«ՀԱՐԱՏԵՎ ՄԱՆԿՈՒԹՅՈՒՆ ՎԵՐԱԴԱՐՁՈՂ ԹՌՉՈՒՆ ԵՄ ԵՍ, ՈՒ ՄԻ ԹԵՎՍ ԽՐՎԱԾ Է ՆՐԱ ՄԵՋ…».ԱՆԱՀԻՏ ՎԱՐԴԱՆԱՆՑ
Ինչքա՜ն էլ մանկությունը թաքնվի իմ հոգում, միևնույն է՝ նա կաղնու նման իմ առաջ է՝ երկարակյաց, բայց ցմահ դատապարտված հիշողությամբ…
Մանկությունը մորս դեմքն է, ձայնը, սրտի բաբախյունը, շնչառությունը, մաշկի բույրը, նուրբ ձեռքերը, սերն ու նվիրվածությունը: Անա՜փ կարոտ…
Մանկությունը հորս զորությունն է, երիտասարդ շունչը՝ մեռնող գարնան հետ…
ԱՆԱՀԻՏ ՎԱՐԴԱՆԱՆՑ
– Մի առիթով ասել եք, որ Ձեր պապերը Իրանի Խոյ քաղաքից են: 1923 թվականին, ներգաղթելով Հայաստան, ձերոնք բնակություն են հաստատել Ելփին գյուղում։ Իսկ որտե՞ղ է ծնվել ու մեծացել բանաստեղծուհի Անահիտ Վարդանանցը:
– Այո, այդպես է. արմատներով խոյեցի եմ, իսկ պապիս ընտանիքը սկզբում ապրել է Ելփինում, հետո տեղափոխվել է Երևան, որտեղ էլ ես եմ ծնվել ու մեծացել:
Հայրս մահացել է երիտասարդ հասակում՝ դժբախտ պատահարից, երբ ընդամենը քսանհինգ տարեկան էր, իսկ ես՝ հազիվ երկու տարեկան: Երջանկահիշատակ մայրս հավատարիմ մնաց իր սիրած տղամարդուն՝ շարունակելով ապրել նրա ծնողների հետ և խոնարհաբար հարսնություն անելով նրանց:
Ահա այսպիսի նահապետական կյանքով ապրող ընտանիքում էլ ապրել ու հասակ եմ առել:
– Այնքա՜ն հանգիստ եք ներկայացնում նահապետական ընտանիքում հասակ առնելը, մինչդեռ այսօր շատերը չեն հաշտվում այդ ապրելակերպին ու գաղափարին: Իսկ անձամբ Ձեզ այն որքանո՞վ է օգտակար եղել:
– Հասկանում եմ նրանց, քանի որ կյանքը տեղում չի դոփում, հսկայական քայլերով առաջ է սլացել… Իսկ ամենագետ հեռախոսի, համակարգչի ու համացանցի դարում նույնիսկ ժամանակավրեպ է նահապետական կյանքին ամբողջությամբ վերադառնալու գաղափարը: Այսուհանդերձ, այդ գաղափարն ամբողջությամբ մերժելու մտածելակերպն էլ չեմ ընդունում: Հայ նահապետական ընտանիքի առանձին տարրեր դեռ կարելի է փրկել ու պահպանել նաև ժամանակակից հասարակության պայմաններում, որպեսզի հայ ընտանիքն ու ազգային դիմագիծը իրենց դեմքը չկորցնեն՝ նմանվելով աշխարհաքաղաքացու:
Մեր ավանդապաշտ ընտանիքը, իր բարոյական չափանիշներով և ազգային ավանդույթներին ու նիստուկացին համապատասխան, ինձ կրթել ու դաստիարակել է որպես աղջիկ և հայ աղջիկ, ապա նաև որպես լիարժեք մարդ և որպես հայ մարդ ձևավորվելուն է մեծապես նպաստել, ինչպես նաև օգնել է ինձ դառնալու իմ ընտանիքն ու իմ զավակներին սիրող և նրանց նվիրված հայուհի, օջախի ամրության համար զոհաբերվելու պատրաստ հայ կին:
– Կարո՞ղ եք հիշել մանկության այնպիսի դրվագներ, երբ զգացել եք, որ բանաստեղծ եք ծնվել, և ե՞րբ հասկացաք դա:
– Մանկությունս անցել է Նորքում, որը մի գողտրիկ բարձունք է Երևանի տարածքում, բայց քաղաքից կտրված։ Այն ժամանակվա Նորքն իր բնությամբ ու մարդկանցով տարբերվում էր թե՛ քաղաքի մյուս թաղամասերից և թե՛ այսօրվա Նորքից: Ամենուր միայն սեփական տներ էին, ինչպես գյուղերում: Հարևաններով ավելի ջերմ ու մտերմաբար էինք շփվում, եվրոպական սառն ու պաշտոնականին մոտ հարաբերություններ չկային, ինչպես մեր ժամանակներում է: Գյուղական միջավայրն էր գերիշխում: Տոհմական անուններով էին ճանաչում շատերին, իսկ ոմանք էլ նույնիսկ մականուններ ունեին: Մարդիկ պատրաստակամորեն իրար հասնում էին նեղ օրերին կամ այն ժամանակ, երբ մեկն ինչ-որ գործ ուներ կամ ինչ-որ հարցում օգնության կարիք ուներ: Սիրով, հարգանքով և պատկառանքով էին լցված միմյանց նկատմամբ։ Երբ մեկի տանը տխրություն էր, բոլորը հավաքվում էին, ի սրտե ցավակցում, մխիթարում ու սփոփում էին մահացածի հարազատներին, ուրախության առիթներին դարձյալ սրտանց ուրախանում էին ամենքը:
Այսպիսի պարզ ու հասարակ պայմաններում որպես մարդ և որպես հայ մարդ ձևավորվելով՝ պարզապես հնարավոր չէ դառնալ վատը, չունենալ անկրկնելի դրական հույզեր, ապրումներ ու զգացումներ: Բնականաբար, մեր թաղի իմ սերնդակիցների նման ես էլ եմ իմ մեջ պահում զուտ հայկական այդ փոքրիկ աշխարհը, որն էլ ողջ կյանքիս ընթացքում իմ ներքնաշխարհում պիտի ծնունդ տար մարդկային վեհ ու բարի զգացումներին ու ապրումներին, և որը ելակետ պիտի դառնար հարազատի ու մարդու, հայրենիքի ու հայոց հավատի, տան ու դպրոցի նկատմամբ անսահման և անհատնելի սիրուն… Դեռևս դպրոցական տարիքից գրվող և մինչև օրս հյուսվող բանաստեղծությունների անվերջանալի շարանը մարդկային այս մեծ սիրո օրինական զավակն եմ համարում…
Բայց երբևէ չեմ մտածել, որ ես բանաստեղծ եմ կամ մի օր բանաստեղծ եմ դառնալու: Պարզապես գրել եմ և այսօր էլ գրում եմ՝ առանց որևէ տիտղոսի ու հեղինակության, պարգևատրման ու փառքի ակնկալիքի:
– Մանկական տարիքում ինքնադրսևորման հնարավորություններն առհասարակ սահմանափակ են: Ինչպե՞ս էր դրսևորվում Ձեր բանաստեղծական շնորհքը:
– Մանուկ հասակում ժիր ու չարաճճի սիրունիկ աղջնակ էի, որին բոլորը սիրում էին: Բայց երեսառած երեխա չէի. նահապետական նիստուկացով ապրող խստաբարո պապս ու տատս ինձ երես չեն տվել:
Ես էլ բոլորին էի սիրում: Չէի հասկանում՝ ինչու, բայց սիրում էի… Երբ ուզում էին գրկել ու համբուրել, չէի դիմադրում, ընդհակառակը, ժպտում էի:
Մեր փողոցի երեխաների հետ մինչև մութն ընկնելը պահմտոցի, գործագործ, յոթքար և ուրիշ խաղեր էի խաղում:
Երբ մի քիչ ավելի մեծացա, տղաների հոգու հետ էի խաղում: Հիշում եմ, թե ինչպես մի անգամ խաբեցի մի տղայի, որը սիրահարված էր ինձ և խեղճ-խեղճ խնդրում էր, որ ես էլ իրեն սիրեմ: Նրա պապը ընտիր խաղողի այգի ուներ և թույլ չէր տալիս, որ ինչ-որ մեկը քաղեր մեծ ողկույզները: Այդ օրը, երբ նորից իր սիրո խոստովանանքն արեց՝ խնդրելով, որ իրեն սիրեմ, այդ տղային ասացի. «Եթե հենց հիմա գնաս ու ամենամեծ ողկույզը բերես, կսիրեմ քեզ»: Խելոք-խելոք գնաց ու բերեց: Եվ երբ աղջիկներով նստած խոշոր ողկույզը կերանք-վերջացրինք, ասաց. «Դե, ասա՛, կսիրե՞ս ես ինձ»: Ծիծաղեցի ու կտրուկ ասացի՝ չէ: Տղան շատ տխրեց ու ասաց. «Բա հիմա պապիս ի՞նչ պատասխան եմ տալու»… Բայց շարունակում էր սիրային նամակներ ուղարկել ինձ:
Հաճախ եմ հիշում մանկությանս երանելի օրերը, որոնք ինձ հանում են դառը իրականությունից՝ տանելով այն չքնաղ ժամանակը, որն ավա՜ղ, չի վերադառնում, բայց անընդհատ մեզ է կանչում իր գիրկը: Հարատև մանկություն վերադարձող թռչուն եմ ես, ու մի թևս խրված է նրա մեջ…
Թող թույլ տրվի ինձ այսպես ասել. հենց այդպես էլ դրսևորվել է բանաստեղծական շնորհքս, որն այդ ժամանակ այնքան էլ լավ չէի պատկերացնում. երեխա էի ու լավ չէի հասկանում, թե ինչ ասել է՝ բանաստեղծի շնորհք, մուսա, ներշնչում և այլն: Դրանց մասին ես պիտի հետո, ավելի ուշ տարիքում իմանայի: Եվ հետո էլ հասկացա, որ ամենալավ բանաստեղծությունս ծիածանի գույներով շաղախված անհոգ ու երազային այդ կյանքն էր: Եվ ներկայումս, արդեն հասուն տարիքում, բանաստեղծական ոգին իմ մանկության տարիների ապրումներիս ու զգացումներիս ջերմության սառն արտացոլանքն է սոսկ՝ անջնջելի գույներով լեցուն…
– Դուք իրականությունը սիրում եք իդեալականացնե՞լ՝ մանկությունը որպես «ծիածանի գույներով շաղախված անհոգ ու երազային» գրված Ձեր լավագույն բանաստեղծությունն ընդունելով: Եվ եթե «մի թևով մանկության մեջ խրված» և անընդհատ այնտեղ «վերադարձող թռչուն» եք, ապա ի՞նչ պատկերներ ու տեսլականներ եք այնտեղից բերում:
– Միգուցե մի փոքր իդեալականացնում եմ, թեև մանկությունն ինքը իդեալական է: Չուզես էլ, տարիների հեռվից իդեալականանում է, ինչպես ամեն մի հաճելի հուշ:
Բայց ես իսկապես էլ չգիտեմ՝ իդեալականացնո՞ւմ եմ, թե՞ ոչ, համենայնդեպս ես այդպես եմ ապրում: Դա իմ ապրելու կերպն ու բնույթն է: Մանկությունս անընդհատ ինձ հետ է, ես էլ՝ նրա մեջ: Կհավատա՞ք, թե՞ ոչ, չգիտեմ, բայց առանց նրան շուտ-շուտ հիշելու՝ պարզապես կյանքս դժվարանում է, շնչելը՝ նույնպես, ասես շրջապատիս օդը նոսրանում է: Միշտ թարմ հոսք է բերում իր հետ հիշողություններիս ալիքը, և դրանից ես ավելի լավ եմ զգում:
Ավստրիացի հոգեբան Զիգմունդ Ֆրոյդն իրավացիորեն ասել է, որ մեր երազներում մենք միշտ մի ոտքով մանկության մեջ ենք: Ես կավելացնեի՝ ոմանք նաև իրական կյանքում են մի ոտքով մանկության մեջ… Ես էլ՝ նրանց մեջ… Գնում ենք, գալիս՝ մեզ հետ բերելով մանկան անմեղ աչքեր ու պարզ հոգի, անհոգություն ու միամտություն…
Իմ ամեն գնալ-գալուց հետո կյանքին ավելի թեթև եմ նայում՝ հեգնելով ու արհամարհելով դավերն ու նենգությունները, ծիծաղում եմ կյանքն ավելի բարդացնողների վրա ու խղճում նրանց, կարեկցում ու փորձում եմ ինչ-որ բանով օգնել տկարներին ու խեղճերին…
– Ինչպե՞ս են վերաբերվել Ձեր տաղանդին ընտանիքում:
– Նախ՝ ես ինքս լուրջ չեմ վերաբերվել բանաստեղծություն գրելու իմ հակումին, ինչպես արդեն ակնարկել եմ: Ինքս ինձ համար էի գրում, գրելիս հաճելի զգացում էի ունենում, ասես ներսս դատարկվում էր, մի ծանր բեռ ընկնում էր, թեթևանում էի:
Մորս հետ երկուսով էինք ապրում: Մայրս աշխատում էր, աշխատանքից հետո հոգնած գալիս էր, տան գործերով էր զբաղված լինում: Նա ժամանակ չուներ նման «մանր» բաներով զբաղվելու, թեպետ ես էլ չէի ուզենա նրան հոգնեցնել կամ որևէ հոգսով ծանրաբեռնել, ուստի մտքովս անգամ չի անցել, որ գրածներս նրան ցույց տամ:
Եվ առհասարակ ոչ ոքի չեմ ասել այդ մասին, որքան հիշում եմ, նույնիսկ ընկերուհիներս չգիտեին: Միայն հայոց լեզվի և գրականության ուսուցչուհիս իմացավ, այն էլ՝ այն ժամանակ միայն, երբ իր առարկայից հանրապետական օլիմպիադա էր անցկացվելու, և ես համարձակություն ունեցա գրածս իրեն ներկայացնելու, և ի զարմանս և հուրախություն ինձ՝ ընդունեց:
– Հասկանալի է, մանկապատանեկան մտածելակերպ է, որ այդ ժամանակ մայրիկին չեք ուզեցել ինչ-որ նոր հոգսով ծանրաբեռնել, բայց հետո ասացի՞ք նրան, իմացա՞վ, որ իր դուստրը ստեղծագործելու շնորհով է օժտված:
– Ի ցավ իմ սրտի՝ չեմ ասել իրեն, որ գրում եմ, և այդ մասին մորս հետ երբևէ չեմ խոսել։ Հիմա ինչ-որ տեղ զղջում եմ, անգամ մեղավորության զգացում ունեմ…
Թերևս ճիշտ եք, սկզբում մանկական ու պատանեկան ամոթխածությանս ու կաշկանդվածությանս պատճառով չեմ արտահայտվել, իսկ հետո, երբ գուցե այդ մասին խոսելու ժամանակը հասունանում էր, արդեն իսկապես չէի կարող… Մայրս հիվանդացավ և երկար տարիներ հիվանդ էր… Նա շատ զգայուն էր և ամբողջ էությամբ նվիրված ինձ, ու ես չգիտեի, թե նա իմ խոստովանությանը ինչպես կարձագանքեր, իսկ դա էլ իր հերթին ինչպես կանդրադառնար նրա առողջական վիճակի վրա: Ուստի նպատակահարմար համարեցի ոչինչ չասել:
Բայց փոխհատուցում էի իրեն նվիրված բանաստեղծություններով, որոնց մեջ արտահայտում էի իմ սերն ու գորովանքը՝ հայտնելով իմ զգացածն ու ապրածը։ Մինչև հիմա էլ հատուցում եմ հոգուս պարտքը…
Իսկ հիմա երևի արդեն գիտի… Երկնքից տեսնում է ու օրհնում…
– Որպես աշակերտուհի, ինչպիսի՞ն է իրեն հիշում Անահիտ Վարդանանցը:
– Մեր դպրոցն ընդամենը 180 աշակերտ ուներ, ամեն դասարանից՝ մեկական, իսկ յուրաքանչյուր դասարանում աշակերտներն այնքան քիչ էին, որ ամեն օր ինչպես մյուս աշակերտներին, այնպես էլ ինձ դաս էին հարցնում, ուստի բոլոր դասերը պարտադիր սովորում էի։
Դպրոցական բոլոր միջոցառումները նույնպես առանց ինձ չէին անցնում: Առհասարակ նախաձեռնող բնավորություն ունեի և միշտ կազմակերպիչների մեջ էի: Մասնակցել եմ նաև հանրապետական օլիմպիադաներին՝ ներկայացնելով մեր դպրոցը:
Սակայն դպրոցական տարիներից ինձ համար ամենահիշարժանը մեր խաղերն էին: Դասերից հետո խաղում էինք դպրոցի բակում, հետո մեր խաղերը շարունակվում էին մեր փողոցում: Տուն էինք գալիս, մի կտոր հաց էինք ուտում կամ չէինք ուտում, շուտ փողոց էինք դուրս գալիս ու մինչև ուշ երեկո՝ բոլոր երեխաներով խաղում: Խաղալուց չէինք կշտանում ու չէինք հոգնում, մեզ համար պարզապես վայելք էր մեր խաղային բազմազանությունը: Ու չէինք էլ զգում, թե ինչպես է ժամանակն անցնում, և արևը մայր մտնելուց հետո էինք միայն տուն գնում:
– Որքանո՞վ էր միջավայրը Ձեր բանաստեղծական ձիրքերի դրսևորմանը նպաստում:
– Եթե միջավայր ասելով՝ մարդկանց նկատի ունենանք, ապա ես ու միջավայրս կարծես գաղտնի համաձայնագիր կնքած լինեինք. ես իրեն չեմ ասում բանաստեղծություն գրելու իմ հակումների մասին, նա էլ չի խառնվում իմ գործերին ու չի խանգարում ինձ: Իսկ դա արդեն ինքնըստինքյան նպաստավոր պայմաններ էր ստեղծում իմ ստեղծագործելուն:
Բացի այդ, հայկական գյուղական միջավայրը իմ կյանքի ուսուցիչը եղավ: Նրանից շատ բան սովորելով՝ ես կյանքի դասեր առա, կյանքի փիլիսոփայության գիտելիքներով հարստացա, կյանքի ամեն մի իրադրության մեջ մարդ լինելու, մարդ մնալու արվեստին տիրապետեցի, բարության ու մարդկային սիրո պաշար կուտակեցի: Դրանք հետո պիտի երևան գային ու առաջնորդեին ինձ թե՛ կյանքում և թե՛ ստեղծագործելուս ընթացքում:
Մյուս միջավայրս էլ բնությունն էր և գյուղ հիշեցնող Նորքն իր նեղ ու ծուռումուռ փողոցներով, բերքառատ այգիներով: Բնության մեջ լիուլի վայելում էի իմ ազատությունն ու իմ բաժին երկինքը, որին նայում էի երկա՜ր-երկա՜ր ու սահող ամպերով պատկերներ նկարում մտքիս մեջ։
Մենք դեռ կշարունակենք մեր զրույցը Երևանի հնագույն թաղամասերից մեկում՝ Նորքում ծնունդ առած ու այդտեղ տիրող հարյուրամյակների շունչը, և պատմության թողած նկատելի հետքերն իր էության մեջ յուրօրինակ վերաիմաստավորած, իր ապրումներով ազնվականացրած բանաստեղծուհու հետ:
Շարունակելի
ՄԱԳԱՂԱԹՑԻ