Հրաչուհի Փալանդուզյան. Հայեցի հայերեն
2009 թ. սկսեցի գրել «Լրագրության աստիճանները» գիրքը, որում մտադիր էի ներառել 4 հատված` խոհագրություն լրագրության մասին, լեզվաոճական շտկումներ, գործածական բառացանկ և հոդվածներիս ու հարցազրույցներիս ընտրանին: 2011թ. քաղաքագիտության դոկտոր Արմեն Այվազյանը 2-րդ և 3-րդ հատվածները տեղադրեց Lezu. am կայքում: Ինձ համար էլ անսպասելի` ամեն օր կայքից օգտվում էին հարյուրավոր մարդիկ:
Դա մեծ պատասխանատվություն էր, ուստի ես սկսածս գործը ոգևորությամբ շարունակեցի և 2013թ. Լեզվի պետական տեսչության և ՀՀ ԳԱԱ լեզվի ինստիտուտի ղեկավարներին ներկայացրի «Հայեցի հայերեն» և, «Գործածական բառացանկ» աշխատանքներս` արդեն որպես առանձին, լրացված գրքեր: Երկուսն էլ հավանության արժանացան, սակայն տպագրվել վիճակվեց միայն Բառացանկին («Հայեցի հայերենը»
հատվածաբար հրապարակվում է «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթում):
Հաշվի առնելով Դիմագրքի անսահմանափակ հնարավորությունները և մտերիմներիս խնդրանքը` որոշեցի չսպասել գրքի տպագրությանը և լեզվաոճական շտկումների բարեփոխված ուղեցույցը հրամցնել մեր լեզվի ճակատագրով մտահոգ հանրությանը:
Հայերիս հարատևման գլխավոր կռվանը` հայոց լեզուն, իրոք վտանգված է, և ես այս քայլով կոչ եմ անում ձերբազատվել նեղ ու ճղճիմ հաշիվներից և մոր սրտացավությամբ հայերենը … վերակենդանացնել: Ախտորոշումս սխալ չէ` մեր ոսկեղենիկը մերձիմահ է: Նրան կարող ենք փրկել միայն մեր մեծ սիրով:
ԼԵԶՎԱՈՃԱԿԱՆ ՈՒՂԵՑՈՒՅՑ
ՑՈՒՑՈՒՄ. Սխալ տարբերակները բերված են ենթավերնագրերի առաջին տողում, ճիշտը նշված է երկրորդ տողում: Շարադրանքը պարունակում է անհրաժեշտ կամ հավելյալ մեկնաբանությունը:
Ա
Է
Գրական հայերենում և մեր մի շարք բարբառներում օժանդակ բայը է-ն է, շատ բարբառներում՝ ա-ն, իսկ օրինակ Խոյի բարբառում՝ ի-ն: Այսինքն ա-ն որպես օժանդակ բայ կիրառելը դեմ է գրական լեզվի կանոններին: Բայց խեղճ հայերեն, «էություն», «էակ», «Աստված» նշանակող է-իդ փոխարինելու է եկել ինքնակոչ ա-ն: Գրողները ա-ով են գրում, լրագրողները ա-ով են հարցազրույցներ վարում, ամբիոնները ճռնչում են ա-ի ծանրությունից: Սա իսկական աղետ է, մոլորություն, զանգվածային մտախանգարում: Գուցե որպես մարտակոչ հնչի, սակայն կարծում եմ` այս հարցում արդեն պետական միջամտության կարիքն է զգացվում:
Ազգովի
Ազգովին
Նշանակում է` ամբողջ ազգով հանդերձ և պետք է գրվի «ազգովին»: Նույն սկզբունքով՝ «ովին» վերջածանցով են կազմված նաև «հիմնովին, բոլորովին, լիովին, կամովին» և այլ բառեր:
Շարունակելի
Հրաչուհի ՓԱԼԱՆԴՈՒԶՅԱՆ