«Հանդիպել ենք իսկական արվեստի ու արտիստի». արվեստաբան Հենրիկ Հովհաննիսյանը` Վարդան Պետրոսյանի մասին
Հանդիսասրահը վաղուց չէր եղել այսպես բազմամարդ. պատերի երկայնքով ավելացված աթոռներ, մարդիկ դռների մոտ ոտքի վրա, դրսում կանգնածներ, և մթնոլորտը զվարթ ու լուրջ, որ արդեն անսովոր է մեզանում, այնքան անսովոր, որ դժվարանում ես բարձրաձայն ասել, թե հանդիպել ենք իսկական արվեստի ու արտիստի, և կարծիքներ ենք փոխանակում մի տեսակ զգույշ ու հարցական, ինքներս մեզ ստուգելով: Իսկ հավանությանակնրակները լուրջ են ևզուսպ, ինչպես լինում է ճշմարիտ արժեքները գնահատելիս: Չափազանցումները, ծաղիկներն ու համբույրները միշլ էլ նշան են որոշ կեղծիքի: Հիմա դա էլ չկա:
Ներկայացման վերջում ինձ մոտեցած լրագրողուհուն չկարողացա այն պատասխանը տալ, ինչին նա սպասում էր: Ասացի, որ մխիթարված եմ, ավելին` երջանիկ և նորից ու նորից համոզված, որ մի անարժեքություն ծաղրելը հազար անգամ հեշտ է, քան արժեքի մեկնությունը:
— Եվ դու չգնացի՞ր կուլիսներ, — հաջորդ օրբ ինձ ասաց Լևոն
Հախվերդյանը, — գնայիր, հայտնեիր հիացմունքդ:
— Չէի կարող, — ասացի:
Ես հանդիսատեսի վիճակում էի: Դերասանի անձը ինձ երևում էր անմատչելիորեն հեռու, անիրական տարածության մեջ: Վաղույց մառացված զգացում, որ վերջին անգամ ունեցել էի 1982-ի «Աշնան արևին» և տպավորությունս ստուգելու համար դիտեցի ներկայացումը ևս յոթ անգամ: Հիմա էլ նույնն է: Երրորդ անգամ դիտելուց հետո տեսնում եմ, որ հիացումի խոսքերն այստեղ ուժ չունեն. երևույթը դիմանում է քննադատության, արժե քննել ու դատել, և դրա շուրջ մտածում եմ արդեն մեկ ամիս, որ շատ երկար է մի թատերախոսականի համար: Ես պիտի բռնե՞մ, վերջապես, դերասանի երակը, շոշափեմ ներքին ձևը: Դա սոսկ հոգեֆիզիկական մեքենայի կատարելությունը չէ, ոչ էլ պարզ վարպետություն: Անվիճելի է, անզեն աչքով տեսանելի բնական արտիստիզմը, բեմական հմայքը, պլաստիկական վճիռների բազմազանությունը, ուրվագծերի հստակությունն ու ճկունությունը, թեթևությունն ու ռիթմի հրաշալի զգացողությունը, և այս ամենի հետ` հավասարակշիռ, անտագնապ վիճակ, օտարման մի սահման, ներքին աչք` ինքն իրեն տեսնելու հազվադեպ շնորհ: Եվ կա առեղծվածայինը` արտիստի անձը ներզգայության (ինտուիցիա) իր որակով: Նրա արտաքին ձևերի խորքում տրոփում է մաքուր մի երակ, մի կենսազգացողություն, որ նրան պահում է իրականության ու արվեստի շփման սահմանագծում: Առօրյա կենսական նյութը նա շատ թեթև ու դյուրին վերածում է արվեստի իրականության, զարհուրելին ու եղկելին դարձնում ծիծաղելի, ասել է, թե իսկապես աշխարհը կատակերգություն է խաղում, և հանդիսականին հասցնում է կատակերգական քավության (կաթարսիս)` մի մակարդակի, երբ մարդն զգում է իրեն վեր այս աշխարհի տիրողներից, երբ ամենածիծաղալին էլ ի վերջո լրջացնում է մի պահ, մղում խորհրդածությունների:
Այս է ահա, որ ինձ դնում է հանդիսականի դրության մեջ և ստիպում հաշվի նստել այդ վիճակի ու սեփական զգացողության հետ և, այնուամենայնիվ, ստուգել զգացածի ճշմարտությունը:
Հենրիկ Հովհաննիսյան