Հասմիկ Սարգսյան. ԴՇԽՈՅԱԿԱՆ
(Գրիգոր Նազարյանի «Բամբիշը» կտավի մոտիվներով)
Ափերս՝ գուռ, ես յոթն ումպով ջուրն առա,
Ոնց Ծովինար, յոթը մանչեր հղանամ,
Թող բխումով քառասնակունք լիանան
Մինչ ի պռունկ իմ ափերը, ծովանան։
Ոնց մեղուներ, ես նեկտարն եմ հավաքել
Նորածաղիկ հովիտների փթթումից,
Մյուռոնեփի սուրբ արարով կօրհնվե
Սուրբ ավազան մարիամական իմ մահճի։
Առյուծաձև յոթը զավակ ծնանամ,
Մեկը պիտի մաճով հողերը հերկի,
Հետքով նրա իր կրտսերը կընթանա,
Փեշովը լիք որ ցորենը ինք սփռի։
Իսկ երրորդը զինավորված կհսկի՝
Աչքը՝ արթուն, անդաստանի սահմանին,
Հայրենական օջախի շեմ կպահի
Ավարառու ոհմակներից ոխերիմ։
Միջնեկիս միտք գիտությունով կտարվի,
Գետիկ վանքում գիտությունով կբովվի,
Անձավներում առանձնությամբ կճգնի
Եվ մատյաններ կլրացնի իր դարձին։
Մյուսն էլ այդ մատյանները կծաղկի
Պատկերներով և տառերով թռչնատիպ,
Ի հիշատակ գրությունով կհիշվի,
Պիտի լինի պատվանունը իր անջինջ։
Վեցերորդը ժողովրդին կհովվի՝
Գավազանը իր պահելով՝ ի պատիվ,
Կհոխորտա, երբ սպառնա հարամին,
Կխոնարհի գլուխը լոկ իր ազգին։
Յոթերորդին շնորհ կարվի Արարչից
Ձայն մի անուշ, չնաշխարհիկ, երգեցիկ,
Քառասնաղբյուր կարկաչումով կձայնի
Հոգիները սիրո կաթով կհունցի։
Մայիս 12, 2022
Հասմիկ Սարգսյան