Հանճարի և անճարի գուգահեռականներում
Արևմտյան կիսագնդի հնագույն քաղաքակրթություններից մեկը` մայաները, ապշեցրել են ժամանակաշրջաններն իրենց բարձր մշակույթով` ճարտարապետությամբ, գեղանկարչությամբ, քարակերտ շինություններով, մաթեմատիկայի և աստղագիտության մեջ զգալի հաջողություններով: Նրանք կարողացել են կանխագուշակել արևի և լուսնի խավարումները, ունեցել են արեգակնային ճշգրիտ օրացույց, որը համարվել է լավագույնն ու իր ճշգրտությամբ գերազանցել աշխարհի մյուս բոլոր օրացույցները:
Ահա, մայաների օրացույցի հիման վրա, դարիս մի շարք գիտնականներ և աստղագետներ հանկարծ ահազանգեցին ի լուր մարդկության, թե աշխարհի վերջը մոտեցել է: Ըստ հաշվարկների, 2012 թվականի դեկտեմբերի 21-22-ին երկրին պիտի բախվի հսկայական չափերի երկնային մի մարմին, որի անկման հզորությունն իր աղետալի հետևանքներով կործանարար կլինի մեր մոլորակի համար: Սակայն որոշ գիտնականներ հերքեցին, ոմանք լռեցին, առավել համարձակներն էլ ձեռնամուխ եղան տիեզերքի դեմ «հակադարձ» գործողությունների…
Առհասարակ, աշխարհի կործանման վերաբերյալ նման կարգի կանխատեսումներ և գուշակություններ հաճախ են արձանագրվում, և հատկապես այն ժամանակ, երբ որևէ դարագլուխ իր ավարտին է մոտենում և մեկնարկում նոր սկսվող իր հարյուրամյա փուլը: Ինչևէ …
Այսպիսի տեղեկատվությունները տեղիք են տալիս մտորելու:
Արդյո՞ք տիեզերքը, իր անչափելի չափումների մեջ, որպես Աստծո «բնակատեղի», չի գործում հավերժորեն կայուն, ներդաշնակ ու իմաստուն ամբողջականության մեջ: Արդյո՞ք աստղային գալակտիկաներն իրենց մոլորակային համակարգերով չեն համագործակցում միասնական կապի մեջ, փոխադարձ «ըմբռնումով», ամեն մեկն աշխատելով իր տարածքում, առանց մեկը մյուսին խանգարելու: Իցի՜վ թե, Արարիչն իր ստեղծած աշխարհները վերացնի, փոշի դարձնի: Ինչպե՞ս կարող է որևէ հանճար հանկարծ ջարդուփշուր անի իր իսկ ձեռքով կերտած տաճարներն ու արձանները:
Իհարկե, պատահում են դեպքեր, երբ վերևից երկրի վրա ընկնում են տարբեր մեծության երկնային քարեր կամ բեկորներ, բայց հազիվ թե դրանք վտանգ ներկայացնեն երկրագնդի համար: Նրանց խոյահարող հարվածը երկրի մակերևույթին պիտի ընդունել որպես Տիրոջ հերթական դաստիարակչական «ապտակ»` խելքի բերելու և զգաստացնելու ագահության ու դաժանության չափն անցած մարդկային հոտին:
Ըստ իս, մոլորակի վտանգը վերևի՛ց չի գալու:
Մոլորակին վտանգ է սպառնում ներքևից, ավելի ստույգ` իր ներսից:
Արևմտյան կիսագնդից շրջվենք հակառակ կողմն ու մտնենք արևելքի աշխարհ` մեկ ուրիշ հնագույն քաղաքակրթություն` Նեղոսի ափին հազարամյակներով հավերժացած եգիպտական բուրգերի թագավորությունը: «Ամեն ինչ ժամանակից է վախենում, իսկ ժամանակը` բուրգերից», — ասում է արևելյան ասացվածքը:
Ահա այս առասպելական բուրգերի պահապանը լուռ, խորհրդավոր ու հավերժ արթուն Սֆինքսն է, որի ակնդետ աչքից ոչինչ չի վրիպում: Դար ու դարեր, ճակատը տված անապատների հողմին, մտքով սուզված ժամանակի և տարածության անհունները, ունկը` Տիեզերքի ձայնին, քարե անշարժության մեջ` նա զգում է երկրի ու երկնքի բաբախող սրտի ռիթմը, հետևում շուրջը կատարվող իրադարձություններին, խելագար աշխարհի անցուդարձին … Եվ մի՞թե նրա սևեռուն հայացքը չի՛ զգուշացնում, չի՛ հուշում, մի՞թե նրա ներսից եկող չարագուշակ մի ձայն չի′ գուժում, որ աշխարհի կործանման խթան հաստատապես դառնում է մարդը:
Մոլորակի բախտի անիվը պտտում է ընդամենը կավից սերված «միկրոբը», որն ավա՜ղ, իր որկորի ագահ ու անկուշտ պահանջներով` ահազանգ է ու տագնապ ողջ Տիեզերքի համար:
Որկրամոլ դասի անկշտում արշավն իր շահույթներ կուտակելու տենդով, ավելի′ն ունենալու փափագով, ավերելով հող ու բնություն, խժռելով ահռելի տարածքներ և պատառոտելով երկրի սահմանները, ահագնացող մոլեգին մրցավազքով հասնում է արդեն ընդհուպ մինչև Տիեզերք, ա′յն ևս մաս-մաս անելու, իրար մեջ բաժանելու ու հոշոտելու…
«Աչքածակ» աչքը կշտացնելու համար, ի վերջո, Տիեզերքն էլ կդառնա կռվախնձոր ու ռազմական «կոճակների» թիրախ… Ու ամեն ինչ կվերջանա… Աստղերի կարկուտ կթափվի ոչ միայն հեգ մոլորակի ու անմեղ մարդկության հոտի գլխին, այլև ատոմային կրակը, ճեղքելով ու բռնկելով համայն Կաթնծիրը, իրար շաղախելով լույսն ու խավարը, առաջ բերելով Համաշխարհային Քաոս, ամենայն ինչ կվերադարձնի «ի շրջանս յուր»` ազդարարելով աշխարհի վերջը: Աշխարհի վերջն ու Վերջի Սկիզբը:
Այն սկիզբը, երբ «ի սկզբանե էր բանն, ու բանն առ Աստված էր»…
Գրետա Մեջլումյան
«Հանդես»
Pingback: ՄԱԳԱՂԱԹ.AM » Խոհ աշխարհի վերջից առաջ