Հրաչուհի Փալանդուզյան. ՄՇՈՒՇ (մաս 8)
Սկիզբը՝ նախորդիվ
Վիպակ
8.
Շաբաթ օրը արագ եկավ: Նշանդրեքը, ինչպես պահանջում է մեր հայկական ազգային ավանդույթը, տեղի էր ունեցել նախորդ օրը՝ հարսնացուի ընտանիքում: Տիկին Ոսկեհատը հարազատներին հրավիրել է իրենց տուն՝ այդ սուրբ իրադարձությունը տոնելու, բոլորին հարսնացուի ու նրա ծնողների հետ ծանոթացնելու: Ինչպես խոստացել էի՝ մեկ ժամ շուտ ներկայացա, մի ձեռքիս ճարմակ ծաղկեփունջ, մյուսին՝ իմ թխած ֆիրմային տորթը, որը զարդարել եմ ընկույզով ու չամիչով՝ դրանց տալով հայկական գորգի զարդանախշի տեսք: Պիտի որ հաջող պատկեր ստացված լիներ, քանի որ տանտիրուհին ուրախության ճիչերով այն ցույց տվեց ինձ նման շուտ եկած հյուրերից մի քանիսին ու տնեցիներին:
Տնեցիները չորսն են՝ հայրն ու երեք որդիները,
նրանցից ավագը նշանվածն է, ակամա ժպտում է, զգացվում է, որ իր աշխարհում թևածում է, միջնեկը քաղաքավարությամբ ձեռքս սեղմեց ու անմիջապես բաց թողեց, իսկ կրտսեր որդին ափիս հազիվ դիպավ, անտարբերությամբ գլուխը խոնարհեց, շտապեց բակ, ես այնտեղ արդեն նկատել էի խորովածի թեժ կրակը: Ինձ հետաքրքում է ընտանիքի հայրը՝ հայտնի կոշկակար վարպետ Հայկազը: Շուրջս նրան չտեսա, միայն այն ժամանակ, երբ ինձ մոտեցավ մուգկապույտ կոստյումով, բացկապույտ փողկապով ու սպիտակ վերնաշապիկի օձիքը բոլորող սև թիթեռնիկով պարոնը՝ հասկացա, որ նա հենց ինքը՝ վարպետ Հայկազն է: Մեկ ակնթարթում պատկերացրի սև թիթեռնիկ կապած հարազատ հայրիկիս ու որպեսզի հիմարաբար չծիծաղեմ՝ սիրալիր ժպտացի:
— Տե՞սքս ձեզի կզարմացնե,- ֆիդայական բեղերի տակից ծիծաղեց տանտերը,- ասիկա իմ տոհմիս համար անչափ նշանավոր օր է, մենք եղեռնազարկ եղած ենք, բայց պիտի ասպես ծլարձակենք մեր սիրասուն հայրենիքին մեջը:
— Շնորհավորում եմ, վարպետ, ես կասեի՝ համազգային նշանակության տոն է:
— Հապա ինչո՞ւ զարմացած եք:
— Կարծեցի՝ օպերային թատրոնում եմ, Ժերմոնին տեսա…
Այ քեզ ապուշություն, որտեղից որտեղ անհարկի բառերը լեզվիցս դուրս թռան, ամոթից շիկնեցի, ուզում էի ասել, որ իմ հայրն էլ է կոշկակար, նա էլ է սիրում կոկիկ հագնվել, բայց շուրջս մի հոմերական ծիծաղ պայթեց: Տիկին Ոսկեհատը, ինքը՝ վարպետ Հայկազը, նրա երկու որդիներն ու հյուրեն անզուսպ քրքջում են:
— Տեսա՞ր, հայրիկ, ես էլ քեզ նույն բանն առավոտյան ասացի, զայրացար, իսկ հիմա խնդում ես:
Խոսողն Արամն է, կանգնել է հյուրասենյակի շեմին, ոչ թե հորը, այլ ինձ է նայում: Պատմաբան, շուտով՝ համալսարանավարտ: Գեղեցիկ երիտասարդ, հավանաբար իր նահատակված ու ողջ մնացած տոհմակիցների լավագույն հատկանիշների մարմնավորում: Մի՜ քիչ, հեռավոր մի գծով, հիշեցնում է Վազգենին: Հարազատության ու ըմբոստության խառնուրդով լի մի հայացք ընծայեցի նրան ու հաջորդ րոպեին ինձ գտա ճերմակ սփռոցով հսկա սեղանի մոտ՝ նստած նրա ու մի հաճելի տիկնոջ միջև: Այո, տիկին Ոսկեհատը նախապատրաստական մեծ աշխատանք է կատարել կրտսեր որդուն երջանկացնելու համար, ամբողջ հարազատությունն արդեն գիտի, թե ով է անծանոթ աղջիկը, բայց իհարկե չգիտի, որ նա ինքը համալսարանավարտ է ու գիտաերկ է գրում հենց իրենց մասին: Դիմացս նստած երկու տիկինները շշնջաձայն քննարկում են, թե որ բուհը կսազի ինձ նման սիրուն ու առաքինի աղջկան, հետո միաձայն որոշեցին, որ ատիկա Արամին որոշելիք խնդիրն է:
Խնջույքն սկսվեց, հայացքով մետաքսագործ բանվորուհիներին եմ փնտրում, չեմ գտնում, հսկա սրահը լի է տոնականորեն զարդարված կանանցով, բայց նրանք չկան, մի՞թե զլացել են գալ, անհավատալի է: Վաղը կիմանամ, որ սեղանի կենտրոնն զբաղեցրած գեղեցկուհիների խումբը հենց կոմբինատի պատվիրակությունն է եղել, որ իր ներշնչված երգերով ու նազանի պարերով խնջույքին առանձին հմայք էր տալիս: Հայ տիկնայք գիտեն վայելչության գաղտնիքները, նրանց պետք չէ մի աչքով նայել, թեկուզ լինեն հասարակ բանվորուհիներ կամ հավաքարար:
Այս հանգամանքը նախաբանում պետք է անպայման նշել, սա հետաքրքիր բնութագրիչ է: Ինչ վերաբերում է Արամին՝ նա էլ աչքն ինձնից չի կտրում: Գուցե կարմիր գինու կես բաժակն է պատճառը, գուցե սրահի տարբեր անկյուններից ինձ ուղղված ջերմ, բարեկամական հայացքները, չեմ կարող կռահել, բայց այդ երիտասարդի ներկայությունը, հատկապես նրա նրբավար ուշադրությունն ինձ համար հաճել են:
Մոռացված մի ալեկոծություն հանկարծ տիրեց հոգուս, նա կարծես նուրբ մատներով դիպավ ամենազգայուն լարերիս ու ասաց՝ հապա իջիր հպարտությանդ քարակոփ աշտարակից, կյանքն այստեղ է, ցածրում, կյանքը երգ է ու սեր: Ու ընդհանրապես՝ հանուն ինչի՞ ես քեզ դատապարտել տաժանակրության, որովհետև ճանաչածդ տղաները վա՞տն էին:
Ա՛յ դու հոգեբանության ասպիրանտ, չգիտե՞ս, որ մոլորակում որքան մարդ կա՝ այդքան էլ տեսակ կա: Ի՞նչ է կատարվում, ես ինձ չեմ ճանաչում: Արամ: Բա որ չասաց՝ պատրաստվում է ասպիրանտուրա ընդունվել, գիտական թեզի թեման արդեն որոշել է: Այլ իրավիճակում երևի փռթկացնեի ու գաղտնիքս բացեի, սակայն այդ պահին խոհեմություն ունեցա լեզուս կծել: Մեկին թերևս, բայց այդքան մարդուն, մանավանդ ազնվագույն տիկին Ոսկեհատին ու Ժերմոն հայրիկին խաբելը ստորություն կլիներ:
Շարունակելի