ՀԵՐՈՍՆԵՐԻՍ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԸ ՊԻՏԻ ՎԵՐԱԾՆՎԵՆ, ՈՐ ՀԱՐԱՏԵՎԻ ՀԱՅԸ
….Այս պայծառ տղան Տիգրան Տոնականի Շահբարյանն է։ Որքան լույս ու ջերմություն կա այս հայացքում։ Մենք նրան ապագայում ճանաչելու էինք որպես բժիշկ։ Սակայն դարձավ Հերոս։
Տիգրան Շահբարյանը Հայոց բանակ զորակոչվելիս հպարտ, գլուխը բարձր գնաց, որ վերջապես իր հերթն էլ եկավ `Հայրենիքին ծառայելու։
— Արցախը սրտում, Արցախի՝ սրտում,-սրանք հերոս Տիգրան Շահբարյանի խոսքերն են եղել։
Արցախ աշխարհում ծնված խիզախ զինվորը մնաց հենց Արցախի սրտում։
Հերոսը ծնվել է Արցախի Մարտունի քաղաքում։ Ապրել և սովորել է Երևանում։ Մտադիր էր բժիշկ դառնալ։ Պատերազմի առաջին իսկ օրից կռվեց ամենաթեժ կետերում։ Թշնամուն համառ ու արժանի դիմադրություն ցույց տալով` զոհվեց հերոսի մահով` Հադրութում։
Արցախ աշխարհում ծնված հերոսը հավերժ մնալու է սերունդների սրտում։
…Այսօր լույս աշխարհ է եկել Տիգրան Շահբարյանի քույրիկը` հրաշք Լյուսին։ Իր աշխարհ գալով` փոքրիկ հրաշքը լույսի ևս մի շող բերեց մեր ազգային կյանք։ Որովհետև վերածնվում է ևս մի հերոսի ընտանիք։
Բարով ես եկել, փոքրիկ գեղեցկուհի։ Քո աշխարհ գալուն բոլորս էինք սպասում։ Թող լուսավոր լինի կյանքիդ ուղին։ Դու ծնվել ես, որ ուրախանա մի ամբողջ ազգ։ Որովհետև մեր անմահացած հերոսների ընտանիքները պիտի վերածնվեն, որ հարատևի հայ ազգը` ի հեճուկս երևելի և աներևույթ թշնամյաց։
Դու կմեծանաս, կունենաս բազում իղձեր, որոնք կյանքի կկոչես` թիկունքիդ միշտ օգնական ունենալով ավագ եղբորդ` մեր Տիգրանին։
Մեր հերոսը երբեք բացակա չէ, նա անմահ հերոս է, ով հսկելու է նաև սերունդների ճանապարհը։
Խոնարհումս , մեր սիրելի Հերոսամայր։ Աստված պահապան լինի մեր փոքրիկ դիցուհուն։ Սիրում եմ Ձեզ անչափ։
Հասմիկ Պողոսյան