմ: Մեր երգարվեստում բացակայում են քո տեսակը, քո մաքրությունը, քո ջերմությունը:
Մանանին խոսակցությունն սկսեց դուր չգալ, հիշեց Վահանի սիրուհի Մարիաննայի չար հայացքները՝ ուղղված իրեն ու շատերին: Հայտնի երգչուհին կարծես տառապում էր ինքնապարծության ահռելի չափաբաժնից, շուրջը միայն մրցակից ու թշնամի էր տեսնում ու որ ավելի վատ է՝ դա չի կարողանում պաճուճանքների ու լայնաբերան ծիծաղի տակ թաքցնել, ավելի շատ կիսամերկ կուծքն է ցնցում ու բաց ոտքերը ցուցադրում: Անին ոնց էլ դրան հավանում է:
Ավելի վճռական «ոչ» ասաց:
– Դու քեզ չես ճանաչում, Մանան, դու չգիտես, թե քո մեջ որքան մարգարիտներ են ննջում, ես նրանց կյանք տամ, հավատա փորձիս, հավատա իմ հաջողությանը…
– Ե՞ս չեմ ինձ ճանաչում…
Աղջիկը ծիծաղեց երկար ու սրտալի: Հանկարծ լրջացավ:
– Գիտե՞ք, Վահան, ես ձեզ… քեզ կասեմ մի բան, որն աշխարհում ոչ ոք չգիտի: Լսեք, հետաքրքիր է, դա ձեզ անտարբեր չի թողնի:
Վահան Բալունցը բազկաթոռի թիկնակից թիկունքը պոկեց, հակվեց դեպի դիմացը նստած աղջիկը, որ պարուրված էր միայն իրեն հասկանալի խոհերով: Չնայած բռնած կամակոր կեցվածքին՝ դեմքին զիջման խոստում կար:
– Ամենավաղ տարիքից իմ գլխում անընդհատ մեղեդիներ են դեգերում: Հա, իրոք, մեկ աջ են թևում, մեկ ձախ, մեկ զարկում են ուղիղ ճակատիս, մեկ սրտիս… Երամով կամ հատիկ-հատիկ գալիս ու գնում են, շոյում են, հրճվանք պատճառում, ցավոք, ես դրանք երբեք չեմ հիշում: Ամեն վայրկյան մի մեղեդի հետս է, թվում է մի օր դրանցից մեկը փողոցն անցնելիս ինձ իր նահատակը կդարձնի: Ու գիտե՞ս, կա մի կրկնվող մեղեդի, նո՜ւրբ, մեղրածո՜ր…. հնչում է ջութակների ու ծիրանափողի նվագով… Ի՞նչ եք այդպես նայում, երևի ձեզ հե՞տ էլ նույնն է կատարվում:
– Մոտավորապես նույնը: Պատմիր, նրանք ինչպիսի՞ն են, կրակո՞տ, թե թախծոտ…
– Ամեն տեսակ, նրանք իմ հոգու բնակիչներն են, իմ սրտակից հարազատները, ես առանց իրենց չեմ կարող ապրել: Ափսոս, որ երաժշտական կրթություն չունեմ, թե չէ կնոտագրեի ու ձեզ կհանձնեի:
– Երաժշտական դպրոց չե՞ս գնացել:
Մանանն ասես գժվեց.
– Մեր գյուղում մի հատիկ տարրական դպրոց կար, հարևան գյուղերում էինք հանրակրթություն ստանում: Բայց ասեմ, որ բոլորն էլ հիանալի կրթօջախներ են:
– Իրոք որ ափսոս,– հառաչեց Վահան Բալունցը,– քանի-քանի տաղանդ է կորչում միայն այն պատճառով, որ համապատասխան ուսում չի ստանում: Մի օր մտնելու եմ մեր երկրի բոլոր դպրոցներն ու տաղանդներ բացահայտեմ, էսպես չի կարելի, ասպարեզը համբակներին է մնացել…
Մանանն ուշադրությամբ նայեց երգահանի մտահոգ դեմքին, պատահաբար Մարիաննայից չի՞ գանգատվում: Բայց իր ինչ գործն է, նրա երգերն ու նվագն է սիրում, ոչ թե այրական արժանիքները: Մեկեն զվարթացավ.
– Օհ, հիշեցի, ախր եղբայրս բանակ մեկնելուց առաջ ինձ թաքուն ձայնագրել է, խոհանոցում գաթա էի թխում, հետն էլ քթիս տակ վոկալիզ երգում: Ահա, հեռախոսիս մեջ է:
– Հապա տուր:
– Ոչ, ոչ, անհարմար է… Դե, մի երևելի բան չէ, գուցե մեկից եմ ազդվել, ասենք Արա Գևորգյանից, Պոլ Մորիայից կամ Չեկալինից, ստույգ բան չեմ կարող ասել:
– Մանան, հենց հիմա միացրու, ես հետաքրքրությունից վառվում եմ, զգում եմ, որ հայտնության վկա եմ դառնալու:
– Ես կփոխանցեմ ձեր… քո հեռախոսին, հետո կջնջեմ, ուղղակի որ եղբայրս է ձայնագրել, պահում եմ, իր ձայնն էլ կա:
Հայտնություն… Վահան Բալունցը լսածի տպավորության տակ երկու օր քնածի նման էր շրջում: Աղջկական տաքուկ շշնջյունների մեջ թրթռում էին երաժշտական փոքրիկ գլուխգործոցները: Ու ասում էր՝ անթիվ են, իրար չկրկնող: Ձայնագրության մեջ 5-6 նվագ է, ինչքանն էլ մոռացության մշուշներում ցնդել է, կորել… Ախ, անտարբեր, անհոգի մարդիկ… Երրորդ օրը երևակայության մեջ արդեն հստակ էին նվագների գործիքավորումներն ու երգերի խոսքերը: Կհանդիպեն, աղջկան կառաջարկի իր ծառայությունը: Ամեն ինչ կանի, որ երաժշտությունը նրա համալսարանական կրթությանը չխանգարի, նա այդ ասպարեզում էլ տաղանդավոր կլինի, կասկած չունի, տաղանդը միակողմանի չի լինում: Չի՞ ուզում երգել, ոչինչ, այս հիասքանչ գանձը նրա անունը կհռչակի ամբողջ աշխարհում: Դա խոստանում եմ:
Մանանը զանգերին չպատասխանեց ոչ այդ, ոչ հաջորդ օրը: Չհամբերեց.
– Անի, կուրսեցիդ ո՞ւր է անհետացել:
– Մանա՞նը:
– Նա:
– Գիտե՞ս, նրա եղբայրն Արցախում է ծառայում, ասաց տարեդարձը մոտենում է, գնամ՝ զինվորին անակնկալ անեմ: Երթուղային նստեց, մենք էլ լիքը բարիքներ հետը դրեցինք, ուրախ-զվարթ ճանապարհեցինք: Եղբայրս, ինչքան կուզենայի Մանանի հետ Արցախ գնամ, ախր ոչ մի անգամ չեմ եղել այդ դրախտում, մանավանդ Շուշին կուզեի տեսնել: Մեկ էլ մարդկանց, ասում են՝ ամեն մեկը մի հայ դյուցազուն, թե կին, թե տղամարդ:
– Չափազանցում ես, Անի… Լավ, դե սպասենք՝ գա: Չես պատկերացնի՝ ինչ պայթյուն է լինելու, ընկերուհիդ թաքնված տաղանդ է, գյուտ, կարծես ամբողջ կյանքում նրան ու իր նվագներին եմ սպասել:
– Վահա՞ն…
– Անի՛:
– Հասկացա, եղբայրս, սպասենք:
Պայթյուն, բայց ոչ երաժշտական… Պայթյուններ Արցախում, արկերի, ռումբերի, հրետանու, անօդաչու մարդասպանների…
Մանանը վերջին անգամ զանգեց Շուշիից, Ղազանչեցոց սուրբ եկեղեցում պատարագ լսելուց հետո: Ձայնը չէր հնչում՝ ղողանջում էր ինչպես մի ամբողջ զանգակատուն: Վահան Բալունցը նրան ոչինչ չասաց, թող գա՝ ամեն ինչ կիմանա, չի էլ պատկերցնում, թե փառքն ինչպես է իրեն հևիհև սպասում: Բայց մեղք էր աղջիկը, համենայնդեպս մի խոսք ասաց՝ կեցցես, դու հրաշք ես ու լսեց նրա ծիծաղի կարկաչը: Մանան, դու Արցախ գնացիր իբրև ապագա իրավաբան, կվերադառնաս իբրև հռչակի շեմին շողացող ադամանդի հատիկ: Ես դա կապացուցեմ, երկուսով կապացուցենք:
Վերջին զանգից անցան տագնապի ու սարսափի օրեր: Սեպտեմբերի 27-ին արյունարբու թշնամիների սանձազերծած պատերազմը հազարավոր զոհերի հետ չխնայեց նաև պետական համալսարանի ուսանողուհի, մոտ ապագայի տաղանդավոր երգահան Մանան Հովհաննիսյանին ու նրա զինվոր եղբորը… Ահավոր բոթը Վահան Բալունցի հոգեկանի վրա այլ կարգի ազդեցություն ունեցավ, հանրահռչակ երգահանը զենք վերցրեց, կամավոր պատերազմ գնաց, կռվեց, վերադարձավ հակասական ապրումներով, ալեկոծ հոգով, բայց տուն հասնելուն պես քրոջ արցունքները մաքրեց ու նստեց դաշնամուր առաջ:
Մեկնեց այն աշխարհը, որը Մանան անունով մի եթերային, քանքարավոր աղջիկ աշխարհին ընծա էր թողել: Ստեղծագործություններից առաջինը կոչեց «Շուշի»: Ջութակների ու ծիրանափողի օրհնությունից ծնված քնքուշ մեղեդին ծավալվում, ճախրում է, երկնային ճամփան բեկելով մտնում ուղիղ սրտերի մեջ:
Մինչ տենդագին աշխատում էր, պարզվեց, որ Մանանին գաղտնի ձայնագրել էին նաև փոքր քույրերն ու հանրակացարանի ընկերուհիները: Պայծառ պատրանքներից պոկված այդ թրթռուն բեկորներից ամեն մեկը պետք է ապրի իր ուրույն կյանքով, որպեսզի մարդկանց սրտերը լցնի հույսի կաթիլներով: Դա իր վճիռն է, մնացած ամբողջ կյանքի գործը:
…Վահան Բալունցը Մանան Հովհաննիսյանի ստեղծագործական երեկոն վերնագրեց առաջին նվագի անունով՝ Շուշի: Խաչատրյան դահլիճը համերգը լսեց ապշանքից ու հուզմունքից կարկամած: Սքանչացումի այդ ալիքում մի միտք բոլորին տանջում էր՝ պատերազմը հազարավոր կյանքերի հետ տարավ հազարավոր անկատար իղձեր, շնորհներ, արարումներ: Անիծյալ լինես, մարդ չդարձած երկոտանի…
Պատերազմական 38 օրերում բազում ողբերգություններ ու մահեր, դավաճանություն ու նենգություն տեսած Վահան Բալունցի մտածումն այլ էր՝ գիտեր, որ սուրբ նահատակները, նրանց հետ և Մանանն ու իր հերոս եղբայրն այնտեղ են, որտեղից հայրենիքը երևում է որպես անքակտելի ամբողջություն, որպես կատարյալ ու անլռելի մեղեդի: Այնտեղ ծնված երազանքներն ավելի շուտ են մարմին առնում: Դրանցից մեկը կոչվում է Շուշի:
Հրաչուհի Փալանդուզյան
2021թ.