ՍՊԱՐՏԱԿ ՂԱՐԱԲԱՂՑՅԱՆ. Հայ ուտելեն չկշտացա՞ք
(իրական պատմություն) Ժամանակակից Թուրքիայի քարտեզը Վազգենը փռել էր սեղանին ու կարմիր մատիտով հատ-հատ օղակել քաղաքներ, գյուղեր, շեներ, ավաններ, գետեր ու լեռներ: Մի ժամանակ դրանք հայահունչ ու հայաշեն են եղել, ու հիմա՝ Վազգենի կողմից վերաքննության ենթարկվելուց հետո, քարտեզն ասես ամոթից կարմրել էր: – Քեզ որ մնա՝ Թուրքիան ոտքից գլուխ կհայացնես, – մտերմիկ կատակելով ասացի ես:– Չէ´, աղբրո, ես սահմանը չեմ անցել. մերը մեզ կբավե: Մնացածը թողել եմ հույնին, բուլղարին, սերբին, ասորուն… Թող նրանք էլ իրենց բաժինները ներկեն՝ տեսնեմ տակը թուրք-Թուրքիա կմնա՞… Հետո, ուշադրությունս հրավիրելով քարտեզին, հարցրեց. – Նայի´ր, ինչի՞ է նման: – Լեշի, – առանց երկմտելու պատասխանեցի հարցին: – Հոտա´ծ լեշի, – ավելի պատկերավոր ասաց նա ու համոզված ավելացրեց,-վաղ թե ուշ սրա հերթն էլ կգա: – Աստված ձայնդ լսի, – թերհավատ ասացի ես ու փորձեցի թերհավատությունս արդարացնել, – թուրքը հայի նման չէ, ելքը կգտնի…. Մատիտով քարտեզին ինչ կուզես գրիր, ոնց կուզես շտկիր, մեզ մտիկ անողն ո՞վ է… Ասածս հաստատ սրտովը չէր: Հայացքը նորից գամեց քարտեզին ու մատը դնելով կարմիր օղակի մեջ առած կետին ասաց. – Քրդերի մայրաքաղաքն է, իրենք են հռչակել: – Գիտեմ, նախկին Տիգրանակերտն է, հիմա Դիարբեքիր են ասում: – Անցած ամիս այնտեղ էի, քրդացած հարազատներիս գտա՝ Կարոտին ու Մեսրոպին…, – մի պահ լռեց, հետո շարունակեց, – մեռնեմ էլ հոգս չէ, ուզածս արի, գտա արյանս փակ դուռը բացող բանալին… Ու պատմեց դիարբեքիրյան այս դրվագը. …Արևը կրակ էր թափում: Անտանելի է Դիարբեքիրի (Տիգրանակերտի) շոգը: Հալեպի շոգը նրա դեմ ի՞նչ է՝ զով քամի… Քաղաքի հին պարիսպների հարևանությամբ զովասուն մի սրճարան էինք գտել ու վերագտած հարազատներիս հետ սուրճ հետն էլ պաղ-պաղ օշարակ էինք վայելում: Նրանցից մեկը, կարծեմ Կարոտն էր, ասաց. – Քեռի, տեղի մեծերեն մեկը կփափագե հետդ հանդիպել: Դեմ չե՞ս: – Սիրո´վ, ինչո՞ւ չէ, սիրո´վ, կանչիր՝ թող գա,- ասացի: Լուր տվին: Քիչ հետո եկավ: Հագուկապից երևում էր, որ բարձրաստիճան հոգևորական է: Նստեց, քաղաքավարի երևալու համար որպիսությունս հարցրեց, հետո Երևանից, Հայաստանից, նույնիսկ Ղարաբաղից հարցուփորձ արեց: Վարժ քրդերենս նրան զարմացրել էր: Ասացի, որ նույն չափով թրքերենով ու արաբերենով էլ եմ խոսում: -Ժամանակին Սասնո քրդերն էլ վարժ հայերեն գիտեին, – ասաց եկվորն ու մեղքը իրենից հեռու հրելով՝ շարունակեց, – թուրքը մեջերնիս մտավ, հարամեց… – Ով էլ լինի քուրդը՝ քաղաքապետ, թե թաղապետ, շեյխ թե հոգևորական, նախարար թե նախրապան, մեկ է, Դիարբեքիր, Սասուն գնացած հայը նրանց համար ոսկեխույզ է՝ մեծ պապի, մեծ հոր «պահած» ոսկիները փնտրելու եկած մեկը: Սա էլ նույն խելքին էր, – շարունակեց Վազգենը, – հարցմունք – հարցմունքով վերջը իր ուզած հարցին եկավ. – Մեծ հորդ ոսկիների ետևի՞ց ես եկել, – խորամանկ ժպիտով հարցրեց քուրդը: – Այո´, – կտրուկ, առանց քաշվելու պատասխան տվի և ուղիղ նայեցի աչքերի մեջ: Ժպիտը դեմքից փախավ, լրջացավ: Հետո խորհրդավոր, գրեթե շշուկով հարցրեց. – Գտա՞ր… – Իհարկե գտա…, – եկվորի աչքերը փայլեցին. – Քարտե՞զ էիր բերել, – նվաղած ձայնով հարցրեց քուրդը: – Արյան ճանապարհը քարտեզով չեն փնտրում: Քուրդը հաստատ չհասկացավ ասածիս միտքն ու կրկին հարց. -Շա՞տ էր… Տեսնելով, որ քուրդն իրոք չի հասկացել ասածիս իմաստը կամ էլ ձև է անում, Կարոտին ու Մեսրոպին ցույց տալով՝ ասացի. Այս երկուսի քաշով մեկ…Եկվորը հատ – հատ նայեց Կարոտին, Մեսրոպին ու պարտված մարդու պես հափռեց արծաթե համրիչն ու ոտքի կեցավ՝ ասելով. -Մզկիթ գնալուս ժամն է, կներեք… Ես էլ ոտքի ելա՝ հրաժեշտ տալու նրան: Քաղաքավարությունից դրդված ձեռնվեցինք, ողջագուրվեցինք… Քուրդը, չգիտեմ ինչու, ողջագուրվելիս արաբերենով ականջիս ասաց. -Մի քանի տարի առաջ լիներ, քեզ հում-հում կուտեին… Ես էլ նրան թրքերենով պատասխանը տվի. -Հայ ուտելուց չկշտացա՞ք… … Ամեն տարի ապրիլին Կարոտն ու Մեսրոպը Սասունի ձորերից մի խտիտ վայրի ծաղիկներ են բերում Երևան, մի մասը տանում Ծիծեռնակաբերդ, մի մասն էլ Վազգենի շիրմաքարին դնում… Այս անգամ Սասունից բերված արնաներկ ծաղիկներն ասես Թուրքիայի քարտեզին արված Վազգենի կարմիր օղակներից էր փնջվել… Սպարտակ Ղարաբաղցյան08/08/2016