ՀԱՍՄԻԿ ՍԱՐԳՍՅԱՆ. Անձրևից հետո քայլե՜լ նորածիլ արտերով
Անձրևից հետո քայլե՜լ նորածիլ արտերով,
Ուր ապրիլյան սառնությունը դեռ չի նահանջել,
Քայլել այնպես, որ
Մանկան դաստակի չափ ցողուններին նստած ցողը սահի
Ոտնահետքիս տեղը՝ վայրի թռչունքի կտցաման.
Երկնքի որոտմունքի և արձակ տարածության լռության ընդմիջեն
Թռչեն ծիծառները՝
Փնտրելով իրենց ետդարձին բնավորվելու տեղ:
Երբ մանուկները պատմում են Աստծո ականջին
Իրենց հաց ու մորից զրկած մարդկանց մասին
Եվ ապաստան խնդրում ու հույս,
Երկրի վրա առատահորդ անձրևներից հետո
Ծաղկունքն ավելանում է,
Եվ մանկանց հոգիք վերադառնում են՝
Իբրև ծիծառներ՝
Ելուստների ներքո կամ կամարների տակ
Բնատեղ որոնելու:
Կտցիս առնեմ հող ու շյուղ,
Հյուսելու բույնս քիվերից կախ…
Ապրիլ 5, 2020
Հասմիկ Սարգսյան