Հասմիկ Սարգսյան. ԿԱՔԱՎՈՂ ԿԱՆԱՅՔ
(Երկու տրիոլետ՝ Գրիգոր Նազարյանի «Պարընծա» կտավի մոտիվներով)
Արեգական դիմաց, հետկեսօրին բոցե
Կելնեն պարի կանայք՝ իբրև հմայության,
Ձեռքերը կպարզեն՝ շարժումով ծիսական
Արեգական դիմաց, հետկեսօրին բոցե։
Հավերժության շրջան ողջով կբոլորեն՝
Որպես կրակարան՝ ափերը վեր շրջած․․․
Արեգական դիմաց, հետկեսօրին բոցե
Կելնեն պարի կանայք՝ իբրև հմայության․․․
***
Կելնեն պարի կանայք՝ իբրև հմայության՝
Ձեռամբ կաքավելով՝ աստվածներին պարգև,
Ձոներգերի հնչմամբ, տարազներով գունեղ
Կելնեն պարի կանայք՝ իբրև հմայության։
Քնքշորեն կծափեն, կանեն հետուառաջ,
Գլխանոցներ թեքած՝ աննշմար կնազեն․․․
Կելնեն պարի կանայք՝ իբրև հմայության՝
Ձեռամբ կաքավելով՝ աստվածներին պարգև․․․
Դեկտեմբեր 21,2021
Հասմիկ Սարգսյան
(Երկու տրիոլետ՝ Գրիգոր Նազարյանի «Հայոց լեռնաշխարհի տարազապատկերներ» շարքի «Պարընծա» կտավի մոտիվներով)