Հրաչուհի Փալանդուզյան. ՄՇՈՒՇ (մաս 13)
Սկիզբը՝ նախորդիվ
Վիպակ
13.
Նոր աշխատանք գտնելու դեգերումներս վերսկսեցի հաջորդ օրը, բարեբախտաբար դա երկար չձգվեց, պրոֆեսորիս միջնորդւթյամբ որպես հայ ժողովրդի պատմության ուսուցչուհի ընդունվեցի Զեյթունի դպրոցներից մեկը: Բալայանը խորամիտ, փորձառու գիտնական է, կռահած կլինի, որ ինձ դպրոց ու հատկապես դեպի այդ առարկան է տանում Արամի հիշատակը: Դա զուտ ճշմարտություն է: Որոշել եմ փող հավաքել ու տպագրել նախ նրա, ապա իմ աշխատությունը: Անձև, անորոշ մի համոզմունք ստիպում է երազել, որ դրանցում հնչած գաղափարները, փաստերը մարդկանց կարող են օգնել ավելի իմաստավորված կյանք ապրել:
Առաջին շաբաթներին դպրոց սիրով էի հաճախում, մասնագիտության փոփոխությունը տեղի ունեցավ անցավ, առանց բարդությունների, վերջապես նույն բուհում նույն դասախոսներին էի ունկնդրել, բացի դրանից՝ ոչ ոք թույլ չէր տա դասագրքի պարագիծը խախտել, այսինքն այդքանն իմանաս՝ հմուտ դասատու ես, բավարար է: Ոչ մի ինքնագործունեություն, երևակայության ոչ մի թռիչք, կուսակցական արգելանք է: Զզվելի են տարատեսակ համագումարների նյութերը խեղճ երեխաներին անգիր անել տալն ու Լենին պապիկին խնկարկելը, բայց ես դա անում էի այնքան թեթևորեն՝ ինքս էլ էի ճարպկությանս վրա զարմանում:
Ամեն անգամ դասագիրքը ձեռքս առնելիս մի ներքին բողոք գալիս ու կոկորդիցս բռնում էր, թե առարկան ինչո՞ւ է կոչվում հայ ժողովրդի պատմություն, ոչ թե Հայաստանի պատմություն: Ո՞ւմ է խանգարում Հայաստանի պետություն լինելը: Ոսոխներից մեկն իր քոչվորական վայրի բնույթով հայտնի է, ուրեմն ուրիշներն էլ կան: Որքան էլ տքնում՝ չէի կարողանում մտքերի խճճվածքից մի կարճ թել հանել: Այստեղ նույնպես մշուշ էր ու բացահայտ կեղծիք:
Օրերս արագ լցվեցին ափեր չճանաչող ձանձրույթով: Կողքանց նկատում եմ՝ ուսուցչուհիները դասամիջոցներին իրար գլխի հավաքված տաք-տաք քննարկում են իրենց հղիությունների մանրամասները, որոնք հիմնականում ավարտվում են աբորտով: Չեմ հաշվել, թե քանի չծնված երեխայի կործանման ականատեսը դարձա, քանի անամոթ պատմություն չլսելու տվեցի, թեև այդ կանայք արտաքուստ պարկեշտի համարում ունեն:
Տղամարդ ուսուցիչները, որոնց թիվն աղետալիորեն փոքր է, սովորաբար դասամիջոցներն անց են կացնում շախմատի տատախտակների շուրջը: Մաթեմատիկայի դասատու ընկեր Արամյանի ճղճղան ձայնը հասնում է մինչև միջանցք, դրա համար տնօրեն ընկեր Ադամյանը նրան անընդհատ դիտողություն է անում: Ֆիզկուլտուրայի դասատու ընկեր Առուստամյանը ուսուցչանոցի շախմատային չեմպիոնն է, դա ընկեր Արամյանին կատաղության է հասցնում, ասում են ուսուցչանոցը ցնցող նրա բղավոցները դասարանում արտահայտվում են նշանակած «2»-ների առատությամբ: Դա նույնիսկ մանկխորհրդում է քննարկվել:
Ես հիմա նկարագրում եմ այն, ինչն անվանվում է խորհրդային ճահիճ: Ինքս իմ դասաժամերին աշխատում եմ կարծրատիպեր խախտել, աշակերտներիս հետ խոսում եմ մեր ժողովրդի պատմության այն դրվագների մասին, որոնք ապահովել են մեր գոյությունը, մեր մշակույթի ու գիտության հզոր վերելքը: Իհարկե, օգտվում եմ Արամի անտիպ գրքից: Ոչինչ, ոչինչ, շուտով ես այն կհրատարակեմ: Ըստ երևույթին հարկավոր է երկրորդ տեղ աշխատանքի անցնել, փող հավաքել: Լսեցի, թե Պիոներ պալատում մեթոդիստի հաստիք կա, կհետաքրքրվեմ, մեկ էլ տեսար՝ ընդունեցին:
Միապաղաղ առօրյաս մայրս է խախտում, շրջանից շուտ-շուտ զանգում է, ամեն անգամ մեկի խնամախոսությունն է ակնարկում՝ Վարսիկն իր տղային գովեց, Ռուզանի տղան մայրաքաղաքում պաշտոն է ստացել, Ռուբենենք իրենց Գագոյի համար մի լավ աղջիկ են ման գալիս: Կարծես այդ բոլոր որդյակներն իրենց բարձրագույն կրթությամբ անճարի մեկն են, մնացել են մայրիկների հարևանուհու հույսին: Մի օր էլ մորս առանց կատակի նշույլի ասացի.
— Մամ ջան, ես փեսացու ունեմ, շուտով ամուսնանալու եմ, դու խնամախոսներիդ դա հասկացրու:
Անմեղ նպատակս այն էր, որ մայրս տվյալ տհաճ թեմայի վարագույրը պինդ փակի: Պատրանք: Հաջորդ օրվանից համագյուղացիներս ու մայրաքաղաքային հարազատներս հերթով ինձ այցելում են, բոլորի տենչանքը նույնն է՝ փեսացուի հետ ծանոթանալ: Գլուխս բռնեցի, սիրուն ջան, ե՞րբ էր, որ երդվեցիր երբեք սուտ չխոսել, դա կրակե շապիկ է, նախ քեզ է հրկիզում, հետո ուրիշներին: Դե հիմա գնա ամբողջ ազգուտակին պատասխան տուր: Երկար մտածեցի ու գտա՝ կամուսնանա՛մ:
— Ո՞ւմ հետ,- հարցրեց զարթնած կանացի հպարտությունս:
— Ում համար ես եղել եմ ու կամ առաջին սերը:
— Կխաբես, թե դու էլ իրե՞ն ես սիրում,- հարցրեց մարդկային խիղճս:
Դժվար հարց էր, մի քիչ մտածեցի.
— Ոչ, իհարկե, խաբելն իմ ոճը չէ, կասեմ, որ գնահատում եմ իր մեծ սերը և հավատում եմ, որ այն երկուսիս էլ կհերիքի:
— Ծանոթ հիմնավորում է: Այդպիսի ազնիվ ասպետներ քո շրջապատում շա՞տ կան,- հեգնեց բնածին հետաքրքրասիրությունս:
— Իհա՜րկե…
Դե, գոնե մեկին լավ ճանաչում եմ, համագյուղացիս է, Ավետը, ճարտարապետ, տարեկան մեկ անգամ ճանապարհիս հայտնվում է, որպեսզի հայտարարի, որ հավիտյան ինձ է սպասելու: Հենց նրա հետ էլ կամուսնանում, մնում է տարին լրանա, հերթական խոստովանությանը դեռ երկու ամիս կա, ընդհանուր առմամբ՝ 11 խոստովանություն, դա կլինի 12-րդը և ավարտականը: Մայիսն է, ուրեմն հուլիսի վերջին:
Հարցերն սպառված են:
Նշանդրեքին ներկա եղավ հարազատների փոքր մասը, հարսանքավորները բազմամարդ էին, մի քանի հարյուր այս, մի քանի հարյուր՝ այն կողմից: Պատվի հարց էր՝ երկուսն էլ առաջնեկ էին պսակում: Ամուսնական առագաստ մտա սովորական դարձած անտարբեր սրտով, դատարկ մտքով, «առանց քնարի, անզարդ խոսքերով»: Հույսը, թե ճակատագիրը հատկապես ինձ համար բացառություն կանի և սիրո մի տաքուկ շողք կնվիրի, ցրիվ եկավ արդեն հաջորդ շաբաթ:
Ընտանիք էր՝ կազմեցի: Սա էր եղած-չեղածը, որպեսզի ուրիշներից չտարբերվես, քեզ թարս աչքով չնայեն, դե, որ կողքիդ մեկը լինի, մենակությունից անտեր շնիկի նման չծմրաս: Խիղճս բացարձակապես չի տանջում, որ Ավետին հարս եմ եկել որպես մի անհույզ երգ: Նա դրան ձգտել է 12 տարի, ուրեմն հենց դրան էլ արժանի է: Հիանալ կարելի է նրա հպարտությամբ, որ իր սրտի թագուհին, իր ընտրյալը կույս է:
Հա, սրտումս սեր չկա, փոխարենը լավ տանտիրուհի եմ, համով ճաշեր եմ եփում, թխվածք անել գիտեմ, աղցանների վարպետ եմ ու սիրում եմ մաքրություն, կարգ ու կանոն: Ես աշխատում եմ իմ ներկայությամբ մարդկանց միայն բավականություն պատճառել: Այն, ինչը ես իրենցից չեմ ստանում, ինքս շռայլորեն շուրջս բաշխում եմ: Ավելի շատ ջերմություն ու քնքշանք, քան երբևէ կպատկերացնեի՝ բաժին եմ հանում ամուսնուս:
Իհարկե, առաջվա նման որևէ ծառի մոտով անցնելիս փորձում եմ հոգու աչքով տեսնել նրա արմատներն ու ծաղիկները, աշնան տերևների կողքով անցնում եմ լուսնոտի նման, ուզում եմ թռչկոտել, լացող երեխայի ձայնից սիրտս նվաղում է ու աղջկական այլ միամիտ ապրումներ: Այդ ամենով հանդերձ՝ ես արդեն հասուն կին եմ, ունեմ իմ տունը, ընտանիքը, հույզերիս հետ առանձնանալու իմ խոհանոցը:
Առաջին ամիսներին Ավետն իրեն պահում էր ինչպես մի Ռոմեո, աշխատանքից վազքով գալիս էր, գործից ու ընկերներից էր պատմում, լսում էր իմ կիսակատակ պատմությունները, միասին հեռուստացույց էինք նայում, քննարկում, ինձ համար միշտ վերջին հրատարակության գրքեր էր գնում: Բայց արագ հոգնեց սիրահարի իր դժվար դերից կամ էլ հիմնարկում հանձնարարություններն էին իրար գլխի դարսվում: Գալիս էր տուն, արագ սնվում, ոչ մի բառ, թե ապուրն ինչպիսին է, գաթան համով է, թե չէ, շորերով անկողնուն պառկում էր ու քնում: Շատ էի ուզում իմանալ, թե ինչից է դժգոհ՝ ե՞ս եմ տնային գործերում թերանում, թե աշխատանքային պարտականություններն են ուժերը ջլատում:
Ոչ այս, ոչ այն, մարդը բնածին քնկոտ է, աշխարհում մի մտասևեռում ուներ՝ Սուսաննան, հիմա կողքին է, գիտահետազոտական ինստիտուոում բաժնի վարիչի աշխատավարձը բավարար է, էլ ի՞նչ կա մտահոգվելու, կարելի է մի 12-14 ժամ քնել: Ես այդ ամենը հասկացա որպես գիտնական հոգեբան ու ճիշտն ասած հանգստացա, դե, չի խմում, խաղամոլ չէ, աչքը դուրսը չէ, այդքանն էլ հերիք է, թող քնի, միայն թե իմ ներկայությամբ, վերջիվերջո մենակությունը փարատող մի միջոց է դա: Էլի որպես հոգեբան մտածեցի:
Շատ կուզենայի նրա նախագծած կառույցներից մեկը տեսնել, բայց այդ թեմայից գլուխն արագ ազատում է, ես էլ զրույցը հարցաքննություն չեմ դարձնում, ժամանակը գա՝ ինքը կտանի մի գեղեցիկ շենքի մոտ ու կասի՝ ահա, զմայլվիր, սա իմ ճարտարապետական արգասիքն է: Որպես անձնավորություն՝ նա համեստ է, մեղմաբարո, միայն սույն խոսակցության ժամանակ է հերսոտում: Էհ, կսպասեմ, ես համբերության ծով եմ ու նաև պատրաստ՝ նրան ամեն ինչում աջակցելու: Ի՞նչ հայ կին, որ ամուսնուց կարգին տղամարդ չձևի, նրան թևութիկունք չդառնա:
Շարունակելի