Համեստությունն ու աշխատասիրությունը Լուսինե Զաքարյանի արվեստի բնորոշ հատկություններն են
«Աշխատել հարկավոր է միշտ և իսկական արտիստը չի կարող ձեռքերը ծալած նստել, պատճառ բռնելով, թե ինքը տրամադրված չէ: Ոգեշնչումը մի այնպիսի հյուր է, որը ծույլերի մոտ գնալ չի սիրում: Նա միայն իրեն հրավիրողների մոտ է գնում» :
Պ.Ի.ՉԱՅԿՈՎՍԿԻ
Համեստությունն ու աշխատասիրությունը Լուսինե Զաքարյանի արվեստի բնորոշ հատկություններն են: Նա արվեստագետի խստապահանջությամբ անընդհատ մշակում է, հարստացնում, հղկում իր երգացանկը, հանգիստ ու դադար չտալով նաև իրեն նվագակցող Մարիանա Հարությունյանին և երգեհոնահար Վահագն Ստամբոլցյանին, որի հետ առանձին հմայքով է կատարում շարականները: Յուրաքանչյուր համերգից առաջ նա նախապատրաստվում է մեծ պատասխանատվությամբ ու եռանդով, ստեղծագործական խոր ապրումներով: Նրան միշտ կարելի է տեսնել երաժշտությամբ ոգևորված, երգի հետ:
Այդպիսի խստապահանջ արվեստագետների մասին Չայկովսկին ասել է. «Աշխատել հարկավոր է միշտ և իսկական արտիստը չի կարող ձեռքերը ծալած նստել, պատճառ բռնելով, թե ինքը տրամադրված չէ: Ոգեշնչումը մի այնպիսի հյուր է, որը ծույլերի մոտ գնալ չի սիրում: Նա միայն իրեն հրավիրողների մոտ է գնում»:
Զրույցի ժամանակ երգչուհին մի հետաքրքրական միջադեպի մասին է հիշեցնում ինձ:
Հայֆիլհարմոնիայի համերգային դահլիճում պետք է տեղի ունենար նրա համերգը: Կատարվելու էին Բրիտտենի ստեղծագործությունները: Երգչուհին իմանում է, որ այդ օրերին Բրիտտենը հանգստանում է Դիլիջանում գտնվող ստեղծագործական տանը: Զաքարյանը այցելում է նրան, փորձում նրա երգերը, լսում երգահանի խորհուրդները:
Իսկ համերգից հետո Բրիտտենը, շնորհավորելով երգչուհու հաջողությունը, ասում է.
— Ես լսել էի Հայաստանի հարուստ անցյալի ու ինքնատիպ բնության մասին, բայց մտքովս անգամ չէր անցնում, որ հազարավոր կիլոմետրեր բաժանող այս հեռավոր քաղաքում կհանդիպեմ այսպիսի հաճելի անակնկալի՝ իմ երգերի հրաշալի կատարողին:
Այժմ Լուսինե Զաքարյանն իր երգացանկը, որը բավական բազմազան է (Կոմիտաս, Եկմալյան, Հենդել, Բախ, հին դասական երգեր, շարականներ), հարստացնում է նաև սփյուռքահայ և եվրոպական ժամանակակից երգահանների ստեղծագործություններով:
Կյանքը իմաստներ շատ ունի, իսկ Լուսինե Զաքարյանի համար, ամենամեծ իմաստը երաժշտությամբ, երգի լուսավոր թևերով մարդկանց ոգևորելու, նրանց հոգին վեհացնելու նվիրական ձգտումն է:
ՍՈՒՐԵՆ ՄՈՒՐԱԴՅԱՆ
«ԱՎԱՆԳԱՐԴ», 25 ՀՈՒՆԻՍԻ, 1966