Հրաչուհի Փալանդուզյան. ՀԱՄԱԴԱՐՄԱՆ
Պատմվածք
Դեղագործների համաշխարհային գիտաժողովն ավարտվելու էր ուրբաթ օրը: Նախօրեին հայկական «Մեզրե» ֆիրման վեց երկրների հետ պայմանագրեր էր կնքել, այնպես որ ձեռնարկության սեփականատեր Տիգրան Մեզրեն ու նրա որդին` գործերի կառավարիչ Արա Մեզրեն, որոշեցին Գերմանիան մեկ օր շուտ լքել: Այդ որոշումը խթանող մյուս հանգամանքն այն էր, որ տանից տխուր լուր էին առել` տիկին Աստղիկի վիճակն անակնկալ վատացել էր, հարկադրված հիվանդանոց էին տեղափոխել:
Պարոն Մեզրեին հայացքով որդուն էր փնտրում, նրան գտավ մի խումբ դեղագործների հետ բանավիճելիս, սակայն չկարողացավ լրագրողների խիտ օղակը ճեղքել: Տարբեր երկրների լրատվամիջոցների ներկայացուցիչները ոչ մի կերպ չէին ուզում բաց թողնել այն մարդուն, ով իր զեկույցով քարուքանդ էր արել դեղագործության ոլորտում հաստատված կարծրատիպերն ու հայտարարել,
որ իր ղեկավարած ֆիրման գտել է ցեղասպանության ենթարկված ազգերի ամոքման բանալին՝ «Համադարման» դեղամիջոցը: Հարցերը բազմազան էին՝ դեղի ներգործության կառուցակարգից մինչև հայերի առողջության վրա ցեղասպանության գործած ավերմունքի ճշգրիտ նկարագրությունը: Պարոն Մեզրեն մանրակրկիտ պատասխաններ էր տալիս, բայց նկատելով, որ նա ստեպ-ստեպ ժամացույցին է նայում՝ լրագրողներն ի վերջո մարդուն թույլ տվեցին իր գործերի հետևից գնալ:
-Արա,-սրահի կենտրոնում վեճը թեժացրած տղային ձայնեց պարոն Մեզրեն,-օդանավից ուշանում ենք, ընկերներիդ հրաժշետ տուր:
-Հիմա, հայրիկ,-երիտասարդը որոշ անբավականությամբ կտրվեց խմբից, մոտեցավ հորը: -Ի դեպ, այստեղ մի տիկին կա, Ստամբուլից, նա ևս առաջարկում է մեր ֆիրմայի հետ պայմանագիր կնքել: Բացատրեցի, որ բավարար քանակությամբ պայմանագրեր ենք կնքել, նորի կարիքը չունենք, բայց նա համառում է, ցանկանում է անձամբ քեզ հետ բանակցել:
-Մենք ուշանում ենք, տղաս, դու նրանից ներողություն խնդրիր ու արագ իմ հետևից եկ: Մի մոռացիր, որ մայրդ կրկին սրտի նոպա է ունեցել:
Վերջին նախադասությունը կարող էր և չասել, քանի որ որդին պակաս չէր մորը պաշտում, բայց դա ասաց, որպեսզի իրեն էլ շտապեցնի:
Արան պարզ տեսավ, որ հոր վրա Ստամբուլ բառը տհաճ ներգործություն ունեցավ: Ընդհանրապես նա խուսափում էր Թուրքիային ու թուրքերին առնչվող ցանկացած խոսակցությունից, նման պահերին կարծես մարմնով զզվելի կենդանի էր սողում: Գլուխը թափահարում էր ու աշխատում մտքերի համար այլ զբաղմունք գտնել, քան անցյալի ապրումները վերհիշելը: Նրան գոհունակոթյուն էր պատճառում միայն հայերեն «վերապրել» և «վերապրող» բառերի հշատակումը:
Պարոն Մեզրեն դիմեց դեպի դուռը, որովհետև արդեն թե գիտաժողովի կազմակերպիչներին էր հրաժեշտ տվել, թե նիստի նախագահին:
-Ահաև նա,-շշուկով ասաց կողքից քայլող որդին:
Սրահի դռների առջև կանգնած էր մի փառահեղ գեղեցկուհի: Չնայած տարիքին` կինը շողում էր արևելյան հմայքների ամբողջ շուքով: Սևաթույր սանրվածքը համեստորեն բազմել էր գլխի գագաթին ու ցուցադրում էր ճերմակ դեմքի կատարյալ գծագրությունները: Բոլոր դիմագծերը ողողված էին ժպիտի մեղմ ցոլքերով: Դրանք, սակայն, որոշակի ուղղություն ունեին` երիտասարդ Արան: Պարոն Մեզրեն դա բնական համարեց, քանի որ անծանոթ տիկինը հենց որդու հետ է նախապես զրուցել:
Կնոջ հայացքը մեծ դժվարությամբ պոկվեց Արայից ու հանգրվանեց պարոն Մեզրեի շտապողական, դժկամություն արտահայտող կերպարանքին: Իմացած լեզուներից պարոնը նախապատվությունը տվեց գերմաներենին, թերևս այն պարզ պատճառով, որ այդ պահին գտնվում էին Գերմանիայի մայրաքաղաքում:
-Բարև ձեզ, տիկին…
-Հելեն,-ինչ-որ խառն արտասանությամբ ասաց կինը:
-Այո, ուրախ եմ:
-Մենք կարո՞ղ ենք զրուցել,-կնոջ ձայնն սկսեց բեկվել, շրթունքները հազիվ էին բառերն արտաբերում: Նրա գերմաներենն ինչ-որ կոպիտ առոգանություն ուներ, բայց դրանով իսկ հնչում էր սրտառուչ նրբությամբ:
-Ես ձեր առաջարկը չեմ կարող ընդունել, որովհետև…
-Ես գիտեմ,-իր աշխարհից փորձեց վերադառնալ անծանոթուհին:-Այդուհանդերձ խնդրում եմ ինձ լսեք:
-Անկարելի է, մենք օդանավից ուշանում ենք:
Պարոն Մեզրեն թրքուհուն ժպտաց շրթունքների բռնի շարժումով: Սիրտն աճապարում էր դեպի Տորոնտո` հիվանդ կնոջ մոտ:
-Դուք ինձ մերժում եք, որովհետև ես թրքուհի՞ եմ,-զրուցակցի վրա ազդելու լավագույն միջոցը գտավ կինը: Նրա աչքերը խոնավացան: Քանի որ դա նրա կամքից անկախ էր` փորձեց ակնոցի տակ քողարկել:
-Ի սեր աստծո, ես գործարար եմ, ինձ համար երկրներն ու ազգերը նշանակություն չունեն:
-Անկեղծ չեք,-պարզորեն ասաց կինը,-ես ծանոթ եմ ձեր կյանքի մանրամասներին:
-Բոլո՞ր մանրամասներին,-չկարողացավ հեգնանքը զսպել պարոն Մեզրեն:
-Մի հեգնեք, հարգելի գործընկեր, մենք անգամ ինքներս ենք ծանոթ:
Այդ ասելիս նա հայացքը կրկին հառեց Արային: Երիտասարդի համար դա շատ տհաճ էր, այդ կինը կարծես ուզում էր իր հոգու խորքից ինչ-որ գաղտնիք դուրս քաշել:
-Հայրիկ,-ասաց նա,- դուք կարող եք տասը րոպե զրուցել, ես ճեմասրահում կսպասեմ:
Տղայի վճռականությունը պարոն Մեզրեին զայրացրեց, ի՞նչ է, ուզում է իրեն թուրքերի հետ պայմանագի՞ր պարտադրել:
-Սպասիր, ես էլ եմ գալիս:
Համենայնդեպս չէր կարող առանց բացատրության զրուցակցուհուն լքել: Որոշ զիջողականությամբ հարցրեց.
-Մենք ինչպե՞ս կարող ենք ծանոթ լինել, եթե առաջին անգամ ենք հանդիպում:
-Իսկ սա՞,-շշնջաց տիկինն ու վզնոցի կախազարդն արագ բացելով այնտեղից հանեց թղթի խունացած, ծալծլված մի կտոր:
-Սա ի՞նչ է,-ընկրկեց պարոն Մեզրեն:
-Դեղագիր: Չհիշեցի՞ք:
-Իմ ձեռագիրն է,-ասաց նա: Սրտի բաբախյունը խլացնելու համար մի քայլ հետ գնաց, նստեց մոտակա սեղանի մոտ դրված բազկաթոռին:
Թրքուհին շտապեց զբաղեցնել հարևան բազկաթոռը:
Պարոն Մեզրեն ակնթարթորեն հիշեց այն երեկոն, երբ Խարբերդի ոստիկանապետը մի քանի ոստիկանների հետ եկավ իրենց տուն ու հրամայեց ներկայանալ վալիին: Բոլորի նման Փափազյաններն էլ էին պատրաստվում գաղթի ճամփան բռնել: Ամբողջ քաղաքի հայությանը մի քանի ժամ էին տվել իրերը հավաքելու և աքսորի դուրս գալու համար համար: Իբր պատերազմական վիճակը թելադրում էր բնակչությանն առավել անվտանգ վայրեր տանել: Բայց Տիգրանը ծանոթ հեռագրիչից իմացել էր, որ թուրքական կառավարությունը որոշել է հայությանը բնաջնջել: Հեռագրիչը թուրք էր, ազատ խոսում էր հայերեն ու ֆրանսերեն: Իհարկե, նա հեռագրեր չէ, որ ստանում էր, այլ ծածկագրեր: Քանի որ բարի մարդ էր ու հայերին շատ էր սիրում` Տիգրանին զգուշացրել էր, որ ընտանիքն առնի փախչի:
Խարբերդի հայությունը խուճապի մեջ էր, քաղաքն արդեն շրջապատված էր ժանդարմների հոծ խմբերով, փախչելու ոչ մի ելք չէր երևում: Փափազյանները լաց ու կոծով իրերն էին հավաքում, մայրն ու տատն անընդհատ խորհրդակցում էին, բայց ոչ մի որոշման չէին հանգում` չգիտեին ինչ վերցնեն, ինչ թողնեն, չէին կռահում, թե դեպի ուր է ձգվելու իրենց ուղին: Փոքր եղբայրներն ու քույրերը լաց էին լինում, մեծերի փեշերից կախվում: Հորեղբոր ընտանիքը ևս հուսահատության եզրին էր: Հորեղբորը, ինչպես իր հորն ու ավագ եղբորը, մի քանի ամիս առաջ էին թուրքական բանակ տարել ու ինչպես լսել էին` տեղ էլ չէին հասցրել, քաղաքի մոտակայքում գնդակահարել էին: Անտղամարդ մնացած Փափազյանների միակ հույսը 19-ամյա Տիգրանն էր: Բայց ինքն ի՞նչ կարող էր անել: ճիշտ է` վալիի երկու տղաներին հենց վերջերս էր թունավորումից բուժել, բայց դա երաշխիք չէ, թե իր ընտանիքը կխնայեն: Ու որքան էլ հրաշքի է նման` խնայեցին: Ոստիկանապետը նրան տարավ վալիի տուն: Վալին տխուր էր, հուզմունքից ձեռքերը դողում էին: Պաղատեց.
-Աղջիկս հիվանդացել է, որդիս, բուժիր նրան: Բացիր քո դեղարանը, ես քեզ թույլատրում եմ: Եթե աղջկաս ոտքի կանգնեցնես` ես ընտանիքդ աքսորից կփրկեմ: Դու կմնաս քաղաքում ու կշարունակես աշխատել: Խոստանում եմ միջնորդել, որ կառավարությունը քեզ ամեն բանով ապահովի ու պաշտպանի: Միայն թե փրկիր միակ աղջկաս, նա շատ վատ դրության մեջ է:
Դա իր կյանքի ամենամեծ անակնկալն էր, արդեն ոչ մի հույս չուներ, թե ջարդերի սպանդանոցից կկարողանա մազապուրծ լինել: Այն էլ՝ ընտանիքի հետ: Ճիշտ է՝ ընտանիքը գլխատված էր, հայրն ու մեծ եղբայրը չկային, բայց մյուսները հո կային: Վալին լավ մարդ էր, խոստումը կատարեց՝ Փափազյանների ընտանիքը չաքսորվեց: Հետաքրքիրն այն էր, որ նրա դուստրը կարծես թե այնքան էլ հիվանդ չէր, ինչպես ներկայացրել էին հայրն ու վշտից խելագարվող մայրը: Համենայնդեպս այդ դեպքի շնորհիվ ամբողջ ընտանիքով ստույգ մահվանից խուսափեցին: Իհարկե, քաղաքում իրենց մնալը տեղացի գազազած թուրքերին դուր չէր գալիս. մի անգամ, երբ վերադառնում էր բանտապետի տնից, փողոցում հետևից «գյավուր» գոռացին: Դա հարձակման բացահայտ կոչ էր, այն ժամանակ չզգաց: Զայրույթով հարձակվեց ստահակների վրա ու մի լավ դաս տվեց: Բայցև հասկացավ, որ այդ արյունարբու գազանները դա չեն մոռանա:
Նույն գիշեր մորը, փոքր եղբայրներին ու քույրերին առավ ու մի թուրք կառապանի առատ վճարելով` փախավ Դերսիմ: Հետո անցան նույն արյունոտ ճանապարհներով, ինչ իրենցից առաջ գնացած գաղթականները, մայրն ու քույրերը սովի, ծարավի ու հիվանդությունների ճիրաններից չփրկվեցին, եղբայրներից մեկին քուրդ շեյխը գերի տարավ, մյուսին աչքների առաջ թրատեցին: Կրտսեր քրոջ հետ հաջողվեց մի կերպ փախչել: Ամբողջ գերդաստանից փրկվեցին ինքն ու քույրը: Հետո` տաժանակիր աշխատաքի երկար տարիներ, հիմնավոր ուսումնառություն, բիզնես, ընտանիք և փառք աստծո` դեղագործի այս համաշխարհային համբավը:
Թրքուհին նստել էր ու անքթիթ նայում էր համառորեն լռող Տիգրան Փափազյանին: Մոտավորապես պատկերացնում էր, թե 50 տարի առաջ կատարված ողբերգությունը նրա հոգում ինչ փոթորիկ է արթնացրել:
-Ես այդպես էլ չհասկացա, թե ձեր հիվանդությունն ինչ անուն ուներ: նման չէիք լուրջ հիվանդի,-ի վերջո խոսեց տղամարդը:
-Հորս, մեր ամբողջ ընտանիքին ես խաբել էի,-ժպտաց թրքուհին:-Ասել էի, թե տառապում եմ ստամոքսի խանգարումից, իբր` մահացու թունավորվել եմ:
-Խաբե՞լ:
-Այո, որպեսզի ձեզ աքսորից ազատեմ: Ես ձեզ տեսել էի, երբ եկել էիք մեր տուն` եղբայրներիս բժշկելու:
Նրա հայացքը քնքշացավ, ձայնը փափկեց: Թեև տարիքը 70-ին էր մոտենում` աղջկա նման շիկնեց ու շփոթվեց: Չասեր էլ` հասկանալի էր, որ այն սարսափելի տարիներին սիրահարված է եղել հայ դեղագործ տղային:
-Մի անգամ կուսակալը եկել էր մեր տուն, նա շատ հուզված էր, հայրիկիս հետ առանձնացավ ու սկսեցին վիճակը քննարկել: Ես էլի էի լսել, որ հայերին մեծ դժբախտություն է սպասում, անհանգիստ էի, չգիտեի, թե քեզ ինչպես լուր ուղարկեմ: Այդ օրը թաքնվեցի ու նրանց խոսակցությունը լսեցի: Կառավարությունը գաղտնի հրաման էր տվել, որ հայերին արտաքսեն ու ամեն միջոցով ոչնչացնեն: Երկուսն էլ դժգոհ էին՝ իրար հարց էին տալիս, թե հայերն ինչ մեղք են գործել: Բայց հրամանը պետք է կատարեին, այլապես իրենք էլ կպատժվեին: Ես այդ ժամանակ ձևացրի, թե ծանր հիվանդ եմ, քո դեղերի կարիքն ունեմ: Այն մտքից, որ դու կարող ես չլինել կամ քաղաքից բացակայել` ես խենթանում էի: Մայրս գիտեր իմ հիվանդության բուն պատճառը, նա էլ էր քեզ շատ հավանում, դրա համար էլ սկսեց հորս համոզել, որ մի բացառություն կարելի է անել:
Տիգրան Մեզրեն մտքերի մեջ ընկավ. ահա բացվեց այն գաղտնիքը, որի շնորհիվ քրոջ հետ ցեղասպանությունից փրկվել է: Իրենց փրկել է այս թրքուհու սերը: Նրա արարքին չի կարելի այլ անուն տալ, ասենք՝ ազնվություն, գթասրտություն, մեծահոգություն: Դա սեր էր, ամենակարող սեր: Ուրեմն թուրքն էլ կարող է սիրել` ինչպես մոլորակի բոլոր մարդիկ…
-Հետագայում ես տեղեկացա, որ ձեր ընտանիքի շատ անդամներ յաթաղանի ու տեղահանության զոհ են դարձել, բայց քո մասին շատ երկար ժամանակ ոչ մի լուր չունեի,-պատմում էր թրքուհին:-Հորս խնդրեցի ինձ Եվրոպա ուղարկել դեղագործություն ուսանելու: Նա չմերժեց, մանավանդ որ երկիրը հայաթափ անելուց հետո մասնագետների ու արհեստավորների իսկական սով էր սկսվել: Ըստ երևույթին մայրս նրան պատմել էր իմ զգացմունքների մասին: Այո, Տիգրան, դրանք շատ խոր ու անկեղծ զգացմունքներ էին, ես ամբողջ կյանքում չկարողացա այլ տղամարու նայել, այդպես էլ չամուսնացա, նվիրվեցի քո մասնագիտությանը: Քեզ կորցնելուց հետո ես շատ եմ մտածել հայկական ջարդերի ու իմ ազգի մասին: Եթե հիմա քեզնից ներողություն խնդրեմ` ինձ չես հավատա, կկարծես, թե իմ մեջ անձնական վերաբերմունքն է խոսում: Այդպես չէ, ես նույնիսկ երիտթուրքերի դատավարությանն եմ մասնակցել, շատ փաստեր եմ ուսումնասիրել: Այն, ինչ կատարվեց դարասկզբի Թուրքիայում` ահավոր էր, անմարդկային… Սկզբում ուզում էի իրավապաշտպան դառնալ, բայց հետո մտածեցի, որ թուրք ազգին առաջին հերթին բուժվել է պետք: Այժմ ես քեզ առաջարկում եմ իմ ֆիրմայի հետ պայմանագիր կնքել, ես կցանկանայի ներկրել «Համադարման» դեղը, որը բուժում է աղեստամոքսային այն խանգարումները, որոնք ոչ թե թունավորումից են առաջանում, այլ հոգեկան ապրումներից:
Պարոն Մեզրեն թրքուհուն այլևս արհամարհանքով չէր նայում: Հիշեց նրա ջահելությունը` վառվռուն, երգեցիկ ու ճախրուն մի արարած, որ չգիտես ինչ հրաշքով էր թուրքի հարկի տակ հայտնվել: Փաստորեն` այդ ազգից էլ կարող են նման ստեղծագործություններ գոյանալ: Եվ դեռ ավելին` այդ թրքուհին ոչ միայն սիրել է իմացել, այլև մտածել, զգալ, հասկանալ: Դեղագործ է դարձել, որպեսզի իր ազգի մարմինը բուժելով` հոգին էլ ախտազերծի: Բայց իր հայտնագործած դեղո՞վ…
-Այդ դեղը ես իմ ազգի համար եմ ստեղծել: Որովհետև երբ քո ազգակիցները հային իր բնօրրանում մորթեցին, իսկ փրկվածներին ստիպեցին աշխարհացրիվ գաղթականներ դառնալ` այդ գաղթականներն արդեն առողջ մարդիկ չէին: Նրանց մարմնի հետ խեղվել էր նաև հոգին: Իհարկե, նրանք հոգեկան հիվանդներ չեն, նույնիսկ ոմանք հանճարներ են, շատերը` տաղանդ, մեծ մասը՝ խելոք, դատող արարածներ, բայց նրանց մեջ կոտրվել էր մարդու հանդեպ հավատը: Ես այդ դեղն ստանալու համար տասնյակ տարիներ տքնել եմ, տառապել եմ, շատ հաճախ էլ հուսալքվել եմ, բայց ի վերջո հաջողեցի: Ի վերջո ես գտա իմ ազգին բուժելու համադարմանը: Այդ դեղը նրա մարմինը մաքրում է թույնից, միաժամանակ վերականգնում է լավատեսության հորմոնը:
Թրքուհի տիկինը հուզվեց.
-Իրո՞ք, այդ դեղը նման զորությո՞ւն ունի:
-Ունի, բայց քո ազգին չի կարող օգնել: Ես ձեզ շատ լավ եմ հասկանում, դուք ուզում եք հայերից վերջին շնորհներն էլ կորզել: Նրանց իրենց հողից արտաքսել եք, բայց դրանով չեք բավարարվում, ուզում եք աշխարհասփյուռ բարիքներից ևս օգտվել: Դուք կարծում եք, թե հայն ստեղծված է, որպեսզի բավարարի ձեր գազանային պահանջները` իր հողը, իր գանձերը, իր գենը տա ձեզ, հետո էլ` քանքարի պտուղները, այո՞, այո՞… Չի լինի:
Պարոն Մեզրեն ոտքի ելավ, պոռթկումի այդ պահին աշխատում էր զրուցակցուհուն չնայել: Կատաղությունը ներսում եռում էր: Այդ գեղանի տիկնոջը, ով, այո, իր կյանքն է փրկել, պատրաստ էր ապտակել: 50 տարի, կես դար ինքը խուսափում է թուրքերի հետ ցանկացած հանդիպումից, խուսափում էր հայի արյամբ ներկված, ոսկորներով ծածկված այդ անիծյալ երկիր այցելելուց: Փակել էր իր ականջները, աչքերը, զգայարանները… Միայն մի բան է երազել` այնպիսի դեղ ստանալ, որը կարողանա հային ապաքինել, դարձնել հզոր, լավատես, առողջ ազգ: Հիմա ոսոխի դուստրը եկել` իրենից իր հայտանգործությունն է ուզում խլել: Թեկուզև հրաշագեղ արտաքին ունի ու նրա սիրտը մի ժամանակ իրենով է լցված եղել: Թեկուզև իր կյանքի համար նրա աղջկական խորամանկությանն է պարտական… Դանդաղ արտաբերեց.
-Բացառված է, տիկին, դուք անկարելին եք խնդրում:
Թրքուհին կարծես այդ բառերը չլսեց: Նրա աչքերն ուղղված էին սրահի կենտրոնին, որտեղից Արան ձեռքերի արտահայտիչ շարժումներով հորը հասկացնում էր, որ ուշանում են: Պարոն Մեզրեն նոր հասկացավ, թե թրքուհին ինչու է իր որդուն աչքերով այդպես հալածում: Արան իր երիտասարդության անսխալ պատճենն է` նույն հասակը, նույն գանգուրները, նույն դիմագծերն ու ժպիտը: Տղային մոտ կանչեց:
-Նստիր:
Ինքն էլ կրկին նստեց:
-Այս տիկինը ցանկանում է, որ մենք իրենց վաճառենք մեր «Համադարմանը»: Ի՞նչ կարծիքի ես:
-Նա Ստամբուլից չէ՞:
Հայրը չպատասխանեց: Անգամ հայացքի ուղղությունը չփոխեց:
-Թույլ կտա՞ք երկուսիդ հարց տամ,-թրքուհին զգուշությամբ մեկ հորը, մեկ որդուն նայեց: Երևի երկար սպասել էր այն պահին, երբ նրանք իրեն միասին կլսեն.
-Եթե հայերն այդ դեղից օգտվեն և դառնան նախկինի նման հզոր և առողջ, իսկ թուրքերը մնան նույն գազանը, նույն նվաճողը, նույն ուրացողը՝ աշխարհը դրանից կշահի՞: Հենց հայերը դրանից կշահե՞ն:
Հայր ու որդի զարմանքով թրքուհուն նայեցին: Նա շատ գեղեցիկ էր, բայց այդ պահին հմայում էր իր խելքով: Իհարկե` ոչ ոք դրանից չի շահի, մտածեցին երկուսով: Թրքուհին ժպտալով շարունակեց.
-Ուրեմն ինչո՞ւ եք կարծում, թե թուրքին առողջանալ պետք չէ: Դուք կարծում եք` ցեղասպանությունից հետո թուրքերը երջանի՞կ են: Դուք գիտե՞ք, թե որքան շատ են հոգեկան հիվանդները, շիզոֆրենիկները, պարանոյիկները… Դուք կարծում եք մարդ մորթելն այդքան հեշտ արարք է ու դա կարելի է մոռանա՞լ… Մեզ ավելի շատ է համադարման պետք, քան հայերիդ: Օգնեք իմ ժողովրդին, ի սեր աստծո: Եթե ուզում եք առաջվանը լինել, եթե ուզում եք աշխարհում անդորրություն լինի` օգնեք իմ ժողովրդին:
Թրքուհու աչքերը մշուշվեցին, ապա լցվեցին արտասուքի փայլփլուն լճակներով: Այդ աչքերը նայում էին համառ հետաքրքրությամբ, սակայն ավելի շատ գութ էին աղերսում: Արան հայացքը հորը դարձրեց՝ ո՞վ է ումից գութ աղերսում… Հայրն էլ էր ազդվել, արտասուքի նույն լճակները նրա աչքերում էին պսպղում:
Որդին հասկացավ, որ հոր հոգում մեծ պատերազմ է սկսվել: Թրքուհու խոսքերը չէին կարող նրա վրա չազդել, քանի որ շատ էին անկեղծ: Ոչ այդ դեղագործ տիկինը, ոչ իրենք քաղաքականության հետ որևէ առնչություն չունեն, երեքն էլ ատում են հասարակական գործունեության այդ ոլորտը. բոլորն էլ, իրենց ժողովուրդներն էլ հետը` դրա զոհերն են: Քաղաքականություն կոչված հրեշի, որ մի ազգին ստիպում է բնաջնջել մյուսին ու տիրանալ նրա ունեցվածքին: Ունեցվածքի բոլոր տեսակներին` նյութական, հոգևոր, մշակութային, անգամ նրա երազանքն են փորձում կողոպտել…
-Ես համաձայն եմ,-թղթապանակն արագ բացելով ասաց պարոն Մեզրեն:- Մենք այդ պայմանագիրը կկնքենք: «Համադարման» դեղամիջոցը թող Հայաստանից ու ցեղասպանված մյուս երկրներից բացի նաև Թուրքիա առաքվի: Միայն թե, հարգելի տիկին, ուզում եմ ձեզ տեղեկացնել, որ մեր ազգանունը և ֆիրմայի անունը շինծու չեն, դա իմ նախնիների ծննդավայր Մեզրե գյուղի անունն է: Ինչ վերաբերում է պայմանագրին` ես այն կստորագրեմ` մտքիս մեջ ունենալով ոչ թե Թուրքիա պետությունը, այլ Արևմտյան Հայաստանը, որի միայն անունն ու բնակչությունն են փոխվել, իսկ էությունը մնացել է հայկական: Դե՞մ եք:
-Ձեր մտքերը ձեր մտքերն են, պարոն Մեզրե,-պատասխանեց խանդավառությունից կերպարանփոխված տիկինը;-Ես կստորագրեմ` մտքիս մեջ ունենալով ձեր ներումը: Առայժմ այդքանը: Դե՞մ եք:
-Արա, քո գրիչը տուր,-որդուն դիմեց պարոն Մեզրեն,-քեզ չեմ ասել, բայց համադարմանի բանաձևը քո գրիչով եմ ստացել:
-Խնդրեմ, հայրիկ:
-Շնորհակալություն, պարոնայք,-գրիչը վերադարձնելով Արային` ժպտաց թրքուհին:-Իսկ դու, Տիգրան, վերադարձրու իմ դեղագիրը: Ես էլ դեղագործության ասպարեզ ոտք եմ դրել այդ դեղագիրը կրծքիս կրելով:
Վերջին անգամ նրանք հանդիպեցին օդանավակայանում: Թրքուհու ձեռքին ծածանվում էր ճերմակ թաշկինակը: Ի պատասխան` հայր և որդի Փափազյանները գոչեցին` հա՛-մա՛-դար՛-մա՛ն…
Ապա օդանավերը նրանց բաժանեցին` մեկը սուրաց դեպի հեռավոր Կանադա, մյուսը` Ստամբուլ, հայի համար՝ Կստանդնուպոլիս, Կ.Պոլիս:
Հրաչուհի Փալանդուզյան
2013թ.