Հրաչուհի Փալանդուզյան. ՄՇՈՒՇ (մաս 17)
Սկիզբը՝ նախորդիվ
Վիպակ
17.
Ճակատագրական հանդիպում, իսկապես, նախ՝ հիշողությունս ձերբազատվեց Վազգեն բարդույթից, և ամենակարևորը՝ ընտանիքս կապահովվի որոշակի աշխատավարձով: Մեր շենքի մոտ իրար հրաժեշտ տվեցինք, ընկերուհիս չուզեց վերև բարձրանալ, ասաց՝ ուրիշ անգամ: Աստիճաններով վազում եմ, մտքիս մեջ թռչկոտում են տղաներիս համար գնելիք հագուստներն ու ուտելիքները, վաղո՜ւց մաշվել են խեղճերի շորերը, մեր սեղանը վաղո՜ւց համեղ կերակուրների երես չի տեսել: Կարծես շաքարից տանջահար մարմինն իմը չլինի՝ խոյանում եմ վեր, որ Ավետին երկու մեծ ավետիս հայտնեմ՝ մենք արդեն գործազուրկ չենք: Գլխիցս թռել է, որ վերելակը պատրաստ ինձ է սպասում:
Մարինեի քեռու տղան շռայլություն արեց, առանձնատան նախագծումն սկսելուց առաջ Ավետին ու նրա նախկին տեղակալին ավանս տվեց: Ամուսինս զվարթացավ, տանը մարդկային ջերմություն զգացվեց, տղաներս տեսան, որ հայր ունեն ու իզուր էին մեկ-մեկ իրար հետ քչփչում, թե տան գլխավորը մաման է, պապան փսկած գնդակ էլ չի:
Սոցապնախարարություն գնալուց առաջ հուզվում եմ, արդյոք կկարողանա՞մ խարիսխ նետել, թե ինչպես միշտ՝ ձին թամբած կթողնեմ, ոտքով քարշ կգամ… Երթուղայինում ինքս ինձ հրաման տվեցի՝ այլևս սկզբունքների համար ճակատամարտ տալու ժամանակ չունես, երեխաներդ մեծանում են, մինչև օրս ոչինչ չես ստեղծել, գոնե դրա համար ամաչիր, հիշիր՝ առաջիկայում մեկը մեկից բարդ խնդիրներ են բկիդ չոքելու: Համառիր, համբերիր:
Կադրերի բաժնում փաստաթղթերս եմ ներկայացնում, վարիչը երիտասարդ պչրուհի է, լուսամուտից հայացքը կտրեց, ուղղակի հարցրեց:
— Դուք աշխատելու համա՞ր եք գալիս, թե դոկտորական գրելու:
— Գիտությունը վաղուց եմ թողել,- խոստովանեցի,- ուզում եմ բարեխղճորեն աշխատել ու վարձատրվել:
— Գիտե՞ք ինչ զանգվածի հետ եք աշխատելու:
— Գիտեմ՝ մարդկային:
— Անշուշտ մարդ են, բայց՝ հաշմանդամ, անբուժելի հիվանդ, պատերազմում որդիներ կորցրած, սնանկացած, գործազուրկ…
— Սա է մեր իրականությունը, որքան կարողանամ՝ իրենց կաջակցեմ:
— Շատ լավ, ուրախ եմ, ձեզ համար երաշխավորել է պարոն Պապիկյանը, հիմա գնացեք նախարարի առանձնասենյակ, պարոն Ավանեսյանն ուզում է ձեզ հետ ծանոթանալ:
Ինչպես հետհեղափոխական բոլոր պաշտոնյաները՝ պարոն Ավանեսյանը ևս վառվռուն երիտասարդ է, Մարինեի ամուսին Գնել Պապիկյանը նրան գրեթե պապիկ կսազի: Երկուսով են, համեմատությունը միանգամից արեցի:
— Համեցեք, տիկին Անդրանիկյան,- ոտքի ելավ պարոն Գնելը,- ձեզ նկարներից գիտեի, պարզվում է՝ ամենևին չեք փոխվել: Պարոն Ավանեսյան, մեր նոր հոգեբանն է, գիտությունների թեկնածու, գիտնական:
— Հաճելի է, տիկին, դոկտորակա՞նն է ձեզ սոցապնախարարություն բերել,- հաճոյախոսության նման խոսեց նախարարը:
— Գալուց առաջ մտքովս չէր անցել, բայց քանի որ արդեն երկրորդ անգամ եմ այդ հարցը լսում, կսկսեմ մտածել:
— Եվ ճիշտ կանեք, կերպարների բազմազանությունը երաշխավորում եմ: Այստեղ դուք կհանդիպեք հայի ամենաաներևակայելի տեսակներին՝ ուրարտացուց մինչև վանական, սպարապետից մինչ բանսարկու, հեղափոխականից մինչև ազատամարտիկ և այլն, և այլն:
— Ուրախ եմ, որ դուք ուրարտացուն հայ եք համարում:
— Իհարկե, մենք մեր ամբողջ պատմությունը պետք է մաքրենք օտար պարտադրանքներից և վերադարձ կատարենք դեպի նախնյաց արմատները:
Ձեռքի հեռախոսը զանգեց, նախարարն արագ վերցրեց.
— Այո, պարոն վարչապետ,- ձայնը ցածրացրեց:
Գնել Պապիկյանն այդ ընթացքում անթաքույց զննում է արտաքինս ու քաղաքավարական սերտած բառեր ասում: Տհաճի մեկն է, դրա համար էլ որդի չի ունենում, իրեն կնմանվի:
Ընդունված եմ, հրամանս անմիջապես ձևակերպվեց, այ թե ինչ է նշանակում շեֆի կնոջ ընկերուհի լինելը: Կարևոր է նոր գործընկերներիս հասկացնելը, որ ես քաղաքական խաղերի մեջ չեմ մտնելու, պատվերներ չեմ կատարելու, սուսուփուս լծվելու եմ իմ անմիջական աշխատանքին, որի իմաստն ու արգասիքը թևաթափ հաճախորդներին ճիշտ խորհուրդներ տալն է, նրանց ցավերին մի դարման անելը: Շուտ հասկացան: Որոշ ժամանակ անց մի դեպք պատահեց, քիչ էր մնում մի նոր գործազրկության պատճառ դառնար:
Ի՞նչն էր պարոն Պապիկյանին դրդել, բայց նա հանկարծ սկսեց ինձ սիրահետել: Ամենաուղղակի ձևով՝ առանց այսուայն կողմ ընկնելու: Նախ առանց որևէ առիթի մի փունջ մանուշակագույն հակինթ նվիրեց, ծաղիկը քաղաքում նորություն է, հրճվանքով ընդունեցի: Ի դեպ, ինձ հատկացրել են փոքրիկ, սակայն շատ հարմարավետ մի աշխատասենյակ: Հաջորդ անգամ եկավ շոկոլադի սալիկով, ինչի համար քաղաքավարությամբ շնորհակալություն հայտնեցի, երրորդ անգամ հրավիրեց սրճարան: Կտրական մերժեցի, նրա աչքերում արդեն սատանայական ցոլքեր էի նկատել, զզվելի էր: Գոնե ընկերուհուս ամուսինը չլիներ, գոնե նրա միջնորդությամբ աշխատանք ստացած չլինեի: Կոպտությունս նրան կարծես բոցավառեց, մոտեցավ ու թիկունքի կողմից մեջքս գրկեց, սկսեցի դիմադրել, գլուխս թեքեց, ուզում էր համբուրել: Հենց այդ պահին ամբողջ ուժով անամոթ երեսին ապտակեցի: Բաց թողեց, լկտիաբար ծիծաղեց.
— Ոչինչ, ինչպես ուրախ ծիտիկները, հարգարժան տիկնայք ևս իմ գրկից չեն փախչի:
Դուռը կամաց ծածկեց, գնաց, երևի վախեցավ միջանցքում տեսնող աչքերի հանդիպելուց: Ամոթից դեմքս այրվում է, հիմա իմ խիղճն է տանջում, մեղավոր եմ զգում Մարինեի առաջ, թեև մեղավորության չնչին իսկ առիթ չկա, ես այնքան եմ հեռու տղամարդկանց գայթակղելու կնիկային բնազդից, որքան տիեզերքի համաստեղություններն իրարից: Դասընկերուհիս ոնց էլ ապրում է սրիկա տականքի հետ:
Երևում է՝ սույն հիմնարկն էլ պետք է լքեմ, մարդու չեն թողնում իր ընտանիքի հոգսով ապրի: Մտածում ու չեմ գտնում այն պատճառը, որն իմ համեստ անձը ոմն տղամարդու համար դարձրել է ցանկալի: Հագնվում եմ սովորական նորաոճ, կոկիկ, մազերս վաղուց ալեխառն են, երբեք սեթևեթանքներ չեմ թափում, տղամարդկանց վերաբերվում եմ ընկերաբար… Ուրեմն պատճառն իրենց բարոյալքված կերպարն է, հեռու, հեռու նմաններից: Առայժմ կապրենք Ավետի վաստակով, մինչև Աստված էլի մի դուռ կբացի: Առավոտյան դիմումը ձեռքիս մտա պարոն Ավանեսյանի աշխատասենյակ: Քարտուղարուհին չէր թողնում, դժվարությամբ համոզեցի:
Նախարարը հեռախոսը ձեռքին տաք-տաք վիճում է, թեման թաքցնելու փորձ չարեց, ու ես գլխի ընկա, որ պարոն Գնելին վարչապետը պաշտոնից ազատել է, նա այլևս փոխնախարար չէ: Շփոթված ներողության բառեր քրթմնջացի ու արագ դուրս եկա: Օրվա թոհուբոհում արարքս քննարկման նյութ չդարձավ: Պապիկյանին շուտով ձերբակալեցին, խոսում են մեծ չարաշահումների մասին: Զանգեցի, Մարինեին ցավակցեցի:
— Ես առանց դրա էլ բաժանվելու էի, Սուս ջան, լավ եղավ, հասցրեց քեզ գործի ընդունել: Իմիջիայլոց, ընկերուհիս, ես հղի եմ, մարգարեությունդ կատարվեց, բայց ոչ թե էդ փալասից, այլ սիրեկանիցս, ամուսնանո՜ւմ ենք, քեզ կանչելու եմ:
Աստված իմ… Սիրեկանը երևի մեզ ամառանոց տարած վարորդն է, այսինքն ինչ վարորդ, մի պաշտոնյա կամ նորթուխ հարուստ էլ նա կլինի: Իհարկե, չեմ հերքի, Մարինեն իսկական գեղեցկուհի է, անձնական վարսահարդարը մեծ վարպետությամբ նրան դարձնում է տղամարդկանց համար տեսարժան վայր, ինքն էլ լիառատորեն օգտվում է դրանից, այս նոր աշխարհի հարազատ դուստրն է, ոչ թե ոմանց նման խորթ տարր:
Շարունակելի