Հանճարեղ խենթը
Հնարավո՞ր է ինչ- որ բան հավելել Շիրազի՝ հանրորեն ընդունված կերպարին, եթե նա վաղուց արդեն հայոց հազարագանձ մշակույթի փառքերից է: Առավել ևս, երբ քո խոսքը հնչում է պոետի ծննդավայրում, խոսքաշեն ու քանքարավոր լսարանի առաջ:
Մի առիթով արհեստների և արվեստների ձեր հնամենի ոստանի մասին վարպետն ասել է. «Մասիս սարի չափ Շիրակ երկիրը կսիրեմ»: Սա է Շիրազի սիրո չափն ու չափանիշը, և ժողովրդի ու բանաստեղծի այդ անչափելի սերը փոխադարձ էր, անմեկնելի մի գաղտնագրով հավերժացնելով Շիրազ երևույթի առանձնահատուկ տեղն ու դերը 20- րդ դարի հայ պոեզիայի անդաստանում:
Հովհաննես Շիրազն էր, որ դեռ պատանի՝ կոլխոզ- տրակտորների հռնդյունների և աշուղական կլկլոցների բոհեմում, ստանալով մեծն Չարենցի օրհնությունը և ապա ժառանգելով Չարենցի ողբերգորեն լռած քնարը, ստանձնեց ազգային քնարերգության անցյալն ապագային միավորելու նախախնամական հանձնառությունը՝ ետպատերազմյան հայ պոեզիայի նոր բռնկումը:
Շիրազն այն խենթերից էր, որ չծախվեց «սովետական ինտերնացիոնալիզմի» ստապատիր կարգախոսներին, չշլմորեց պալատական գաղափարախոսական պատվերների դափնիներից, դարձավ համազգային զարթոնքի դարբինն ու շեփորահարը, իր ժողովրդի իղձերի ու ձգտումների դատապաշտպանը: Նրա պոեզիան 65- ի ալեկոծության իններորդ ալիքն էր, հրաշեկ լավան էր 88- ի համաժողովրդական ժայթքումի: Շիրազը Արցախյան հերոսամարտի առաջին շարքերում էր, և այսօր էլ նրա պատգամները զգոն են պահում հայոց արդար պահանջատիրությունը միջազգային բարձր ատյաններում:
Ժողովրդի ծոցից ելած՝ նա իր հանճարեղ հայրենակցի՝ Ավ. Իսահակյանի հետ կիսեց ամենաժողովրդական բանաստեղծի հռչակը: Նա համոզված էր, որ չնայած իր դարաշրջանի վայրիվերո գնահատականներին, ինքը թագադրված արքան է հայ պոեզիայի. «Եվ իմ թագը խոսքն է իմ հայրենիքի, որ միշտ իմ գլխից վեր եմ պահել»: «21- րդ դար» բանաստեղծության մեջ, մարգարեաբար կռահելով նյութի դիվահարության վերահաս աղետը, իր զավակին կոչում է զորավիգ լինել ազգային երազին.
Ու վայ էն դարին, որ պիտի մարդուս
Մարմնի հղփացում, ոգուն՝ սով բերի,
Թե պիտի ոգուս թևերը որդուս
Չդարձնեն արծիվն իմ երազների:
Թերևս սա է այս բազմամարդ հանդիսության գեղեցիկ խորհուրդը, բանաստեղծ հոր և նրա տեսիլքների արծիվ քանդակագործ որդու հանդիպումը այս տպավորիչ հուշարձանի տեսքով, հուշարձան, որ ոչ միայն Արա Շիրազի, այլև ողջ հայ ժողովրդի որդիական սիրո տուրքն է մեծ պոետին:
ԼԵՎՈՆ ԱՆԱՆՅԱՆ
Գյումրի: 2005 թ.
Ելույթ Հովհ. Շիրազի հուշարձանի բացման հանդիսության օրը