Հրաչուհի Փալանդուզյան. ՄՇՈՒՇ (մաս 26)
Սկիզբը՝ նախորդիվ
Վիպակ
26.
Ավետը քնած է կամ էլ պատշգամբի մահճակալին վերմակի տակ տապ է արել: Կաթսաներում, սառնարանում ինչ եղել է՝ սիրուն մաքրազարդել է: Մի բաժակ նանայով թեյ կարելի է խմել:
Նստեցի համակարգչի առաջ, գրեցի առաջին բառերը… Մատներս առաջ չեն գնում, միտքս ասես կարուսել է նստել, պտտվում-պտտվում է, անսկիզբ ու անկանգ: Լավ չէ: Աննպատակ, ուղղակի մի բանով գլուխս հանգստացնելու համար բացեցի տարբեր տարիների գրառումներիս տետրը, որ գրասեղանիս դարակից մի օր հանեցի, բայց չթերթած՝ թողեցի այդպես անկյունում անտեր-անտիրական ընկած: Նայում եմ՝ նշումնե՜ր, ինչ շատ են բզկտող,
ժպիտ առաջացնող, զայրացկոտ, և ինչո՞ւ եմ այս խոհերը թողել անցյալի հուշատետրում: Այ դու, դիտորդ կին, այս ինչե՞ր ես մտածել:
Անառակ կինը դավաճանում է ոչ միայն ամուսնուն, այլև զավակներին, հասարակությանը և բարոյականությանը:
Անբարոյական կնոջը նույնիսկ գերեզմանը չի ուղղի, ուր մնաց՝ ընտանիքը:
Հայ կնոջ եսը նրանով է արժեքավոր, որ ապրում է ոչ թե իր մարմնում, այլ զավակների ու տոհմի գեներում:
Կին հանճարներ չեն լինում, որովհետև յուրաքանչյուր երեխայի հետ նա սկսում է զրոյից: Հանճարանալու ժամանակ չի մնում:
Հայ մայրը ազգի հարատևման առաջին գրավականն է: Ցավոք, այս դարում նրան ևս դաստիարակել է պետք:
Հավատարիմ կինը գանձ է, միակ գանձը, որի արժեքը քչերն են գնահատում:
Սիրո մեջ նախահարձակ կինն այդպիսին է նաև դավաճանելիս:
Անառակությունը չախտորոշված հիվանդություն է. տղամարդկանց մեկ-մեկ է վարակում, կանանց՝ մեկընդմիշտ:
Երեխային լքած մայրը կտրած ծառի կոճղ է՝ ոչ մեկին պետք չէ, բայց բոլորի ոտքի տակ է ընկնում:
Սերը ողորմություն չէ, որ մուրաս, բարձունք է, որ պետք է նվաճես:
Կանացի հպարտությունը գլխատվեց, երբ կանանց իրավունքները գլուխ բարձրացրին:
Շներից կծոտանին են շոյում, կանանցից՝ անառակին:
Նախկին մարմնավաճառ չի լինում, ինչպես նախկին մարդասպան չի լինում:
Մայրությունը միայն պարտականություն չէ, կոչում է, որին ամեն ոք չի արժանանում:
Ամեն կին չի կարող ՏԻԿԻՆ կոչվել, դա պատվանուն է, որը պետք է ազնվորեն վաստակել:
Մարմինը վաճառելիս հոգին էլ է նժարին դրվում, պարզապես դա կշիռը չի փոխում:
Ամուսնուն կարելի է այլ կնոջ զիջել, բայց չկա մեկը, որին զիջես երեխաներիդ հորը:
Ամոթը կնոջ զսպվածության վերջին սահմանն է, անցնելուց հետո տիեզերական անսանձություն է:
…Ամո՞թ, կանացի ամոթխածությո՞ւն, դա ի՞նչ է, բրածո թռչո՞ւն, որից հատուկենտ փետուրներ են մնացել: Կորուսյալ արժեքներից ամենալացելին…
…Բավական է, ցաքուցրիվ մտածումները հարկավոր է դասակարգել, հետ գնալ նախասկիզբ ու ոչ թե կուզեկուզ, այլ գլուխը բարձր առաջ գալ: Թող էլի հարվածեն, թիկունք դարձնեն, քմծիծաղ տան, ես ասելիքս պետք է իմ ազգակից մարդկանց հասցնեմ, այս խառնիճաղանջ մոլորակում նրանք են իմ հարազատները, նրանց համար է իմ հոգին ցավից սեղմվում, փոքրանում, փոքրանում: Ոչ, թույլ չեմ տա, ես նախկին երկչոտը չեմ, ես առաքելություն ունեմ: Թե չէ ինչո՞ւ վերադարձա: Ահա առաջին նախադասությունը՝ որպես Ագռավաքարի նախադուռ…
Մնացածը գնաց իր հունով: Գլուխս ցավո՞ւմ է, դեղի բացակայությունից կլինի, օֆ, գլուխը քարը… Ո՛չ միայն իմ կյանքում է քաոս՝ երկիրն է ձեռքից գնում, ամենուր փողոցային ցույցեր են մոլեգնում, հակապետական ճառեր են լսվում, արտասահմանյան ռադիոկայանները խոսում են անխուսափելի իշխանափոխության մասին, բայց կառավարությունում նախանձելի հանգստություն է:
Երեկ Բաղրամյան փողոցի բողոքի ցույցի մասին հաղորդում եմ նայում, մեկ էլ տեսնեմ՝ Ամալյան ու Սյուզին գունավոր պաստառներ բռնած գոռգոռում են, տեղները ցատկոտում, հետո պաստառները շպրտեցին ու պառկեցին փողոցի ուղիղ մեջտեղում, մեքենաների անիվների առաջ…
Անառականոցի մյուս սենյակների բնակչուհիներ էլ էին տեղում, ակնոցավոր լրջուհին նույնպես, բայց նա ավելի համեստորեն էր իրեն պահում, չնայած արձակած գոռգոռոցներին՝ ասֆալտին չթավալվեց: Զգացվում էր հստակ դերաբաշխում, որի հեղինակը չէր կարող ուրիշ մեկը լինել, քան գործակալական ցանցի խուզած գլխով տնօրինուհին: Իշխանությունները ոչինչ չեն ձեռնարկում, կարծես ինչ կատարվում է՝ իրենց երկիրց դուրս հեռավոր անապատում է, հա, թող մի քիչ էլ ավազ տրորեն:
Այդպես եղավ, որ աղանդավորների, մարմնավաճառների, տրանսգենդերների գլուխն անցած ծախու խմբակն իշխանությունը զավթեց: Չանցած երեք-չորս օր՝ նրանց կապիկային ճառերից պարզ դարձավ, որ եկել են թշնամու հետ ձեռք-ձեռքի տված հայկական պետությունը կործանելու:
Հուսահատությունն ու անողոք չքավորությունը քիչ էին՝ պատերազմ սկսվեց, աշխարհի ամբողջ տականքը գերարդիական զենքերով ու վարձու մարդասպաններով հարձակվեց մենումիայնակ մնացած Արցախի վրա:
Հազարավոր պատանյակների կյանք խլած պատերազմը պատահակա՞ն էր, Արցախի հանձնումը, Հայաստանի սահմաններ թշնամու ներխուժումն ու դրա հետևանք տարածքային կորուստները պատահակա՞ն են… Կամ՝ բանակի ծնկած, ջախջախված վիճակը…
Մարդկությունից ծպտուն չկա, քովիդ վիրուս են հայտնագործել, քիթ-բերան փակել տվել, ստիպում են անհայտ նյութեր պատվաստվել…… Բողոքի սակավամարդ ցույցեր, ելույթներ ու ճառեր, որոնց զուգահեռ մարմին է առնում հայակուլ դավադրությունը՝ թուրան կոչեցյալ համաշխարհային աղետը…
Իմ արա՞ծն իբր ինչ էր՝ մարդի՜կ, միմյանց մի ատեք, մի նախանձեք, ներող եղեք, կարեկից եղեք, կյանքում ամենակարևորը դրականով սնվելն է, դրականը սփռելն է…
Բա՜յց, բանից պարզվում է՝ իմ արածը ոչ միայն աննշան չէ, այլև խիստ վտանգավոր է, ես քրեական հանցագործություն եմ կատարել, այդ մասին ինձ հայտնեց երկրիս Ազգային անվտանգության կոմիտեի սպան, երբ բնակարանիս զանգը տվեց ու առանց հրավերի մտավ ներս: Ցույց տվեց ինչ-որ վկայական ու ասաց.
— Տիկին Սուսաննա Անդրանիկյա՞ն, Հայաստանի Հանրապետության քաղաքացի, հոգեբանական գիտության թեկնածու, կենսաթոշակառու: Դո՞ւք եք:
— Այո, հայրենակից, ինքս եմ, համեցեք, նստեք:
Հյուրս քաղաքացիական հագուստով է, սկզբում կարծեցի՝ գազի գրասենյակի սպասարկման բաժնից է:
— Շնորհակալություն, ես ծառայության մեջ եմ: Դուք մեղադրվում եք ՀՀ քրեական օրենսգրքի…
Լսում եմ ինչ-որ թվեր ու թվարկումներ:
— Ինչե՞ր եք խոսում, ինչի՞ համար:
Հարցը տվեցի մեծագույն քաղաքավարությամբ, թեև հաճույքով կծիծաղեի:
— Ահա, սրանք տողեր են ձեր հրապարակումներից:
Տնաշենը մի հպարտությամբ մեջբերում արեց, կարծես ինքն է գրել այդ տողերը: Խոսքն այն մասին էր, որ ռազմագերիների հարազատները պահանջում են կառավարությունում իրենց ընդունել ու հստակ պատասխան տալ, թե որտեղ են իրենց որդիներն ու երբ կվերադառնան հայրենիք: Ռազմագերիներից մեկի հոր այն կարծիքն էի վերլուծել, ում համոզմամբ իրենց զավակները ոչ թե գերի են ընկել, այլ մեր կողմից դիտավորյալ հանձնվել են թշնամուն, դրա մեղավորը երկրի քաղաքական իշխանությունն է: Ու դա արվել է ստոր նպատակով, որ ամեն գերու վերադարձնելու համար Հայաստանի տարածքից մի հատված զիջեն անկշտում ազեռուն:
— Հաստատո՞ւմ եք, որ դուք եք գրել այս տողերը:
— Իհարկե, ես եմ հեղինակը, պարբերաբար հանդիպում եմ գերիների ու զոհվածների ծնողների հետ, ես հոգեբան եմ, նրանք իմ կարիքն ունեն, հազարավոր մարդիկ ողբերգական վիճակում են: Ամեն ինչի մասին չէ, բայց երբեմն այդպիսի նյութեր գրում եմ:
— Շատ լավ է, որ չեք հերքում, դուք ձերբակալված եք, մնացած բացատրությունները կտաք տեղում և կպատասխանեք այն հարցին, թե ինչու եք երկրի ղեկավարին անվանել դավաճան:
Այդ պահին սենյակ մտան մի քանի դիմակավոր սևզգեստավորներ: Չէ, սա տրագիկոմեդիա չէ, ուրիշ բան է, ահավոր զայրացա.
— Ես չեմ գա: Ես համաձայն չեմ քրեական հոդվածով մեղադրվելուն, ես պետական խոշոր հանցագործ եմ, մարդասպան ու թալանչի, ես եմ Շուշին հանձնել, դրանից առաջ էլ հոկտեմբերի 27 եմ կազմակերպել… այլ հոդված մեջտեղ հանեք՝ քաղաքակա՛ն, ես պահանջո՛ւմ եմ:
Սպան հետհեղափոխական երեք տարիներին երևի շատ փորձանքներով է անցել, ամեն կարգի ահարկու խուլիգանների, դե, բնականաբար, ընդդիմադիրների ձերբակալել, բայց որքան հասկացա՝ իր բախտից ինձ նմանին դեռ չէր տեսել ու ահա թակարդն ընկավ խեղճը:
— Ես ձեզ խնդրում եմ օրենքին ենթարկվել, այլապես…
— Ես հենց այս վայրկյանիս փաստաբան եմ պահանջում:
Սպան մեղմացավ.
— Տիկին Սուսաննա, խնդրում եմ մեզ հետ գաք բաժին, խոստանում եմ, որ արագ հետ կգաք, միայն թե եկեք, կարգը պահանջում է մտնել ու դուրս գալ:
— Ինձնո՞վ եք ուզում գլխաքանակ ապահովել ու արթնացող հասարակության մեջ խուճապ տարածել: Երևի նաև նկարահանում եք, որպեսզի ձեր տիրոջ վայրի սիրտն ուրախացնե՞ք… Շատ լավ, գնացինք, ձեր կամակատար պետին ասելու շատ բան կա: Միայն մեկ րոպե՝ ՖԲ ընկերներիս զգուշացնեմ, որ ինձ ձերբակալած տանում են:
— Տիկի՛ն, չափն անցնում եք:
— Ո՞ր չափը, Սյունիքի՞, թե Վարդենիսի:
— Ախր սա ձևականություն է, հասկացեք…
— Ես ձեր ղեկավարության հետ կխոսեմ առանց ձևականությունների՝ ըստ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության և հայ ժողովրդի պատմության: Խնդրեմ, դուռը չշրխկացնեք, տանը քնած մարդ կա:
Գործը ղեկավարին չհասավ, մի թուղթ ստորագրեցի առ այն, որ Երկիր մոլորակից չեմ բացակայի, եթե իհարկե, Դրախտն ավելի շուտ ինձ չգտնի: Այդքանը գրեցի մաշտոցյան տառերն անխղճորեն խզմզելով, ի տարբերություն ստորագրությանս, որ նկարեցի ամենայն բարեխղճությամբ ու հպարտորեն: Տարաբախտ իրավապահներ, գլուխները բռնած նույն ճանապարհով անտանելի անձս հետ բերեցին՝ քնածը դեռ չի էլ զարթնել:
Անկյունից համակարգիչս աչքով է անում: Իրեն հարցնեմ, գուցե իմանա՞: Դե, ասա, այսքան ապրեցի, հոգու մասին գրեցի ու ջնջեցի, հետազոտեցի, զննեցի, ի՞նչ հասկացա, ի՞նչ է հոգին, որ այսպես անգթաբար բզկտում են:
Հազարավոր սերունդների հանճարներ իրենց գլուխները տանջահար են անում հոգին սահմանելու համար: Ամենաաներևակայելի բնութագրումները հասել են անգամ նրան անմահություն վերագրելուն: Տարօրինակ բան չկա՝ անսահման են մտքի հեռարձակումները:
Լռո՞ւմ ես, իսկ ես կասեմ. իմ աչառու տրամաբանությամբ հոգին զուգահեռ աշխարհ է, այնտեղ մենք ապրում ենք մեր իրական էությամբ ու կերպարանքով՝ առանց դրանք զրահավորելու քաղաքավարության պարտադրանքներով ու գոյության պայքարի թելադրած այլանդակություններով: Մենք այնտեղ միայնակ ենք, հետևաբար՝ անկեղծ, անդրենածին ենք ու ամենակարող: Ինչ ուզում՝ մտածում ենք, ինչ ուզում՝ անում ենք, սրիկային ապտակում ենք՝ դրա համար մեզ չեն բանտարկում, խեղճին սփոփում ենք՝ մեզ չեն ծաղրում: Սիրում ենք՝ ում մեր սիրտն ընտրում է, վանում ենք՝ ով անտանելի է:
Մարդասպանին պատժում ենք, մեղավորին ապաշխարելու միջոց ենք տալիս, հերոսին պարգևատրում ենք: Պատերազմներ ենք կանխում ու արհավիրքներ փոշիացնում: Մեր հոգու աշխարհում մենք հանճար ենք, երջանիկ ենք, սեր ու բարություն բաշխող ենք, Աստծո հետ ենք, Աստվածամարդ ենք՝ գրեթե Աստված ենք:
Մեզ հարգում են՝ չեն երկրպագում, լսում են՝ չեն հպատակվում, շոյում են՝ չեն շողոքորթում: Առանց այս եթերային ոսկեշող աշխարհի ապրել չի լինի, մյուս աշխարհին դիմանալ չի լինի, սերունդների կյանքը հարատև չի լինի:
Որքան էլ դուք, ո՛վ մոլորակի կարծեցյալ տիրակալներ, փորձեք սողոսկել մեր նուրբ աշխարհը, փորձեք սրբություններն ապականել ձեր այլասերությամբ՝ չեք կարող, ձեր կոտոշները կջարդվեն, ձեր սմբակները կգայթեն, ձեր ժանիքները կփշրվեն: Հիմա ձեզնից պաշտպանվելու մի հնար կա՝ հեռանալ ու մնալ զուլալ, մինչև կգա նաև իրական աշխարհը մաքրագործելու ժամանակը: Դա եմ պատգամում մնացողաց:
Օ՜հ, ցավոտ է աշխարհից աշխարհ անցումը, գուցե անցավ լինի հավերժական լռությո՞ւնը…
Դիմանալու չէ, դիմանալու չէ… Դեղ էլ չկա… Ես չեմ ուզում իմ երկրի միակ ընդդիմադիրը լինեմ, որտե՞ղ եք, հայոց այրեր, ինչո՞ւ ձեր ձայնը չի լսվում, ինչո՞ւ ձեր ուժը չի զգացվում, ի՞նչը ձեզ կզարթնեցնի, ինչպե՞ս գոռամ, որ բողոքս ձեզ հասնի… Ձեռքիս զենք լիներ՝ ամեհի որոտով ձեզ ոտքի հանեի… Դե, ի՛մ, իմ սրտի՛ն կրակեցեք, ես անձնատուր եմ լինում, ես չկամ, չեմ եղել…
Համակարգիչս ամուր բռնեցի, պահեցի գլխիցս բարձր, ուժ հավաքեցի ու ահռելի թափով զարկեցի մանրահատակին: Կրիչը պոկվեց, սեղանի տակից զնգոցը լսվեց…
Պատշգամբում մեկը քնաթաթախ, փնթփնթալով շտապօգնություն է զանգում:
Մշուշ, ճերմակ մշուշ, երկնքից վարդի ճեփճերմակ թերթիկներ են թափվում…
10-25.11.2021թ.
Վաղարշապատ
ՀԳ: Սիրելի ընկերներ, ահա ավարտվեց մեր փոխադարձ ճանաչողությունը՝ ես իմացա, թե ովքեր գրական համբերություն ունեն, դուք իմացաք, թե ինչով է զբաղվում գրիչի սովոր ձեռքը, երբ տարիքը նրան սաստում է, միևնույն ժամանակ մի անհայտ ուժ մղում է զեղումների, որպեսզի մտային անէությունը բառավորվի:
Շնորհակալ եմ:
Հավանաբար վերջին տողը շատերին դուր չեկավ: Առարկում եմ՝ հերոսուհիս գնաց, որպեսզի նոր հանձնարարությամբ վերադառնա, չէ՞ որ մի անգամ արդեն նրա հետ դա պատահել է: Սուսաննան շատ գործեր կիսատ թողեց, դրանք համակարգչի հետ չջարդվեցին՝ կրիչը պոկվեց, զնգոցով ընկավ տեսանելի տեղ, նրա մեջ վիթխարի նյութ է կուտակված: Երկրորդ վերադարձը նշանավորվելու է ավելի կենսական որոշումներով, քանի որ տիկինը սխալներ սրբագրելու շնորհ ունի: Այլ բացատրություն էլ կա՝ երջանիկ վերջաբանով գրքերը գուցե գեղեցիկ զգացումներ են նվիրում, սակայն պայքարի թրթիռ չեն առաջացնում, ընթերցողը գործը համարում է կատարված ու մտածում է, թե ինքն անելիք չունի: Ա՛յս դեպքում առաքելության թվացյալ անավարտությունը կարդացողի սրտում պետք է սկիզբ դրվածը շարունակելու ազդակ դառնա: Դա գրողական պատգամ է, կուզեք՝ ընկալեք որպես վիպական խորամանկություն, կուզեք՝ խենթություն, կուզեք՝ հույսի վերջին բեկոր: Տիեզերական օրենքը մնում է անբեկանելի՝ մշուշից են ծնվում լուսաբացները և կենսատու գաղափարները: Այսօրվա մշուշում ձևավորվում, թրծվում է մտածող-պայքարող արիտեսակը:
Հաճելի էր ձեզ հետ ճամփա անցնելը, շնորհակալ եմ: