Հրաչուհի Փալանդուզյան. ՄՇՈՒՇ (մաս 20)
Սկիզբը՝ նախորդիվ
Վիպակ
20.
Տարիներն իրենց բնույթին հավատարիմ՝ թռչում են, մենք արդեն ոչ թե տղամարդ, այլ կին նախարար ունենք: Նախաձեռնող կերպար է, սիրում է աշխատակիցներին լսել, խելքը գլխին հանձնարարություններ ու խորհուրդներ է տալիս: Իմ մասին նախօրորք է իմացել: Չլինի՞ թե հայտնի անձնավորություն եմ, որքան խեցուս մեջ փակվում եմ՝ այնքան համբավս տարածվում է: Պարզվում է՝ այս հսկա կառույցն առանց իմ հոգեբանական գործունեության կփլվի: Իհարկե, նա գեղեցիկ հաճոյախոսություն արեց, հենց առաջին հանդիպման ավարտին ասաց.
— Տիկին Անդրանիկյան, ես մի ծավալուն ծրագիր ունեմ, դուք պետք է ինձ օգնեք, ավելի ճիշտ հենց ձեզ եմ տեսնում կենտրոնական հարձակվողի դերում: Դե, դե, լուրջ եմ ասում:
Ես սիրալիր ժպտացի, բայց ոչ թե նրա համար, որ հրաժարվում եմ կենտրոն լինելուց, այլ հիշեցի ֆուտբոլային անցյալս, հատկապես Սուրոյի հաշված գոլերը, որոնց թվից նա փրփում էր, նախանձից մեռնում: Էհ, մանկություն, անուշ ցնորք…
— Հիմա համաձա՞յն եք, թե…
— Կարող եք վստահել:
— Ուրեմն ես հիմա ֆայլը կփոխանցեմ ձեր համակարգչին, խնդրում եմ ծանոթանաք ու ձեր կարծիքն ասեք: Որքան մանրակրիտ ու խիստ՝ այնքան լավ:
Կարդացի, ծրագրի իմաստն այն է, որ սոցիալական խմբերում ընդգրկված մարդկանց, շահառուների գործերն ուսումնասիրելիս անպայման հաշվի առնվեն նրանց կենցաղային պայմաններն ու հոգեկան վիճակը: Այսինքն տիկին նախարարուհին ուզում է կանխել ցանցավորված հովանավորչությունը, ըստ նրա՝ մարդը նախ անհատ է, նոր միայն սոցիալական էակ, ուրեմն պետք է լիառատ օգտվի պետական աջակցությունից: Ես կապը չհասկացա, սակայն ինքն ասում է՝ անաչա՛ռ աջակցությունից:
Աչքիս տակով վաղուց եմ նկատել, որ կաշառակերությունը ծաղկում է հատկապես հաշմանդամության կարգ որոշելիս, ըստ որում առաջին ձեռքը բժիշկներն են, երկրորդը՝ հանձնաժողովների նախագահերը ու գործում են համատեղ: Մարմնական լուրջ խեղումներ ունեցողներին, պատերազմում ծանր վիրավորում ստացած ազատամարտիկներին լավագույն դեպքում երրորդ կարգ են տալիս, առաջին ու երկրորդ կարգերը բաշխվում են վճարողներին: Իմ այցելուներից հարյուրավոր տրտունջներ եմ լսում, փաստերի բացակայության պատճառով բարձրաձայնել չեմ կարող: Նման դեպքերում գործի եմ դնում լավատեսություն ներշնչելու միակ կարողությունս, իհարկե, ներքուստ տանջվելով ու վհատվելով: Երբեմն հաջողվում է նրանց համար հիվանդանոցներում անվճար բուժում ապահովել, քիչումիչ նպաստ կորզել: Այդ բոլորը՝ բացառապես մտերիմներիս միջոցով, ծածուկ:
Հիմա տիկին նախարարն ուզում է համակարգում արդարություն հաստատել: Անցա գործի, սկսեցի զննել հասցեները, որպեսզի ամենակարիքավոր մարդկանց հանդիպեմ իրենց բնակարաններում ու կացարաններում, նրանց թվում շատ են անկողնային հիվանդները: Սրտամաշ պարտականություն է, դրանով հանդերձ՝ աստվածահաճո, ես այն ուզում եմ դարձնել նաև մարդահաճո:
Այցերից մեկի ժամանակ հանդիպեցի հին հարևան Սուրոյին, ինչպես բարևելիս ներկայացավ՝ Սուրեն Հովակիմյանին: Նա էլ ինձ նման ֆուտբոլիստ չի դարձել, դա անմիջապես նշեց, ծիծաղեցինք: Հիմա մարդու սոցիալական վիճակն իմանալու համար բավական է նայել ատամնաշարին, Սուրոն քիմիկոսի իր դիպլոմով հայտնվել է կենաց սանդղակի ստորին աստիճանին, այնպես որ իրար լավ հասկացանք: Մրգի առևտուր է անում, ոչինչ, հացի փող հանում է, մի հին ավտո է առել, յոլա է տանում: Ես պատմեցի իմ բանջարեղենավաճառության դրվագը, ուշքից գնաց: Ընդհանուր առմամբ՝ տխուր, ընկճված մարդ է Սուրեն Հովակիմյանը, բաժանվելուց առաջ ասաց.
— Անկախությունը լավ բան է, բայց կուզենայի, որ մեր երեխեքի մանկությունը մերից լավը լիներ, հիմի հակառակն է: Հիշո՞ւմ ես մեր թաղի տոները, մեր դպրոցական կյանքը, Սուս, բա քո Կռատուկը, խեղճ Մառային հո չծվատեցիր, այ անխիղճ:
— Մի մտածիր, Սուրո ջան, նա հիմա կյանքը ցմրուր վայելում է, մենք ենք մնացել ճմբան ծերին: Տատիդ խոսքերն են:
— Տատս վաղուց չկա, էհ, օղորմի անցավորներին: Մեր կողմերում ի՞նչ ես անում:
— Գործով, մարդկանց հույս եմ վաճառում, անվճար:
Թերահավատ գլխով արեց, փոշոտ ավտոն նստեց գնաց: Ես նայեցի ձեռքիս բռնած հասցեին, շենքի մուտքը գտա, բարձրացա երրորդ հարկ: Անահիտ Ղուկասյան, նախարարին նամակ է գրել ու բողոքել, որ հաշմանդամ է, չի կարող քայլել, խնդրում է իր հարցով զբաղվեն: Խոսքն էլի հաշմանդամության խմբի մասին է, տեղական պոլիկլինիկան հրաժարվում է համապատասխան թղթերը տալ, պետությունն իրենից հրաժարվել է, ամուսինը հազիվ ծայրը ծայրին է հասցնում, մատնված է հուսալքության, երեխաների համար մի տաք ճաշ էլ չի կարողանում եփի: Վերջում գրել է. «Ես շաքարախտ եմ, ինսուլին եմ սրսկվում, եթե դուք հրաժարվեք օգնել՝ մի մեծ դոզա ինսուլին եմ սրսկվելու ու գրեմ, որ անձամբ եք մեղավոր իմ ինքնասպանության համար: Էնպես որ մոտս մասնագետ ուղարկեք, եթե չեք ուզում անձին ինքնասպանության հասցնելու մեղադրանքով բանտ ընկնեք»:
Հիստերիկ կնոջ ձեռագիր ու սպառնալիք: Զանգը տվեցի, դուռը բացեց 15-16 տարեկան մի դալուկ, սիրունիկ աղջիկ: Կնոջ հետ երկար զրուցեցի, բացարձակ ճշմարտությունն էր ասում, անարդար են վարվել, երևի էլի փող են ուզում: Փաստաթղթերը վերցրի, խոստացա, որ կզբաղվեմ: Դռան մոտից հետ կանչեց.
— Խնդրում եմ նամակիս համար ներեք, նյարդերս չդիմացան, դա հոգուս վերջին ճիչն էր, արդեն չգիտեի ինչ անեմ: Չկարծեք, թե հիստերիկի մեկն եմ, տնտեսագետ եմ, վթարից հետո գործից դուրս եկա, ոչ հիմնարկում եմ պետք, ոչ ընտանիքում, խեղճ ամուսնուս գլխին պատուհաս եմ դարձել, աղջիկս ու տղես են իմ առաջ տանջվում: Եթե վիրահատվեմ, եթե մի երկու կոպեկ թոշակ ստանամ… Վախենում եմ խեղճ Սուրոն հարբեցող դառնա, իրիկունները խմած ա տուն գալիս…
Հենց նույն րոպեին դռան չխկոց լսվեց, շեմին հայտնվեց Սուրեն Հովակիմյանը: Հուզված իրար աչքերի ենք նայում, երկուսիս մտքում էլ նույն հարցն է աղմկում՝ որտեղից որտեղ ենք ընկել: Կեղծուպատիր ժպիտներով մեր վիճակը պարտակեցի, դուրս եկա: Բակում զով է, երեսս քամուն տված քայլում եմ դեպի հաջորդ կանգառ, որոշեցի՝ ես պիտի մանկությանս ընկերոջն օգնեմ, թեկուզ դա դառնա իմ աշխատանքային վերջին ճակատամարտը:
— Դե, խելագա՞ր էր,- զեկույցս չլսած՝ հարցրեք տիկին նախարարը, հենց որ մտա իր մոխրազարդ աշխատասենյակ (սիրում է արծաթագույնը, դա իր ճաշակն է, հետո՞ ինչ, որ դիզայներները չեն կարողանում ճիշտ երանգները բռնացնել):
— Ձեզ պետք է հիասթափեցնեմ, միանգամայն լուրջ, բայց դժբախտ կին էր:
Ուշադիր լսեց, զանգեց առողջապահության նախարարին, ապա կենտրոնական հանձնաժողովի նախագահին:
— Տիկին Անդրանիկյան, գործելու արտոնություն ունեք, կարող եք գնալ պոլիկլինիկա և ուր կամենաք, բոլոր դռները ձեր առաջ բաց կլինեն:
— Նա խնդրեց իր նամակը պատռել, ներողություն էր խնդրում:
— Ոչ, թողեք մնա, դա մեր իրականության անսխալ արտացոլանքն է: Այդ կինը կվիրահատվի լավագույն կլինիկայում, հաշմանդամության խմբի հարցն էլ դուք լուծեք:
Առաջին նախարարն է, ում համար մարդն արժեք ունի:
Երբ ամեն ինչ բարեհաջող ավարտվեց՝ Սուրոն ինձ տուն հրավիրեց: Անահիտը դեռ պառկած է, հատուկ ինձ համար վեր կացավ, մի քանի քայլ արեց, դեմքին կյանք վերադարձած մարդու ժպիտ է փայլում:
Սուրոն հետաքրքիր կենաց խմեց.
— Սուս ջան, իմ մանկության գիժ ընկերուհի, դու փաստորեն նույն գոլ խփողն ես, էն ժամանակ էլ էի քեզ նախանձում, հիմի էլ եմ նախանձում: Կենտրոնական հարձակվողի դերդ երբեք չկորցնես, առողջ ու անվրեպ եղիր, ընկերուհիս:
Անցան օրեր, Անահիտին մի քանի անգամ զանգեցի, լավ է, տանն աշխույժ մթնոլորտ է, ամեն բան դեպի դրականն է գնում: Ես սուզվեցի համանման գործերի կույտերի մեջ: Նախարարին շուտով աշխատանքից ազատեցին, կարծում եմ՝ անկախական ղեկավարությանը զզվեցրել էր իր մարդասիրական ցույցերով: Նրանց մարդիկ չեն պետք, այլ ղեկավարվող ռոբոտներ: Հետո լսեցի, որ պոլիկլինիկայի վարիչը, ում հետ Անահիտի առիթով ոչ հաճելի զրույց էի ունեցել, Ազգային ժողովի փոխնախագահի քենին է, տիկին նախարարին չէին կարողացել ներել, նրա նմանները այլևս պետք չեն:
Զարմանալիորեն ես էլի մնացի իմ տեղում՝ գլխավոր մասնագետ հոգու և… սկբունքայնության գծով: Դրանցից ոչ մեկը պիտանի արժեք չէ առաջ գնալու համար, փոխարենը կրողը բարեխիղճ տիկին է, գրեթե անփոխարինելի, դա էլ նրան ապահովում է աշխատատեղով: Նոր նախարարն ինձ վերադարձրեց իմ հարազատ առանձնասենյակ, փակեց այն ճանապարհը, որը բազմաճյուղ կածաններով տանում էր դեպի խեղճ ու չքավոր մարդկանց հոգիները: Օրվա զգալի մասը տրամադրեցի տարիների ընթացքում կուտակած նյութերս գիրք դարձնելու գործին, Չէ՞ որ խոստացել էի Աննա Թորոսյանին:
Տարիները… Ասում են նրանք թևեր ունեն, թռչում են: Իմ տարիները կրիա են, լեփլեցուն են կենցաղի պահանջներով ու հրամաններով: Մարմնիս ցավերն են ավելացել, կենցաղային ամբողջ հոգսը կրկին ուսերիս է: Հապա ո՞ւմ ուսերին լինի, տան կինը դու ես: Եսիմ, ամուսին կա՝ ճաշ է եփում, արդուկ է անում, եթե չի էլ անում՝ մեկ-մեկ կնոջը քաղցր խոսք է ասում, մեկ-մեկ սխալվելիս ներողություն է խնդրում կամ հենց էնպես՝ եղանակից կամ գներից է խոսում:
Ավետին նույնիսկ մեր որդիների խնդիրները չեն հուզում, մի անգամ չլսեցի՝ մեկին ջան ասի, հետը մաթեմատիկայով զբաղվի, որևէ դաս պարապի: Ինչից հետն ուզում ես խոսել՝ կամ քար լռության ես դեմ առնում, կամ փնփնթոցի: Մարդն իր համար բանաձև է գտել՝ փորը կուշտ, գլուխը բարձին: Անտանելի է, բայց ապրել պետք է հանուն երեխաներիս, որ կյանքիս բովանդակությունն են, սերս են, լույսս են: Բախտը մի անգամ էլ ժպտաց՝ Ավետը ուղիղ երկու տարի պարապ մնալուց ու քունն առնելուց հետո նորից աշխատանքի ընդունվեց, մասնավոր նախագծային բյուրո՝ գրեթե իմի չափ աշխատավարձով: Ահագին առաջընթաց է:
Տարիներ, իմ նախշուն հավքեր…
Տղաներս դպրոցն էլ ավարտեցին, բանակում ծառայությունն էլ, իրար հետևից ամուսնացան: Թոռնիկներս աշխարհ եկան՝ իմ երկրորդ աշխարհները, սերերս, լույսերս:
Շարունակելի