ՀՐԱՆՏ ԹԱԴԵՎՈՍՅԱՆԸ ՀԱՅ ԱՐԴԻ ԳԵՂԱՆԿԱՐՉՈՒԹՅԱՆ ՍԱՀՅԱՆՆ Է
Ապրիլի 20-ին Հայաստանի նկարիչների միությունում բացվեց ՀՀ ժողովրդական նկարիչ Հրանտ Թադևոսյանի անհատական ցուցահանդեսը։ Այն նվիրվում է ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի 100-ամյակին, բուհ, որում գեղանկարիչը 2008-ից դասավանդում և որի պատվավոր պրոֆեսորն է։ Ապրիլի 20-ին նաև Թաթոսի ծննդյան օրն է։ 84-ամյա նկարիչը ցուցադրության է ներկայացրել հարյուր գեղանկարներ, որոնցից 65-ն արարել է վերջին շրջանում։
«Շահ չունեմ քո սիրուց զատ»,- թե մի արտահայտությամբ բնութագրելու լինենք Հրանտ Թադևոսյանի բազմամյա, հարուստ արվեստը, թերևս ընտրենք Համո Սահյանի բանաստեղծական այս տողը, որ ձոնել է հայրենի եզերքին։ «Իմ ճանաչած բանաստեղծներից և ոչ մեկն այնքան միաձույլ չէր հայրենի հողի հետ, որքան Համոն»,- այսպես են բնորոշել Սահյանի պոեզիան իր ժամանակակիցները։ Նույնը կարելի է ասել Հրանտ Թադևոսյանի՝ Թաթոսի մասին․ նա հայ արդի գեղանկարչության Սահյանն է․ հայոց բնությունը նրա ամենալավ, պաշտելի զրուցակիցն է, նրա բարձրագույն սերն ու հարստությունը։ «Երբ նայում եմ Հրանտի նկարները, սկսում եմ անհամեմատ լավ շնչել»,- ասել է Էդ. Իսաբեկյանը։
Աստծո ամեն օր կտավին հանձնելով հայոց բնության պատկերները՝ լեռնային ծաղկավետ բարձունք լինի թե դաշտային ծաղիկների բազմագունությամբ հուրհրատող դրախտավայր, անձրևաջրերի լճացումներում արտացոլված մենավոր ծառեր թե նորափթիթ դեղձենիների և ծիրանենիների գարնանային հանդես, լուսացոլանք Դադիվանք թե ալ կակաչների ծփանքից վե՜ր շարժուն ամպածով,- այս ամենով Վարպետն իր անշահ սիրո խոստովանությունն է անում՝ առ այս հրաշքները ստեղծած Արարիչ, առ բնություն՝ ասես մարդ արարածին փորձելով վերադարձնել իր նախնական, ստեղծարար, չեղծված էությունը, մերժելով մեր խառնակ ժամանակների ժանտախոսությունը, հուշելով չմոռանալու անխառն գինու պես սիրո և նվիրվածության մասին՝ առ Հայաստան դրախտավայր։ Իր արվեստով Թաթոսը տանում է թումանյանական երազած այն աշխարհը, որտեղ գտնում ես անկյուններ՝ խաղաղվելու համար, մանկան քուն ես մտնում՝ ջնջելով կյանքի մղձավանջները, կտրվում ես առօրեականության ձանձրույթից։ Ուզում ես ոտք դնել այդ այլաշխարհը, քայլել դեպի թադևոսյանական գեղանկարի հորիզոնագիծ, և կորելով այնտեղ, չվերադառնալ․․․
«Հրանտ Թադևոսյանն իմաստուն է և այդ իմաստնությունը համերաշխորեն կիսում է իր կտավների հետ… ,- մի առիթով ասել է Հնագույն երաժշտության «Տաղարան» համույթի գեղարվեստական ղեկավար և դիրիժոր Սեդրակ Երկանյանը:- Մի հարցի շուրջ եմ ես մտորում՝ իր կտավները դիտելիս, հատկապես՝ բնանկարները և նատյուրմորտները, ու մի մեծ հարցական ինձ անընդհատ տարուբերում է՝ նատյուրմորտ նկարելուց բնությու՞նն է, թե՞ բնություն նկարելուց նատյուրմորտն է. տարանջատել չեմ կարողանում: Վարպե՛տ, Դուք որ գնում եք բնության գրկում նկարելու, Ձեզ հետ երաժշտական ի՞նչ գործիք եք տանում: Մտածում եմ՝ Դու՞ք եք սերենադ երգում ծաղիկներին, թե՞ ծաղիկներն ու ծառերն են Ձեզ սերենադ երգում, այնքան երաժշտական ներդաշնակություն եմ տեսնում Ձեր կտավներում: Սերենադներ են, պրելուդներ են, ինչու՞ չէ, նաև սիմֆոնիաներ,այնպիսի՜ գույներ են, այնպիսի՜ ալգորիթմներ են, այնպիսի՜ երաժշտական անցումներ են, բա ես ո՞նց երաժշտություն չլսեմ: Ձեր կտավները հնչում են, Ձեր կտավների գույներն ասոցացվում են հնչյունների հետ: Ինձ զարմացնում են նաև Վարպետի նկարած ամպերը: Դրանք էլ կարծես պոկված նատյուրմորտների մասնիկներ լինեն: Ոնց որ թե նատյուրմորտից ինչ-որ մի երաժշտական ելևէջ բարձրացել է ու կազմել մի շրջանակ…»:
Թաթոսի կտավներն անհնար է այլ կերպ ներկայացնել, քան բանաստեղծական տողով․
«Մենք, իսկապես երջանիկ, շատ երջանիկ ազգ ենք, որովհետև մոլորակի ցանկացած հատվածում մեր սիրո, մեր ջերմության, մեր ոգեղենության կշիռն ունենք, այսինքն՝ այն տարածքները, որտեղ ապրել, անցել են հայերը, գոնե մի մատուռ, մի խաչքար, մի ոգեղեն կոթող անպայման գոյություն ունի,- ասել է բանաստեղծ Խաչիկ Մանուկյանը:- Եվ Հր․ Թադևոսյանն այն նկարիչն է, արարողը, որի ստեղծագործությունը մոլորակով մեկ կա, գոյություն ունի, և մարդիկ այդ զվարթոնքը վայելում են… Հայաստանը Հրանտ Թադևոսյանն է: Թերթելով իր ալբոմը՝ տեսա այդ պոետիկան, այդ գունային գամման, այդ ամբողջ համարձակությունը ակտիվ գույները ներկայացնելու. ակտիվ գույների մեջ միանգամից երևում է քո «եսը». դու պետք է կարողանաս այնքան պահել արժեքների այդ համակարգը, այնքան տիրապետես դրանց, որ հանկարծ քո մերկությունը ծիծաղելի չդառնա: Իսկ ինքը ձև ու կեցվածք չի բանեցնում, ինչպես հիմա ընդունված է…»:
Այս ցուցահանդեսը մի աշխարհ է, որում խորանալով դժվարանում ենք հեռանալ այնտեղից, քանզի ողջը լույս ու սեր է․․․
Ապրիլ 20, 2021
Հասմիկ Սարգսյան