Հավկիթ – պահպանակները հայ ժողովրդական հավատալիքներում
Հայերի ժողովրդական հավատալիքներում թռչնի ձուն, օժտված լինելով բազմաթիվ մոգական հատկություններով, կատարում է նաև հմայական պահպանակի դեր և դասվում է բնական կենդանական պահպանակների շարքը: Հավկիթն ունի բազմաֆունկցիոնալ պահպանակներին բնորոշ բոլոր հատկութունները. մարդկանց, նրանց արժեքավոր իրերը, կենդանիներին, բնակարանը, բույսերը պաշտպանում է չար աչքից, չար ոգիներից, կանխարգելում և բուժում է հիվանդությունները, երջանկություն, բարիք է բերում, կիրառվում է ծեսերում, տոներում, կախարդանքում, գուշակություններում, կրում է այս և հանդերձյալ աշխարհի կապի գաղափարը, անցել է քրիստոնեական եկեղեցի:
Հավկիթի ամենակարևոր գործառություններից մեկը ծննդկանին և նորածին երեխային պաշտպանելն է. երեխան ծնվելուց հետո մորը տրվող առաջին կերակուրը ձվածեղն էր, իսկ երեխային լողացնելիս ջրի մեջ հավկիթ էին դնում: Երեխաների համար ձուն օգտագործվում էր նաև նրանց խոսել ու քայլել սովորելու ժամանակ: Տունը պաշտպանելու համար հավկիթն օգտագործվում էր դրսից, ներսից և դրանց սահմանի մոտ՝ շեմքում. ջրով լի թասի մեջ զետեղում էին ներսում՝ ամենաաչքի ընկնող տեղում, դռան դիմացի պատից կախում էին գույնզգույն թելերով: Բույսերը պաշտպանելու համար տարածված էր ձվի կեղևի գործածությունը: Կենդանիներին պաշտպանելու համար գոմի դռան գլխին ամրացնում էին Զատկի կարմիր ներկած ձվի կեղևը, աղոթած ձուն կախում էին կովի ճակատին, գարնանը դաշտ դուրս հանելու արարողության ժամանակ նրանց ճակատին հավկիթ էին ջարդում: Արտակարգ հզորություն էր վերագրվում օրհնված ձվին: Այն նույնիսկ կարող էր պաշտպանել հրդեհից ու դժբախտությունից: Հիվանդություններ բուժելու նպատակով ձուն հիմնականում երկու ձևով էր օգտագործվում՝ անմիջապես մարմնին կպչելով և տարածության վրա՝ հիվանդի կողքին, թաղում էին ճանապարհների հատման կետում, ծակում և թաղում էին գերեզմանահողում՝ հանգուցյալից վախեցածին բուժելու համար: Ժողովրդական պատկերացումներում հավկիթի բուժող ուժը պայմանավորված է նրա երկու հիմնական հատկություններով՝ չար աչքի և չար ոգիների ազդեցությունը կլանելու զորությամբ և մաքրագործող ունակությամբ: Հավկիթը կրում է նաև երկարակեցության գաղափարը: Փոքրիկ տղաներին առաջին անգամ տնից դուրս բերելիս նրանց ձեռքը հավկիթ էին տալիս, որպեսզի նրանք ապրեին մինչև սպիտակամորուս ծերունիներ դառնալը:
Կնունքի, նշանդրեքի, հարսանիքի, անձրև բերելու և այլ ծիսակատարություների անհրաժեշտ պարագաներից էր հավկիթը. այն խորհրդանշում էր պտղաբերություն, կյանքի շարունակություն, բազմացում, հարստացում: Նշանդրեքի և հարսանիքի զանազան փուլերում էր հանդես գալիս հավկիթը. նշանդրեքի օրը աղջկա տուն կարմիր ներկած ձվեր ուղարկելը, հարսանիքի նախօրեին փեսայի տուն նախշած ձու ուղարկելը, փեսացուին ձվածեղ կերցնելը: Չար կախարդանքի համար պգտագործում էին փչացած ձվերը. եթե հարսնացուի ետևից փչացած ձու նետեին, նա երեխա չէր ունենա, եթե աղջկա ետևից շպրտեին, չէր ամուսնանա:
Հացահատիկի բերքատվությունն ապահովելու ծեսում սերմերի մի մասը ձվի հետ փաթաթում էին մի թաշկինակի մեջ, եկեղեցում օրհնել տալիս, ձուն նվիրաբերում եկեղեցուն, սերմերը՝ ցանում: Տոնակատարություններից ձուն առկա է Համբարձման, Վարդավառի, Ս. Ծննդյան և Զատկի ժամանակ: Համբարձման տոնին ձուն կիրառվում էր հմայության նպատակով. գիշերը տանտիկինները եփած ձվի միջից կապույտ թել էին անցկացնում և թաղում հարևանի բակում, որպեսզի հարևանի յուղն իրենց գար: Ձու էին տալիս ավետիս ասող երեխաներին, երբ շրջում էին տնետուն: Զատկի տոնին ձուն օգտագործվում էր որպես նվիրաբերություն և ընծա: Այդ օրը նշանված երիտասարդների տանից աղջկա տուն էին տանում ներկած ձվեր, գառ, մրգեր և խմիչք: Ձու նվիրելու սովորույթը հայոց մեջ ընդունված է եղել նաև նախքան քրիստոնեությունը այն տարբերությամբ, որ այն կատավում էր Նոր տարուն: Ինչպես հնում, այնպես էլ մեր օրերում Զատկին տարածված է եղել ներկած հավկիթ ջարդելու ծիսական խաղը: Ձվին վերագրվող գերբնական հատկությունները գալիս են հնագույն այն պատկերացումից, որ ձուն կյանքի սաղմն է: Այն ուղղակիորեն կապվում է աշխարհի ստեղծման գաղափարի հետ. «վերին կեղևն զերկնիցն բերէ զնմանուի, իսկ մզղնաձևն՝ օդոյս, և սպիտակուցն՝ ջրոյ, և դեղինն ՝երկրիս որ է մէջն» (Գր. Տաթևացի): Ձվի և կենաց ծառի կապը պահպանվել է հարսանյաց ծիսակատարությունում՝ փեսայի «ծառին» հավկիթ կախելով: Հայկական հեքիաթներում առկա է ձվի և օձի, ձվի և հարստության, երկնային լուսատուների, երկվորյակների ծննդյան, ժամանակի հաջորդականության, տարածության առասպելական կապը:
Ամենուրեք գոյություն ունի որոշակի ժամանակահատվածի վերջի և սկզբի հասկացությունը՝ պարբերական մաքրագործման և կյանքի պարբերական վերածննդի համակարգը: Տարեվերջը տիեզերական միաժամանակյա ավերման և վերականգնման պահն է: Կենաց ծառը մահանում է և նրա բնից զարգանում է նորը, որը դուրս է գալիս հին ծառից ընկած պտուղից, իսկ այդ պտուղը ձու է. այն դառնում է տիեզերական կյանքի խորհրդանիշը: Ծիսակատարության ժամանակ ձուն դրվում է տիեզերքը խորհրդանշող պատկերի կենտրոնում և քուրմը «կենաց ծառով» (փայտե ձողով) coitus նշանակող շարժումներ է անում և ծակում է ձուն: Այսպիսով, տեղի է ունենում տիեզերքի վերականգնումը նոր բեղմնավորման միջոցով: Այստեղից էլ հավկիթներ ջարդելու, սրբատեղիներում հավկիթը մեխով ծակելու կամ խաչաձև մոմը (կենաց ծառը) ձվին ամրացնելու իմաստը: Ձուն, որպես պահպանակ, կրկնում է տիեզերածնության այն փուլը, երբ հավկիթը դեռևս ջրի մեջ է:
Աստղիկ Իսրայելյան
(Պատմաբանասիրական հանդես, 1999թ., թիվ 2-3)