Հովհաննես Թումանյանը որդու` Համլիկի հուշերում
Էն ժամանակ ես ու եղբայրս հազիվ 10-12 տարեկան էինք: Հայրս մեզ սովորեցնում էր հրացան բռնել ու նշանի խփել: Մի առավոտ՝ Լոռվա թարմ ու անուշ առավոտ, հայրս ինձ ու եղբորս տարավ որսի: Աշխարհքովը մին եղանք. ուրախ ու հպարտ քայլում էինք հայրիկի աջ ու ձախ կողմից՝ հրացանները ձեռքներիս:
Հասանք Կոթ-Փոսի ձորը: Մին էլ թփի տակից մի ծվծվոց լսեցինք:
_ Ծի՛տը, ծի՛տը,_ ճչացի ես:
_ Կա՛ց, կա՛ց, ե՛ս եմ սպանելու,_ հրացանն ուղղեց եղբայրս թփից թպրտալով դուրս եկած թռչնիկին, որ դեռ միայն ցատկոտել գիտեր:
— Էդ ի՞նչ ք անում, բա չեք տեսնու՞մ, որ խեղճը չի էլ կարողանում թռչի, -լսվեց հորս թավշյա ձայնը, որ քանի հանդարտ ու քնքուշ, էնքան ուժեղ էր ազդում մեզ վրա:
Ես ու եղբայրս մնացինք անշարժ:
— Բա էլ ինչի՞ ենք որսի եկել, — հարցրի ես:
— Հո միշտ սպանելու համար չե՞ն գնում որսի, — պատասխանեց հայրս, ու կրակոտ որսորդներս մնացինք ապշած:
Ես ու եղբայրս զարմացած հետևում էինք հորս ու բարկանում, թե ինչու հայրիկն արգելեց մեզ թռչնիկին սպանել, երբ էնքան հեշտ էր ու մոտիկ:
Ձորն էինք իջնում՝ հազար գույնով ու բույրով, հազար ձենով ու աղմուկով լցված ձորը: Հայրիկը պատմում էր իր մանկությունից, սրախոսում, բացատրում թռչունների, ծառերի անունները: Մատով ցույց էր տալիս էն սարը, ուր առաջին անգամ եղջերու է տեսել, էն ձորը, ուր առաջին անգամ վախեցել է ինքը, գետը, ուր լողացել է, էն դաշտը, որտեղ ծղրիդները համերգ են սարքում ամեն իրիկուն…
Ես ու եղբայրս քայլում էինք հորս ետևից ու թաքուն վիճում մեր մեջ. վիճում էինք, թե ո՞վ էր մեղավոր, ինչու՞ լսեցինք հայրիկին, պետք է իսկույն կրակեինք ու թռչնիկը սպանված կլիներ հիմա: Դժգոհ էինք ես ու եղբայրս, դժգոհ էինք մեր հորից, որ սպանելու հաճույքից մեզ զրկեց:
Հիմա եղբայրս էլ չկա, սպանվել է նա, ո՞վ գիտի՝ ո՞ր Կոթի-Փոսի ձորում… ու մենակ եմ մնացել ես: Է՛լ չեմ լսելու հորս ձայնը, էլ ո՛չ ոք չի արգելի ինձ սպանել: Մենակ եմ ես հիմի, երբ էնքան դառն է ամեն ինչ, ու ատում եմ ինձ՝ հիշելով, թե ինչպես դժգոհ մնացի հայրիկից էն անգամ, երբ էնքան քաղցր էր ամեն ինչ:
Էն ժամանակվանից, երբ ես ու եղբարս հազիվ 10-12 տարեկան էինք, ու հայրս նոր էր սովորեցնում մեզ հրացան բռնել ու նշանի խփել, էն օրվանից դեսը ես շատ որսորդ եմ տեսել ու լսել նրանց մասին, բայց ո՛չ մինը նրանցից չի ասել, թե սպանելուց բացի էլ ինչի՞ համար են գնում որսի…
(Նկարում՝ Հովհ. Թումանյանը զավակների հետ)