Հրաչուհի Փալանդուզյան. ՄՇՈՒՇ (մաս 14)
Սկիզբը՝ նախորդիվ
Վիպակ
15.
Հոգիս անդորր է տենչում: Ես ի վիճակի չեմ աշակերտների ծույլ ուղեղներն արթնացնել, ես ի վիճակի չեմ քարթու դասատուներին անկախության մունետիկներ դարձնել, նրանք տաքուկ ննջում են խորհրդային կարծրատիպերի գզրոցներում: Անշուշտ, նախ հարկավոր է Պիոներ պալատի տնօրենի հետ խոսել, կուզենայի ամբողջ հաստիքով աշխատել, ըստ որում աշխատավարձի տարբերությունը չնչին է:
Խոսեցի, եղավ, վաղվանից կաշխատեմ որպես նրա տեղակալ, այսինքն փոխտնօրեն: Ճիշտն ասած չէի սպասում: Ավետը չգիտես ինչու ուրախացավ, ինքը սիրում է պաշտոնները, թեկուզև այդքան փոքր:
— Դու շատ առաջ կգնաս, ես դա զգում եմ,- ասաց կեսգիշերին, երբ խոհանոցը փայլեցնելուց հետո պառկեցի ու գլուխս դրեցի նրա տաք ուսին: Ահաև միակ սատարս այս ամբողջ սառն աշխարհում:
Ուրեմն այսպես՝ ես նահանջեցի գիտամանկավարժական երկու փոքրիկ բարձունքներից, որպեսզի գիշատիչներից պաշտպանեմ իմ մեծ եսը: Այդպես եմ կարծում, քանի որ սակարկությունների շուկան ինձ համար գոյություն չունի, կա մի բաց ճակատ՝ կամ համախոհ ենք, կամ հակառակորդ: Չնայած դրան՝ այս անգամ ընտրեցի երրորդը՝ չեզոք խաղաղությունը: Փույթ չէ, որ բարձունքներին մնացին գորշերն ու միջակությունները, նրանք իրենց տեղում, ես՝ իմ: Մեծամտության այս խլիրտն է, որ ինձ ժամանակավոր երանություն ընծայեց:
Կրկին Պիոներ պալատում եմ, հիմա գործս ոչ միայն խմբակներում ընդգրկված ձիրքառատ երեխաների ու նրանց դաստիարակների հետ է, այլև ծնողների ու տարբեր պաշտոնական շրջանակների: Տեր Աստված, ինչքան շատ են օժտված երեխաները, մի-մի տաղանդ, ըստ որում շողշողում են բոլոր ասպարեզներում՝ սպորտից սկսած մինչև բազմաշերտ արվեստ ու աստղագիտություն, մինչև գորգագործություն ու ժանեկագործություն: Այս միջավայրում թևերս ազատ են, մտահղացումներս դառնում են շոշափվող, որ կողմ շրջվում եմ՝ մանուկ շնորհալիների արարումներ են:
Գիտական աստիճանս ու մանկավարժական անփառունակ փորձս սրբորեն թաքցնում եմ, չեմ ուզում մարդիկ մտածեն, թե ես ինչ-որ բլրակից ցած եմ գլորվել: Իրականությունն այն է, որ 30 տարեկանից դեռ հեռու եմ ու լույս աշխարհում փնտրում եմ իմ տեղը: Ապագա քանքարներով շրջապատված՝ ինձ զգում եմ որպես բարի հրեշտակ, որ պարտավոր է ձիրքի նավակները երկնքի աստղերին հասցնել:
Ահա այստեղ խառնվեց ամենազոր ճակատագիրը: Հղի եմ: Պատահեց այն, ինչը պատահում է ցանկացած ամուսնացած կնոջ՝ լինի նա մի հասարակ բանվորուհի, դասախոս, հայտնի երգչուհի, թե կենտկոմի քարտուղար: Դու այլևս չես պատկանում քեզ:
Իսկ տղայիս դժգոհ մռութիկը տեսնելուց հետո զգացի, թե տիեզերքն ինչպես է լցվում անուշաբույրով, պայծառ երանգներով, ինչպես ինձնից փախչում են հոգս ու հասարակական պարտականություն, ամուսին ու ընկերուհի: Աշխարհն այլևս մի կիզակետ ունի՝ որդիս: Գրեթե երեք տարի անց ծնվեց նրա եղբայրը:
Մի օր մանկական հիվանդությունների, մի օր կենցաղային հոգսերի, մի օր աշխատավայրի խնդիրների դեմ կռիվ տալով եկանք հասանք 88 թվական՝ ազգային զարթոնք, երկրաշարժ ու բազմադեմ ողբերգություններ: Այդ բոլոր տարիներին ունեի մի հատիկ նպատակ՝ դիմանալ: Դիմանալ հեղեղի նման թափվող բոթերի ցավին, ցրտին, խավարին, սովածությանը, հարազատ-բարեկամների բացակայությանը: Ամենուր գործադուլներ, ավերմունք:
Ավետենց ինստիտուտը պարապուրդի մատնվեց, Մոսկվայի մասնաճյուղն էր, ուղղակի դադարեցրին ամեն կարգի համագործակցություն և առաջինը՝ ռուբլու առաքումը: Սովն իր կապտած երեսով մտավ տուն ու փողոց: Ավետը կարծես նման մի առիթի էր ման գալիս՝ տեղից միայն սնվելու համար է վեր կենում: Որևէ հորդոր, աղաչանք, ամոթանք՝ վրան չեն ազդում: Ասում եմ վեր կաց, մի գործ գտիր, տուն փող բեր, տղաները ուտելու հաց չունեն: Հաց չկա՝ թող չուտեն: Ասում է, կողքի շրջվում, ծածկոցը քաշում գլխին: Թե ուրիշների համար երկրաշարժի հետևանքներն ու Արցախյան պատերազմն էին գլխավոր դժբախտությունը՝ ինձ համար ավելացավ նաև սեփական անճարակ ու անզգա ամուսինը: Մարդ դպրոցը ոսկե մեդալով ավարտի, բուհում գիտելիքներով աչքի ընկնի, հիմնարկում հասնի բաժնի վարիչի աստիճանին ու գլորվի ծուլության ձո՞րը: Դեռ չեմ ասում, որ այդքան տարվա ճարտարապետ է՝ մի անհատական կառույց իր անունով չունի:
Էհ, կարճ ժամանակում վարժվեցի վիճակիս, նրան համոզելու վրա չարժեր ջանքեր թափել, իսկապես, մարդը բնածին թուլամորթ է, ներաշխարհ չունի, որտեղ դա պետք է լիներ՝ պարապություն է, ունեցած մանր-մունր հետաքրքրությունները սովետը հետը տարավ… Ես էի միամիտ, որ տղամարդկային անճարակությունը իշխանական ազնվություն էի կարծել:
Մեր Պիոներ պալատն էլ որպես խորհրդային մնացուկ փակվեց, հարկավոր է աշխատանք գտնել, հակառակ դեպքում մատղաշ երեխաներս սովամահ կլինեն: Պոլիկլինիկայի մանկական բժշկուհին հենց այդ օրն ինձ ասաց.
— Դուք մայրական պաթոլոգիա եք, ձեր փոքրիկները նաև դրա պատճառով են շուտ-շուտ հիվանդանում:
Սրտատրոփ հարցրի.
-Եթե անտարբեր լինեմ՝ չե՞ն հիվանդանա:
Ծիծաղեց.
— Փորձեք, գուցե հենց ձեզ հաջողվի:
Կատակով բաժանվեցինք, բայց ես դա ընդունեցի ի գիտություն ու տունդարձի ճանապարհին բարձրաձայն մտածեցի.
-Եթե պաթոլոգիա եմ, ուրեմն բացառապես ինքս ինձ համար, դա երեխաներիս վրա չեմ տարածի, ուղղակի կձևանամ տոկուն մայրիկ, թող ամեն հոգսուցավ ներս գնա, թեկուզ դառը լեղի դառնա կամ քաղցր շաքար: Ինչ իմանայի, որ բացօթյա մենախոսությամբ եսիս դեմ դատավճիռ եմ արձակում: Դրան էլ եմ համաձայն, քանի որ ազատ կանքով եմ մայրությունն ընտրել, ոչ թե ստիպմամբ:
Շարունակելի