ՀՐԱՉՈՒՀԻ ՄԻՐԶՈՅԱՆ. «Մեր լավագույն բանաձևն ազգային լինելն է»
«Ժամանակը կերտողները» նախագծի շրջանակներում այսօր կզրուցենք փիառի և մարքեթինգի մասնագետ ՀՐԱՉՈՒՀԻ ՄԻՐԶՈՅԱՆԻ հետ:
— Ինչպե՞ս սկիզբ առավ Ձեր մասնագիտական ուղին:
_Առաջին մասնագիտությամբ ժուռնալիստ եմ։
Խոսել սկսել եմ շատ վաղ տարիքից։ Ծնորղներիս խոսքերով՝ բոլորին զարմացնում էին տարիքիս ոչ համահունչ կապակցված խոսքով։ Գրել նույնպես սկսել եմ դեռևս տարրական դասարաններից։ Դպրոցի ավարտական դասարաններում թողարկում էինք «Տիր» թերթը, որի մշակութային մասի պատասխանատուն էի։
Առաջին մասնագիտությունս մի տեսակ «ենթադրելի» էր, քանի որ ինչ ինձ հիշում եմ, բոլորն ասում էին, թե պիտի խոսեմ հեռուստատեսությունից։ Բայց հայտնվեցի ռադիոյում։
Երրորդ կուրսում, երբ արդեն երկու տարի աշխատում էի մասնագիտությամբ, մի տեսակ «պակաս» զգացի, սկսեցի մտածել, որ միայն ժուռնալիստիկայով իմ նպատակներին հասնելը շատ դժվար կլինի։ Այդ տարի սկսեցինք «Գովազդ» առարկան ուսումնասիրել։ Հոգեհարազատ թվաց մասնագիտությունը, ոլորտի ուսումնասիրությունը սկսեցի ուսմանս ու աշխատանքիս զուգահեռ շարունակել ինքնակրթությամբ։
Մագիստրատուրայիս դիպլոմը ստանալիս՝ արդեն միանշանակ որոշում ունեի. թողնում եմ ժուռնալիստիկան ընդմիշտ, որովհետև այն երբեք չի կարող լիարժեք օբյեկտիվ լինել, և շատ հաճախ ծառայում է հակապետական, հակահայկական օրակարգերի՝ թեկուզ անտեսանելի ձևով։
Հետո արդեն հասարակայնության հետ կապեր, մարքեթինգ, կառավարման խորհրդատվություն, ռազմավարական զարգացում, քոուչինգ։ Ու այս ամբողջ ընթացքում՝ դասավանդում։
— Կպատմե՞ք Ձեր մասնագիտական ձեռքբերումներից:
-Թեև ստեղծագործական են բոլոր նախագծերս, բայց կարծում եմ, այդ մասով ձեռքբերումներս դեռ առջևում են։ Մասնագիտական ձեռքբերումներիցս դեռևս բարձրագույնը համարում եմ Արցախում կայացած CONIFA-ն՝ չճանաչված ֆուտբոլային ակումբների Եվրոպայի մրցաշարը։ Դժվարի, բարդ, գերծանրաբեռնված նախագիծ էր, ծայրահեղ պատասխանատու, սուղ ռեսուրսներով, որտեղ ամեն ինչ մասնագիտական կարողությունների լիարժեք ներդրմամբ էր հնարավոր հաջողել։ Հաջողեցինք՝ դրանում ներգրավված բոլոր թիմերի, անհատների և Արցախի այն ժամանակվա կառավարության բառացիորեն 24-ժամյա աշխատանքով։
Դա ձեռքբերում էր ոչ միայն նախագծի մասշտաբայնության համար, այլ որովհետև սովորելու, կիրառելու հսկայական դաշտ էր՝ իմ սիրելի Արցախում ու հանուն Արցախի։
— Ի՞նչ առաքելություն ունեք Դուք՝ որպես հայ և որպես մասնագետ:
-Հայրիկս ու իր սերունդն ինձ պետություն ունենալու, այն ամրացնելու պատգամ են տվել։ Ես սեփական աչքերով եմ տեսել ու մասնակցել 88-ի շարժմանը, ամբողջ էությամբս եմ ապրել հայկական զարթոնքը։ Դա է ձևավորել կյանքի, աշխարհի ու հայկականության մասին իմ պատկերացումները։ Որպես հայ՝ ես պարտավոր եմ իմ ժառանգներին ավելի ուժեղ ու հզոր հայկական պետականություն թողնել՝ որքան հնարավոր է պակաս «կնճիռներով»։ Ու դա հնարավոր է անել՝ որպես մասնագետ և քաղաքացի՝ կարողությունների առավելագույնը և անշահախնդիր՝ հանուն պետության, հայկական միասնականության, համայն հայության և հայկականության հարատևության ներդնելու միջոցով։
— «Կրթված կանայք հասարակության համար գանձ են»,-ասել է Մխիթար Գոշը: Դուք ինչպե՞ս կմեկնաբանեք այս միտքը:
-Կհավելեմ Նժդեհի խոսքերը. «Մայրերի ափերի մեջ է սերունդների ապագան»։ Մայրն է կանխորոշում՝ իր զավակը կսիրի սովորել, թե ոչ, կլինի արդարության ու պետականության համար պայքարող, թե լուռ համակերպվող, արարող է, թե սպառող։
Իհարկե, նկարագրածս միայն ծայրահեղություններն են, դրանց մեջտեղում էլ կան բազմաթիվ տարբերակներ, սակայն ինչ էլ լինի, մոր ուղղորդումն ու օրինակը չափազանց կարևոր են ինչպես անձի, այնպես էլ քաղաքացու ձևավորման հարցում։
— Ինչ է տալիս մեզ՝ հայերիս, գերմանացի գիտնական Հենրիխ Շլիմանի այն վկայությունը, թե. «Եվրոպայի դժբախտությունն այն էր, որ նա որպես քաղաքակրթական հիմք ընդունեց Հունաստանը, և ոչ Հայաստանը»:
-Առաջին հերթին մեզ հնարավորություն է տալիս՝ խորասուզվելու հայկական բազմահազարամյա քաղաքակրթության և կենսափիլիսոփայության մեջ։
Մենք անհամադրելին համադրելու բնածին կարողություն ունենք, և պատմությամբ ենք ապացուցել, որ կարող ենք և՛ Արևելք լինել, և՛ Արևմուտք, Հյուսիս կամ Հարավ։ Մեր մշակույթն էլ դրա մասին է։
Գիտնականի ասածը հավանաբար նշանակում է, որ մեր բազմակողմանիությունը այլ, հավանաբար զարգացման ու հարատևման հնարավորություններ կստեղծեր Եվրոպայի համար։
Որքանո՞վ ենք մենք գիտակցում մեր ազգային և քաղաքակրթական առանձնահատությունների հենքով կարողությունները ու դրանց կիրառությամբ մեր պետականությունը ստեղծելու անհրաժեշտությունը։ Չգիտեմ։
Մի բան ինձ համար պարզ է։ Ամուր, կայուն, զարգացող ու մշտապես մրցունակ լինելու համար մեր լավագույն բանաձևն ազգային լինելն է՝ կյանքի բոլոր ոլորտներում։
— Ո՞րն է Ձեր գաղափարախոսությունը:
-Իմ գաղափարախոսությունը հայկականությունն է՝ մաքրամաքուրն ու հավերժականը, որ մեզ համար ճանապարհ է հարթել մինչև մեր օրերը՝ անկախ նրանից, որ մեր հարևաններից շատերն այլևս չկան։
Իմ գաղափարախոսության կարևորագույն բաղկացուցիչ է առաջնորդության հայկական մոդելը՝ հիմքում ունենալով պատասխանատվություն, ընդհանուր շահի գերադասում, պայքար՝ հանուն։
Սա, անկեղծորեն, դժվարին ճանապարհ է, բայց այն իմն է ու իմ ազգայինը։
-Մերօրյա իրականությունն ինչպե՞ս է արտացոլվում Ձեր ստեղծագործություններում:
-Գրեթե չեմ ստեղածգործում։ Գրում եմ հազվադեպ ու ավելի դառնացած։ Թեև միշտ էլ ամենամութ ժամը արևածագից առաջ է լինում։
-Ի՞նչն է խանգարում մասնագիտական ունակությունները իրականացնելուն:
-«Մերոնքական»-«ոչմերոնքական» բաժանումը ցանկացած ոլորտի լրջագույն խնդիրն է այսօր։ Այս արհեստական բաժանարարների մեջ ընտրության՝ առանց այն էլ խիստ նեղ հնարավորություններն է՛լ ավելի են պակասում։ Մի քանի անգամ ասել եմ, էլի կրկնեմ։ Վերջին շրջանի ամենամեծ ու ամենադարդ լուծելի խնդիրն այն է, որ պրոֆեիոնալիզը դարձել է խարան։ Իսկ մեզ հիմա պրոֆեսիոնալներն անհրաժեշտ են օդ ու ջրի նման՝ բոլոր ասպարեզներում ու հարթակներում։
— Ձեր վերաբերմունքը այսօրվա իրականությանն ինչպիսին է։
-Հոգեվարքում գտնվող պետականությունը պետք է փրկել։ Մենք արդեն մեծ բացթողում ունենք մեր սերունդների հանդեպ, քանի որ նրանք այսօր փաստացի ավելի փոքր ու ավելի թույլ հայրենիք ունեն, քան մենք։ Իսկ հավերժության պարույրի օրենքների համաձայն՝ մենք պարտավոր ենք մեր ստացածին մի բան էլ ավելացրած թողնել մեր ժառանգներին։
— Ինչպիսի՞ հայրենիք կցանկանայիք ավանդել գալիք սերունդներին:
-Հզոր, կայացած, ընդարձակ, ամեն ինչում հայկական, համաշխարհային գործոն պետականությամբ հայրենիք։ Հայրենիք, որտեղ ուզում են գալ ու մնալ։
Ընդհանրապես, հավատացած եմ, որ մենք պետք է կառուցենք մեր երազանքի հայրենիքը։ Ուրիշի սկզբունքներով կառուցած ինչպիսի պետությունում էլ ապրենք ու արարենք, միևնույն է, այն մեր երազանքի իրականացումը չի կարող լինել։
Հանուն հավիտենական, միասնական և իրականացած երազանք Հայաստանի։
ՄԱԳԱՂԱԹՑԻ