«Հարյուր տարվա մենությունն» ստեղծելիս օգտագործել եմ տատիս մեթոդը
Տատիս պատմությունների մոգական աշխարհը գերում էր ինձ, ես դրանց մեջ խորանում էի հիմնովին, ես ապրում էի այդ աշխարհում: Բայց գիշերն այն ինձ խորը սարսափ էր ներշնչում: Նույնիսկ հիմա, երբ հարկ է լինում գիշերել աշխարհի մյուս մասի որևէ հյուրանոցում, երբեմն կեսգիշերին արթնանում եմ սարսափից՝ ինքս ինձ մենակ զգալով մթության մեջ: Իսկ պապս, ընդհակառակը, ինձ համար բացարձակ հանգստության մարմնացում էր՝ տատիս աշխարհի երերունությանն ամենևին չենթարկվող: Միայն նա էր ի վիճակի ցրել իմ վախը, և միայն նրա կողքին էի ինքս ինձ պինդ զգում, հողի վրա երկու ոտքով կանգնած: Հիմա եմ մտածում, թե տարօրինակ է, որ ցանկանալով ամեն ինչով նմանվել պապիս (լինել քաջ, վստահ ուժերիս վրա, սթափ հայացք գցել շրջապատին), ես, այնուամենայնիվ, չկարողացա հաղթահարել տատիս պատմությունների աշխարհի պատուհանից ներս նայելու գայթակղությունը:
Ամենաաներևակայելի բաներն անվրդով տոնով պատմելու այնպիսի հրաշալի ունակություն ուներ տատս, որ թվում էր, թե ամեն ինչ տեսել է սեփական աչքերով: Ես խորապես համոզված եմ, որ հենց այդ անվրդովությունն ու կերպարների հարստությունն էին նրա պատմություններին այդպիսի ճշմարտանմանություն հաղորդում: «Հարյուր տարվա մենությունն» ստեղծելիս օգտագործել եմ տատիս մեթոդը: