Հրաչուհի Փալանդուզյան. ՄՇՈՒՇ (մաս 11)
Սկիզբը՝ նախորդիվ
Վիպակ
11.
Սկսվեց կյանքիս հաջորդ փուլը: Աստծուն մի բանի համար եմ երախտապարտ, որ Արամի հետ մտերմության այդ մեկ տարում մեզ թույլ չտվեց ամուսնանալ: Ասում են՝ նա իր բարձրում ամեն ինչ գիտի: Հապա ինչո՞ւ նշան չուղարկեց: Թեև եթե ամուսնացած լինեինք, ոչ թե միամիտ մանկիկների նման գիտության գրանիտի վրա հարձակվեինք, գուցե նա ոչ մի տեղ էլ չգնար, չնստեր այդ ճակատագրական ավտոբուսը:
Սգի երկար ամիսներ պահանջվեցին հասկանալու համար այն հասարակ ճշմարտությունը, որը մարդկանց վշտի ծովից հանում է, սովորեցնում ուղիղ քայլել, այն է թե՝ կյանքը շարունակվում է: Ես այդ խրատը տիկին Ոսկեհատից ստացա: Ամեն կիրակի այցելում եմ նրան, շատ ժամանակ լռում ենք, զրույցի թեման անփոփոխ է՝ Արամը: Մինչև ծնվեց Արտավազդի
առաջնեկն ու տունը լցրեց իր պահանջկոտ աղաղակներով: Անունն Արամ դրեցին: Երբ պստիկի ծննդյան քառասուն օրը լրացավ՝ տիկին Ոսկեհատն ինձ ասաց.
— Աղջիկս, աղվորիկ Սուսանս, ալ դադրե մեզի այցելել: Երթա, կյանքդ շարունակե: Դուն մեկ երջանիկ տարի զարդարեցիր որդուս կյանքը, ապրիս, զորանաս, հիմակու հիմա ազատ ես: Չի խոսես, որոշած եմ, չեմ ուզեր քեզի աստեղ տեսնալ: Մեր հարազատությունը թող հոգիներու մեջ շարունակվե:
Լուռ լսեցի վշտահար մոր զեղումը, բայց հեռանալուց առաջ մի մեծ խնդրանք հայտնեցի՝ ընտանիքը թույլ կտա՞ Արամի գիտական թեզն ինձ համար արտագրեմ ու վերադարձնեմ: Տեղեկացրի, որ այլևս հոգեբանությամբ չեմ զբաղվում, Զեյթունի դպրոցմերից մեկում հայոց պատմություն եմ դասավանդում, կուզենայի, որ Արամի հայտնագործությունները չկորչեն, դրանք իմ դասաժամերին օգտագործեմ: Գուցե հնարավոր լինի մի օր էլ գրքույկով հրատարակել: Ես այդ հարցում կաջակցեմ՝ ինչով կարող եմ:
Խեղճ կինը հուզվեց, վարպետ Հայկազին ու Արտավազդին կանչեց, նրանք սիրով համաձայնեցին: Հաստափոր թղթապանակը գրկեցի ու հրաժեշտ տվեցի: Վերադարձրի երեք ամիս անց, երբ տառ առ տառ ամբողջ շարադրանքն արտագրել էի: Տիկին Ոսկեհատն իր խրատը հիշեցրեց՝ հարկավոր է շարունակել ապրել: Նա օրհնեց ինձ ու դուռը երեսիս կամացուկ փակեց: Դա էլ հենց կյանքիս նոր փուլի սկիզբն էր: Ես պետք է ապրեի այն չլռող ցավի նվագակցությամբ, որ երգահանները կոչում են էլեգիա՝ եղերերգ: Երևի ամեն զգայուն կնոջ սրտում մի մխացող մոխրակույտ կա, երբեմն ծուխն է երևան հանում, երբեմն կայծերը…
Այլևս հանրակացարանում չեմ ապրում, դպրոցի մոտակայքում մի սենյականոց բնակարան եմ վարձել: Հարմար բույն է, միայն թե մենակությունն է տանջում: 26 տարեկանում հասցրել եմ մի քանի կյանք ապրել՝ երջանկությամբ առլեցուն մանկություն, պատանեկան սեր ու հիասթափություն, ուսումնառության քարքարոտ, սակայն անհոգ ուղի, երկնքից սրտիս մեջ ընկած խորունկ սեր ու այս սրտամաշ միայնությունը, որի մասին կարող ես միայն լռել, որը կիսելու համար ոչ մեկի առաջ փակ դուռ չես բացի, որից փախչելու որևէ կածան չի երևում:
Ճգնում եմ հիշել, թե երբվանից եմ մարդկանց առաջ սրտիս երդիկը գոցել: Հավանաբար այն ժամանակվանից, երբ պետք է թաքցնեի Վազգենի հանդեպ զգացմունքս: Ծիծաղելի է, ինչպե՞ս զգացմունք կոչես մի երևույթ, որի ամեն ելևէջը թվում էր ամոթալի, արգելված մի բան, որի մասին խոսելը արժանապատվությունդ ոտնահարելուց վատ էր: Մինչ այդ ես այնքան բան գիտեի սիրո մասին, իհարկե, ըստ գրքերի ու ֆիլմերի, երգերն էլ բացը լրացնում էին իրենց սրտաճմլիկ ճիչերով, ոչ մի կերպ չէի հասկանում, թե ինչպես կարելի է շրջապատի առաջ այդ աստիճանի անկեղծ լինել: Հապա կանացի հպարտությո՞ւնը, տղամարդկային այրականությո՞ւնը:
Մշակույթը փառաբանում, սրբացնում է սերը, հակառակ դրան՝ կյանքում օրինակներ չկան, լավագույն դեպքում՝ նշանդրեքներ, հարսանիքներ, դրանց հետևանքով կամ շնորհիվ առաջացած ընտանիքներ: Հակադրությունների տաղտուկ՝ 15-ամյա ուղեղով այդպես էի կյանքը բանաձևել: Երբ Վազգենն իր անտանելի հայացքով սկսեց ինձ հալածել՝ ես հասկացա, որ սիրո մասին ոչինչ չգիտեմ, ըստ երևույթին դա չախտորոշված հիվանդություն է, որը պետք արագ բուժել, հենց թեկուզ նրա համար, որ սիրտդ արագ չբաբախի, այտերդ չշիկնեն ու քայլերդ չգայթեն:
Սա էր իմացածս, ուստի ես այն արագ բուժեցի՝ ուսանողական կյանքս դարձնելով աղջկական զզվարճալի երեկույթների, համերգների, ներկայացումների, ցուցահանդեսների թեթև հերթագայություն: Ես սիրում եմ ընկերուհիներիս հետ բարձր ծիծաղել, կատակներ անել, սեփական թերություններս նշել ու նշավակել, ինչից նրանց թվում է, թե ինձ լավ են ճանաչում: Ոչ մեկը չի էլ կասկածում, որ ես դրանով հոգուս դատարկությունն եմ ամոքում: Չի լցվում, ոչինչ նրան չի գոհացնում, հակառակը, տարեցտարի ընդլայնում է իր տարածքները ու վերածվում մշուշոտ ամայության: Նույնը կրկնվեց դասախոսապրոֆեսորական միջավայրում, վերջնականապես հասկացա, որ մարդիկ միայն տարիքով ու հասարակական սանդղակին զբաղեցրած դիրքով են փոխվում, եսի խորքում նույն փափուկ կարծրությունն են:
Էլի ընկերուհիներ, էլի մտերիմներ, այդուհանդերձ միշտ՝ չլցվող օրեր ու ամիսներ: Գումարած ակադեմիական հորիզոններից իջեցվող պահանջները՝ սահմաններ չխախտել, նորահնար գաղափարներ չտարածել ու այլ տխմարություններ: Հիասթափությունն օրօրի ավելի լայն է բացում իր երախը, ի վերջո վճռեցի դրան դաս տալ՝ հարկավոր է գործունեության հարթակը փոխել, մի մեծ խաչ քաշել թե գիտական կոչման, թե դրա պարգևած հեղինակության, թե աշխատավարձի վրա:
Բոլորը կեղծ են ու չնչին: Հարկավոր է պահպանել այն, ինչը քոնն է ու միայն քոնը: Պրոֆեսոր Բալայանն էլ, որ սկզբում թևերը վրաս փռել էր ու դա բոլորը նկատում էին, աստիճանաբար նահանջեց, վերևներից ակնարկել էին կենսաթոշակի անցնելու մասին: Մնացի միայնակ, մանավանդ երբ իմ բարի հրեշտակ Աննա Թովմասյանը մեկնեց արտասահմանյան ինչ-որ գիտաժողովի ու այնտեղ քաղաքական ապաստան խնդրեց:
Քիչ է ասել, թե կաթվածահար էի, ներսիցս ջարդոտված ապակու զնգզնգոց էի լսում: Այդ կնոջն այս կյանքում ի՞նչն էր պակասում՝ ահռելի հեղինակությունն ու փարիզյան հագուկապը վկայում էին, որ երազանքների ճանապարհին ոչ մի բարձունք բաց չի թողել, ու հանկարծ՝ քաղաքական… Թե ես այս կյանքից մի բան եմ հասկանում, անիմաստ ժպտում եմ, աջ ու ձախ խելացի զրույցներ շաղ տալիս, հոգնած գալիս վարձածս սենյակ ու մահճակալին անուժ փլվում: Այսքան բան՝ միօրինակ ու անհեռանկար: Դոկտորակա՞ն, հոգեբանությունի՞ց, ի սեր Աստծո, ինձ հեռու տարեք կեղծիքի այդ մոլորակից…
Համալսարանից հեռանալուց առաջ, վերջին դասախոսության լսարանում էությունս այսպես պոռթկաց.
— Ես զզվում եմ այս անհոգի աշխարհից և այ քեզ առեղծված՝ ուզում եմ ինքս էլ անհոգի՛ ապրել: Հոգին անհատակ անդունդ է, անհնար է այն բացահայտել, որովհետև նրան խառնված ուղեղն անվերջ կեղծում է: Մնաք բարով:
Սկանդալն անմիջապես տարածվեց, պրոֆեսոր Բալայանը կանչեց իր աշխատասենյակ:
— Սուսաննա, նյարդերդ են:
— Հոգու հետ կապ ունե՞ն:
— Անշուշտ, ունեն, դու պետք է խաղաղվես: Ես գիտեմ, թե ինչ մեծ վթար է եղել քո ներաշխարհում, բայց դու այնքան ջահել ես, այնքան գեղեցիկ ու կյանքով լեցուն, քո առջև գիտության ոսկե դռներն են բացվելու…
— Հարգելի պրոֆեսոր, եթե մարդիկ նման վթարներից հուսահատվեին՝ մոլորակը վաղուց անապատ դարձած կլիներ, ես այդքանը լավ հասկանում եմ: Ինձ հուսահատեցնում է գիտության կեղծավորությունը:
— Այո, իսկապես նյարդերդ են:
— Դեհ, այդպես մտածեք, ես ամբիոնը լքում եմ: Ձեզնից անչափ շնորհակալ եմ, այսքան ժամանակ թույլ չտվեցիք, որ երկընտրանքներիս ծովում նավաբեկության ենթարկվեմ, հիմա ուզում եմ մի փոքրիկ լիճ գտնեմ, որը կանացի սովորական կյանքով ապրելու համար ավելի անվտանգ լինի:
— Քանի-քանի կին քեզ կնախանձի այս պատվավոր դիրքիդ ու զարմանահրաշ արժանիքներիդ համար, իսկ դու…
— Ես Աստծուն պարտք ունեմ տալու:
— Ահա թե ինչ, աստվածավախ ես դարձել:
— Աստվածահա՛րգ, հարգարժան պրոֆեսոր: Ես պաշտում եմ Ատվածամարդուն, գնում եմ նրան ծառայելու:
Դե, հա, վերամբարձ ճառերն իմ տարերքն են, այն է տարօրինակ, որ այդ պահին խոսքերիս սրբորեն հավատում էի:
Պարոն Բալայանն էլ, ինչպես ազնիվ տիկին Ոսկեհատը, օրհնեց ճանապարհս ու դուռը երեսիս կամացուկ փակեց:
Շարունակելի