ԱՐՄԵՆՈՒՀԻ ՍԻՍՅԱՆ. Հերոս զինվորի շիրիմի առջև
***
Հերոս զինվորի շիրիմի առջև
Ինձ ու քեզ հիմա բաժանում է
հողը հայրենի,
դու նրա գրկում ես արդեն,
ես նրա հետ եմ դեռ:
Դու ինձ համար ես այնտեղ,
ես այստեղ եմ նրա հետ,
որ ապրեցնեմ գործդ
ու անունդ հավետ…
Հողը թեթև է հիմա քեզ վրա,
որ ապրողներիս համար ծանր չլինի,
Ինձ ու քեզ
հայրենի հողն է բաժանում հիմա,
ինձ ու քեզ
կապում է հողը հայրենի…
***
Քո չապրած տարիները
հիմա քայլում են ինձ հետ
այն պահից սկսած,
ինչ պարզվեց,
որ էլ չես քայլելու այս հողին…
Մի օր ես չեմ լինի,
իսկ դու էլի լինելու ես, զինվո՛ր,
քո չապրած տարիները
քեզ հավերժ ապրեցրին,
այսօր,
վաղը,
հավե՛տ…
***
Իմ լուսաբացները ծանր են բացվում,
քանի արյունում են վերքերդ, երկի՛ր,
ես մոլորվել եմ այս բիրտ ներկայում,
իսկ անցյալը չթողեց անգամ հասցեն իր:
Քեզ սպառում ու սպառնում են, երկի՛ր,
մսխում ոգեղեն գանձերդ ողջ,
ու ձայնդ վսեմ ու ձայնդ խրոխտ,
իմ երակներում դառնում է բոթ:
Քո լուսաբացները ծանր են բացվում,
ջահել որդիներդ սրբացան անթաղ,
դեռ լսվում են ինձ ձայներ պատանդված,
իմ լուսաբացները չեն էլ բացվում…
***
Do not go gentle into that good night
D. Thomas
Հեշտ մի՛ տրվիր գիշերին այդ բարի
Դիլըն Թոմաս
Այդքան արագ մի՛ հեռացիր,
թույլ տուր հրաժեշտ տալ քեզ,
գիշերն առնում է քեզ իր մեջ,
մութն է պատում մեր ուղին…
Այդքան արագ մի՛ հեռացիր,
թույլ տուր փնտրեմ քեզ բարձրում
հեշտ է լույս դառնալը ձեր,
դժվար՝ մեր ապրելը առանց ձեզ…
Ցավ ու մորմոք, դառն ու ցուրտ
ամեն մի նոր անվան հետ
սառչում է արյունն իմ երակներում…
Զանգեր անտես, ղողանջ ցավի,
ո՞նց վճարենք մեր պարտքը ձեզ,
ձեր անվանը արժանի…
Այդքան արագ մի՛ հեռացիր,
թույլ տուր հրաժեշտ տալ քեզ…
***
Քո հիշատակին, զինվո՛ր,
ես լուռ կհեռանամ իմ մեջ
ուր Արցունքի ծովը կլիացնի
աշխարհի քարտեզի ծովերը բոլոր…
Քո հիշատակին, զինվո՛ր,
նոր անուններ կծնվեն,
որ օրհնանք դառնան
գալիքի շուրթերին…
Քո հիշատակին, զինվո՛ր,
բառեր կդողան,
որ բանաստեղծություն երկնեն
քեզ համար…
Քո հիշատակին, զինվո՛ր,
կցոլա եռագույնը մի օր,
որ հոգիդ խաղաղվի բարձրում,
երկնքում գտնի անդորր…
ԵՌԱԳՈՒՅՆ
-Խաղաղությու՜ն-
երակներում գոռում ու եռում է
արյունը կարմիր…
-Խաղաղությու՜ն,-
աղերսում են աչքերը կապույտ,
-Խաղաղությու՜ն,-
ճայթում է հասուն պտուղը ծիրանի…
-Խաղաղությո՞ւն…
արդ պատրա՛ստ եղիր պատերազմի,-
մի ճերմակ քուլա էր,
որ հավերժ խաղաղ ծփում է բարձրում…
ԱՐՄԵՆՈՒՀԻ ՍԻՍՅԱՆ
Slide 1 HeadingLorem ipsum dolor sit amet consectetur adipiscing elit dolorClick HereSlide 2 HeadingLorem ipsum dolor sit amet consectetur adipiscing elit dolorClick HereSlide 3 HeadingLorem ipsum dolor sit amet consectetur adipiscing elit dolorClick Here
Previous
Next