Հարվածային մի քանի նվագարանների անունների շուրջ
Թմբուկ բառը, ըստ Ստ. Մալխասյանցի, նշանակում է ինչպես «դափ, դահիրա», այնպես էլ «երաժշտական գործիք գլանի նման, որի երկու կողմը ձիգ պատած է նուրբ մորթով և որի մի կողմի վրա գավազանով (թմբիչով) խփելիս «թըմբ» ձայն է հանում»: Հ. Աճառյանը բերում է սրան արմատակից բառերից թմբիւն բառի «թնդյուն, բախյուն, շառաչյուն» բացատրությունները և թմբիչ բառի «բան ծեծելու գավազան» բացատրությունը: Ակնհայտ է, որ ինչպես թմբիւն և թմբիչ բառերը, այնպես էլ թմբուկը կազմված են թըմբ բնաձայն արմատից -ուկ, -իւն, -իչ հայերեն վերջածանցներով: Թմբուկի -ուկ վերջածանցը առկա է նաև դուդուկ բառի մեջ, իսկ ավելի հաճախ պատահում է կենդանիների (գառնուկ, իշուկ, հորթուկ, ճնճղուկ, մամուկ) և բույսերի (ավելուկ, բողկուկ, թրթնջուկ, ճարճատուկ, պատատուկ) անուններում: Այս երևույթը պայմանավորված է նրանով, որ օրգանական նյութերից (կենդանու եղջյուրից, մորթուց, կաշուց և փայտե շրջանակից, գլանից) պատրաստված նվագարանները, մեր հեռավոր նախնիներին բնորոշ առասպելաբանական մտածողությամբ, դրանց մատակարար կենդանիների և բույսերի նման, ընկալվում էին ոգեղեն էակներ: Սրանք հաճախ կրում էին դրանց անունները կամ այդ անուններից կազմված բառերով կոչվում. տիկ՝ «պարկապզուկ» <տիկ՝«տկճոր» <տիկ՝ «այծ», շվի//շուի<շիւ՝ «ճյուղ»:
Հնդեվրոպական նախալեզվի *deup՝ «խուլ հարվածի ձայն» բնաձայնից ծագած դափ-ից էլ դափ երաժշտական գործիքի անունը: Բնաձայնական հիմք ունեն դափին, թմբուկին ու դհոլին տրված հայկական մյուս անունները՝ դմբակ, դմբիկ, դմբուլ, դմբլակ, դմբլիկ (հմմտ. նույն բնաձայն արմատից ծագած դմբո, դմբլո՝ «դատարկագլուխ, բթամիտ»բառերը): Հնդերվոպական *dap արմատն է ընկած տաւիղ, տաւուղ բառերի և սրանց տաւուլ, տաւեղ տարբերակների հիմքում: Հին հայերը տաւիղ/տաւուղ կոչել են ինչպես դհոլն ու թմբուկը, այնպես էլ լարային-հարվածային մի քանի նվագարաններ՝ տասնաղյա քնարը, սանթուրը, երկաղի նվագարանը: Կասկածի տեղիք չի տալիս տաւուղ/տաւուլ և դարձյալ թմբուկի կարգի հարվածային նվագարան նշող դաւուլ//դավուլ բառերի կապը:
Երաժշտության տեսանկյունից առանձնահատուկ ուշադրության է արժանի հայ-պարսկական մշակութային սերտ առնչությունների դարաշրջանի արգասիք «գուսան» բառը: Հայերենում «Գուսան կոչվել է այն նվագածուն, որ միաժամանակ և ածել է, և երգել» (Հ. Աճառյան): Բայց հայերենում «գուսան» նշանակել է նաև առհասարակ «երաժիշտ», նույնիսկ՝ «թմբկահար երգչուհի», իսկ պարսկերենին անցած պահլավերեն gusan
չավանդված բառը հայտնի էր որպես «մի նշանավոր երաժշտի», «մի տեսակ երաժշտական եղանակի» անուն: Ընդ որում, բառը հայերենից անցել
է վրացերենին, որի մեջ մգոսանի նշանակում է՝ «երգիչ, երաժիշտ, սրնգահար, ողբասաց»: Հ. Աճառյանը գուսան-ը համարում է «գովասան»
բառի հապավված ձևը: Հ. Աճառյանը, հիմք ընդունելով պատմական այն իրողությունը, որ դարեր շարունակ Իրանում հայ գուսաններ և աշուղներ
են գործել, ենթադրում էր, որ մեր գուսան բառը իրանական աշխարհ էր թափանցել Գուսան կոչված երաժշտի միջոցով, որը և իր անունն էր տվել իր
հորինած եղանակին:
Եզրակացություն: Գրավոր աղբյուրներից հիշատակված լինելու
ժամանակաշրջանից անկախ՝ խոսքի առարկա հարվածային նվագարանների անունները գալիս են խոր հնադարից, ունեն
բնաձայնական հիմքեր և հնդեվրոպական-հայկական ստուգաբանություններ: Ուրեմն այս նվագարանների (գոնե նրանց
անունների) դեպքում հայկական կողմը ոչ թե փոխառյալ, այլ փոխատու կողմ է ինչպես իրանական, այնպես էլ Մերձավոր Արևելքի առանձին
լեզուների նկատմամբ:
Սարգիս Պետրոսյան
Պատմական գիտությունների դեկտոր, պրոֆեսոր