Հրաչուհի Փալանդուզյան. ՄՇՈՒՇ (մաս 19)
Սկիզբը՝ նախորդիվ
Վիպակ
19.
Այ քեզ անակնկալ՝ նախարարություն զանգեց ո՞վ.
-Տիկին Ա՜ննա…
-Ողջույն, սիրելիս, քո այս զարմանքի բացականչությանն էլ սպասում էի:
Արտասահմաններում մեծ համբավի տիրացած ու անկախությունից հետո հայրենիք վերադարձած մեծն հոգեբան Աննա Թորոսյանն ինձ իր տուն հրավիրեց:
Սա արդեն ուրիշ կարգի պալատ է՝ կիտրոնագույն տուֆից կերտված, ազգային կամարներով, սյունազարդ, ներսի պատերին՝ մանրաքանդակների նուրբ շարաններ: Ինքը նույն պերճագեղ տիկինն է, սանրվածքը տեղը
տեղին, զգեստը տոնական, զարդեր՝ վզին, մատներին, պարանոցի շուրջը: Կենցաղային հարցուփորձից անմիջապես անցավ գործնականին:
— Սիրելի Սուսաննա, դու քո գիտական աշխատությունում գրել էիր արևմուտքում մարդկանց վրա հոգեբանական ներգործության միջոցների մասին, որոնց նախադրյալներն զգացել էիր անգամ խորհրդային իրականությունում: Կհավատա՞ս, որ 88-ի ազգային զարթոնքը այդպիսի մի միջոցի գործադրում էր: Ես էլ երբ Բրյուսելում դա իմացա՝ քեզ նման ծուռ ժպտացի:
Դու ճիշտ էիր կռահել, մարդկանց մեջ նախ սկսում են իրենց մերձավորների, հայտնի դեմքերի, պաշտոնյաների հանդեպ ատելություն բորբոքել: Նրանց հոգիներում արթնացնում են նախանձը, համոզում են, թե տես՝ նրանք հարստություն են կուտակել, դու աղքատ ես, նրանք քո բաժինն են խլել, քեզ թալանել են, եթե իրենց փոխարեն դու լինես՝ կապրես փառահեղ ու անհոգ: Եվ մարդիկ դուրս են գալիս հրապարակներ, լսում են արդարության ու հավասարության մասին բոցավառ ճառեր, մեջտեղ են բերվում ազգային ոգին խանդավառող դրույթներ, ու խնդրեմ, հեղափոխությունը պատրաստ է: Մինչդեռ այդ ամբողջի տակ գաղտնագրված են ամենանենգ նպատակներ, որոնք ոչ մի կապ չունեն ոչ արդարության, ոչ հավասարության, ոչ ագգային նպատակների հետ: Հենց հիմա մեր թշվառ երկրում նախապատրաստվում է երկրորդ հեղափոխությունը միակ կարգախոսով՝ ժողովուրդ, քեզ թալանում են…
Լսում եմ տագնապը սրտիս մեջ, կռահեցի հյուրընկալիս առաջարկը.
— Կարծում եք պետք է դոկտորակա՞ն գրեմ:
— Ոչ, ամենևին չեմ կարծում, վստահ եմ, որ դրա կարիքը կա:
— Անկեղծորեն ասած՝ ես բավարար նյութեր ունեմ, բայց գիտությունն ինձ չի հրապուրում, տիկին Աննա, այդ կոչումն ինձ ի՞նչ է տալու, գոնե աշխատավարձը չի ավելանում: Եվ այդ ակադեմիական քաշքշուկները, ես դրանցից կուշտ եմ: Հիմա ինձ միայն որդիներիս ապագան է մտահոգում, ես խրվել եմ ներանձնական աշխարհում, քաղաքականությունը բացարձակապես չի հետաքրքրում: Ավելի պարզ ասեմ՝ հույսի պատվար չեմ գտնում, միայն՝ աշխատանք ու աղոթք:
Տիկին Աննան հառաչեց.
— Ահա թե հոգսն ի՞նչ է դարձնում տաղանդավոր անհատին, երբ չի ուզում վաճառվել:
Ես նրա առաջ անկեղծացա.
— Եթե թեմայի շարունակությունն ինձ ստիպի համակարգչի առաջ նստել՝ միայն գիրք գրելու համար, որովհետև գիտաերկերը պաշտպանվում են ու մոռացվում:
— Դա ևս միջոց է, թանկագինս, հրաշալի է, ողջունում եմ: Իմացիր, երբ պատրաստ լինի՝ ինձ ձայն տուր, ես հիմա ամերիկյան համալսարանում եմ աշխատում: Տպագրությունը երաշխավորում եմ:
— Համալսարանը չի՞ խանգարի:
— Ո՞ւմ, ի՞նձ…
Իր հնչուն ձայնով ծիծաղեց, դա նշանակում է իր թռիչքն այնքան բարձր է՝ թևավոր հրթիռներն էլ չեն հասնի: Ես չէի ցանկանում նրանից իմանալ, թե ինչու գնաց արտասահման ու թիկունքին աղմկոտ պատմություն թողեց, ինչո՞վ է զբաղվել այդքան ժամանակ և ինչո՞ւ է մտահոգությունների այդքան ծանր բեռով հետ եկել: Ինքն ասաց.
— Ինձ հանգիստ չէր տալիս այն սևեռումը, թե խորհրդային երկաթե վարագույրից այն կողմ ինչ կա: Մարդասիրությունը, որ մեր երկրում քարոզվում էր, ես ընդունում էի, մարդն էլ ի՞նչը պիտի սիրի՝ եթե ոչ իր նմանին: Մատաղ սերնդին սովորեցնում էին ազնիվ լինել, ընկերասեր ու աշխատասեր լինել, չստել, չարիք չգործել: Դա հրաշալի էր, հոգեբաններս այդ ամենը հիմնավորում էինք գիտական լեզվով, այդուհանդերձ ես նկատում էի, որ կեղծավորութունը շատ է: Դրսում ինձ ընդունեցին ուռաներով, շատ դռներ բացեցին իմ առաջ: Դրանց հետևում ես տեսա ոչ թե ատելի կեղծիքը, այլ հակամարդությունը: Մոլորակը, թանկագին Սուսաննա, գլորվում է դեպի անհայտություն, չարիքը սողոսկում է ամեն ազգի, հասարակության, պետության պարունակների մեջ, սկսվել է քայքայման մի աղետալի ընթացք ու դժբախտաբար, դրա ամենացցուն ապացույցները կենտրոնացել են մեր այս փոքրիկ երկրում: Նկատած կլինես, որ բոլոր կարևոր պաշտոններում նշանակվում են անփորձ ջահելները, նրանք ոչ միայն փորձ չունեն, այլև մասնագիտական տարրական գիտելիքներ, հաճախ էլ բացարձակապես այլ բնույթի կրթություն ունեն, օրինակ առողջապահության նախարարը ոչ թե բժիշկ է, այլ հաշվապահ: Դա արվում է նրա համար, որպեսզի տնտեսությունն արագ կործանվի, բնական պաշարներն ընկնեն իրենց ձեռքը: Մեծ կռիվ է սկսվել ազգային պետությունների դեմ, սա հատուկ անուն ունի՝ գլոբալիզմ: Ասա, Սուսաննա, ինչ-որ կազմակերպություններ քեզ համագործակցության հրավիրե՞լ են, իհարկե, գայթակղիչ գումարների դիմաց:
— Այո, տիկին Աննա, տարբեր առաջարկներ ստացել եմ, մերժել եմ: Ես ձեզ նման լայն շփումներ չունեմ, համենայնդեպս ահագին խեղումներ նկատել եմ, մարդիկ շատ են փոխվել, այն նույն մարդիկ, որոնց ես գիտեմ նախորդ շրջանից: Նրանք կարծես վարակված լինեն ատելությամբ՝ ատում են հնարավոր ամեն ինչ, ամեն մեկին: Դա քարոզչական բուռն աշխատանքի հետևանք է, երկիրը հիմա լցված է դրսերից ներմուծված լրատվամիջոցներով, կենտրոնների մասնաճյուղերով, անընդհատ գալիս՝ ժողովներ են անում, մարդկանց փողով շահարգռելով ներգրավում են զանազան կառույցներում, ցավն այն է, որ դրա դեմ ոչ մի պայքար չկա, իշխանություններն ասում են՝ խոսքի ազատություն է, հավանաբար նրանք դրսից ահռելի ճնշման տակ են:
— Բնական է, որ քեզ նման ուշիմ գիտնականը դա խորությամբ կընկալեր: Հիմա ես եկել եմ, որպեսզի փորձեմ պաշտոնյաների աչքերը բացել, նրանց թողտվությամբ է մեր մի պատառ պետությունն իր մահականացուն կնքելու:
— Օհ, Աստված չանի:
— Աստված չի անի, կանեն անաստված ճիվաղները:
Տիկին Աննային հրաժեշտ տվեցի ծանր ապրումներով: Նա վճռականորեն էր տրամադրված, ինչն ինձ թվաց ձախողման դատապարտված, քանի որ աշխատում եմ պետական համակարգում, նրա բոլոր թերություններն ու վայրիվերումներն աչքիս առաջ են: Չեմ տեսնում թեկուզ մեկին, ով հիմնարկ է գալիս ընդհանուր գործին մի օգուտ տալու համար, բոլորին հետաքրքրում է անձնական շահը: Ոմանք հաստատ զբաղվում են կաշառակերությամբ, պետական միջոցներն են լափում, հենց միայն նրանց արտաքինի ու կենցաղի փոփոխությունը դա է ապացուցում: Ինձ էլ, ամենևին չեմ կասկածում, նախարարության անկյուններում ձեռ են առնում: ՛
Ինչ արած, սփոփվում եմ նրանով, որ աշխատակազմերն անդադար թարմացվում են, ես մնում եմ իմ տեղում որպես անթառամ մասնագետ: Ինձ փող է պետք, կայուն գումար, ես ոչ կաշառք կարող եմ մարսել, ոչ ավելի պատառ, իմ գենը դա մերժում է, դեպք չի եղել, բայց զգում եմ, որ անմիջապես կհիվանդանամ: Իմ ու երեխաներիս առողջությունն այդպես պաշտպանում եմ իմ երդվյալ անձնվիրությամբ ու ազնվությամբ: Նաև լավ է, որ գյուտարարները դեռ մտքեր կարդացող մեքենա չեն հորինել, թե չէ վրաս ծիծաղողներին համրանք չէր լինի:
Շարունակելի