Հրաչուհի Փալանդուզյան Լեզվաոճական ուղեցույց 2.
Սկիզբը` նախորդիվ
2.
Ազգությամբ բրազիլացի հայ դերասանուհի
Բրազիլահայ դերասանուհի
Աշխարհացրիվ հայության համար նման ցանկացած անվանում ցավալի է, այդուհանդերձ լեզուն հակիրճություն է սիրում` բրազիլահայ, ֆրանսահայ, ամերիկահայ… Բայց ոչ երբեք` թուրքահայ, միմիայն` արևմտահայ (լեզուն նաև քաղաքականությունից զերծ չի մնում, իսկ սա արդեն վերաբերում է մեր համազգային իրավունքներին): Ոմանց չիմացությունն անգամ այսպիսի մտավարժանքի է հանգեցնում, ասում են՝ հայկական ծագումով արտասահմանյան երգիչ: Պարզապես՝ սփյուռքահայ երգիչ:
Ակնոցներ
Ակնոց
Ռուսաց լեզվի բառապաշարը հարուստ է առարկայի զույգ իմաստ պարունակող ձևերով, դրանցից է նաև «ակնոցները»: Բայց մենք հո գիտենք, որ խոսքը մի հատիկ առարկայի մասին է, ուստի այն պետք է գործածել եզակի թվով. «Իմ մայրիկն արդեն ակնոց է դնում»: Այսպես կասի անգամ ամենափոքրիկ հայ երեխան, եթե դաստիարակված լինի կիրթ ու ազգասեր ընտանիքում: Նրանից արժե օրինակ վերցնել: Գալով մեծերին՝ խորհուրդ ենք տալիս խուսափել նաև «արձակուրդներ» բառից, հայերենին հարազատ է դրա եզակի թիվը. «Ընտանիքն արձակուրդը Ծաղկաձորում անցկացրեց»: Իր հանդեպ հատուկ մոտեցում է պահանջում նաև «եղանակ»-ը: Ոչ թե «եղանակներն են տաքացել», այլ՝ «եղանակը»:
Շարունակելի
Հրաչուհի ՓԱԼԱՆԴՈՒԶՅԱՆ