Հայկ Նահապետը` ազգերի ազդարար
Վրաց պատմագրության մեջ պահպանված վկայությունների համաձայն հայերի (սոմեխների), վրացիների (քարթվելների), աղվանների (ռանների) և կովկասյան մի քանի ազգերի նախահայրը եղել է Թորգոմը (Թարգամոսը), որը Բաբելոնի աշտարակաշինության ձախողումից հետո բնակություն Է հաստատում Մասիս և Արագած լեռների միջև ընկած տարածքում: Թորգոմն աստիճանաբար իր տիրապետության սահմանները հասցնում Է Պոնտական ծովից (Սև ծով) մինչև Գուրգանի ծով (Կասպից ծով) ու Օրեթի (Կորդվաց) լեռներից մինչև Կովկասյան լեռներ (ինչպես տեսնում ենք` «ծովից ծով» ու լեռնափակ տերություն էր): Նա ուներ ութ որդի, որոնք Էին Հայկը (Հայոսը), Քարթլոսը, Բարդոսը, Մովկանը, Լեկոսը, Հերոսը, Եգրեսը, Կովկասը:
Ավագ և ամենաքաջ որդին Հայկն Էր, որի մասին ասվում Է, որ նրա նմանը ոչ ջրհեղեղից առաջ կար, և ոչ էլ հետո: Թորգոմը մահից առաջ իր տերությունը բաժանում Է երկու մասի. կեսը` բուն Հայոց երկիրը, տալիս Է Հայկին, իսկ մյուս կեսը` բուն Հայոց երկրից դուրս գտնվող ու երևի նվաճված տարածքները, ըստ ավագության` մյուս որդիներին: Թորգոմի որդիներն ապրում Էին խաղաղ ու համերաշխ, բայց անկախ ու ինքնուրույն չէին, այլ ենթարկվում էին բռնակալ Նեբրովթին և հարկատու էին նրան: Եվ ահա մի օր Հայկը դիմում է իր եղբայրներին` կոչ անելով ունենալով զորություն և բազում ժողովուրդ չծառայել օտարի, այլ` ճշմարիտ (արարիչ) աստծուն:
Վերջին արտահայտությունը, որն անհասկանալի է հնչում ընդհանուր շարադրանքում, օգնում է հասկանալ հայ պատմիչ Թովմա Արծրունին: Նա հայտնում է, որ Նեբրովթը ինքնակամ իրեն հռչակել էր որպես ամեհահինը, ժամանակից դուրս, աստծո (Արամազդի) հայր, Արամազդին հրամայող, և ըստ դրա էլ` անվանափոխվել ու կոչվել էր Բել:
Այնուհետև, մարդկության նահապետների անունները կասկածելի ձևով այլափոխելով հրաման էր արձակել իր տիրապետության տակ եղած ժողովուրդներին ամենուրեք կանգնեցնել իր արձանը, երկրպագել նրան որպես աստծո ու զոհ մատուցել: Սրանով հանդերձ, Նեբրովթը զարկ էր տվել կռապաշտությանը: Պաշտում էին ոչ միայն Նեբրովթին, այլև` նրան հաճո ու հնազանդ թագավորներին, երևելի հսկաներին ու քաջերին, որոնց պաշտամունքի համար ձեռակերտ կուռքեր էին կանգնեցվում: Դրա համար էր, որ քաջ ու անվանի, ազատատենչ Հայկը չհանդուրժելով նման ինքնակոչ բռնակալին և ըմբոստանալով նրան պետք է համարձակորեն դիմեր այս դիպուկ խոսքերով. ՙԴու ոչ թե աստված ես, այլ` շուն, իսկ քո ետևից շարքով քարշ եկողները` շների երամակ՚:
Այժմ մեկնաբանենք վրացի պատմիչների հաղորդածը: Կարծում ենք, որ նրանք շփոթում են այն, որ Բաբելոնի աշտարակաշինության ձախողումից հետո Թորգոմն է բնակություն հաստատել Հայոց աշխարհում, քանի որ Մովսես Խորենացու ավելի վաղեմի վկայությամբ դա եղել է Հայկը, որը սակայն բնակություն է հաստատել ոչ թե Մասիս և Արագած լեռների միջև, այլ սկզբում` Վանա լճից հարավ, այնուհետև` հյուսիս-արևմուտք ընկած տարածքում ու այն անվանակոչել է Հարք (այսինքն` «հայրեր Թորգոմի տան սերնդի»): Միայն նրա Արամանյակ որդին ու Ամասիա թոռը հետագայում բնակություն հաստատեցին Մասիս և Արագած լեռների միջև ընկած տարածքում (Արամանյակը` Արագածոտնում, Ամասիան` Մասյացոտնում): Նշանակում է` Թորգոմը ոչ մի տեղից էլ չի գաղթել, այլ` սկզբից էլ բնակվելիս է եղել Մասիս և Արագած լեռների միջև ընկած տարածքում (ավելի ճիշտ` այս տարածքը Թորգոմի ոստանն էր):
Այժմ, մտորելու տեղիք է տալիս այն, թե ինչ էր անում Հայկը գերդաստանով Նեբրովթի տերության (որն, ըստ էության, կրոնապետություն էր) աշխարհակենտրոն Բաբելոն «խառնակ» քաղաքում, որտեղ և ունեցավ Արամանյակ որդուն, որի մասին նույնությամբ վկայում են Մովսես Խորենացին ու Թովմա Արծրունին, և ինչպես նա հայտնվեց այնտեղ: Մի բան միանշանակ Է. աշխարհակալ Թորգոմ արքայի ավագ, քաջ և ազատատենչ որդին, որ պետք Է ժառանգեր հայոց թագավորությունն ու բուն Հայոց երկիրը, կամովին չէր լքի այն և տրվեր որևէ մեկի ողորմածությանը, որպեսզի հետագայում ըմբոստանար ու վերադառնալով հայրենիք` հանընդհանուր ապստամբություն կազմակերպեր նրա դեմ:
Պատմիչները լռում են այդ մասին, չնայած ենթադրվում է, որ Հայկը Նեբրովթին հպատակ մյուս հսկաների հետ միասին մասնակցում էր Բաբելոնի աշտարակաշինությանը: Սակայն, ինչ հանգամանքներում էր նա հայտնվել այնտեղ` դեռ պարզ չէ:
Մեր կարծիքով, այս հարցերի սպառիչ պատասխանը գտնելուն օգնում է «Սասնա ծռեր» ազգային էպոսը` վերջինիս հետ համադրելով պատմական հայտնի նյութերը:
Այժմ զուգահեռաբար ներկայացնենք մարդկության երկու նահապետների` Հաբեթի (Հապետոսթեի) ու Քամի (Տիտանի), Մովսես Խորենացու հիշատակած տոհմածառերից մի հատված: Այսպես`
Հաբեթը սերում է Գամերին — Քամը սերում է Քուշին,
Գամերը սերում է Թիրասին — Քուշը սերում է Մեստրայիմին,
Թիրասը սերում Է Թորգոմին — Մեստրայիմը սերում է Նեբրովթին,
Թորգոմը սերում է Հայկին — Նեբրովթը սերում Է Բաբին:
Այնուհետև, պատմիչների պնդմամբ Մեստրայիմը Մեծրայիմն է, որի տակ հասկացվում է Եգիպտոսը, իսկ Նեբրովթը Բելն է, որը եթովպացի է եղել (ի դեպ, Թովմա Արծրունու վկայությամբ Եթովպիան Եգիպտոսի մասն էր կազմում): Այսինքն, Մեստրայիմը Եգիպտոսի տիրակալն էր (ընդունված տեսակետի համաձայն` նաև եգիպտացիների նահապետը): Ուշագրավ է, որ Մովսես Խորենացու մոտ, ով իր իսկ վկայությամբ առանձնապես զբաղվել էր Նեբրովթի ինքնությամբ, չի շեշտվում Մեծրայիմի ազգային պատկանելությունը` հավանաբար, նկատի ունենալով նրա բնիկ եգիպտացի լինելը, այլ` առանձին շեշտվում է Նեբրովթի եթովպացի` իր նախորդից տարբեր ազգության լինելը: Մյուս կողմից, վերը նշված տոհմածառում «սերել» հասկացության տակ ուղղակի հասկանալով «սերունդ առաջ բերել» նշանակությունը, համենայնդեպս եզրակացնում ենք, որ Նեբրովթի մայրը եգիպտացի չէր, այլ` Եգիպտոսի եթովպացի թագուհի: Բայց, այս պարագայում ևս, Խորենացին չէր շեշտի Նեբրովթի եթովպացի լինելը, եթե նրա հայրը լիներ եգիպտացի Մեծրայիմը, որի որդին բնականաբար Եգիպտոսում տիրող հայրիշխանության պայմաններում կլիներ հոր ազգության կրողը: Նշանակում է Նեբրովթի հայրը Մեծրայիմը չէր:
Իսկ ով էր նրա իրական հայրը, որի Տիտանյան կոչեցյալ զորեղ ու հաղթանդամ որդին ժառանգելով Եգիպտոսը` պետք է ստեղծեր բիրտ ու ահեղ, սուրն ընկերոջ կողը կոխող, մեկը մյուսին տիրելու ձգտող հեղինակությունների վրա հիմնված մեծ տերություն և կառուցեր Բաբելոն քաղաքը, իսկ հետո վերածվեր որովայնի համար ապրող արատավոր, անզուսպ բռնակալի ու ինքնակոչի: Իզուր չէ, որ Թովմա Արծրունին Նեբրովթին նկարագրելով որպես վիթխարի հասակ ունեցող հսկա ու զորեղ համարելով Հերակլեսից և Ալեքսանդր Մակեդոնացուց, միաժամանակ, ներկայացնում է նրա շատակերությանը վերաբերող չափազանցված պատմություններ: Մեզ հուզող այս հարցի պատասխանը ևս կգտնենք էպոսում:
Իսկ այժմ անդրադառնանք էպոսին: Այսպես, էպոսում գործում են ժամանակային առումով իրար հաջորդող երկու Մսրա մելիքներ: Վերջիններիս անվանումն արդեն հուշում է, որ սրանք ՙՄսր՚ երկրի տիրակալներն են («մելիք» նշանակում է իշխան, թագավոր): էպոսագիտությունը Մսրը նույնացնում է Եգիպտոսի հետ, որի օգտին է խոսում պատմիչների Մեստրայիմ-Մեծրայիմ-Եգիպտոս նույնացումը: Եվ վերջապես, էպոսի ստորև բերվող շարադրանքից պարզվում է, որ սրանց միջև ազգակցական ուղղակի կապ չկա: Այսպես, ավագ Մսրա մելիքն ու Մեծ Մհերը մենամարտում են իրար հետ, սակայն հաշտվում են ու երդվում իրենցից մեկի մահանալու դեպքում տեր կանգնել մահացածի ընտանիքին ու տերությանը: Ավագ Մսրա մելիքը լինելով տարիքով մեծ (հմմտ. Թորգոմ-Մեստրայիմ ժամանակակապը) մահանում է ու Մեծ Մհերը լքելով Սասունը տեր է կանգնում նրա կնոջը` Իսմիլ խաթունին, որից էլ սերում է կրտսեր Մսրա մելիքին, և որը Մեծ Մհերի Սասուն վերադառնալուց հետո ժառանգում է մոր խնամառության տակ գտնվող երկիրը:
Այնուհետև, վերադառնալով հայրենիք, Մեծ Մհերը Արմաղանից սերում է Դավթին (հմմտ. Հայկ-Նեբրովթ ժամանակակապը) ու երկուսն էլ մահանում են: Դավթի մանկապատանեկությունը անցնում է Մսրա մելիքի խնամառության տակ, իսկ Սասունն էլ դառնում է վերջինիս հպատակ ու հարկատու: Հետո վերադառնալով հայրենիք` Դավիթը մարտահրավեր է նետում ու մենամարտում սպանում Մսրա մելիքին:
Համեմատելով Նեբրովթի և Հայկի մասին պատմիչների տեղեկությունները էպոսի նշված նյութերի հետ, եզրակացնում ենք, որ էպոսի Մսրա մելիքները Մեստրայիմն ու Նեբրովթն են, իսկ Մեծ Մհերի ու Դավթի հավաքական կերպարների հիմքում ընկած են կամ նրանցում ծպտված են Թորգոմն ու Հայկը:
Սրանով հանդերձ, Նեբրովթի հայրը Թորգոմն էր: Սրա օգտին է խոսում և այն, որ նետահարված Բելի դիակը Հայկը հրամայում է տանել Հարք, զմռսել ու թաղել մի բարձրավանդակ (հետագայում Դետ կոչված) տեղում, ի տես իր կանանց, որդիների ու մյուսների: Թե ինչու պետք է Հայկը այդ աստիճան հարգալից վերաբերվեր այդքան ատելի թշնամու դիակի հանդեպ անհասկանալի է, եթե, իհարկե, նրանց միջև ազգակցական, հետևաբար և` պարտավորեցնող, կապ չկար: Ուշագրավ է և այն, որ հայոց որոշ ավանդազրույցների համաձայն Նեմրութ լեռը (գտնվում է Վանա լճի արևմտյան կողմում) անվանակոչվել է Նեբրովթի անունով:
Իսկ այժմ պատասխանենք այն հարցին, թե ինչ էր անում Հայկը Բաբելոնում: Մովսես Խորենացին հայտնում է, որ մինչ Հայկի Հայաստան գալը` հայրենիք վերադառնալը, երկրի շատ տեղերում ցիրուցան ապրում էին սակավաթիվ մարդիկ (օրինակ` Սլկունի նախարարական տոհմի նախնիները), որոնք կամովին հնազանդվեցին նրան` լավ տեղյակ լինելով նրա ծագմանը: Այսինքն, Հայոց երկրում մինչ Հայկի վերադարձը միասնական իշխանություն չկար: Ուրեմն, ինչ աղետ էր կատարվել մեր աշխարհում, որի հետևանքով երկիրը ամայացել էր ու բնակչությունն էլ ցրվել երկրով մեկ: էպոսն է ասում, որ Մեծ Մհերի մահից հետո Մսրա մելիքը արշավել էր Սասուն և հարկատու դարձրել այն, ուստի եզրակացնում ենք, որ Թորգոմի մահից հետո Նեբրովթը ասպատակելով Հայոց աշխարհը` մասնատել էր տերությունը, հարկատու դարձրել նրա առանձին երկրամասերն ու գահի ըմբոստ ժառանգորդ Հայկին իր մոտ պատանդ տարել` փորձելով նման ձևով բացառել իր դեմ գործելու որևէ հնարավորություն: Բայց Հայկը, այնուամենայնիվ, ըմբոստացավ նրա դեմ ու երեք հարյուր քաջերի հետ գերդաստանով վերադառնալով հայրենիք` համախմբեց հայրենակիցներին ու եղբայրներին: Այնուհետև, նա եղբայրների և այլոց հետ ապստամբելով Նեբրովթի դեմ` ճակատամարտում նետահարեց նրան: Արդյունքում, կործանելով նրա բռնապետությունը Հայկը վերականգնեց երկրի անկախությունն ու Հայոց միասնական տերությունը (որն, ըստ էության, նույն ծագումով միավորված ինքնիշխան ազգերի համադաշնություն Էր) սկիզբ դնելով Հայկազունների արքայական շառավղին:
Սրանով հանդերձ, այժմ փորձենք հիմնավորել, թե ինչու Թորգոմն ու Հայկը կապվեցին էպոսի գլխավոր հերոսների հետ: Այսպես, էպոսը հիմնականում ձևավորվել է Տարոն աշխարհում, իսկ Հայկը առաջնապես հայոց պետականությունը վերականգնեց Տարոնի Հարք գավառում, որը ՙԹորգոմի տան սերնդի հայրերի` այսինքն Թիրասի, Գամերի, Հաբեթի բնակության վայրն (ոստան) էր:
Ավանդական պատմագրության մեջ ընդունված է Հայկին համարել մեր երկրի, իսկ մի մասի կարծիքով` նաև ազգի, անվանադիր նախնի` հիմք ընդունելով Մովսես Խորենացու այն հեղինակավոր պնդումը, թե նրա անունով մեր երկիրը կոչվեց Հայք: Սակայն, ասվածից երբեք էլ չի հետևում, թե այնտեղ բնակվողները նախկինում Հայ չէին կոչվում: Հայկ անձնանունը արդեն իր մեջ կրում է «Հայ» ազգային պատկանելություն ցուցանող արմատը (Հայկ-հայիկ, ինչպես` պարսիկ, հնդիկ և այլն), իսկ «Հայք»-ը բառացի նշանակում է «Հայեր» ( «ք»- ն հոգնակերտ ածանց է) և, միաժամանակ, տարածքային իմաստով` «Հայերի երկիր»: Մյուս կողմից, չի բացառվում, որ նախկինում այլ ձևով անվանակոչված Հայոց երկիրը (ասենք` Արիանա, Արարատ) Հայկի անունով վերանվանվեր և դառնար Հայք (հայերենում հայտնի կ-ք հնչյունափոխությամբ` Հայկ-Հայք), ինչպես ըստ Խորենացու Արամ Նահապետի անունով` Արմենիան: Նշենք նաև, որ հայագիտության մեջ Հայկը հայտնի է նաև որպես տոմարաստեղծ նախնի և դիցական հերոս:
Սակայն, Հայկ Նահապետի գործունեությանը լիարժեք գնահատական տալու համար անհրաժեշտ է անդրադառնալ Նեբրովթի` ՙԵհովայի առաջին զորավոր որսորդի` (ինչպես Բիբլիայում է նա անվանված) գործունեությանը: Բիբլիական հայտնի ավանդությունը ասում է, որ բաբելոնյան աշտարակաշինության ժամանակ տեղի ունեցավ` լեզուների խառնակություն՚: Իսկ Մովսես Խորենացու և Թովմա Արծրունու պատմածի համաձայն Նեբրովթն էր, որ կառուցել էր Բաբելոն քաղաքը և գոռոզամտությամբ հղացել աշտարակաշինության գաղափարը: Սրանով հանդերձ, եզրակացնում ենք, որ նա իր տերությունում ապրող ազգերին պարտադրել էր խոսելու մեկ լեզվով:
Ի միջի այլոց, զարմանալի է, որ Բիբլիայի գրիչներն իրենց իսկ քարոզած առաքինություններին հակասող Նեբրովթին` այդ ինքնակոչ աստծուն, որովայնի համար ապրող արատավոր ու կռապաշտությանը զարկ տվող մարդուն` զորավոր որսորդ` են կոչում: Միգուցե նրա համար, որ նա իր տերությունում միասնական լեզու էր հռչակել իրենց հոգեհարազատ որևէ նախնական լեզու (Թովմա Արծրունին ակնարկում է, որ լեզուների խառնակությունից հետո իր մայր լեզուն պահպանեց միայն եբրայեցիների նահապետ Եբերը):
Եվ այդ բռնապետ-աշխարհակալը սպանվում է Արի Հայկի կողմից, որին պետք է հաջորդեր նրա տիրապետության ավարտն ու տերության մասնատումը: Իսկ պատմության մեջ և Բիբլիայում նկարագրված` բաբելոնյան աշտարակի կործանումը` աստվածային հողմի` միջոցով (Մովսես Խորենացու մոտ` Մար Աբաս Կատինայից քաղած) և դրան հաջորդող լեզուների խառնակության պատմությունները մեր խորին համոզմամբ ոչ այլ ինչ են, եթե ոչ Հայկ Նահապետի առաջնորդությամբ բիրտ ուժի գործադրման ու կրոնապետության վրա հիմնված Նեբրովթի համաշխարհային (այն ժամանակների հասկացողությամբ և սահմաններում) բռնատիրության կործանում, այն է` մեկ ընդհանուր լեզվակրության վրա հիմնված բազմազգ կայսրության մասնատում, ազգային տերությունների վերականգնում և ազգային լեզուների զարթոնք, իրողություններ, որոնք ինչ-ինչ (կողմնակալ) պատճառներով չեն հիշատակվել: Սրանց օգտին է խոսում և Մովսես Խորենացու այն կարևոր միտքը («Պարսից առասպելներից» մասում), որ լեզուների տարածվելը երկրով մեկ չկատարվեց խառնիխուռն և առանց առաջնորդների, այլ` ՙաստվածային ակնարկությամբ` որոշվեցին գլխավորներ ու ցեղապետներ, որոնցից յուրաքանչյուրն իր սահմանը ժառանգեց կարգով ու զորությամբ:
Այս վերջին նշված իրողությունններն էլ վկայում են համաշխարհային քաղաքականության և ազգային քաղաքակրթությունների կերտման մեջ Հայկի ունեցած վճռորոշ դերի, այսինքն` Հայոց Նահապետի ազգերի ազատարար ու աստվածամարտիկ լինելով` որպես ճշմարիտ աշխարհակարգ հաստատողի մասին:
Եւ թող հիշեն համաշխարհային տիրապետության ձգտող այսօրվա օտար ուժերը, որ Արի Հայկի ցեղակից սերունդները դեռ կան ու հավերժ կլինեն…
Վարդան Լալայան
«Դարձ», 2001, թ. 25, մայիս
«Ազգային-պետական գործիչներ» ժողովածու, Հրատարակիչ` «Հայրենիք» Ակումբ