Հրաչուհի Փալանդուզյան. ՄՇՈՒՇ (մաս 9)
Սկիզբը՝ նախորդիվ
Վիպակ
9.
Ես Արամին ճշմարտությունն ասացի ճանապարհին, երբ երկուսով լքեցինք նրանց հյուընկալ տունն ու ոտքով ուղղվեցինք դեպի մայրաքաղաքի կենտրոն, որտեղ համեստորեն ծվարում է ասպիրանտական հանրակացարանը: Երկու օր անց Արամին տեսա հենց մուտքի մոտ:
— Բարև:
— Հազար բարև:
Սկսեցինք հանդիպել, զրույցի թեմաներն անսպառ են, անձնական ապրումներից չենք խոսում, կարծես դրա կարիքը չկա, հիմնականում քննարկում ենք մեզ կլանած երկու գիտությունների խնդիրները, հատկապես դրանց այն մասը, որը դասագրքերում չի գրվում, որի մասին դասախոսները լռում են: Երկու մոլորակներ, որոնք տիեզերքի անհունում պատահականորեն հանդիպել են:
Եթե ես այս միտքը բարձրաձայն հայտնեմ՝ Արամն ինձ կապացուցի, որ տիեզերքը օրինաչափությունների կանոնագիրք է, այնտեղ պատահականություններն ուղղակի բացառվում են: Համոզված եմ, որ սպառիչ բացատրություն կտա, որովհետև բնագիտության սիրահար է, պատմության ֆակուլտետը հատուկ ընտրել է, որպեսզի դարերի, ոչ, հազարամյակների խորքերից դուրս քաշի մեր ժողովրդի իսկական կենսագրությունն ու նրա ճիշտ բնութագիրը: Այս մասին արդեն մանրակրկիտ խոսել ենք: Ես մոլորակների մասին լռեցի միայն այն պատճառով, որպեսզի նա այդ օրինակը մեր հարաբերությունների պարզաբանմանը չհանգեցնի: Թեև ի՛նչ պարզաբանում, մեր միջև հոգեկան ձգողականության օրենքն է գործում՝ իր բոլոր նբություններով:
Այցելում ենք համերգասրահներ, օպերա, կինո, զբոսայգիներում քայլում ենք թե աշնան մշուշում, թե ձմռան բքին, թե ամռան տապին: Այդպես մեկ տարի անցավ, մեր դիսերտացիաների էջերն ավելանում են գլխապտույտ արագությամբ: Իհարկե, Արամի ընտանիքն իմ մասին ճշմարտությունն իմացել է հենց նույն օրը, ես կոմբինատ չգնացի հենց հաջորդ օրվանից: Դեգերումներս այդուհետ ինձ տարան ուսուցչանոցներ, թատրոններ, շինարարություն, կալանավայր, կենտկոմի կիսաբաց աշխատասենյակներ, ռեստորաններ, արհեստանոցներ, գիտական կենտրոններ, մարզասրահներ, այգիներ: Արամն իր ճշմարտությունը փնտրում է գրքերում ու հնագիտական վայրերում: Երկուսս էլ գրեթե պատրաստ ենք գիտական թեզի պաշտպանությանը (գրեթեն Արամին է վերաբերում, վեց ամսվա տարբերություն կա պաշտպանության օրերի միջև), ապա պետք է հաջորդի մեր նշանդրեքը, որին այնպես սպասում են և մեր, և նրանց ընտանիքում: Տիկին Ոսկեհատն ինձ զանգում է ամեն կիրակի օր ու միշտ նույն բանն է ասում՝ ախր երկուքդ ալ մեղք եք, գիտությունն ո՞վ եղած է, որ ընտանիքին հետը մրցե: Շտապում է երրորդ հարսն ունենալ, նրան լավ եմ հասկանում, նման մի մորմոք էլ մայրս ունի, ես մեր ընտանիքի առաջնեկն եմ:
Եվս մեկ շաբաթ, ու ես կբարձրանամ պատասխանատու ամբիոն՝ տեր կանգնելու պրպտումներիս ու ենթադրություններիս փոթորկուն եզերքին: Հոգեբանության հայաստանյան հսկաների հարցերին պատասխանելու համար պետք է ահռելի ջանք թափեմ, քանի որ պրոֆեսոր Բալայանի ասելով ամբիոնում կրքեր են բորբոքվում: Իբր ես վազանցել եմ վերնագրում նախանշված թեման, արհամարհել եմ խորհրդային համակեցության ուղենշային կանոնները և առհասարակ՝ դուրս եմ եկել այդ ամենամարդկային, ամենապիտանի գիտության շրջանակներից:
Պաշտպանության օրը ես պետք է տեսակետներս հիմնավորեմ անառարկելի դատողություններով, փաստերով, ջանասիրաբար պատրաստվում եմ: Բարեբախտությունն այն է, որ Արամն այդ օրը ներկա չի լինելու, երկու օր առաջ մեկնեց Բեյրութ, այնտեղ իր աշխատության համար կարևոր նյութեր է հայտնաբերել, խոստացել էին փոստով ուղարկել, սկիզբ առած քաղաքացիական պատերազմը խանգարել է: Հարկադրված էր անձամբ ներկայանալ: Սկզբում ես սարսափահար եղա, Լիբանանում թեժ մարտեր են, ամբողջ աշխարհը դրա մասին է խոսում ու գրում, մի՞թե վտանգավոր չէ: Արամն ինձ հանգստացրեց, որ ռեկտորատը Սփյուռքի կոմիտեի միջնորդությամբ Մոսկվայի հետ բանակցություններ է վարել, դեսպանատան հովանավորությամբ հարցը կարճ ժամկետում կլուծվի: Երեքշաբթի գնաց, իմ ճակատագրական պատերազմն ընդդեմ գիտության փտած կոճղերի նշանակված է ուրբաթ: Անհանգսությունը հոգիս կրծում է, սփոփվում եմ այն մտքով, որ պարոն Բալայանն իմ կողմից է, կատակ բան չէ, նրա ջահելության կածանով այնքան առաջ եմ գնացել՝ հասել եմ պաշտպանության ամբիոնին:
Շարունակելի