Հասմիկ Սարգսյան. ԾԱԳՈՒՄՆ ԵՂԵՒ
Չափուձևումով այն արարչական
Բաժին հանեցին քարահոծ երկիր,
Բուռ հող բարեհույս, և բոլորեքյան
Կնճիռների պես վես լեռներ էին:
Կանխավ գիտեի՞ն, երբ պարսպեցին,
Որ չպարպվենք դյուրին փախուստով,
Երբ ավարառու ցեղերը դրկից
Կուզեին կլլել Հայքը ախորժով:
Թե՞ փորձությունը՝ կանխավ մտածված,
Մաքրագործումի ուղի էր նշում,
Հողը ուսելով՝ հասնել առ Աստված
Եվ փառավորել ժայռեր թարմ հունդով:
Պատահական չէր ցորենն առաջին
Ստորոտներում Արարտա ծլել,
Պապը իմ պապի մաճով բրոնզի
Այնտեղ առաջին հերկերը արեց:
Թույրը հավաքեց որդան ճզմումից,
Որ մատյաններում գույնով նկարեն,
Եվ որթատունկը հանեց թաղումից,
Ինչպես պատանքից սրբերն են հառնել:
Արդ եղծողական ձայնով անգղներ
Ընկերքդ են պատռում գուժաբեր ճիգով,
Որքա՜ն անհավաք ցորյան էր՝ թափվեց,
Մանուկների պես՝ հինգ հազար թվով:
Ծագումն եղեւ այսօր առվտվան,
Եվ արդարության ցանքս է լինելու,
Այգիդ կտեսնի վառ ծիրանահաս,
Ընթանալու ես՝ նոր ծիր ակներում:
Գոցիր ունկներդ, երբ կհորդորեն
Մանկանց պահպանած սահմանը լքել,
Անդ արարչական չափուձևումով
Քաջաց սահմանը զենքով է գծվել…
Ապրիլ 14, 2021
Հասմիկ Սարգսյան