ՀԱՍՄԻԿ ՍԱՐԳՍՅԱՆ. Պապենական այգիդ մտնելու համար անցաթուղթ է պետք
Պապենական այգիդ մտնելու համար անցաթուղթ է պետք,
Սեփական հայրենիքդ տեսնելու համար՝ մուտքի թույլտվություն,
Տունդ տեսնելու համար՝ պապիդ սպանած անօրենի սերունդների համաձայնությունը,
Հողդ պաշտպանելու համար՝ մանկուրտների քմահաճությունը,
Սահմանդ պահելու համար՝ օտարների շահադիտությունը.
Մի բուռ-նշխարք հող էրգրից՝ նախնիներիդ շիրիմներին լցնելու համար՝
փրկագին է պահանջվում,
ոնց կես ոսկով մազապուծ խլյակներ էին գնում մանկավաճառներից.
Քաշովդ համբերություն է պետք քարոզողների քամահրանքը չնկատելու համար,
երբ խոսում ես անկեղծ խոնարհությանդ մասին,
Կուրություն է պետք խաչհամբույրին սպասող պատարագողի
և վառածդ մոմը ժամանակից շուտ շիջող սպասավորի
անհամբերությունը չնկատելու համար.
Իմաստնություն է պետք դիմակայելու
անվարժ մտքերի տիրակալության ժամանակներում
խուլ լսարաններում դասեր բարձրաձայնելու գայթակղությանը.
Այն արահետը,
որով պիտի անցնեմ,
ինքս պիտի հարթեմ սեփական ոտնահետքերով՝
մուտք գործելու այգիս՝
չսահմանագծված…
Փետրվար 17, 2019
Հասմիկ Սարգսյան