Հայաստանի պատմության թանգարանում կցուցադրվի կաշվե ոտնաման, որը թվագրվում է Ք.ա․ 3600-3500 թթ․
Հայաստանի պատմության թանգարանում մեկնարկում է մշտական ցուցադրության վերաբացումը՝ «Հնագույն մարդու հետքերով․ քարի դար» խորագրով ցուցասրահի բացմամբ։
Այս կապակցությամբ թանգարանում տեղի է ունեցել մամուլի ասուլիս, որի բանախոսներն էին ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ
Քոչարյանը, Հայաստանի պատմության թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանը, ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի փոխտնօրեն Տորք Դալալյանը, ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի գիտաշխատող Բորիս Գասպարյանը:
Առաջին անգամ բացվող «Հնագույն մարդու հետքերով․ քարի դար» խորագրով ցուցասրահում ներկայացված է 2008 թ. «Արենի-1» քարանձավի պեղումներից հայտնաբերված կաշվե ոտնամանը, որը թվագրվում է Ք.ա. 3600-3500 թթ.։ Այն ցուցադրվելու է ոտնամանի համար հատուկ կայուն պայմաններ ապահովող ցուցափեղկում:
Ցուցադրությունը համալրվել է մի շարք նոր նմուշներով, նոր ցուցադրական կահույքով և նոր մոտեցմամբ: Ընդգրկված են քարեդարյան բարձրարժեք նմուշներ Հայաստանի տարբեր հնավայրերից, որոնց թվում` 500-300 հազար տարվա հնություն ունեցող ձեռքի հատիչ, Ք.ա. 6-րդ հազարամյակի թվագրվող քարե կացին, Ք.ա. 5-րդ հազարամյակի թվագրվող փոքրիկ կավանոթ, որի մեջ պահպանվել է օխրա ներկանյութի փոշի և կիրառվել է նախնադարյան մարդու կողմից, հատկապես թաղման ծեսում։
Դավիթ Պողոսյանը հատկապես կարևորել է թանգարանում ցուցադրվող նոր գտածոների՝ որպես կրթական ռեսուրս ծառայելու հանգամանը: Նա տեղեկացրել է, որ շարունակաբար կբացվեն նաև այլ ցուցասրահներ:
Նոր ցուցասրահում ներկայացվող նմուշների մասին իր գնահատականն է ներկայացրել ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի գիտաշխատող Բորիս Գասպարյանը. «Աշխարհի հնագիտությունը մի մեծ կաթսա է, որտեղ ամեն հնագետ մի կաթիլ ջուր է լցնում, և վերջում ձևավորվում են այս կամ այն գիտական խնդիրների մասին տեսակետներ: Հայկական հնագիտությունն այսօր այդ ձևաչափով փոփոխում է մարդկային հասարակության զարգացման մասին եղած համաշխարհային պատկերացումը: Ունենք եզակի ցուցանմուշներ: Մենք իսկապես հպարտանալու առիթ ունենք՝ առանց ավելորդ համեստության»:
Բանախոսները բարձրացրեցին նաեւ վերականգնողների աշխատանքի գրավչության բարձրացման անհրաժեշտությունը՝ աշխատավարձերի բարձրացման եւ նման մասնագետների վերապատրաստման բարեփոխման միջոցով։
Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի փոխնախարար Ալֆրեդ Քոչարյանը հայտարարեց երկրում թանգարանների միասնական համակարգի ստեղծման մասին։
«Մրցույթը կտեւի առնվազն 4 ամիս։ Հուսով ենք, որ մինչեւ հաջորդ գարուն բոլոր թանգարանները կմիավորվեն մեկ միասնական համակարգում, եւ ամեն ինչ պատրաստ կլինի հաջորդ զբոսաշրջային սեզոնին։ Հնարավոր է գնային քաղաքականությունը վերանայվի, բայց չեմ կարծում, որ լուրջ տատանումներ կլինեն։ Հուսով ենք, որ նոր համակարգը թույլ կտա ճկուն գնային քաղաքականություն վարել»,-եզրափակեց պաշտոնյան։
Նշենք, որ ցուցադրությունը լայն հանրության համար բաց կլինի սեպտեմբերի 9-ից: