Հրաչուհի Փալանդուզյան. ԵՐԿՈՒ ՓԱԿ ՍԻՐՏ
Պատմվածք
Պապը մահացավ գիշերը, քնի մեջ: 100-ամյակը նշելուց չորս օր հետո: Գերդաստանում ոչ մեկը նման վախճանի չէր սպասում, որովհետև լսել էին, որ անցումային տարիքը 102-ն է: Գուրգեն թոռն էր ինչ-որ թերթում կարդացել ու փարատել բոլոր նրանց կասկածները, ովքեր կես տարի առաջ վախենում էին, թե պապի թոքաբորբը կարող է ճակատագրական լինել:
Պապն ինքը բուժման ամբողջ ընթացքում շատ հանգիստ էր, հիվանդանոց գնացող-եկողների հետ կատակներ էր անում ու ասում, որ եթե թուրքի յաթաղանն իրեն չի ոչնչացրել՝ մի հասարակ գրիպի ուժը հաստատ չի պատի:
Բայց ինֆարկտի ուժը պատեց: Բժշկական եզրակացությունն էր այդպիսին, այնպես որ հարազատներին ոչինչ չէր մնում, քան նահապետին վայել սուգ անելն ու թաղում կազմակերպելը: Լաց լինողներ չեղան՝ ոչ հարազատ աղջիկները, ոչ հարսները, ոչ թոռնուհիները, ոչ անգամ 97-ամյա կողակից
Հռիփսիմե տատը:
-Նրա ապրելն էր զարմանալի, մահն ամեն րոպե գալիս ու գնում էր,– լուրն առնելուն պես բարբառեց տատն ու ընդունված կարգով ձեռքերը զարկեց ծնկներին, անհասկանալի բառերի շարան մրմնջաց:
Արդեն քանի տարի՝ տատը ներքուստ ապրում էր մի տարօրինակ նախազգացմամբ, թե ինքն ու Հովսեփն անցել են մահվան եզրագիծն ու այլևս անմահ են:
Հարսներից կրտսերը վազեց կատվախոտի կաթիլներ բերեց, մյուսը վալիդոլի հաբ հանեց, բայց տատը երկուսն էլ ձեռքերով հետ մղեց ու գնաց նստեց դիակնացած ամուսնու կողքին:
Հայկական փառահեղ թաղումներից այդ մեկը տարբերվեց նրանով, որ Հովսեփ Կիրակոսյանը հռչակվեց որպես վերապրումի խորհրդանիշ: Նրա մասին գրեցին թերթերը, պատմեցին հեռուստածրագրերը, նրա կյանքի պատմությունն արեցին համացանցն ու անգամ արտասահմանյան լրատվամիջոցները:
Որդիներն ու թոռներին առաջին անգամ մտածեցին այն մասին, որ սովորական մշակի կյանքով ապրած իրենց հայրն ու պապն իրականում հերոս է եղել, որովհետև թեև սխրանքներ չի գործել, թշնամիներ չի ոչնչացրել, հայրենիք չի ազատագրել, բայց իր գոյությամբ հաստատել է հայի լինելիության ամենամեծ խորհուրդը՝ ապրելու գաղտնիքը: Նա կյանք է տվել մի հսկա գերդաստանի, որն այսօր սփռված է ամբողջ Հայաստանում: Հենց Հայաստանում, ոչ թե ինչ-որ մոտիկ-հեռու արտասահմաններում:
Քառասունքն անցնելու հաջորդ օրը հարսներն ակնարկեցին, որ պապի սենյակը հարկավոր է… թարմացնել:
Տատը ցնցվեց, չէր սպասում, թե Հովսեփի շունչը մարմնի նման իր կողքից բացակայելու է: Մի ակնթարթ մտածելուց հետո այնուամենայնիվ զիջեց.
– Ապրեք, հարսներ ջան, ինչ մտքներովդ անցնում է՝ արեք:
– Տատ, ընդամենը պիտի մաքրենք, դարակները դասավորենք, անկողինն արևին տանք…
– Դեմ չեմ ու ձեզ վստահում եմ:
Թե հարսների գլխով ինչ էր անցել՝ տատը միայն կարող էր կռահել: Չէ, պարզ բան է՝ ծերունական շունչը տանից հեռացնելը չէր նրանց նպատակը, երևի ուզում են նոր խնամիներին թարմացած բնակարանում դիմավորել: Ծոռնուհու նշանդրեքը պապի մահվան պատճառով էր հետաձգվել, դե ուրեմն թող հարազատները սրտների ուզած փոփոխությունն անեն՝ ամեն ինչ իրենց իմացածով կարգի բերեն: Ծովինարն արժանի է ամեն լավ բանի, աղջիկը բուհն ավարտել է, ընտրյալ ունի, ինչո՞ւ պիտի սպասի, թե ինչ է՝ 100 տարեկան պապը որոշել է այս աշխարհին հրաժեշտ տալ:
Տատը դուրս եկավ բակ, նստեց արևկող նստարանին: Թթենին նոր-նոր բողբոջում է, Հովսեփի տնկած թթենին: Իրենց առաջնեկի ծննդյան առիթով է տնկել: Թթենու շուրջը մոտ հարյուր ծառեր էին՝ վաղուց մի ամբողջ այգի դարձած. 10 զավակների, 56 թոռների ու 32 ծոռների անուններով:
Չէ, սերունդը գնալով նվազել է, ջահել հարսներն էլ չեն ուզում երեխա բերել: Ամեն անգամ պիտի համոզեն, խնդրեն, խոստումներ տան…
Իսկ ինքն ու Հովսեփը տասը երեխա ունեցան: Որոշել էին գոնե իրենց գերդաստանների գլխավորների անուններն անմահացնել, նրանց արյունը պահպանել: Ամեն ծննդաբերություն մահվան դուռը գնալ-գալ էր, վերջին երկու աղջիկները կեսարյան հատումով աշխարհ եկան: Պահելն էլ էր դժվար՝ մի կտոր հաց վաստակելու համար Հովսեփն իրեն պատեպատ էր խփում, հետո 37 թիվ եղավ, պատերազմ, երկրաշարժ ու Ղարաբաղյան գոյամարտ… Էհ, Փառք Աստծո, կյանքն աստիճանաբար հեշտացավ:
Էնքան ապրեր՝ Ծովինարի առաջնեկին էլ տեսներ… Տատն աչքերը խուփ արեց, որպեսզի գարնան արևի գոլությունն ամբողջովին վայելի:
Պապի սենյակում այդ ժամանակ փոթորիկ սկսվեց: Անգինն էր պատճառը՝ մահացածի դարակում գաղտնարան գտավ, մեջը՝ ամուր փակված ծրար: Վրան մի քանի բառ. «Գաղտնի, միմիայն իմ կողակից Հռիփսիկի համար»:
Տարեց ու ջահել հարսներն ակամա դուրս նայեցին, թթենու տակ տեսան տատի անդորրություն արտաշնչող կերպարանքը:
– Եկեք բացենք, տեսնենք մեջն ինչ կա,– առաջարկեց մեծ հարսը,– հանկարծ ու սա տատին հակացուցված լինի:
– Ի՞նչ գործ ունենք,– հակադրվեց նրա հարսը,– իսկ եթե մեծ գաղտնիք է, մեզ չի վերաբերո՞ւմ…
Կրտսեր հարսը ծրարը վերցրեց, սկսեց մատներով շոշափել.
– Ներսում ընդամենը մի բարակ թուղթ է, ի՞նչ գաղտնիք պիտի լինի: Բացում եմ:
Չհասցրեց ծրարը պատռել՝ ներս եկավ Ծովինարը: Եղելությունն իմանալով առաջարկեց.
– Իմ կարծիքով ծրարի պարունակությունը վերաբերում է մեր ամբողջ ընտանիքին, ուրեմն պետք է բացվի բոլորի ներկայությամբ: Սպասեք, զանգեմ հայրիկին:
Պապի մահը Կիրակոսյանների ընտանիքը միավորել էր, ու չնայած բոլորն արդեն կարող էին իրենց տները ցրվել՝ մնում էին ու իրար աջակցում: Կարծես այդ միասնությամբ ուզում էին լցնել պապի մահվանից հետո առաջացած խոր անդունդը:
– Կարդա, Ծով,– երբ սենյակի աթոռներն զբաղվեցին՝ հրահանգեց ավագ որդին՝ Ծովինարի պապը:
Կարդալու համար պահը հարմար էր նաև նրանով, որ տատին քառասունքից հանելու համար հարևանուհիները նրան իրենց տուն էին հրավիրել:
Ծովինարն սկսեց կարդալ: Պապը երկար պատմություն չէր արել, բայց ինչի մասին գրել էր, ամբողջ ընտանիքին ստիպեց սարսռալ: Գերդաստանում մեծ ու փոքր անգիր գիտեին եղեռնի մղձավանջի այն պահերը, թե ինչպես են մանուկ Հովսեփն ու Հռիփսիմեն թուրքի յաթաղանից փրկվել, հրաշքով հասել Արևելյան Հայաստան ու մի օր հանդիպելով՝ իրար հիշել: Իսկ երբ ժամանակը եկել է՝ որպես ոչնչացված գերդաստանների երկու ընձյուղներ՝ ընտանիք են կազմել:
Տատը միշտ պատմում էր, թե ինքն ինչպես է Հովսեփին տեսնելուն պես հիշել, որ նա իր հոր ընկերոջ՝ պայտար Ղուկասի որդին է: Հիշել է նրա աչքերը, սև գանգուրներն ու նախշազարդ գոտին: Տղան հոր հետ հաճախ էր իրենց խանութ գալիս ու մինչ մեծերը զանազան գործերով էին զբաղվում՝ իրենք զրուցում ու խաղում էին: Միշտ ասում էր՝ ես Հովսեփին մանուկ ժամանակվանից էի հավանում:
Երբ եղեռնի դժոխքից հետո նրան Արագածի փեշին փռված գյուղում տեսել է՝ առաջինը գոտին է ճանաչել: Վազելով մոտեցել է ու գոչել. «Դուն Հովսեփն ես, չէ՞, ես քո գոտիդ կճանչնամ: Ինչ լավ եղավ, որ հանդիպեցանք»:
Լաջվարդ գոտին 80 տարի Կիրակոսյանների տան սրբությունն է՝ միշտ կախված է լինում հյուրասենյակի պատվավոր անկյունում: Հարսները մաքրություն անելիս ամեն անգամ կանչում էին պապին, որպեսզի թույլ տա փոշին մաքրել կամ լվանալ: Տատն իր ձեռքով էր գոտին լվանում, գուրգուրանքով շտկում, վերադարձնում տեղը: Ամենազարմանալին այն էր, որ ամեն նման գործողությունից հետո գոտին ավելի էր պայծառանում, թվում էր՝ Հովսեփի տատը հենց նոր է գործել, լվացել, տվել արևին ու կապել թոռնիկի պիրկ մեջքին:
– Մեր նախնիները,– միշտ ասում էր Հռիփսիմե տատը,– իրենց մարմինը բրդե գոտիով էին շիփշիտակ, ամուր պահում: Եթե տղամարդը գոտի չկապեր՝ կդառնար թույլ ու անզոր, կմրսեր, կհիվանդանար: Գոտին նրան անպարտելի էր դարձնում:
Իսկ նամակը ուրիշ պատմություն է անում, ու դա իրենց իմացածից շատ տարբեր եղելություն է.
«Ներիր ինձ, Հռիփսիկ, ես 80 տարի քեզ խաբել եմ: Ես ամենևին էլ Հովսեփը չեմ, ում դու ճանաչում էիր որպես հորդ ընկերոջ տղայի: Ես նրա հորեղբոր՝ Վարդգեսի տղան եմ՝ Գուրգենը»:
Ծովինարի ձայնը կտրուկ իջավ ու խզվելով մարեց: Սառը լռության մեջ լսվեց Գուրգենի խնդրանք-հրամանը.
– Շարունակիր, թոռ ջան, ինչ էլ լինի՝ նա է մեր հարազատը…
– Հարազատը,– փնչաց ավագ որդին,– բա ուրիշ ի՞նչը…
– Կարդում եմ,– ուշքի եկավ հոգեբանության մագիստրոս Ծովինարը:– «Երբ այդ ահավոր գիշերը թուրքերը մեր ամբողջ ընտանիքը քշեցին դեպի Եփրատը ու բոլորին սպանեցին՝ ես գիտակցությունս կորցրի ու ընկա ջուրը: Միայն հիշում եմ, որ գետի ջուրն ամբողջովին կարմիր էր, լիճ էր կապել: Լեփլեցուն էր դիակների կույտերով: Ես հասցրի նկատել, որ իմ հայրը, մայրն ու եղբայրները բոլորն սպանվել են, փոքր քույրս կպել էր մորս վզին, կառչել նրա մազերից: Նա կարծես թե կենդանի էր: Երբ փորձեցի քրոջս մորս դիակից պոկել՝ թուրք ժանդարմը թրով հարձակվեց վրաս: Ես հարվածից խույս տվեցի, ինձ ոչինչ չեղավ, իսկ քույրս ու մայրս ջրի մեջ սուզվեցին ու անհետացան, հավանբար թուրքի յաթաղանը նրանց էր բաժին ընկել: Թուրքը տեսավ, որ ես կենդանի եմ, քանի որ դա կատարվում էր ափին մոտ: Նա կատաղած գազանի նման նետվեց դեպի ինձ, բայց ես սուզվեցի ջրի մեջ: Էլ ոչինչ չեմ հիշում:
Ուշքի եկա լուսաբացին, կողքիս նա էր՝ Ղուկասի որդի Հովսեփը: Մենք մեր տեսած սարսափներից դողում էինք, չէինք կարողանում բառ անգամ արտասանել:
Ես Հովսեփից երկու տարով մեծ էի, առաջարկեցի ամբողջ ցերեկը մեռած ձևանալ, դիակների կույտի տակ պառկած մնալ, իսկ գիշերը փախչել սարերը:
Մենք երեխաներ էինք, չգիտեինք, թե երեկվա ծանոթ թուրքերն ինչու էին հայերին սպանում, աքսորի քշում, անմարդկային տանջանքների ենթարկում: Մի բան գիտեինք՝ պետք է փրկվել, ապրել, թեկուզ՝ մերկ ու սոված, բոլոր հարազատներից զրկված, անտուն ու անտեր… Սարերում մեզ մի քուրդ իր տուն տարավ, ծառա դարձրեց: Մի քանի ամիս ապրեցինք ստրուկի նման, բայց գոնե քնելու տեղ ունեինք, օրական երկու անգամ ուտելիք էին տալիս:
Մեր «երջանկությունը» երկար չտևեց՝ հարևան թուրքը գլխի էր ընկել, որ մենք հայի երեխաներ ենք: Քրդին մատնեց, դրա պատճառով մարդը տնավեր դարձավ, ընտանիքն առավ փախավ: Մենք էլ փախանք, բայց ճանապարհին Հովսեփն սպանվեց: Ես տեսա, թե թուրքերն ինչպես նրա գլուխը քարերով ջարդեցին: Հետո իմացա, որ ցեղասպան գազանները փամփուշտ էին խնայում, նրանց հրամայված էր հայերից ազատվել հնարավոր բոլոր միջոցներով, ու նրանք գործի էին դնում նախնադարից լուսավոր աշխարհ բերած ահասարսուռ մեթոդները: Հովսեփի նահատակությունը ես դիտում էի ժայռի խոռոչից, որտեղ կարողացել էի թաքնվել: Ես մահից ազատվեցի, որովհետև թուրքերը նրա գրպաններից ինչ-որ առարկաներ հանեցին ու սկսեցին քրքջալ:
Գիտեի, որ մեր տատը բոլորիս վերնազգեստների ներսի մասում գրպան էր կարել ու այնտեղ ոսկիներ դրել: Թուրքերն իրենց արնաթաթախ երախներով խրխնջացին ու թողեցին գնացին: Ես ժայռի ծերպում երկար մնացի, լաց էի լինում ու սարսափից դողում: Բայց երբ գիշերը վրա հասավ, ժայռից իջա, փայտի կտորով փոս փորեցի ու Հովսեփի խեղճ մարմինն այնտեղ թաղեցի: Դրանից առաջ ես վերցրի նրա նախշուն գոտին, որովհետև իմը կորցրել էի, հետո՝ ուզում էի հորեղբորս որդուց մի հիշատակ ունենալ: Ես գոտին չկապեցի, այլ ծոցիս մեջ դրեցի, վախենում էի, որ նրա տիրոջ ճակատագիրն ինձ կհալածի: Ես այդ գոտին կապեցի, երբ մի քանի բարի մարդկանց օգնությամբ հայտնվեցի Արագածի լանջերին:
Աշնանային այն պայծառ օրը դու ինձ այդ գոտիով տեսար, Հռիփսիկ: Երբ ուրախացած «Հովսեփ» կանչեցիր ու ինձ գրկեցիր՝ ես շփոթվեցի: Դու այնքան ուրախ էիր, քեզ թվաց՝ ամբողջ ընտանիքդ ես գտել: Դրա համար էլ չկարողացա ասել, որ ես Հովսեփը չեմ, որ թուրքերը նրան տանջամահ են արել: Մենք հորեղբոր տղաներ էինք, ու մանկությունից մեզ հաճախ էին շփոթում:
Ես քեզ խաբեցի, Հռիփսիկ, ամբողջ կյանքում խաբել եմ: Բայց դրանով ես քեզ երկրորդ մեծ վշտից էի ուզում ազատ պահել: Ներիր՝ ի սեր մեր բոլոր նահատակների, ի սեր նրանց, ովքեր մեր մեծ գերդաստանի շարունակությունն են այսօր և լինելու են վաղը…»:
Ընթերցանությունից հետո Կիրակոսյանների հարկի տակ պայթուցիկ լռություն իջավ: Վիճաբանությունը ծայր առավ հարսների շշուկներից ու աստիճանաբար դարձավ տաք բանավեճ: Որևէ մեկի մտքով չանցավ մեծ խաբեության համար պապին մեղադրել, հարցն այն էր՝ տատը կատարվածի մասին պետք է իմանա՞, թե ոչ:
Որոշումը կայացվեց դժվարությամբ, բայց միասնաբար՝ տատը պետք է մնա երջանիկ մոլորության մեջ:
– Այն ճշմարտությունը, որն ութսուն տարի թաքցվել է, կարող է ևս մի քանի տարի ննջել,– ընտանեկան խորհրդակցությունն ամփոփեց ավագ որդին:
Շեմին հայտնվեց Հռիփսիմե տատը: Վերջին տարիներին անբաժան դարձած ձեռնափայտին հենվեց ու թեև միայն «ննջել» բառն էր լսել, ասաց.
– Լավ է, որ բոլորդ էստեղ եք, ուզում եմ ձեզ մի… գաղտնիք հայտնել:
Գուրգենը տատին գրկած ներս բերեց, նստեցրեց ցածրիկ բազկաթոռին:
Հարազատները չէին կարողանում գուշակել՝ տատը նամակի ընթերցանությունը լսե՞լ է, թե ոչ:
– Ես ամբողջ կյանքում Հովսեփին խաբել եմ,– խոսեց խուփ աչքերով, ձեռքերը կրծքին խաչած: Ցույց եմ տվել, թե ինքը Հովսեփն է: Այնինչ իմ ամուսինը Հովսեփի հորեղբոր որդի Գուրգենն էր, նրանք պարզապես նման են եղել:
Մրմունջի նման ասված խոսքերը գերդաստանի մեծ ու փոքրին շանթահար արեցին: Գուրգենն ու Ծովինարը լուսնոտի նման օրորովելով մոտեցան տատին, ուշադիր նայեցին կիսախուփ, տամկացած աչքերին՝ կատակ չի՞ անում, բանականությունը չի՞ խախտվել:
– Ինչ-որ մեկը քեզ դրա մասին պատմե՞լ էր, տատ,– միաբերան հարցրին միջին սերնդի անհամբեր կանայք, նրանք կարծես թե այնքան էլ զարմացած չեն:
– Ոչ,– տատի դեմքի մարմրուն ժպիտը կենդանացավ:– Շատ անգամներ Հովսեփը երազում խոսել ու փաստորեն դա խոստովանել է: Ես էլ ձևացնում էի, թե ոչինչ չգիտեմ: Չէի ուզում նրա կյանքի միակ հեքիաթը ցաքուցրիվ անել: Երբ ես չեմ լինի՝ դուք սա ամբողջ գերդաստանին պատմեք, թող ճշմարտությունն իր տեղն ընկնի: Ու շատ մի մտածեք, թե ինչու երկու տարի շուտ կյանքից խռովեց, նա հենց 102 տարեկան էր, որ կար…
Տատը մահացավ նույն գիշերը, քնի մեջ, այսինքն առանց ամուսնու միայն քառասուն օր կարողացավ ապրել: Ծովինար ծոռնուհին լացը կոկորդի մեջ խեղդելով ընդգծեց՝ և քառասուն օրվա տարբերությամբ բացահայտվեց ութսուն տարվա երկու մեծ գաղտնիք:
Ինչ փոխվեց դրանի՞ց:
– Ոչինչ,– բոլորին տանջող հարցի պատասխանը փորձեց տալ Գուրգեն թոռը:– Երկու ազնիվ հոգիներ փակ սրտերով պաշտպանվել են արյունոտ իրականությունից, որպեսզի վերածնեն գոնե իրենց խորտակված գերդաստանները:
– Ոչ միայն,– ասաց մեծ տատի արտաքինն ու ներքինը մարմնավորող ծոռնուհին,– նրանք իրենց արդար ստով ապացուցեցին, որ թուրքերը փորձելով մեզ ոչնչացնել՝ որերորդ անգամ վրիպել են:
Կատարվածի վերաբերյալ յուրաքանչյուրն իր մտածումն ուներ, բայց այդ հայտարարությունը ոչ ոք չվիճարկեց:
ՀՐԱՉՈՒՀԻ ՓԱԼԱՆԴՈՒԶՅԱՆ
2012թ