Համաշխարհային կինոարվեստի հայ ասպետը. Ռուբեն Մամուլյան
Թիֆլիսցի երևելի բանկիր Զաքար Մամուլյանի Ռուբեն որդին թվում է պիտի նախընտրեր փափուկ, անխռով, երջանիկ կյանքի հեռանկարը: Բանկիր հայրը երազում էր որդուն ճարտարագետ տեսնել: Բայց ի վերուստ տրված խաչից չես փախչի, և Ռուբեն Մամուլյանը ընտրելու էր մի ճանապարհ, որն անվերջորեն անցնելու էր փշերի ու տատասկների միջով, ընտրելու էր թատրոնը և կինոն: Արտիստական գենը Ռուբենը ժառանգել էր մորից` դերասանուհի Վերգինե Մամուլյանից: Ի վերջո անսալով հեր հորդորներին, Ռուբեն Մամուլյանը ընդունվում է Մոսկվայի համալսարանի իրավաբանական ֆակուլտետը: Ուսումնառությունը` ուսումնառություն, բայց անհանգիստ պատանուն անվերջորեն ձգում էր թատրոնի և կինոյի առինքնող տեսիլքը: Դասեր Եվգենի Վախթանգովի մոտ: Բայց վրա է հասնում բոլշևիկյան հեղաշրջումը: Գլխավոր մագիստրալի վրա ավիրելու տենդով բռնված կարմիր կարաբինավորների խառնամբոխն էր: Մամուլյանը վերադառնում է Թիֆլիս: Աստեղային պահ, ճակատագրական քայլը դառնում է անխուսափ: 1919-ին Մամուլյանը մեկնում է Լոնդոն` անգլիացի սպայի հետ ամուսնացած քրոջ` Սվետլանայի մոտ: Եթե Լոնդոնում բնակվող քույր չունենար Մամուլյանը, կդիմե՞ր արդյոք նման վճռական քայլի: Ով գիտե: Փաստն այն է, որ ապագա ռեժիսորը հայտնվել էր բոլորովին ուրիշ մի իրականության մեջ, և… փորձությունների անվերջանալի շարան: Անգործության և անհուսության մղձավանջային օրեր: Հաղթական ու անխռով հոսում է Թեմզա գետը: Ղողանջում են 1923-ին Գալուստ Գյուլպենկյանի նվիրատվությամբ կառուցված հայկական Սուրբ Սարգիս եկեղեցու զանգերը, և Ռուբեն Մամուլյանը, աչքերը` գոց, տենդագին փնտրում է իր թատրոնը, իր կինոն: Եվ նորին մեծություն դիպվածը իր խաղաքարտերն է պարզում, հանդիպում վաղեմի ընկերոջ` Գրիգոր Մակարովի հետ: Ռեժիսորական առաջին քայլեր: Հաղթական ճիգով կորզված առաջին ձեռքբերումներ: Ժակ Էբերտոն Մամուլյանին առաջարկում է համագործակցել թատրոնի հսկաների` Լուի Ժուվեի և Ֆեոդոր Կոմիսարժևսկու հետ: Մամուլյանը մեկնում է Փարիզ` պայմանագիր կնքելու Էբերտոյի հետ, բայց Ջորջ Իսթմենից ստացած հեռագիրը խմբագրում է նրա առաջիկա ստեղծագործական բոլոր ծրագրերը: Անգլիան հասցրել էր ճանաչել Ռուբեն Մամուլյանին, և Իսթմենի Մամուլյանին առաջարկած վիթխարի հոնորարները այդ մասին են վկայում: 1923 թվական, Ռոչեսթր: Անդուլ որոնումների, ստեղծագործական գյուտերի և բացահայտումների ժամանակահատված: Մամուլյանը բեմադրում է հատվածներ հանրահայտ օպերաներից, իսկ 1925-ին ամբողջությամբ` Շառլ Գունոյի «Ֆաուստը»: Ռիթմի սուր զգացողությունը Մամուլյանին մղում էր կատարելության: Ռիթմի յուրահատուկ ընկալումը հետագայում պիտի վճռորոշ դառնար Մամուլյանի կինոնկարներում: 1925-ին քրոջ անժամանակ մահը ցնցում է հայազգի արվեստագետին: Ազգերի այդ ահարկու խառնարանում Մամուլյանը մենակ է մնում ճակատագրի դեմ: Եվ նրա բեմադրած «Քույր Բեատրիս» պիեսը անզիջում, ասպետական քայլ էր դաժան ճակատագրի դեմ: Բազում արվեստագետների համար փորձաքար դարձած Բրոդվեյը չէր կարող չձգել Մամուլյանին: Ի բնե առավելապաշտ հայը պիտի որ ձգտեր առավելագույնին: Դիպվածը դարձյալ բարեհաճ է գտնվում, Մամուլյանը առաջարկ է ստանում Բրոդվեյում բեմադրել Հարավային Ամերիկայի սևամորթների մասին պատմող «Պորգի» վեպը: Մամուլյանը զգում էր, որ ինքը տիտանական ճիգով պետք է կարողանա խախտել կարծրացած տաբուն և հրաժարվում է գրիմավորված սպիտակամորթ դերասանների ծառայություններից: Սևամորթ դերասանների հետ աշխատելիս, ռեժիսորը կիրառում էր «եղիր այն, ինչ որ ես» սկզբունքը: Այդպես պեղում են ճշմարտությունը, բացահայտում ողբերգության ակունքն ու արմատները: Դա ռասիզմի յուրօրինակ և խիզախ բացառում էր: Անգլիացի քննադատներին ափիբերան էր թողել այն հանգամանքը, թե օտարերկրացին ինչպես կարող է այդպիսի խորությամբ զգալ նեգրական ոգին: Արձագանքը պայթյունի էր նման, և խնդիրն այստեղ միայն նեգրական ոգին չէր, ռեժիսորն ինքն իր ոգին էր փորձում ազատագրել աստանդականի շղթաներից և աշխարհին ներկայանալ տիրոջ տիրական պահվածքով:
Նոր-նոր ձևավորվող կինոն նոր փուլ էր մտնում: Մեծ համրը փորձում էր խոսել և դա շատ էր նման մանկան առաջին թոթովանքի: Իսկ խոսքին իր հետ նոր չափումներ, նոր մտածողություն, նոր արտահայտչաձևեր էր բերելու: Հարկ էր, որ կառուցվեր ու կայանար շարժանկարի մի նոր մոդել: Պրոդյուսերները փնտրում էին այնպիսի դերասանների, որոնք կարողանային «համր» դերասաններին խոսել սովորեցնել: Պատկերի շարժման ռիթմին գալիս էր գումարվելու ձայնային ռիթմը: Մամուլյանն իր տարերքի մեջ էր, եկել էր տարիների փորձառությունն ու կուտակածը ծավալելու ժամանակը: «Paramount Pictures» ստուդիան դասավանդելու առաջարկով դիմում է Մամուլյանին, բայց Մամուլյանը նախընտրում է դառնալ նկարահանվող ֆիլմերից մեկի ռեժիսորը: Ասպետաբար ու խիզախորեն նետվել նորի ու անսովորի հորձանուտը: Մամուլյանն առաջինն էր, որ սառած, քարացած տաղավարներից կինոն դուրս բերեց փողոց, իրադարձությունները փորձեց դիտարկել խելահեղ ռիթմերի մեջ: Ահա Մամուլյանը Նյու-Յորքյան երկնաքերների տանիքին, երկաթուղային կայարանում, մետրոյում, Բրուքլինյան կամրջի վրա, ազնվական ու արտիստիկ, աջը հաղթականորեն պարզած, հրահանգներ է տալիս. «Ուշադրությո՛ւն, մոտո՛ր…»: Եվ նոր կինոն վիթխարի թռչունի պես թևերը թափահարելով, իմացության և գեղագիտության նոր տիրույթներ էր նվաճում: «Ծափահարություններ» ֆիլմը նոր կինոյի կատարյալ նմուշ էր: Նոր մեկնաբանություն, նոր հայացք, շունչ ու շնչառություն: 1930-ին Մամուլյանը նկարահանում է «Քաղաքային փողոցներ» նոր ֆիլմը: Համաշխարհային կինոմատոգրաֆում կադրի ետևում հնչում է ձայնը, և մարդու, մարդկային ներաշխարհը ելևեջում է ուրիշ մի հեռանկարի վրա: Սույն ֆիլմի հաջողությամբ Մամուլյանը նվաճում է այն, ինչը ամենաթանկն ու նվիրականն է ցանկացած արվեստագետի համար` ստեղծագործական ազատությունը: Հաջորդ երկու ֆիլմերը` «Դոկտոր Ջեքիլն ու միստր Հայդը» և «Սիրիր ինձ այս գիշեր», որոնցում Մամուլյանը հանդես է գալիս և՛ որպես պրոդյուսեր, և՛ որպես ռեժիսոր, վերջինիս տպավորիչ հաղթարշավի տարան աշխարհով մեկ: Այնուհետև «Երգ Երգոցը» և «Թագուհի Քրիստինան»` Գրետա Գարբոյի մասնակցությամբ: Ե՛վ «Երգ Երգոցի» գլխավոր դերակատարուհի Մառլեն Դիպտիխը, և՛ Գրետա Գարբոն իրենց համաշխարհային ճանաչման համար շատ չափով պարտական են Ռուբեն Մամուլյան հանճարեղ կինոռեժիսորին: Դիտրիխի մահվանից հետո պարզվեց, որ դերասանուհին իր էկրանային խաղացանկում ունեցել է այնպիսի դերեր, որոնք ժամանակին հանիրավի անտեսվել ու աննկատ են մնացել: Խոսքը վերաբերում էր Ռուբեն Մամուլյանի «Երգ Երգոց» ֆիլմին: Ռեժիսորը դերասանուհուն դուրս է քաշել նախկինում կերտած կերպարների հնաոճ տիրույթներից, դերասանուհու առաջ բացելով ուրիշ մի ամպլուայի դռներ, ընձեռելով նրան տաղանդի դրսևորման նոր հնարավորություններ: Պոլսում լույս ընծայվող «Քուլիս» գրական գեղարվեստական հանդեսում կարդում ենք. «Խորքին մեջ դերասան մը հաճախ տարբեր է իր մարմնավորած տիպարներեն: Եվ այդ պատճառով Մառլեն Դիտրիխ մեծապես երախտապարտ մնացած էր Ռուբեն Մամուլյանին, որ գիտցած էր իրեն վստահիլ ընդհակառակն` դերը միամիտ, անմեղ մանկամարդուհիի մը, որ զոհ կդառնա այր մարդոց քմայքին»: Վստահաբար կարելի է ասել, որ «Երգ Երգոց» ֆիլմը ամբողջովին ազնվական, ասպետական ոգու դրոշմն է կրում իր վրա: Ռեժիսորը կարողացել է ընդարձակել դասական մելոդրամայի տիրույթները, պատումը անելով սուր, հոգեբանական դրամայի դժվարանցանելի արահետներով: Մանկամարդ գեղջկուհին հայտնվում է մեծ քաղաքում, հանդիպում է քանդակագործի, ով և նրա հմայքով ու մաքրությամբ ներշնչված, կերտում է նրա մերկիրան արձանը: Ապա քանդակագործի և գեղջկուհու միջև` սեր, մտերմություն, և արձանի կերպարանքով հեռանում է «Երգ Երգոցը»: Սակայն հայտնվում է մեծահարուստ մի պարոն և կամենում է տեր դառնալ և՛ արձանին, և՛ բնորդուհուն: Քանդակագործը հայտնվում է անել փակուղու դեմ, և ահեղ զայրույթի, հուսալքումի ժամին իր իսկ ձեռքերով կործանում է իր ստեղծած արձանը ի ցույց և բողոք աշխարհի հզորների ցոփության ու շվայտության: Խզում: Բաժանում: Պարտադրյալ ամուսնություն, տրորված սեր, վերնախավի ցոփ ու անբարո ապրելակերպ: Ճակատագրի դաժան հարվածների դեմ մեն-մենակ մնացած բնորդուհին հալվող-մխացող-մարող մոմ է հիշեցնում: Բնորդուհուն մարմնավորած Մառլեն Դիտրիխը մամուլյանական կինոմոգության շնորհիվ հասել է ոգու և ոգեղենի բացառիկ արտահայտչականության: Իսկ «Քրիստինա Թագուհի» ֆիլմում ահա Քրիստինա-Դիտրիխը սահելով իջնում է անկողնուց ձեռքի ափերը քնքշորեն հպում է պահարանին, կանգ է առնում հայելու առջև, անսահման թախիծով պարուրված նրա ժպիտը: Նրա գունատ ձեռքերը ստվերի պես սահում է պատի, բազկաթոռի վրայով: Պատումը հասնում է լարումի ծայրակետին: Քրիստինան մոտենում, խոնարհվում, համբուրում է անկողինը: Քրիստինայի գունատ ձեռքերը սահում է սրբանկարի վրայով: Անտոնիոն` թագուհու սիրեցյալը, հարցնում է` ի՞նչ ես անում: Քրիստինան պատասխանում է. «Փորձում եմ հիշողությանս մեջ ներկել և պահել սենյակը: Այն սենյակը, որն իմ գալիք հուշերի մեջ շատ կարևոր է լինելու…»: Չհանդոգյա ուպանիշադի յոթերորդ պրապաթիկայի տասներեքերորդ քհանդայում ասված է. «արդարև հիշողությունն ավելին է, քան` եթերը: Ուստի, եթե շատերը նստած լինեն այստեղ ու հիշողություն չունենային, ոչինչ չէին լսի նրանք, ոչինչ չէին մտածի, ոչինչ չէին ունենա: Իսկ եթե ունենային հիշողություն, հիրավի կլսեին նրանք, կմտածեին, կիմանային: Արդարև հիշողության շնորհիվ ենք մենք ճանաչում մեր զավակներին… Հարգիր հիշողության խորհուրդը…»: Եվ մեծն Ռուբեն Մամուլյանի «Երգ Երգոց» ֆիլմը յուրօրինակ հարգանքի տուրք է ամենազոր հիշողության հանդեպ: Ֆիլմը նաև ազնվական պահվածք և ասպետական վճիռ է կյանքի անարդարություններին դիմակայելու ճանապարհին: 1938-ին իրանահայ «Ալիք» թերթի մարտյան համարում կարդում ենք. «Ռուբեն Մամուլյանի տպավորությունները Իտալիայից»: Իսկ հայտնի կինոքննադատ Նատալի Պիենկան «Pari suar» լրագրում իրազեկում է. «Մեծանուն բեմադրիչ Ռուբեն Մամուլյանը Մառլեն Դիտրիխի և Դինո Ռոսսիի հետ Ամերիկա է թիավարում…»: Երևելի կինոգործիչները նավարկության ողջ ընթացքում ինչի՞ մասին են զրուցել. կարոտի, սիրո, ներքին սեկրեցիայի գեղձերի, ատելության, ցավի, գեղեցկության, գուցե կենաց անարդարությունների, ահեղ փորձությունների դեմ մարդ էակի` խոցելիության և անզորության: Ով գիտե, գուշակություններ չանենք: Հաստատ է այն, որ նրանք բոլոր զրույցները կայացրել են վերին, ոգեղեն ոլորտներում և ստուգապես եղել են պարականոն:
Մտածողության մի նոր կետ, մշակույթի մի նոր հայեցակարգ էր ձևավորվում, համաշխարհային մշակութային թանձրուկը ծնունդ էր տալիս աշխարհընկալման մի նոր համակարգի, որը հետագայում շարժանկարի արվեստ պիտի կոչվեր, և Ռուբեն Մամուլյան հայը հաղթ ու անպարտելի կանգնած էր այդ նոր համակարգի ձևավորման ակունքներում. «Հիմա դառնանք այն քննադատներին,- գրում է Ռուբեն Մամուլյանը,- ովքեր շարժանկարում տեխնիկական միջոցների կիրառման պատճառով բացառում են շարժանկարի արվեստ լինելը: Հիշենք, որ մենք ապրում ենք մի դարում, ուր գիտությունը հզոր քայլերով առաջընթաց է ապրում: Գիտական վերածննդի յուրօրինակ ժամանակներ են: Կար մի ժամանակ, երբ գիտությունը հետևում էր արվեստագետների երազանքներին: Այսօր որքան էլ անհավատալի թվա, դերերը փոխված են, և արվեստագետն է, որ ակնդետ հետևում է գիտության դարակազմիկ գյուտերին: Շարժանկարը ճշմարտապես արդիական արվեստ է և ներկայացնում է աննախընթաց մի երևույթ մշակույթի պատմության մեջ: Գիտության հանճարի ամենաբարձր հաղթանակները ստեղծում են այն հուսալի հենքը, որին հենված, պատկերները շարժվում են, արվեստները` խոսում: Բոլոր նրանք, ովքեր շարժականը չեն ընդունում իբրև արվեստ իր կիրառած գիտական և մեխանիկական միջոցների պատճառով, մոռանում են, որ յուրաքանչյուր արվեստ ի վերջո իրականացվում է համապատասխան գործիքների միջոցով: Ի վերջո ի՞նչ են դաշնամուրը, կավը, ներկերը, հարիչը և մարմարը, եթե ոչ գործիքներ` երաժշտի, նկարչի և քանդակագործի համար: Նույն գործիքները չէի՞ն, որոնց շնորհիվ հանդես եկան Վագները, Գոյան, Ռոդենը և մեծ արվեստի մյուս վիթխարի երևույթները: Այդպես էլ շարժանկարի արվեստը օգտվում է գործիքներից` որևէ գեղարվեստական երկի ծնունդ տալու համար: Չեմ պնդում, թե շարժանկարի ցանկացած նմուշ արվեստի գործ է: Իսկ ով կարող է հաստատել, թե յուրաքանչյուր հրատարակված գիրք գրականություն է: Երբ ասում են, թե պաստառը (կինոնկարը) գեղարվեստ է, ես ուզում եմ ավելացնել` պաստառի լավագույն նմուշները: Ես հակված եմ մտածելու, որ արվեստ կարող է կոչվել այն, ինչը կարող է դառնալ և ոչ թե` այն, ինչը այժմ է: Կինոպաստառը կարող է հանդուրժել ամեն տեսակ քննադատություն, բայց ժամանակակից քննադատները մի տեսակ անհամբերությամբ ու կոպտությամբ են օգտվում քննադատության շնորհած ազատությունից, մոռանալով, որ շարժանկարը պատանի է և դեռ նոր պիտի ծաղկի»:
1934-ին «Pioner pictures» հոլիվուդյան փոքր ստուդիան սկսում է «Բեկի շարփ» ֆիլմի նկարահանումները (սա առաջին գունավոր ֆիլմն էր): Ֆիլմի ռեժիսոր Լոուել Շերմանը մահանում է նկարահանումներն սկսելուց երեք օր հետո և ստուդիան հրավիրում է Մամուլյանին: Ֆիլմը Թուրինի կինոփառատոնի ժամանակ արժանանում է հատուկ մրցանակի: Մամուլյանի հաջորդ ֆիլմը նույնպես աննկատ չի մնում: Կինոքննադատների մրցանակ, վենետիկյան կինոփառատոնի հատուկ մրցանակ:
1959-ին Մամուլյանը սկսում է «Կլեոպատրա» ֆիլմի նկարահանման աշխատանքները և գլխավոր դերի համար հրավիրում է Էլիզաբեթ Թեյլորին, սակայն կինոն, ավելի ստույգ կինոարտադրություն մտնում էր որակական ուրիշ մի փուլ: Դրամարկղային հարաբերությունը մղվում էր առաջին պլան: Էժանագին աչառու ցուցքը հավակնում էր գեղարվեստի գահաթոռին, և Ռուբեն Մամուլյանը` մեծ ռեժիսորը, ով իր ներքին հաստատուն օրենքներն ուներ, ձգտել ու ձգտելու էր բարձրագույն չափանիշների: Այդ ազնվարյուն կինոգործիչը այս ստեղծագործական ոգին չէր կարող չհակադրվել ժամանակի ֆինանսական մագնատներին: 1961-ին, հունվարին Մամուլյանը հրաժարական տվեց, սակայն կինոարենայից հեռացավ վստահ ու տիրական քայլերով: Հաղթանակա՛ծ: Համոզված լինելով, որ համաշխարհային կինոմատոգրաֆի իրեն վստահված էջերը ինքը գեղեցկացրել է անջնջելի զարդագրերով: Պատահական չէ, որ աշխարհահռչակ Ակիրա Կուրոսավան իր առաջին Օսկարն ստանալուց, ծունկ է իջել, համբուրել է Մամուլյանի աջը և ասել է. «Շնորհակալություն, Մաեստրո, ես կինո սովորել եմ Ձեզանից»:
Փորձենք ետ գնալ և բացել Ռուբեն Մամուլյանի ստեղծագործական ճանապարհին առնչվող ևս մի կարևոր էջ: 1933 թվական, դեկտեմբերի 10: Ֆրեզնոյի հայ համայնքը շքեղ ճաշկերույթ է կազմակերպում ճանաչված ու փառաբանված Ռուբեն Մամուլյանի և նրա ծնողների` Զաքար և Վերգինե Մամուլյանների պատվին: Հանդիսության ավարտին շնորհակալական խոսքով հանդես է գալիս ռեժիսորի մայրը. «Սիրելիներս, սիրելի ազգակիցներ, կփափագիմ, որ բոլոր հայ մայրերը իրենց զավակներուն ներշնչեն հայրենասիրական զգացումներ: Իսկ դուք, սիրելի պարմանիներ և օրիորդներ, որտեղ էլ որ լինեք, ինչ բարձր դիրքի և պատվի էլ արժանանաք, չթաքցնեք ձեր հայ լինելը: Հպարտացեք և հպարտ եղեք, սիրեցեք ձեր ազգը և բարձր պահեք նրա պատիվը… (Ապա տիրում է լռություն, տոհմիկ ու ազնվական հայուհին զգում է, որ շատ կարևոր մի բան մնում է չասված և իր խոսքը եզրափակում է Եղիշե Չարենցի «Ես իմ անուշ Հայաստանի» բանաստեղծությամբ)»:
Այսօր, այսքան տարի անց, դժվար չէ պատկերացնել, թե հայությամբ ու հայերենով լեցուն ամերիկյան այդ սրահում ինչ է կատարվել: Թե համազգային հուզմունքն ու հպարտությունը տիեզերական ինչ ելևէջներ են ունեցել: Չարե՛նց, Մամուլյա՛ն… Եղեռնի մղձավանջը նոր-նոր թոթափած, աստանդական ու հայրենազրկված հայ ցեղը փորձում էր շտկել իր կորված մեջքը, փորձում էր ատամները սեղմել, ցավի միջից ժպտալ և աշխարհին ներկայանալ իր հոգու ողջ շքեղությամբ, շռայլությամբ: Մամուլյա՛ն, Չարե՛նց… Չարե՛նց, Մամուլյա՛ն…
Հետո կինոբոհեմից հեռու, աշխարհիկ աղմուկներից անջրպետված մեծանուն կինոռեժիսորը գրեց և հրատարակեց «Աբիգեյլ» գիրքը: Գիրք մանուկների համար: Հետո իր հետագա կյանքի տասը տարիների ընթացքում ժամանակակից անգլերենի էր փոխադրում շեքսպիրյան «Համլետը»: Այդպես կարող են ապրել միայն աշխարհի մեծագույն խենթերը: Այդպես անհայտի ու հավերժության աչքերին ակնդետ կարող են նայել միայն մեծագույն արվեստագետները: Ասե՞նք, որ Ռուբեն Մամուլյանի անունը գրանցված է փառքի Բրոդվեյյան դահլիճում: Ասե՞նք, որ 1983-ին նրան շնորհվեց ամերիկյան կինոռեժիսորների գիլդայի գրիֆֆիտ մրցանակը` համաշխարհային կինոմատոգրաֆիայի ասպարեզում ունեցած մեծ ձեռքբերումների համար: Ասե՞նք, եթե ամենակարևորը ասված ու արծարծված է հենց նրա ֆիլմերում, և ճշմարիտ, անխամրելի փառքի վկայագրերը հենց այդ ֆիլմերն են:
Մեծանուն կինոռեժիսորի և ասպետի ոդիսականը տևեց 90 տարի: Վարագույրը իջավ 1987 թվականի դեկտեմբերի 5-ին: Բայց այն վիթխարի կինոարարումը, որի հեղինակը Մամուլյանն էր, զարմացնելու և հիշեցնելու է աշխարհ մտած յուրաքանչյուր սերնդի:
Արտաշես Արամ
«Նարցիս»