ՀԱՅԿ ՍԻՐՈՒՆՅԱՆ. Փնտրեցի խորություն վայրկյանի մեջ
Փնտրեցի խորություն վայրկյանի մեջ՝Օդում ցնդող սրտի զարկեր… ավել ոչինչ…Փնտրեցի խորությունԳիշեր-ցերեկ, ամառ-ձմեռՔամուհողմի պտույտի մեջ սոսկալիՈւ փռվեցին օրեր՝Ափամերձ քարերի պես խառախուռա…Փնտրեցի խորությունԿայծակի մեջ թրատող,Ձյուների մեջ հալուհալ,Շողերի մեջ արփիական,Երկնի ծամթելի տակ- ծիածան,Ու կարճ կապած՝Սարում, ձորում, սևահողում ճաքուճաքչգտա ոչինչ…
Փնտրեցի խորություն
Ասֆալտներին ու մայթերին սեթևեթ,
Ու քայլի տակ ձյունը որպես տիրամիսու,
Իսկ անձրևը շնչասպառի գոլ քրտինք՝
Երկնաքերի քունքից կաթող
(ես էի մոգոնել, ու չկար ոչինչ)…
Փնտրեցի խորություն
Գրքերի մեջ նախշուն-տռուզ,
Տողերի մեջ փրփրուն ու արցունքաբեր,
Հանճարեղից տխմարություն տանող
Նրբանցքներում խարխափեցի՝
Չտեսա ոչինչ…
Փնտրեցի փախուստ
Պանդոկներում, կաֆեներում,
Խնջույքներում՝ ճառերի մեջ բրոնզե,
Ծեսերի մեջ զեռ ու զեխ.
Լաբիրինթի պարզմիտ ելք էր
Կժից կաթող ծիրը գինու… ավել ոչինչ…
Վերջում փնտրեցի խորություն մարդու մեջ՝
Հայացքների մեջ զարզանդ,
Աչքերի մեջ բեկբեկուն,
Թևանցուկի տակ ընկերոջ
Ու բեռի տակ կնոջ խատուտիկ շնչի.
Ոչինչ, ոչինչ ու ոչինչ…
Ինչ որ տեսա ու իմացա (կարծես թե)
Նման էր լոկ
Լալին հանձնած մի գաղտնիքի,
Ինչ չիմացա՝ հմայքը սոսկ փնտրելն էր
ԵՒ չգտնելն՝ առավել քան…
ՀԱՅԿ ՍԻՐՈՒՆՅԱՆ