ՀԱՅԱՍՏԱՆԸ ՀԱՅԻ ՄԻԱԿ ՈՏՆԱՏԵՂՆ Է
Օրվա խոհ
Յուրաքանչյուր հայ աշխարհացրիվ հայության թանկ ու անփոխարինելի մասնիկն է, գոյության հենարանը, ապագայի գենակիրը։
Այդուհանդերձ Հայաստանն ու Արցախը կարող են ղեկավարել միայն հայրենի հողին ապրող, նրանից սնվող, նրանում արմատակալող, այն խորք ու լայնքով ճանաչող անհատները։
Մեր նշխար հանրապետությունների փխրուն սահմանները ևս տեղաբնակ քաղաքացիներն են պաշտպանում և դա անում են արժանապատվորեն։
Խոստովանանք լինի` ոմանք վատ են ղեկավարում, ոմանք ձախողում են, որոշները օտարի նվագի տակ են պարում, սակայն հայաստանաբնակ իմաստուն հայը նրանցից հրաժարվելու միջոցը գիտի և հարկ եղած դեպքում դա հաջողությամբ կիրառում է։
Պատահում է` Հայաստանում /բարեբախտաբար
ոչ Արցախում/ իշխանաՏԵՆՉՈՒԹՅՈՒՆԸ հասնում է իշխանաՏԵՆԴԻ սահմաններին, երբ քաղաքական նարցիսների դրդմամբ կրքերն սկսում են եռալ։ Այսօր մի քանի վարկաբեկված կամ չկայացած ուժեր փորձում են նման իրավիճակ ստեղծել` համաժողովրդական պայքարի տպավորություն հրահրել։
Սա էլ է քաղաքականության դրսևորում, ժողովրդավար երկրում թող լինի, բայց սփյուռքում ոմանք դրությունը ներկայացնում են որպես համահայկական ինչ-որ աղետ, կործանում։
Ու` դուք չեք կարողանում` մենք դրսերից կգանք, Հայաստանը կմաքրենք` կիշխենք։
Հարկավոր չէ, սիրելի հայրենակիցներ։
ճակատագիրը երևի զուր չի ձեզ օտար ափեր ձգել. չիք չարիք` առանց բարիք։ Օգտվեք այդ հանգամանքից։
Յուրաքանչյուրդ ձեր ապրած երկրում փորձեք հայրենիքին պիտանի լինել անձնական գործունեությամբ։
Դարձեք այդ երկրների խորհրդարանների անդամ, կառավարությունների անդամ, իշխանության ներկայացուցիչ։ Նախագահ կամ վարչապետ։
Տարբեր երկրներում տարբեր ժամանակներ հայ թագավորներ, կայսրեր, փարավոններ եղել են, ինչո՞ւ հիմա չլինեն։ Պետք եկածը խելք ու արդարամտություն չէ՞։
Եթե այլ կերպ չկարողանաք` գոնե փորձի փոխանակմամբ, խորհրդատվությամբ, բարոյական աջակվությամբ շահ կմատուցեք ձեր հայրենիքին։
Այս պարագայում հայրենաբնակ հայն ու սփյուռքահայը կգործեն ներդաշնակ, ինչից կշահեն հայոց պետությունը և ազգը։
Չեմ զլանում կրկնել` պատահականորեն, թե բախտի կամոք` հայի ամենալիարժեք, անխառն, զտարյուն տեսակն այսօր ապրում է երկրագնդի հենց այս հատվածում, որտեղ իբրև փյունիկ հառնել են ՀՀ-ն և ԼՂՀ-ն։
Սիրելի հայեր, զգուշորեն խոսենք Հայաստանի մասին։
Փոթորկված ու երեր մոլորակի վրա Հայաստան-Արցախը հայի միակ ՈՏՆԱՏԵՂՆ է։
Հրաչուհի ՓԱԼԱՆԴՈՒԶՅԱՆ
16.12.2014թ.
Էջմիածին