Հրաչուհի Փալանդուզյան. ՄՇՈՒՇ (մաս 18)
Սկիզբը՝ նախորդիվ
Վիպակ
18.
Նոր նախարարները, նոր տեղակալներն ու վարչությունների պետերը ժամանակ առ ժամանակ հերթագայում են, ես որպես ավագ փորձագետ մնում եմ իմ տեղում: Ամբողջ ցերեկը շրջապատված եմ մարդկանցով, խոսում եմ, բացատրում, խորհուրդներ տալիս, սրճում, կատակում, վիճաբանում, այդքանից հետո տանն ինձ սպասում են ծածկոցը գլխին քաշած Ավետն ու երեխաներիս ծայր չունեցող դպրոցական-տղայական հոգսերը:
Մի օր հետաքրքիր դեպք պատահեց, աշխատավայր եկավ Վազգենը: Առանց դեմքին նայելու հասկացա, որ Մարինեն նրան հանդիպել է: Ընդմիջման ժամն է, իջանք մոտակա զբոսայգի, նստեցինք սրճարանում: Հիմարի նման հուզվել եմ, բարեբախտաբար նրա աչքերից նախկին կիզիչ կրակն անհետացել է, դա օգնեց, որպեսզի
սիրտս կանոնավոր զարկի, դեմքիս էլ վերադառնա բարեկամական ժպիտը: Ամբողջ տեսքը վկայություն է գործազուրկ, ընտանիքատեր մտավորականի անճարակության: Իհարկե, Ավետ չի լինի, նա տեղը պարապ նստող մարդ չէ, բայց զգացվում է, որ կարիքը նրա մարդկային հպարտության դեմ էլ է կռվի բռնվել:
— Ճերմակ վարդը հիշո՞ւմ ես,- հարցրեց աչքերիս նայելով:
— Օ, իհարկե, բայց ճակատագիրս Կռատուկը որոշեց:
Այլ բան հասկացավ.
— Ես երբեք չեմ հավատացել քո մասին լսածներիս, ու պատճառը դա չէր, որ ընդհատակ անցա:
— Ընդհատա՞կ, մինչ այդ բեմահարթակո՞ւմ էիր:
— Այո, կյանքի բեմահարթակում էի ու հավատում էի սիրո հաղթանակին:
— Դե, դա գրքերում է լինում, երևի գրողները հորինել են, որ իրականությանը տոկալը տանելի լինի:
— Ես ոչինչ չէի հորինել, ինձ համար սերը մաթեմատիկական բանաձև է՝ երկու անգամ երկուսը հավասար է չորսի:
— Եկ մանկությունը չհիշենք, երեխաներ էինք, խակ պտուղներ, աշխարհից ոչինչ չէինք հասկանում, ինչ եղել է՝ անցել է: Ես քո մասին լավ կարծիք ունեի, հիմա էլ ունեմ:
— Շնորհակալ եմ, բայց միևնույն է, պետք է ներողություն խնդրեմ:
— Ի սեր Աստծո, դա այդքան մեծ նշանակության արժանի չէ, կյանքում մտահոգվելու այնքան բան կա, եղածը մի մանրուք է, ո՞ւմ հետ չի պատահում:
— Դու շատ մեծահոգի ես, ուրիշ կերպ հնարավոր չէր: Համենայնդեպս այսքան տարիներ անց ես ուզում եմ իմանալ՝ դու… այսինքն ես քեզ համար սովորական մե՞կն էի, թե… ինչպես դու ինձ համար՝ երազանքների կիզակետ:
Նա սևեռուն ինձ է նայում, ծանոթ կրակը վերադարձել ու այրում է: Քաջաբար դիմանում եմ: Այս մարդուն պետք է ընկերաբար ճանապարհել, նա խառնում է հոգեկանս, ես նրա հետ իրականության զգացողությունը քիչ է մնում կորցնեմ: Իբրև թե ճակատագրի խաղերը վաղուց հասկացած մեկն եմ՝ կեղծեցի.
— Ես Ավետին վաղուց էի սիրում, ու նա դարձավ իմ կյանքի տղամարդը: Ահա ամբողջը: Նա լավ ամուսին է, լավ հայր է, ես էլ գլխովին խրված եմ աշխատանքային ու տնային գործերում: Դու այդ… կիզակե՞տ ասացիր, թո՛ղ դա, ցնորքներով պետք չէ ապրել:
— Իսկ եթե ունեցածդ մենակ ցնորքնե՞րն են:
— Այդպես մտածելը հենց առաջին ցնորքն է, հայ տղամարդուն վայել չէ:
Հոգեբանական գիտությունների թեկնածու Սուսաննա Անդրանիկյանն էլի խոսեց, վերջում սուրճի համար շնորհակալություն հայտնեց ու արագ հեռացավ: Դե, այսպիսին եմ, ոչ սեթևեթանք, ոչ արտիստական հառաչանքներ, ուղղահայա՛ց մի գիծ: Իհարկե, երկար ժամանակ պետք եղավ, որ գլխիցս վռնդեմ նրա բառերը, դրանք իշամեղվի համառությամբ գալիս են ու հիշողությունս բզկտում հատկապես գիշերները, երբ Ավետը բազմաժամյա մրափից հետո վեր է կենում, խոհանոցում դեգերում:
Մեկ էլ կատարվեց անսպասելին, ծանոթներիցս մեկի միջոցով նրա համար նախագծային մի հիմնարկում ճարտարապետի հաստիք ճարվեց: Փրկություն էր, որ եկավ, հազար ու մի հոգսի մեջք կոտրվեց, երեխաներիս դեմքին գույն եկավ: Ավետն իհարկե նույն քչախոսն է, ընտանեկան բոլոր խնդիրները ես առաջադրում, ես լուծում եմ: Հոգնում եմ, անասելի հոգնում, շաքարն էլ մի կողմից: Կտրվել եմ բոլոր հարազատներից, հին ընկերուհիներից, չեմ ուզում մեկի աչքին երևալ, հարցերի պատասխանել, սուտ ժպտալ ու կյանքս գովաբանել: Թող ամեն ինչ մնա՝ ինչպես կա, ես կենսախինդ, կատակասեր, ժպտուն էակ եմ, շուրջբոլորս բարություն եմ բաշխում, կոտրված սրտեր բուժում և խնդիրների լուծման ամենապարզ տարբերակները գտնում:
Աշխատանքիս զուգընթաց համակարգչիս մեջ բացած ֆայլում նշումներ եմ անում: Այդքան մարդու հետ հանդիպումներից, զրույցներից, հաճախ բռնկվող վեճերից հետո մտքի կուտակումներ եմ ունենում, դրանք հարկավոր է պարպել: Չեմ մտածում, թե մի օր պետք կգան, գիտությունն ինձ համար մնում է երթուղու անցած կայարան: Ինչպես իմ, Արամի գիրքն էլ եմ հուշերիս կծիկում լավ թաքցրել, տպագրելու հնարավորություն չունեմ, ի՞նչ անեմ…
Շարունակելի