Հռչակավոր Օրբելի տոհմի հռչակավոր կենսաբանը
Կան գերդաստաններ, ուր Աստծո ձեռքը շռայլ է եղել…
Երեւան, Օրբելի փողոց. երեւանցիներին շատ հայտնի փողոց, իսկ ովքեր կարդացել են փողոցի ցուցանակը, գիտեն նաեւ, որ այն կոչվում է Օրբելի եղբայրների անունով, եւ միայն քչերը գիտեն, որ եղբայրները երեքն են, եւ առավել քչերը, թե ով` ով է, եւ ինչով է զբաղվել նրանցից
յուրաքանչյուրը… Երեւանցիներից, թերեւս, քչերը գիտեն նաեւ, որ Օրբելի եղբայրների անունով փողոց կա եւ Ծաղկաձորում, Օրբելի եղբայրների տուն-թանգարան, ուր ծնվել է Լեւոն Օրբելին եւ ուր աշխատել ու ապրել են Օրբելիները…
Իսկապես, կան գերդաստաններ, ուր Բնության թե Աստծո ձեռքը շռայլ է եղել, շռայլ է եղել ի սկզբանե, եւ նրանցից ոչ մեկը «հանգստանալու» ցանկություն չի ունեցել, երբ լույս աշխարհ է եկել Օրբելիներից մեկնումեկը. այսպես, Օրբելի եղբայրների պապը` Հովսեփ Հովակիմի Օրբելին սերել է Օրբելյանների իշխանական տոհմից, ունեցել հինգ զավակ` երեք որդի եւ երկու դուստր, սովորել է Մոսկվայի Լազարյան ճեմարանում, այնուհետեւ վերադարձել Թիֆլիս եւ զբաղվել հոգեւոր գործունեությամբ։ Որդիներից Աբգարը` Օրբելի եղբայրների հայրը, սովորել է Պետերբուրգի համալսարանի իրավաբանական ֆակուլտետում, աշխատել իրավաբանության ոլորտում, իսկ Օրբելի եղբայրների հորեղբայրներից Դավիթը հոգեբույժ-ջղախտաբան էր, Համազասպը` բժիշկ-ատամնաբույժ։ Եղբայրների մայրը իշխանուհի Վարվառա Մովսեսի Արղությանն էր։ Աբգարի եւ Վարվառայի ավագ որդին` Ռուբենը, Լեւոնի եղբայրը, ինչպես որ հայրը, ավարտել է Պետերբուրգի համալսարանի իրավաբանական ֆակուլտետը, համարվում է ԽՍՀՄ-ում ստորջրյա հնագիտության հիմնադիրը, եղբայրներից կրտսերը` Հովսեփը, արեւելագետ էր, ակադեմիկոս, 1934-1951 թթ. եղել է Էրմիտաժի տնօրենը։ Լեւոնի դուստրը` Մարիան, գիտնական-ֆիզիկոս էր, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու, «Ռիտրոն» սպեկտրոմետրի գյուտարարը (Բորիս Ջելեպովի հետ, 1948 թ.)։ Լեւոնի որդին` Աբգարը, նույնպես ֆիզիկոս-գիտնական էր, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու, առավել, քան 20 գիտական աշխատությունների հեղինակ…
Այս տաղանդաշատ տոհմի պատմությունն սկսվում է դարերի խորքից ու շարունակվում մինչեւ մեր օրերը, եւ ինչքան ասես` կարելի է խոսել ու խոսել, պատմել նրանցից յուրաքանչյուրի մասին, սակայն, հավանաբար, ընթերցողը գլխի է ընկել, որ պատմությունն այսօր պտտվում է Լեւոն Օրբելու շուրջ, եւ սույն հոդվածի հերոսը հենց նա է, մի պարզ ու հաճելի առիթով` հունիսի 25-ը նրա ծննդյան օրն է։ Լեւոն Օրբելին ծնվել է 1882 թ. Ծաղկոցաձորում կամ Ծաղկաձորում, որ մինչեւ 1947 թիվը Դարաչիչակ էր կոչվում։ 1899-ին Լեւոնը ոսկե մեդալով ավարտում է Թիֆլիսի 3-րդ գիմնազիան, իսկ 1904-ին` ավարտում Պետերբուրգի ռազմաբժշկական ակադեմիան, ուր սովորում էր իր հաշվին, ինչը չէր պարտադրում ակադեմիան ավարտելուց հետո աշխատել որպես ռազմական բժիշկ։ Հայտնի է, որ Իվան Պավլովի հետ ծանոթացել է դեռ առաջին կուրսում` բնախոսության հեռակա դասընթացներին, իսկ անձնական ծանոթությունն սկսվել է 2-րդ կուրսից։ Գերազանցությամբ ավարտելով Ռազմաբժշկական ակադեմիան, այնուամենայնիվ, նրան չի հաջողվում հաղթահարել ակադեմիային կից բժիշկների ինստիտուտի (ասպիրանտուրայի) կոնկուրսը։ Սկսում է աշխատել Կրոնշտադում` Նիկոլաեւյան ռազմական հոսպիտալում` որպես բժիշկ, այնուհետեւ տեղափոխվում Պետերբուրգի ծովային հոսպիտալ, որպեսզի միաժամանակ շարունակի Իվան Պավլովի ղեկավարությամբ գիտական աշխատանքը` փորձարարական բժշկության իստիտուտում։ Լինելով Իվան Պավլովի մերձավորագույն աշակերտն ու աշխատակիցը, Պավլովի մահից (1937) հետո եղել է նրա անվան ֆիզիոլոգիական համամիութենական ընկերության կենտրոնական վարչության նախագահը, իսկ 1936-50 թթ. ԽՍՀՄ ԳԱ Պավլովի անվան ֆիզիոլոգիայի ինստիտուտի տնօրեն, 1939-50 թթ. ԽՍՀՄ ԲԳԱ Պավլովի անվան էվոլյուցիոն ֆիզիոլոգիայի եւ բարձրագույն նյարդային գործունեության ախտաբանության ինստիտուտի տնօրեն։ 1956 թ. կազմակերպել եւ ղեկավարել է ԽՍՀՄ ԳԱ Ի. Մ. Սեչենովի անվան էվոլյուցիոն ֆիզիոլոգիայի ինստիտուտը։ Հերթականությամբ չթվարկելու եւ որեւէ բան բաց չթողնելու համար, նշենք, որ Լեւոն Օրբելին, բացի վերոհիշյալից, ղեկավարել է մի շարք գիտական հաստատություններ ու ծրագրեր, եղել գիտության ակտիվ մարտիկ ու նորարար։
1948 թ. օգոստոսին, Գյուղատնտեսական գիտությունների համամիութենական ակադեմիայի նստաշրջանից եւ ակադեմիկոս Լիսենկոյի ելույթից հետո «փակվեց» դասական գենետիկան` Լեւոն Օրբելուն դնելով դժվարին կացության մեջ. մի կողմից` լինելով ԽՍՀՄ գիտությունների ակադեմիայի փոխնախագահ, պարտավոր էր հետեւել նստաշրջանի որոշումներին, մյուս կողմից` որպես կենդանիների վարքի ու բարձրագույն նյարդային գործունեության գենետիկայի պավլովյան հետազոտության հետեւորդ, շարունակել գենետիկական գիտության հետազոտությունները` դասականների հայտնագործությունների հիման վրա։ Նրանից պահանջվում էր ոչ միայն փոխել գենետիկական հետազոտության ծրագիրը, այլեւ ազատվել մի շարք գիտնականներից, այդ թվում` Ռ. Մազինգից ու Ի. Կանաեւից։ Օրբելին ոչ միայն չփոխեց դիրքորոշումը, չազատվեց աշխատակիցներից, այլեւ իր հաստիքում ընդգրկեց Լենինգրադի համալսարանից ազատված գենետիկ Մ. Լոբաշովին։ Սա Օրբելու վրա էժան չնստեց. ԽՍՀՄ ԳԱ եւ գիտությունների բժշկական ակադեմիայի 1950 թ. հուլիսի համատեղ նստաշրջանից հետո նա ազատվեց իր գլխավորած բոլոր հաստատությունների ղեկավարությունից, բացի Պ. Ֆ. Լեսգաֆտի անվան բնական գիտությունների ինստիտուտի ֆիզիոլոգիական լաբորատորիայի ղեկավարի պաշտոնից։
Անհնար է մի հոդվածի սահմաններում անդրադառնալ էվոլյուցիոն ֆիզիոլոգիայի ուսմունքի ստեղծողներից մեկի, բժշկական ծառայության գեներալ-գնդապետ, բազմաթիվ ակադեմիաների անդամ ու ղեկավար Լեւոն Օրբելու գիտական, աշխատանքային ու հասարակական գործունեությանը, նրա ստացած բազմաթիվ պարգեւների առիթներին, սակայն հույս ունենք, որ հոդվածը գիտնականների համար առիթ կլինի եւս մեկ անգամ վերհիշելու, թեկուզ, Օրբելի-Գինեցինսկու ֆենոմենը, հետաքրքրասերները տեղեկանան, թե որքան ծանրակշիռ էր Օրբելու կարծիքը, երբ Լենինի զմռսված մարմինը 1943 թ. տեղափոխվեց Տյումեն` պարզելու համար նրա անխաթար լինելը, ուր ԽՍՀՄ առողջապահության ժողկոմ Գ. Միտերեւի գլխավորությամբ կառավարական հանձնաժողովի կազմով` ակադեմիկոսներ Ա. Աբրիկոսովի ու Ն. Բուրդենկոյի հետ ժամանեց եւ Օրբելին։ Իսկ ինչքան ուշագրավ կենսագրական փաստերի կտեղեկանան Ծաղկաձոր այցելողները, եթե չզլանան այցելել նաեւ Օրբելիների տուն-թանգարան, ուր, ի թիվս շատ նմուշների, նրանց կզարմացնեն յուրահատուկ տեխնիկայով բարդու աղվամազից պատրաստված դիմանկարները։
Էլեոնորա Ներսիսյան
hhpress.am