Հրաչուհի Փալանդուզյան. ՄՇՈՒՇ (մաս 22)
Սկիզբը՝ նախորդիվ
Վիպակ
22.
Մի քանի օրում արցունքներս սպառեցի, բավական է, հարկավոր է մեծ տիկնոջ գործը շարունակել, բայց ինչպե՞ս: Վաղուց կտրվել եմ մարդկանց հետ շփումներից, կապեր չունեմ ոչ նախկին գործընկերներիս, ոչ կառավարական շրջանակների, ոչ լրտվամիջոցների ու հրատարակչությունների հետ: Անգամ ամենամտերիմ հարազատի, ընկերուհու հետ հարաբերությունները վերակառուցելը փող արժե, թեկուզ՝ երկու գավաթ սուրճի ու քաղցրավենիքի համար: Ասենք թե թոշակի օրը կարելի է նման մի հանդիպում կազմակերպել, հապա իմ բնակարանի վիճակը, իմ արտաքինի աղետալի անկումը… Ոչ, չեմ ուզում ոչ կենցաղս հրապարակային դարձնեմ, ոչ հոգեվիճակիս
վայրիվերումները մատնեմ: Չափից դուրս հպարտ եմ, որպեսզի այդպես նսեմանամ: Է, լավ, բա ե՞տքը…
Մինչև մի օր մեծ տղաս Երևանից հյուր եկավ.
— Մամ ջան, քեզ նման խելացի կինը ինտերնետի դարում ո՞նց կարա ընկճվի:
— Դրանից էլ եմ հոգնել, տղաս, միակողմանի հոսք է:
— Բազմակողմանի՞ հոսք ես ուզում, ես քեզ համար Ֆեյսբուքում էջ կբացեմ, ու դու չես հասցնի քիթդ սրբել, վախենամ, թե լվացքդ էլ էնտեղ անես:
— Չէ, չեմ ուզում, ասում են թակարդ է:
— Թակարդ է, բայց տխմարներին որսալու համար, դու ինքդ կարող ես մարդկանց ուղղորդել:
— Ուղղորդե՞լ, դա էլ թակարդի մի տեսակ է, չեմ ուզում:
— Տիկին Սուսաննա, ես էջը բացեմ, անելիքդ դու որոշիր:
— Լավ, տղաս, լսում եմ և հնազանդվում:
Մենք հիմա ոչ միայն հարազատ որդիներին ենք հնազանդվում, այլև անուշիկ թոռնիկներին, ըստ որում՝ ավելի մեծ պատրաստակամությամբ ու ջերությամբ:
Ֆեյսբուք, Դիմագիրք: Ընդամենը մեկ շաբաթ է անցել, արդեն մի քանի հարյուր ընկեր ունեմ, այնպիսի մարդկանցից եմ հայտեր ստանում՝ մնում եմ ափիբերան, ախր վաղո՜ւց կտրվել են կապող թելերը, նոր ծանոթներ էլ ունեմ, հիմնականում գիտության ու մշակույթի գործիչներ: Խոսք չկա, հաճելի միջավայր է, բայց նրանք պետք է որ ինձնից սպասելիքներ ունենան, ես պարտավոր եմ ընկերներիս պատմություններ, մտքեր մատուցել, սա բազմակողմանի հոսք լինելուց բացի փոխադարձություն է, այն էլ՝ ամենօրյա, ոչ, ամենժամյա՛…
Իմ մտքերը հայտնվում են կայծակելով, դրանցից մեկը հրամայեց՝ հիմա դու կբացես Արամի ու քո դիսերտացիաները, կմուտքագրես ու մաս-մաս Դիմագրքում կհրապարակես: Տեսնենք, թե դիմահայությունը դրան ինչ արձագանք կտա: Որոշումներս հետաձգելն իմ օրակարգում գոյություն չունի, նույն երեկոյան փոքրիկ ծանոթություններով մեկական հատված հրապարակեցի՝ մեկը Հայոց պատմությունից, մյուսը Հայոց հոգեբանությունից:
Կարծիքները, որ տեղացին րոպեական՝ շշմեցուցիչ են, ի՞նչ է, մարդիկ վաղուց սրա՞ն էին սպասում: Եռանդս կրկնապատկվեց: Զուգահեռաբար երկրորդ աշխատությունն եմ կյանքի կոչում, ինչպես սիրում են կրկնել մեր ճարտասան ուսուցիչները: Երբ տողատակերից մեկում տրտնջացի, թե հիմա գիրք հրատարակելը բացառապես փող ունենալու ցուցիչ է, այդ պատճառով շատ հատորներ մնում են անհայտության անտարբեր ծոցում, ընկերներս սկսեցին ինձ համոզել, որ մեր 21-րդ դարն իր առցանց հնարավորություններվ Արարատի ամենաբարձր գագաթից արհամարհած ունի թուղթ կոչվածը:
Ուրեմն առցա՞նց գիտնական եմ: Այո, և դա հրաշալի է, գիրք առնող չկա, ինչպես որ Դիմագրքից բացակայող չկա, և դեռ ձեր երկրպագուների թիվն օրօրի ավելանալու է: Դա որ՝ անառարկելի ճշմարտություն է, իսկապես, այսօր ես 4000 ընկեր ունեմ, ուրեմն թե այդքան մարդիկ, ովքեր գնահատում են սեփական ժողովրդի պատմությունը, ուզում են իմանալ ամեն մի նորություն, ինչպես նաև հետաքրքրվում են ազգի հոգեբանական առանձնահատկություններով:
Կա մի բան, որ ինձ իսկապես զարմացնում է: Բոլոր ենթադրությունները, որ Արամն արել է շատ տարիներ առաջ՝ գիտությունն այսօր լիովին հաստատում է: Վերջին պեղումների արդյունքները, նորանոր աղբյուրների բացահայտումները, գենետիկական հետազոտություններն անվիճելի են դարձնում նրա առաջադրած գաղափարները: Խորհրդային իրականության մեջ նա կարողացել է իր սուր մտքով թափանցել դարերի, հազարամյակների խորքն ու այնտեղից դուրս քաշել մեր անխառն պատմությունը: Հազիվ ճառագած՝ ինչպիսի աստղ մարեց: Նա հանճարեղ գյուտեր էր անելու, նա գիտության, քաղաքակրթության ծիրում վիթխարի ժայռեր էր տեղահան անելու ու ճամփա բացելու զուլալ ջրերի համար: Արդեն նրա մահվան պատահականությանն էլ չեմ հավատում, շատ են մեր ազգի պայծառ գլուխները, որոնք աշխարհի այս ու այն կողմերում հանկարծ զգետնվում են:
Եվ իմ գիտաերկն էլ, որ գրել եմ 24-25 տարեկանում՝ պակաս հետաքրքիր դռներ չի թակում: Դեռ այն օրերին ինչ-որ վերին նախախնամությամբ զգացել եմ, թե ինչպես է անհատի ներաշխարհ պղտորություն ներհոսում, որը բնաբուխ ակունք չունի, նենգորեն մտահղացված է:
Հիմա, այսքան տևական ընդմիջումից հետո, ինչ մտածում եմ՝ առանց այլևայլության Դիմագրքում հրապարակում եմ: Ըստ որում առավել հանդուգն են մտքերս, հաճախ մտերիմներս դիտողություն են անում, թե կրակի հետ եմ խաղում: Մինչդեռ հին ու նոր ծանոթ ընկերներս նույն այդ մտքերը գովաբանում են, չեն խորշում նաև գնահատականներ տալ, որոնք ստիպում են կարմրել ու չհավատալ… Միևնույն է, կանգառներ չկան, գնացքը սուրում է, որոշել է օդանավերին գերազանցել…
Ներանձնական տրտմության պահերին այլ մտածումներ են գլխիս մեջ շուրջպար բռնում: Դառնորեն տխուր է, երբ կյանքիդ վերջին կամ նախավերջին հանգրվանում հասկանում ես, որ կանացի առաքինությունդ դժբախտություններիդ կրնկաբաց դուռն է եղել, մարդկային ազնվությունդ՝ մի փուչ սովորույթ, հայրենապաշտությունդ՝ անհող ցնորք:
Շարունակելի