Հրաչուհի Փալանդուզյան. ՄՇՈՒՇ (մաս 24)
Սկիզբը՝ նախորդիվ
Վիպակ
24.
Համարներից մեկի կողքով ուղեկցուհիս արագ անցավ.
— Էստեղ մի ջահել հարս կա, անընդհատ լաց է լինում, հետը շփվել չի լինում, անունը Լուսիկ է:
— Իսկ ես ինչո՞ւ եմ այստեղ, եկեք ներս մտնենք:
— Իսկապես, համեցեք:
Լուսիկին տեսա պատուհանի առաջ կանգնած, դռան ձայնից ցնցվեց, անտարբեր շրջվեց դեպի մեզ: Դեմքը քարացած, աչքերը կարմրած:
— Լուսիկ ջան, պատվավոր հյուր ունես, եկել է, որ քեզ օգնի:
Աղջկա դեմքով հույսի մի փոքրիկ ստվեր անցավ ու արագ անհետացավ:
Սենյակը մաքուր է, գեղեցիկ հարդարված, փնթիության ոչ մի հետք, հակառակը՝ զգացվում
է հոգատար ձեռքերի ներկայություն:
Լրջուհին նրբանկատ օրիորդ է, էլի գործերով տեղ գնաց:
Լուսիկի հետ զրույցն սկսեցի նրա մաքրասիրությունը գովելուց, հաճոյախոսություն արեցի, թե ինչ գեղեցիկ ու լուսավոր դիմագծեր ունի և որ իր ազնվական դեմքին ժպիտն ավելի կսազեր, քան թախիծը:
— Ինձ սիրաշահում եք, որ տո՞ւն գնամ, մահն ավելի եմ գերադասում:
— Տունը հարազատ օջախն է, երեխաներն են, ամուսինը…
— Բա կիսո՞ւրը իրա ջադու աղջկերքի հետ:
Մեկ այլ պատմություն, որտեղ մեղավոր է ոչ թե հարսի լկտիությունը, այլ շրջապատի կանացի անհատակ չարությունը, դա էլ առանց նախանձի չի լինում:
— Ամուսնուդ քույրերն ամուսնացած չե՞ն:
— Մեկը, բայց խառնակիչը հենց նա է; Հանկարծ գա տեսնի մոր, մյուս քույրերի հետ ջան-ջիգյարով զրույց ենք անում, սուրճ ենք խմում՝ գժվում, պատեպատ է ընկնում, սկսում է ամբողջ տունն իրար խառնել, սաղին քննադատել, թե իբր փնթի ենք: Բա որ տեսնի Գուգոյի հետ սերով ենք, ինձ ջան է ասում՝ լրիվ է խելքը թռցնում: Նրա գնալուց հետո էլ կիսուրս է ջղայնանում, ավել-պակաս խոսում, էդ ջհանդամը, սկսեց երեխեքին շան տուրը տալ, թե ինչ է այգուց մի խնձոր են պոկել կամ էլ մի գործիք տեղը չեն դրել: Ինքը վատ կին չի, բայց աղջկանից վախենում է, մյուս քույրերն էլ, ոչինչ, իրենց համար, աշխատավոր աղջկերք են, ուղղակի նրանք էլ են էդ ջադուի դուդուկի տակ պարում: Տեղովը դժբախտություն է: Հետո նկատեցի, որ Գուգոյին առանձին բռնացնում ա, ինձնից բամբասում, իբր թե գեղամիջում կոտրատվելով եմ ման գալիս, էստի համեցեք եմ անում: Ամուսինս լավ տղա է, գիտե՞ք, մենք իրար շատ ենք սիրել, խմող չի, տան տղամարդ ա, բայց դրանք տուն չթողեցին:
Մի օր էդ վհուկը պայուսակս վերցրեց, մեջից իրա մատանին հանեց… Շշմել էի, մեկ էլ Գուգոյի ապտակն զգացի… Լացելով վազ տվեցի մերոնց տուն, էնտեղ էլ ախպորս ընտանիքը, մանր երեխեք, հերս ձեռս բռնեց հետ տարավ: Մի քանի օր ամեն ինչ լավ էր, էդ հրեշը նորից եկավ, ասեց՝ գողության համար ինձ դատի կտա, լիքը վկաներ կան: Պատկերացնո՞ւմ եք, Գուգոն ծպտուն չհանեց, մեծ տղես լացելով դուրս փախավ, փոքր աղջիկներս ձենները գլուխները գցեցին, հարևանները եկան…. Ամոթ խայտառակություն էր: Մի քանի օր առաջ էլ իմացա, որ էդ ճիվաղն իրա տալի աղջկան տուն հարս ա տարել, այսինքն Գուգոն նոր կին ունի:
— Տխուր պատմություն է, սիրելի Լուսիկ, բայց դա պատճառ չէ, որ հուսահատության փոսն ընկնես, հարկավոր է ելք մտածել:
— Ի՞նչ ելք, նրանք ուզում են ինձ մայրական իրավունքից զրկել, եթե հակառակվեմ՝ գողության համար դատի կտան:
Լուռ նստել եմ դժբախտ կնոջ դիմաց, նրան խոսքերով սփոփելը զուր է, մանավանդ երբ ասաց.
— Էստեղ էլ չեմ կարող մնամ, սա իմ տեղը չէ…
— Ինչո՞ւ:
— Չեմ կարող բացատրել:
— Որևէ մասնագիտություն, արհեստ գիտե՞ս:
— Հաշվապահականն եմ ավարտել, մեր համայնքապետարանում էի աշխատում, էդ դեպքերից հետո դիմում գրեցի, ազատվեցի, մարդկանցից ամաչում եմ, չնայած ոչ մի մեղք չունեմ ու ես գող չեմ, ես երեխեքիս շատ եմ կարոտում…
Արցունքներ, լաց, հառաչանք: Աչքերը ճմռթված թաշկինակով սրբեց.
— Առավոտն էլ իմանամ, որ Գուգոն գնացել ա էդ թազա կնկա տուն, երեխեքիս խնամքի կենտրոն են հանձնում… Ծնողներս ինձնից ավելի շուտ էին երես դարձրել, հավատացել են, թե աչքս էդ չարքի մատանու վրա ա եղել: Տիկին Սուսաննա, ես էստեղից փախչելու եմ, էդ խնամքի կենտրոնն էլ սրա նման մի բարդակ ա հաստատ, երեխեքին գոմիկ, տրանսգենդեր ու չգիտեմ ինչ կսարքեն:
— Այսինքն ի՞նչ է նշանակում՝ կփախչեմ, ձեզ էստեղ ուժո՞վ են պահում:
— Դե… չէ… մեկ-մեկ տանում են ցույցերի մասնակցելու, էնտեղ պետք ա բարձր գոռգոռանք, նախօրոք գրած տալիս են, որ անգիր անենք: Դրանից հետո մեզ 30 դոլար են վճարում: Ճիշտն ասած՝ էսքան ժամանակ փողի համար եմ մնացել, բայց հիմի փախչելու եմ:
— Լուսիկ, քեզ բուռդ հավաքիր, աշխարհի վերջը չէ: Հեռախոսիդ համարն ու ծնողներիդ հասցեն ասա, գուցե մի բան մտածեմ: Գուցե չէ, կմտածեմ:
Ընկավ գիրկս, ամուր սեղմեց տրոփող սրտին, երևի վաղուց մարդկանց հետ չէր շփվել: Ակնոցավոր լրջուհուն չսպասեցի, այդ գաղտնի անառականոցից շնչահեղձ դուրս փախա, երթուղային նստեցի: Ո՞նց էլ ենթադրել են, թե ես կարող եմ իրենց հանցակիցը դառնալ: Անուններն էլ՝ միջազգային հասարակական կազմակերպություն: Արդեն մեր բակում խուզած տիկնոջը զանգեցի, ասացի, որ ճնշումս կտրուկ բարձրացել է, երևի չկարողանամ իրենց պետք գալ: Առանձնապես չհուզվեց, հավանաբար արդեն տեղեկացրել էին, որ հոգեբան տիկինն իրենց չափով չէ:
Հարկավոր է գործել երեք ուղղությամբ՝ ցրիվ տալ այդ ու նման որջերը, Լուսիկի համար բնակվելու տեղ, աշխատանք գտնել, զբաղվել երեխաներին մորը վերադարձնելու հարցով: Կապերս գործի դնելու ժամանակն է, ինձ համա՛ր չեմ խնդրելու, որ տատանվեմ, այդ լավ, դժբախտ կնոջն օգնել է պետք, մյուսներին հարկավոր է ազատագրել սեռական ու փողոցային ստրկությունից:
Կոմայից կյանք վերադարձել եմ այս առաքելության համար, ավյունով լի եմ, վճռական, ճնշումն ու շաքարն ո՞ւմ շունն են: Լուսիկի տված հասցեով մոտակա գյուղում նրա հայրական տունը գտա: Ջերմ, սրտաբաց մարդիկ են, հայրն ու եղբայրը՝ հայկական կարծր կերտվածքներ: Ճարտասանությունս հերիքեց, որպեսզի նրանց հասկացնեմ՝ մատանու պատմությունը հորինվածք է, Գուգոյի մեծ քույրն առանց չարության, թույնի թիրախների չի կարող ապրել, Լուսիկն է ճանկն ընկել: Իսկ մորն ու հարսին բացեիբաց ասացի՝ եթե ուզում եք ձեր ընտանիքի ճրագներից մեկը մարմնավաճառ դառնա՝ դուռը վրան շրխկացրեք, երեխաներն էլ գնան կորչեն, կործանվեն:
— Բա հիմի ի՞նչ անենք, ազիզ ջան,- հարցրեց խեղճ մայրը:
— Առայժմ նրան ձեր տուն բերեք, օգնեք, որ ուշքի գա, շատ է հյուծվել, մինչև ես տուն ու աշխատանք գտնեմ:
Հարսը խելացի աղջիկ է, զգացվում է, որ ընտանիքում հեղինակություն ունի ու սկեսուրին հարգում է: Միշտ այն կարծիքին եմ եղել, որ եթե տուն մտնող աղջիկը անբարոյական չէ՝ սկեսուրն իր մայրական վերաբերմունքով նրանից տան հիանալի կին ու մայր կկերտի: Ահա օրիակը: Հենց հարսն էլ ասաց, որ ամուսնուն կհամոզի, կգնան Լուսիկին կբերեն: Իրավաբան ծանոթներիս հետ երեխաների հարցը բարենպաստ լուծում ունեցավ: Մնում է հաշվապահ մտերիմներ գտնել ու մի հարմար կացարան:
Զարմանալի են կյանքի անակնկալները՝ Լուսիկն աշխատանքի ընդունվեց Սուրոյի կնոջ՝ Անահիտի եղբոր ֆիրմայում, այնտեղ էլեկտրոնային սարքեր են հավաքում ու արտահանում: Աշխատավարձը կբավարարի թե բնակարան վարձելու, թե ապրելու համար:
Շարունակելի