ՀԱՍՄԻԿ ՍԱՐԳՍՅԱՆ. Ամեն օր ես մտովի հունցում եմ հորս պատկերը
Ամեն օր ես մտովի հունցում եմ հորս պատկերը
Աստվածային լույսի թթխմորով շաղախված հիշողությամբ,
Ոնց այն նկարիչը, որ հոր պատկերով քանդակն էր անում՝
Հողը խառնելով ջրին և թաթախելով ափերը շաղախի մեջ՝
Ինչպես Արարիչն էր կերտում մարդուն՝ իր նմանությամբ։
Հա՛յր իմ․ քո կարոտյալ զավակն առօրեական դեգերումների պտույտում
Երբեմն մոռանում է օրհնության բառերը․
Որքա՜ն անեծք ու որքա՜ն ատելություն կա հիմա այնտեղ,
Ուր մթություն էր, և դու ընդերքիդ պայծառությունը շնորհեցիր,
Որ քեզնով սկսվող աշխարհում հավատան սիրո հրաշքին․
Զավակները արդ, որ գնում են նոր գողգոթաների ճանապարհներով,
Անվարել հողի գուղձերից իրենց հայրերի դիմագծերով արձաններ են սարքում՝
Թողնելու համար հետնորդներին՝
Ոնց Հայկական Տավրոսի բարձունքներին
Արքայաց ժայռակոփ գլուխները՝
Իբրև ազգության անհերքելի վկայություն,
Իբրև ծագումնաբանության դավթար․
Հիմա, երբ վկայորդները երդմնազանց են,
Սահմանողները՝ երկդիմի,
Զինվորյալ սարկավագների անձնվիրությունն է պետք՝
Հավատով առաջնորդելու մարտից առաջ բացօթյա մկրտարաններում
Սուրբ ջրով օծվածներին․
Այսժամ նրանք Քո աջակողմյան բազմության մեջ բազմաչյա քերովբեներ են՝
Մանկունք բարեխոս, որոնց մարմինը հողե թաղար է՝
Ծիլ ու ծաղկով պիտի փարթամանա․․․
Ես հիշողությանս մեջ ամեն օր խմորում եմ հորս պատկերը՝
Ոնց նկարիչը, որ հողը տրորեց մատների մեջ
Եվ հորը քանդակեց՝ սեփական պատկերով և նմանությամբ․․․
Հասմիկ Սարգսյան