«Հայկական Մելպոմենի չքնաղագույն դիցուհուն». Եղիշե Չարենցը` Արուս Ոսկանյանին
«… մեր ժամանակները ես չեմ հիշում ուրիշ հայ հայտնի դերասան, թերևս մասամբ Իսահակյան Ալիխանյանը, որ այնքան խոր զգար, այնքա՜ն համորեն ընկալեր պոեզիան, ապրեր նրանով, որքան Արուս Ոսկանյանը», ճ գրում է Ս. Մելիքսեթյանը: Արուս Ոսկանյանը բանաստեղծուհի չէր, բայց, բայց պոետիկ խառնվածք ու քնարատենչ հոգի ուներ:Նա սիրում էր պոեզիան և իր զարմանալի հիշողությամբ իսկույն բերանն առնում հավանած տողը, տունը կամ ողջ բանաստեղծությունը: Պոեզիան այդպես բոռւն սիրելը Արուս Ոսկանյանին դարձրել էին մեր բանաստեղծների` Հովհ. Հովհաննիսյանի, Հովհ. Թումանյանի, Ավ. Իսահակյանի, Ե. Չարենցի, Գ. Մահարուն և այլոց լավ բարեկամուհին: Նրանք բոլորն էլ իրենց ջերմ զգացմունքները երբեմն դրսևորել են Արուս Ոսկանյանին նվիրված չափածո և արձակ տողերում, որոնք ամփոփված են «Գովք Արուսին» ձոների ալբոմում: Ձեզ ենք ներկայացնում Ե. Չարենցի «Գովք Արուսին» բանաստեղծությունների շարքը:
Չկա՛ քեզնից գերիլ երա՜զ,
Քո անունից անո՜ւշ անուն …
ՎԱՀԱՆ ՏԵՐՅԱՆ
I
Մելպոմենյան տաճարի,
Կամարների տակ անմար,
Ուր հայրենի հանճարի
Հուրն է վառվել անմար,
— Որ աստղերով շողշողուն
Եղել է միշտ հարուստ,
— Այսօր Քո ա՛ստղն է շողում,
Իբրև արևո, օ՛, Արո՛ւս …
II
Մեր նորափայլ արևով
Բեղմնավորված` անմար
Արվեստի լուսե` արևոտ
Ստեղծելու համար,
— Այսօր անհուն մեր ոգին,
Նոր խնդությամբ ցնծուն`
Անցյալի բե՛րքն է կրկին`
Նոր մանգաղով` հնձում …
III
Եվ, հերքելով անցյալի
Ամեն անցյալ անցած –
Գովում է նա պանծալի
Հանճարներին պայծառ …
Իր նորախոհ մանգաղով`
Միայն բարիք հնձող`
Հի՛ն արևներ է քաղում,
Սնվում նրանով …
IV
Այդպես մե՛նք էլ մեր նորոգ
Արևային ոգով –
Երբ հմայվում ենք գերող
Քո արվեստի շոգով –
Տենչում ենք միշտ գտնել փայլ.
Մի բի՛լ ճառագայթ, —
Որ հանճարից լինի այն
Պայծա՜ռ ճառագած …
V
Ցնծությամբ է լցվում մեր
Հոգին ամեն անգամ –
Երբ դու ելնում ես բեմ,
Որպես արևահամ, —
Կին, կամ կրքոտ տարփուհի,
Կյանքի ընկեր, կամ մայր, —
Պիեսներում Իբսենի,
Կամ Շեքսպիրի անմահ …
VI
Յուրաքանչյուր քո դերում`
Դասական, թե նոր –
Դու հմայքով ես գերում,
Արվեստով քո խոր: —
Ֆեյա ես դու` հանճարին
Դեպի արև կանչող, —
Թե՞ — նենգ տիպար չարի –
Նո՛ւյնն է` հանճար ես տանջող …
VII
Ի՛նչ էլ բեմից պատկերես
Ոճիր, թե հանցանք, —
Կարողանում ես գերել,
Որպես կյանքի ձայն …
Հերոսուհի, տարփուհի,
Պոռնիկ, սիրող մայր, —
Գերո՜ւմ ես դու միշտ մեր հին
Լույսով հանճարափայլ …