ՀԵՐՄԻՆԵ ԱՎԱԳՅԱՆ. «Բռնիր ձեռքս, Երկի՛ր…»
Բռնիր ձեռքս,
Երկի՛ր,
ես ուզում եմ առաջվա պես
քեզ հետ քայլել
եւ հիանալ փողոցների մաքրությամբ ,
ուզում եմ քեզ հետ մտնել մեր տուն
և միասին զարդարել մեր տան մեծ տոնածառը,
ախր Նոր տարի է, Երկի՛ր,
մոռացե՞լ ես…
Ո՞վ է հոտնկայս խմելու
զոհված տղերքի կենացը
ու հետո ասելու՝
թո՛ղ երեխաները խաղաղության մեջ մեծանան.
Էնպես ասելու, որ լռությունը
չծանրանա շուրթերին,
որ երեխաները հավատան դրան։
Վառիր մեր գյուղի բոլոր վառարանները,
Երկի՛ր,
եվ տաքացիր ինչքան կարող ես.
մենակ մարդը մրսում է միշտ։
Շոյիր հոգնած գլուխս,
մի բան պատմիր քնեմ.
ինձ քո մասին հեքիաթ պատմող չկա։
Հեքիաթ պատմիր,
Երկի՛ր,
մի կարգին հեքիաթ,
թե ինչպես է թագավորը
յոթ որդի ունենում
ու ինչպես են յոթն էլ վերադառնում,
ինչպես են յոթ օր ու գիշեր
հարսանիք անում լեռներում…
ՀԵՐՄԻՆԵ ԱՎԱԳՅԱՆ
Բանաստեղծ, արձակագիր
Դեկտեմբեր, 2023թ.